2018-2019 ուս. տարի

Էջեր

понедельник, 29 сентября 2025 г.

Ծեծենք աղքատներին

Տասնհինգ օր շարունակ ես մեկուսացել էի սենյակիս մեջ և շրջապատվել այնպիսի գրքերով, որոնք այն ժամանակ աղմուկ էին հանել (սրանից տասնհինգ-տասնվեց տարի առաջ): Խոսքս այն գրքերի մասին է, որոնց մեջ քննված է ժողովուրդներին մեկ օրում երջանկացնելու, իմաստնացնելու և հարստացնելու արվեստը։ Եվ այսպես ես մարսում էի, ավելի ճիշտ կլանում էի բոլոր այդ մարդասերների մտքի տքնությունը, նրա՛նց, ովքեր խորհուրդ են տալիս ստրկացնել բոլոր աղքատներին և նրանց, ովքեր հավատացնում են, թե իրենք գահազուրկ արքաներ են։ Դրանից հետո զարմանալի չէ, որ ես ընկա մի վիճակի մեջ, որ մոտ էր խելագարությանն ու ապշանքին:
Ինձ թվում էր միայն, որ մտքիս խորքում թաքնված էր այն գաղափարի հեռավոր սաղմը, որ բարձր էր բոլոր իմ կարդացած այդ պառավական բանաձևերից: Բայց այդ գաղափարը սոսկ մի չափազանց անորոշ բան էր։
Եվ ես դուրս եկա իմ սենյակից մի մեծ ծարավով, քանի որ տհաճ ընթերցանությունն առաջ է բերում մաքուր օդի ու զովացուցիչ խմիչքների կարիք:
Երբ ես պատրաստվում էի մտնել սրճարան, մի մուրացկան մեկնեց ինձ իր գլխարկը` մի այնպիսի անմոռաց հայացքով, որ գահեր կխորտակեր, եթե հոգին կարողանար շարժել մատերիան և եթե հիպնոսողի աչքերը կարողանային խաղող աճեցնել:
Նույն այդ ժամին ես լսեցի մի ծանոթ ձայն, որ շշնջում էր ականջիս։ Դա բարի Հրեշտակի կամ բարի Սատանալ ձայնն էր, որ ուղեկցում է ինձ ամենուրեք: Եթե Սոկրատեսն ուներ իր բարի Սատանան, ինչո՞ւ ապա ես չունենամ իմ բարի Հրեշտակը և ինչո՞ւ Սոկրատեսի նման արժանի չլինեմ խենթության արտոնագիր ստանալու պատվին՝ կնքված խորաթափանց Լելյուի և խորիմաց Բայարժեի կողմից։
Իմ և Սոկրատեսի Սատանայի միջև կա այն տարբերությունը, որ Սոկրատեսի Սատանան հանդես էր գալիս լոկ իրեն պաշտպանելու, իրեն խարազանելու կամ իրեն զսպելու համար, իսկ իմ Սատանան բարեհաճում է լոկ խրատել, ներշնչել ու համոզել: Խեղճ Սոկրատեսինը սոսկ արգելող Սատանա էր, իսկ իմը՝ գործնական ո պայքարող Uատանա:
Եվ արդ, նրա շշուկն ասում էր ինձ. «Միայն այն մարդ է ուրիշին հավասար, ով կարողանում է այդ ապացուցել, և միայն նա է արժանի ազատության, ով կարողանում Է նվաճել այն»:
Եվ ես անմիջապես նետվեցի այդ մուրացկանի վրա։ Բռունցքի մեն մի հարվածով ջնջխեցի նրա մի աչքը, որ մի վայրկյանում գնդիկի պես ուռեց։ Հետո եղունգս ջարդելով փշրեցի նրա երկու ատամը։ Եվ քանի որ ի ծնե նրբակազմ էի ու բռնցքամարտով շատ քիչ պարապած և իմ մեջ այնքան ուժ չէի գտնում, որ միանգամից կարողանայի ծեծել այդ ծերուկին, ուստի մի ձեռքով բռնեցի նրա օձիքից և մյուսով ճանկեցի կոկորդն ու սկսեցի գլուխը շեշտակի հարվածել պատին:
Պիտի խոստովանեմ, որ ես աչքի պոչով զննել էի շուրջս և համոզվել, որ այդ անմարդ վայրում երկար ժամանակ կարող էի խուսափել ոստիկանի միջամտությունից:
Այնուհետև այդ վաթսունամյա տկարի մեջքին հասցնելով մի ուժգին աքացի, որը կարող էր փշրել նրա թիկնոսկրը, ես վայր գցեցի նրան ու գետնից հափշտակելով ծառի մի հաստ ճյուղ, սկսեցի ծեծել այդ խեղճին խոհարարների համառ ավյունով, այնպես, ինչպես ծեծում են նրանք բիֆշտեքսի միսը:
Հանկարծ, ինչպիսի՜ հրաշք, ինչպիսի՜ ուրախություն փիլիսոփայի համար, երբ նա պարզում է իր ուսմունքի գերազանցությունը։ Ես տեսա, թե ինչպես այդ մաշված կմախքը թափ տվեց իրեն ու նորից ոտքի ելավ այն ավյունով, որպիսին երբեք ես չէի սպասի այդ шլլանդակ կերպով ջարդված մեքենայից։ Եվ այդ զառամյալ ավազակը ատելությամբ լի հայացքով, որ ես համարեցի բարեգուշակ, նետվեց ինձ վրա և ուռցրեց իմ երկու աչքը, ջարդեց իմ չորս ատամը և նույն այն ծառի ճյուղով ինձ կատաղորեն ծեծեց չարաչար: Եվ այսպես ես իմ եռանդուն բժշկությամբ վերադարձրել էի նրան իր հպարտությունն ու կյանքը:
Այնուհետև ես ձեռք ու ոտքով հասկացրի նրան, որ մեր կռիվն ավարտված եմ համարում և գոհունակությամբ ելնելով գետնից, որպես մի ստոյիկյան սոփեստ, ասացի. «Պարո՛ն, դուք ինձ հավասար եք, պատիվ արեք կիսելու ինձ հետ իմ քսակը, և եթե դուք իսկական մարդասեր եք, ապա հիշեք, որ դուք պարտավոր եք բոլոր ձեր եղբայրակիցներին, երբ նրանք ձեզնից ողորմություն խնդրեն, առաջադրել այս ուսմունքը, որը ես դժբախտություն ունեցա փորձելուձեր մեջքի վրա»:
Եվ նա ինձ երդվեց անկեղծորեն, որ հասկացել է իմ ուսմունքը և որ այսուհետև կհետևի իմ խորհուրդներին:

Առաջադրանքներ՝
  1. Դուք համաձա՞յն եք պատմողի վարվելակերպի հետ։ Ինչու՞ այո, կամ ինչու՞ ոչ։

2. Եթե դուք լինեիք այդ մուրացկանի տեղը, ինչպե՞ս կարձագանքեիք։

3. Այս պատմության մեջ ո՞րն է հեղինակի ուղերձը՝ ըստ ձեզ։

4. Կարո՞ղ ենք այս պատմությունը ընկալել որպես փիլիսոփայական հեգնանք։ Ինչո՞ւ։

5. Ի՞նչ է նշանակում «ազատությունը պետք է նվաճել» արտահայտությունը այս տեքստի համատեքստում։

Комментариев нет:

Отправить комментарий