Մայիսի 27-ին մեկնարկեց Ուսումնական չորրորդ շրջանը կամ Ամառային ճամբարը, որը ուսումնական տարվա ամենահաճելի և ամենասպասված շրջանն է։ Ճամբարային առաջին օրվա լուսաբանումը կարող եք տեսնել այստեղ։
Մեկնարկից օրեր առաջ հրապարակվել էին նախագծերը, իսկ սովորողները հնարավորություն ունեին ընտրել նախագիծը և ջոկատավարին։ Այսպիսով, պարզվեց, որ մեր խումբը կազմված է 28 տարատարիք սովորողից։ Նույն խմբում հավաքվել էին 6, 7,8 դասարանների սովորողներ։ Իհարկե, նման խմբում հեշտ չէ գործունեություն կազմակերպել, քանի որ պետք է հաշվի առնել սովորողների տարիքային առանձնահատկությունները , հետաքրքրությունները, ցանկությունները։ Կազմակերպել այնպիսի գործունեություն, խաղեր, որ բոլորը ներգրավեն։
Ինչևէ, մեր նախագծերը և մասնակիցների ցանկը կարող եք տեսնել այստեղ։
Այժմ ներկայացնեմ իրականացրած գործունեությունները և նախագծերն ավելի մանրամասն։
Մարզական ժամ
Բոլորի սիրելի մարզական ժամերը շարունակել ենք, իմ ջոկատում սովորողները տարված էին բասկետբոլով, ֆուտբոլով և վոլեյբոլով։
Նաև հասցրեցինք վարել հեծանիվ՝ վերհիշելով այս մարզաձևին վերաբերող հմտությունները։
Ամառային ճամբարի ամենակարևոր բաղադրիչը՝ լողը, ևս մեր առօրյայի մասն է կազմել։ Նկատեցի, որ այդ օրվա մասնակից 16 սովորողներն էլ արտակարգ տիրապետում են լողի հմտություններին, անվտանգ լողում են և ջրում իրենց զգում են շատ ազատ։
Ճամբարային առօրյայում համագործակցել ենք տարբեր դասավանդողների հետ։ Այդ համագործակցություններից ամենահետաքրքիրը քիմիայի լաբորատորիա այցելությունն էր։ 6-րդ դասարանցիներն առաջին անգամ էին լաբորատորիայում և մեծ ոգևորությամբ իրականացրին փորձերը։ Այս համագործակցությունը կնպաստի հաջորդ ուսումնական տարվա ընթացքում քիմիա առարկայով ավելի հոգտարությամբ զբաղվելուն։
Մեր ջոկատում իր կամավորական գործունեությունն էր իրականացնում Անի Միրզախանյանը։ Անիի հետ երկու հանդիպում ենք ունեցել․ առաջին հանդիպմանը կարդացել և քննարկել ենք ,,Գլուխգործոց,, ստեղծագործությունը, իսկ երկրորդ հանդիպման ժամանակ սովորողները բաժանվել ենք խմբերի և փորձել գուշակել և մեկնաբանել դարձվածքներ։ Դարձվածքները պետք է գուշակեին, քանի որ դրանք ոչ թե գրված էին, այլ պատկերված նկարներով։ Այս աշխատանքը շատ դուր եկավ սովորողներին, ոգևորությունը շատ մեծ էր։
Ունեցանք նաև հետաքրքիր հայրենագիտական ճամփորդություն դեպի Գառնի և Գեղարդ։ Այս նախագծի ամբողջական հաշվետվությունը կարող եք կարդալ այստեղ։
Խոհանոցային գործունեություն։ Բոլորի համար էլ հաճելի է միասին ինչ-որ բան պատրաստելը, այունհետև՝ իհարկե սեփական պատրաստածը համտեսելը։ Բավական ծավալուն խոհանոցային գործունեություն ունեցանք․ ընտրել էինք մի քանի ուտեստ՝ փանքեյք, սենդվիչներ, մրգեր ապակու մեջ։ Ջոկատը բաժանվեց խմբերի և յուրաքանչյուր խումբ պատրաստեց իր նախընտրածը։ Պետք է ասեմ, թեև ունեի անհանգստություն, որ չենք կարողանա համեղ և ճիշտ պատրաստել, բոլոր ուտեստներն էլ հրաշալի էին ստացվել։
Այցելեցինք նաև Քոլեջի ջերմոց-լաբորատորիա, կենդանասեր սովորողների համար ամենացանկալի վայրերից մեկն է, իսկ կենդանասեր-բուսասերներ մեր ջոկատում շատ ունենք։ Խնամեցինք , կերակրեցինք կենդանիներին, ջրեցինք ծաղիկները, նաև ծանոթացանք լաբորատորիային և նրա գործունեությանը։
Իհարկե, բացի նշված գործունեություններից շատ և շատ այլ աշխատանքներով ենք զբաղվել՝
- խաղացել ենք քվեստ․ այս աշխատանքը օգնեց սովորողներին մտածել այլ տեսանկյունից, սովորական իրերի ենթատեքստը տեսնել, երևակայել, փնտրել, գործել արագ և թիմով,
- կինոդիտում․ դիտել ենք անիմացիոն մուլտֆիլմ քաջության, ինքնազոհության և նպատակասլացության մասին,
- վիկտորինաներ․ մեր ջոկատն ամենաինտելեկտուալ ջոկատն էր, քանի որ բոլորը անչափ շատ են սիրում ինտելեկտուալ վիկտորինաներ, տարբեր օրեր կազմակերպել են սովորողները՝ անհատական կամ խմբային։ Այս աշխատանքի շնորհիվ տարբեր ոլորտներին վերաբերող մեր գիտելիքները թարմացրեցինք, նորը սովորեցինք, կազմակերպչական հմտություններ ձեռք բերեցինք, քանի որ սովորողներն ինքնուրույն էին կազմում հարցերը։
- բակային և սեղանի խաղեր․ ինչպես նկատում եք խաղերը շատ էին, սակայն դրանք ինքնանպատակ չեն եղել և կազմակերպվել են հենց սովորողների կողմից,
- ջոկատում խմբերը հանդես եկան իրենց առաջարկած նախագծերով։
Ճամբարային այս շրջանը համարում եմ հաջողված և հագեցած տարատեսակ գործունեություններով։
Ճամբարային յուրաքանչյուր օրը լուսաբանվել է։ Լուսաբանումները կարող եք տեսնել այստեղ։
Комментариев нет:
Отправить комментарий