воскресенье, 13 сентября 2015 г.

Հերթական վերելքը

Նորից Արագած, նորից քայլել, հասկանալ, որ դու կարող ես հաղթահարել ցանկացած արգելք...
Մի խումբ սեբաստացիներ հերթական անգամ նվաճեցին Արագածի հարավային գագաթը: Շատերի համար առաջին վերելքն էր:
Երրորդ անգամ էի բարձրանում Արագած... Ամեն անգամ դժվարությամբ եմ հավաքվում, էլի ներսից նստակյացությունն ասում է. ,,Մի՛ գնա,, բայց վերադարձին միշտ մտածում եմ, որ լավ արեցի, հիանալի օր էր: 
Ճանապարհը դժվար է, քարքարոտ, շունչդ կտրվում է, բայց ետ դառնալ ոչ ոքի մտքով չի անցնում: Ամենաթույլ կասկածն անգամ վերանում է, երբ նայում ես անցածդ ճանապարհին և հասկանում, որ մի քայլ առաջ ես, որ ոչ մի դեպքում ոտքդ ետ չես դնի, քանի չես տեսել բնության հրաշքը

Երկար ճանապարհը մեզ վեր բարձրացրեց, միմյանց այլ տեսանկյունից ճանաչելու հնարավորություն տվեց, զարմացրեց և հիացրեց: Կանգնած ենք գագաթին:   Ավանդույթի համաձայն, տիար Գևորգն ու պարոն Ալբերտը մկրտեցին և վերամկրտեցին արշավի բոլոր մասնակիցներին: Ակամայից հիշեցի երեք տարի առաջ, երբ առաջին անգամ ոտք դրեցի Արագածի գագաթին. պարոն Ալբերտն ինձ էլ կնքեց: Կանգնած էի հեռվում, տեսնում էի, թե ինչպես են մկրտվողները մոտենում գագաթին ու հիացած բացականչում: Անհամբեր սպասում էի իմ հերթին և մտածում. «Տեսնես ի՞նչ կա այն կողմում, որ այսպես են արձագանքում»: Վերջապես հասավ իմ հերթը, պարոն Ալբերտը բացեց աչքերս, և ես տեսա ... Իմ արձագանքը մյուսներից պակաս չէր: Խոսքերով նկարագրելն այնքան էլ հեշտ չէ, ավելի լավ է ինքներդ անցնեք այդ ճանապարհը, հասնեք գագաթին և տեսնեք այն, ինչ ես տեսա:
Ամեն տարի Արագածը այլ է, երբեմն տաք է, երբեմն՝ մռայլ, բայց միշտ հյուրընկալ է: Ամեն վերելքի հետ տարբեր են նաև զգացողություններդ, հայացքդ, մտքերդ... 
Առաջաին անգամ բարձրանալիս այնքան դժվար էր թվում ճանապարհը, այնքան հեռու, անհասանելի, բայց իջնելիս թեթևություն էի զգում: Այլ էին տպավորություններս, անսպասելի էր տեսարանը...
Երկրորդ անգամ բարձրացա թեթևությամբ, արագ, հանգիստ, եղնակաը մռայլ էր, անձրևոտ, գագաթը՝ մառախլապատ: Խառնարանի տեսարանը միայն մի պահ բացվեց, բայց այդ օրն իր յուրօրինակությունն ուներ:
Այս վերելքի ժամանակ Արագածն ամենատաքն էր: 
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, սիրելի՛ տիար, շնորհակալ եմ...
05.09.2015

Комментариев нет:

Отправить комментарий