2018-2019 ուս. տարի

Էջեր

четверг, 20 ноября 2025 г.

Աշնանային Տավուշ․ եռօրյա ճամփորդության հաշվետվություն


Ռազմամարզական ճամբարը հաջողությամբ ավարտելուց հետո որոշեցինք այս անգամ էլ հայրենագիտական բովանդակությամբ ճամփորդել։ Մեր նպատակն էր քայլել Հայաստանով, ճանաչել մեր հայրենիքը, մեր բնությունը, մեր պատմամշակութային հուշարձանները, վայելել աշունը և միասին լավ ժամանակ անցկացնել։  Այսպես նախաձեռնվեց և կազմակերպվեց մեր եռօրյա ճամփորդությունը։ Ուղղությունը՝ Տավուշ աշխարհ՝ իր եկեղեցիներով, աշնանային յուրահատուկ բնապատկերներով ու խոր անտառներով։ 
Առավոտյան սովորականի պես հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում, մասնակցեցինք ,,Ուսումնական ժամերգություն,, նախագծին և մեկնեցինք։ 
Քանի որ նման ճամփորդությունների ժամանակ կարևորում ենք Հայաստանի տարբեր դպրոցների հետ գործընկերային հարաբերություններ ստեղծելը կամ եղած կապերը պահպանելը, ծրագրում ներառեցինք նաև կանգառ Ծաղկունք համայնքում։ Ծաղկունքի բաց դպրոց հիմնադրամում առաջին անգամ չէինք, բազում անգամներ համատեղ նախագծեր կամ վերապատրաստումներ ենք իրականացրել։ Անգամ սովորողները հիշեցին իրենց նախկին այցելությունները։ Նախնական պայմանավորվածության համաձայն շրջեցինք դպրոցում, տեսանք լաբորատորիաները, խոսեցինք կրթական ծրագրի մասին, ֆիզիկայի աշխատանոցում սովորողները մի քանի սարքի ծանոթացան և աշխատեցրին։ Այնուհետև սկվեց նախատեսված համատեղ ընկերական բասկետբոլային խաղը Ծաղկունքի դպրոցի սաների և կրթահամալիր սովորողների միջև։ Խաղն ընթացավ շատ թեժ և ուրախ մթնոլորտում։ 10-12 հաշվով հաղթեց կրթահամալիրի թիմը։ Նման հանդիպումները օգնում են պահպանել մարզավիճակը, հետաքրքրություն առաջացնել սովորողի մոտ, մոտիվացնում են, քանի որ սովորողը մասնակցում է մի խաղի, որի ժամանակ ներկայացնում է կրթահամլիրը և պատասխանատվության զգացում է արտահայտում։ Խաղից հետո սովորողները ցանկություն հայտնեցին էլի այցելել, բայց այս անգամ այլ գործունեությամբ, հյուրընկալող կողմը ևս հանդես եկավ իր առաջարկներով։ 


