2018-2019 ուս. տարի

Էջեր

среда, 30 апреля 2025 г.

Եռօրյա ճամբար Արատեսում․ հաշվետվություն


Ապրիլի 24-26-ին Միջին դպրոցի տարատարիք սովորողների հետ եռօրյա ճամբար ունեցանք Արատեսում, որի ծրագրում ուրվագծված կետերն էին՝
  • հայրենագիտությունը, 
  • արատեսյան գարնանային աշխատանքները, 
  • սովորողի ինքնուրույնությունը և իքնասպասարկումը։ 
Հաշվետու պատումը սկսեմ հայրենագիտական կանգառներից։ Առաջին կանգառը Արենիի սելավապահն էր՝ կառուցված 1975-1980 թվականներին, ունի 40 մետր բարձրություն և բետոնե-երկաթային շինություն է։ Շինության նպատակը շրջակա գյուղերը ձնհալներից և հեղեղներից պաշտպանելն է եղել, սակայն այժմ այն իր արտասվոր կառուցվածքով գրավիչ վայր է  դարձել ճամփորդների և զբոսաշրջիկների համար։ Սովորողները ֆիլմերից և համացանցային տեսանյութերից ծանոթ էին շինությանը, սակայն այժմ ծանոթացան նշանակությանը։ 

Հաջորդ կանգառն էլի Արենիում էր, այցելեցինք Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որի ճարտարապետը Մոմիկն է։ Եկեղեցին գտնվում է բարձունքի վրա, որտեղից հրաշալիորեն երևում է շրջակայքը։  Եկեղեցում ուսումասիրեցինք որմնաքանդակները․ գմբթի տակ չորս ավետարանիչներին խորհրդանշող պատկերներն են, իսկ արևմտյան մուտքի բարավորին Մարիամ Աստվածածնի պատկերն է։ Եկեղեցիների յուրահատուկ կառուցվածքի ուսումնասիրմամբ սովորեցինք տեղանքում կողմնորոշվելու հմտությունները։ 



Ճանապարհին մեր դիտակետում էր Արփա գետը, որը համեմատաբար վարարած էր։ 

Վերջապես Արատեսում ենք։ Դադարը երկար էր, կարոտել էինք։ Առաջին հերթին տեղավորեցինք իրերը և անցանք գործի։ Արատեսում միշտ շատ գործ կա։ Բաժանվեցինք խմբերի՝ մի խումբը հավաքում էր շրջակայքը, քամուց առաջացած թափոնները, մյուս խումբը փայտ էր հավաքում խարույկի համար, մյուսները՝ ընթրիքի նախապատրաստություն էին տեսնում։ 
Երբ ամեն ինչ պատրաստ էր, խաղացինք և լավ ժամանակ անցկացրինք։ Տարածքին կից բաց դաշտը հարմար է մարզական խաղերի համար։ 

Պարտիզապուրակային աշխատանքներ
Գարուն է, իսկ արատեսյան տարածքը մշակաբույեր ցանելու լայն հնարավորություններ է տալիս։ Մեզ հետ բերել էինք լոբու և միամյա ծաղիկների սերմեր։ Պանդոկի դիմաց գտնվող տարածքը մաքրեցինք քարերից, ընկեր Խաչիկի օգնությամբ փորեցինք և վարեցինք, որից հետո փոցխերով հարթեցրեցինք՝ առանձնացնելով հողե կոշտուկները և արմատները։ Այնուհետև մարգեր գցեցինք և ցանեցինք լոբին և միամյա ծաղիկները։ Իսկ վերջում ծածկեցինք պոլիէթիլային տոպրակով, որպեսզի ջերմոցային էֆեկտ լինի և մեծանա ծլելու հավանականությունը։ Ցանքի ընթացքն իհարկե ժամանակատար էր, ծախսեցինք ամբողջ օրը, սակայն նաև հետաքրքիր և հաճելի աշխատանք էր։