Օրվա մեծ մասն անցել էր, բայց հասցրինք լինել Տավուշի ամենագողտրիկ անկյուններից մեկում՝ Թաքնված ջրվեժում։ Ջրվեժ տանող ճանապարհը գեղեցիկ էր և ծածկված աշնանային տերևաթափով, որը մեծ բերկրանք պատճառեց մեզ, քանի որ բոլորս էլ գիտենք, որ քաղաքից դուրս բոլորովին այլ աշուն է։ Նկատել ենք ամեն թուփը, ամեն ընկած տերևը, գույները, գեղեցկությունը։ Աշնանային բնապատկերն ամբողջական դարձավ ջրվեժով, որն անակնկալ բացվում է մեր առջև անտառի խորքում՝ մի խոնավ բացատում։ Ավելացնեմ, որ նման ճամփորդությունների ժամանակ յուրաքանչյուր սովորող, իր ցանկությամբ, ընտրում է ծրագրում նշված որևէ վայր և փորձում է տեղում հնարավորինս մատչելի ներկայացնել իր ընկերներին։ Այս աշխատանքի շնորհիվ՝
  • սովորողները ճամփորդությունն ընկալում են որպես ուսումնական գործունեություն, ոչ թե ժամանց, 
  • ընկերներին մյուս սովորողներն ավելի լավ և կենտրոնացած են լսում, աջակցում են, 
  • սեփական ձեռքով արված ուսումնասիրությունն ավելի շատ գիտելիք է փոխանցում, քան այն, ինչ կարող է պատմել ուսուցիչը, 
  • սովորողի մոտ ձևավորվում է պատասխանատվության զգացում․ չէ՞ որ նա պետք է կանգնի ամբողջ խմբի առաջ և ներկայացնի իր թեման։ 
Հայրենագիտական կանգառներում շինության- կառույցի կարևությանը, պատմությանը և առանձնահատկութնուններին չանդրադառնալը համարում եմ անընդունելի։ Այդ պատճառով մեր ծրագրում ընդգրկված բոլոր մշակութային հուշարձանների պատմությունն ուսումնասիրել ենք, տեղում գործնական տարբերակով ներկայացրել, դիտել, և այդ աշխատանքն արել են հենց սովորողները։ Թաքնված ջրվեժից հետո այցելեցինք Հաղարծին վանական համալիր։ Ուրբաթ երեկո էր, և համալիրը մյուս օրերի համեմատ խաղաղ էր, քիչ էին այցելուները, մեքենաները։ Դա հնարավորություն տվեց ազատ շրջել տարածքում, նայել, դիտել, ուսումնասիրել։ 
Ճամփորդության երկրորդ օրը սկսեցինք քայլարշավով ։ Նախ գնացինք Գոշավանք, որտեղ ծանոթացանք եկեղեցական համալիրի կառուցվածքին, ճարտարապետական առանձնահատկություններին, նրբահյուս խաչքարերի ստեղծմանը, Մխիթար Գոշին՝ որպես հասարակական-հոգևոր գործիչ, որպես գրող։ Հետո մի փոքր հանգստացանք եկեղեցու մուտքի կանաչ հարթակում, որտեղից հրաշալի երևում են մյուս կառույցները, Գոշ գյուղը, շրջակա անտառները։ Այնուհետև սկսեցինք քայլել տավուշյան աշնանային թեք ու ոլոր արահետներով՝ աչքի առաջ ունենալով ծառերի վրայի կարմիր նշումները։ Դեպի Գոշի լիճ տանող ճանապարհը բավականին բանուկ էր, նկատեցի, որ քիչ էին քայլող մարդկանց խմբերը, իսկ ամենագնաց մեքենաներով Գոշավանքից Գոշի լիճ տանող ծառայությունը մեծ պահանջարկ ուներ։ Մի խոսքով, անտառը լիքն էր մեքենաների աղմուկով, ծխով և մեքենաներից հնչող բարձր երաժշտությամբ։  Այդ ամենին զուգահեռ վայելեցինք մեր քայլքը, զրուցեցինք, հաղթահարեցինք ևս մեկ ճանապարհ, նկատեցինք Գոշի լճի գեղեցկությունը, իսկ ափերին աճած մոշի թփերից մոշ կերանք։ 
Օրն ավարտեցինք Դիլիջանի կենտրոնական այգում, որտեղ նաև ընդմիջեցինք։ Իսկ երեկոյան՝ հյուրատանը, կազմակերպեցինք ինտելեկտուալ վիկտորինա, որը վարում էին հենց սովորողներ։ 
Երրորդ օրն առավոտյան այցելեցինք Դիլիջանի ազգային պարկ, որտեղ կա Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն։ Կենտրոնում մեծ հատված առանձնացված է եղջերուների համար, որոնք բաց բնության մեջ շարունակում են իրենց բնականոն կյանքը, աճը։ Շատերը մարդամոտ էին, մոտեցան ցանցին և թույլ տվեցին շոյել ու կերակրել իրենց։ Մենք, կարելի է ասել, առաջին անգամ էինք եղջերուներ տեսնում։ Թեև ցանցի ետևում էին, բայց շատ տպավորիչ ու հուզիչ էր այդ պահը։ 
Հետո քայլեցինք դեպի Կենիների արգելավայր, որտեղ գտնվում է Տավուշ աշխարհի մյուս հետաքրքիր եկեղեցին՝ Աղավնավանքը։ Քայլքը սկսեցինք հենց Աղավնավանք գյուղից․ էլի աշնանային անտառ, ձորակներով հոսող զուլալ և սառը ջուր, խոնավություն և խոնավության մեջ անկյուններից թափանցող մեղմ արևի շողեր։ Ճանապարհը , թեև մքենաների համար չի նախատեսված, բայց բանուկ էր։ Իսկ հենց Աղավնավաքում բազմաթիվ այցելուներ կային, նախորդ այցիս համեմատ զգացի, որ տարածքը բավականին մաքուր է և կոկիկ, նույնիսկ եկեղեցու ներսում նստարաններ էին դրվել։  


Այսպիսով ավարտվեց մեր հերթական եռօրյա ճամփորդությունը, որը համարում եմ հաջողված։ 
  • Իրականացրել ենք նախագծում նշված բոլոր գործունեությունները, 
  • բացահայտել և ճանաչել ենք Տավուշ աշխարհը, 
  • սովորողները հնարավորություն ունեցան նոր գիտելիքներ ձեռք բերել, 
  • ճամփորդության շնորհիվ սովորողների մոտ ձևավորվեցին ընկերական հարաբերություններ։
Լուսանկարներ ընթացքից ՝





















 

Комментариев нет:

Отправить комментарий