Երկրորդ օրը ևս հավաքեցինք փայտեր, որովհետև նորից ցանկություն ունեինք երեկոյան խարույկի մոտ նստելու։ 


Հասցրեցինք նաև քայլել Արատեսի դպրական կենտրոնի տարածքում՝ ուսումնասիրելով շրջակայքը, հատկապես՝ Արատեսի եկեղեցական համալիրը։ Նշեմ, որ երկու օրվա ընթացքում եկեղեցի այցելեց զբոսաշրջիկների երկու խումբ։ 


Առավոտյան արթնացանք և սկսեցինք հավաքել մեր տարածքը՝ հավաքեցինք իրերը, մաքրեցինք սենյակները, այնուհետև պտտվեցինք և աղբորսիչների միջոցով  հավաքեցինք տարածքում թափված բոլոր թափոնները։ Ի ուրախության մեզ՝ շատ չէր։ 


 Արատեսյան աշխատանքների մասին, այսպիսով՝
  • Ուշադիր ենք եղել մեր տարածքին՝ մաքրելով թափված թղթերից, որոնք օգտագործել ենք խարույկի վառման գործընթացը հեշտացնելու համար։ Աղբորսիչները այս աշխատանքն ավելի հաճելի և խաղային են դարձնում։ 
  • Առատ կանաչը և պայծառ արևը լրացուցիչ բարձր տրամադրություն է ավելացրել։ Նշեմ, որ արատեսյան եղանակը շատ փոփոխական է, մեկ ժամվա ընթացքում կարող է լինել վառ արև, մռայլ ապոտ երկինք, շտապ կարկուտ և նորից արև։ Վայելել ենք եղանակային բոլոր փոփոխությունները։ 
  • Բոլոր աշխատանքները՝ և՛ խոհանոցային, և՛ միջավայրի խնամքի, արել ենք միասին՝ նախաձեռնությունը թողնելով սովորողներին։ 
  • Մեր պլանավորած պարտիզապուրակային աշխատանքներն իրականացրել ենք լիարժեք, ինչպես նախատեսել էինք։ 

Եռօրյա ճամփորդությունն ավարտեցինք Հրեշտակների ձորում, որը գտնվում է Արարատի մարզում։ Այն հետաքրքիր կառուցվածք ունեցող ժայռեղեն հատված է, որը վերջին տարիներին չափազանց գրավիչ է դարձել զբոսաշրջիկների և ներքին տուրիզմի համար, ինչի վառ արդյունքը մեկնարկի կետից մինչև ձոր ընկած տարածքում 4-5 քայլող խմբի հանդիպելն էր։ Կարող ենք ասել, որ դեպի Հրեշտակների ձոր տանող հատվածը շատ բանուկ էր։ Նաև այս երթուղին շատ հարմար է թեթև քայլքի համար, երկարությունը մոտ 3 կմ է, բարձունքներ չկան, գրեթե ուղիղ ճանապարհ է, որն ուղեկցվում է քարեղեն հետաքրքիր կուտակումներով։ 

Այսպիսով՝ ամփոփելով ճամփորդությունն ասեմ, որ հերթական անգամ համոզվեցի՝ միասին ապրելը, աշխատելը մտերմացնում և մոտեցնում է մարդկանց։ Վերադարձի օրը բոլորն այնքան էին մտերմացել ու ընկերացել, որ անգամ արատեսյան հյուրընկել մկները չխանգարեցին ցանկանալ էլի մնալ Արատեսում, շուտափույթ վերադարձ պլանավորել։ Իսկ Հրեշտակների ձորում արդեն սովորողներն ասում էին, որ չեն ցանկանում վերադառնալ տուն, ուզում են պահը երկարացնել։  


Արատեսյան ճամփորդության մասին պատմում են սովորողները՝
Արնեիի սելավապահ, Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Արատեսի վանական համալիր, Հրեշտակների ձոր 








Գարնանային երկրագործական աշխատանքներ Արատեսում՝














Комментариев нет:

Отправить комментарий