вторник, 25 марта 2014 г.

Մեն-մենակ թափառող կատուն

Լսի՛ր, հետևի՛ր, ականջ արա, իմ Սիրելի՛ Փոքրիկ, քանի որ սա եղել, կատարվել, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ձեռնասուն կենդանիները դեռևս անընտել էին: Վայրի էր և՛ Շունը, վայրի էր և՛ Ձին, վայրի էր և՛ Կովը, վայրի էր և՛ Ոչխարը, իսկ Խոզը վայրի էր որքան կարող էր, և նրանք մեն-մենակ, վայրի-վայրի թափառում էին Խոնավ, Վայրի անտառներում: Բայց բոլոր կենդանիներից ամենավայրին  Կատուն էր: Նա թափառում էր մեն-մենակ, և նրան շրջապատող բնությունն էլ իր նման վայրի էր:
Դե իհարկե, Այրն էլ էր վայրի, սոսկալի վայրի: Նա ձեռնասուն չդարձավ այնքան ժամանակ, մինչև չհանդիպեց Կնոջը,  և Կինն ասաաց, որ իրեն դուր չի գալիս վայրենու ապրելակերպը: Խոնավ տերևների կույտի վրա քնելու փոխարեն Կինն ընտրեց մի հարմարավետ, չոր Քարայր, հատակին մաքուր ավազ ցանեց, խորքում փայտի թեժ կրակ վառեց, վայրի ձիու չորացրած կաշին՝ պոչը ներքև, կախեց Քարայրի պռնկին և ասաց.
-Սիրելիս, ներս գալուց առաջ ոտքերդ սրբիր, չէ՞ որ մենք այժմ տուն-տեղ ունենք:
Այդ գիշեր նրանք կերան կրակից շիկացած քարերի վրա խորոված վայրի ոչխարի միս՝ համեմված վայրի սխտորով ու վայրի պղպեղով, հետո վայրի բադ՝ լցոնված վայրի բրինձով, ապա վայրի պատիճավոր բույսի հոտավետ հունդեր, վայրի գինձ, վայրի եզան ողնուղեղ, վայրի բալ ու վայրի լիանայի պտուղներ: Հետո այրը պառկեց կրակի մոտ ու քնեց երջանիկ քնով: Իսկ կինը նստեց մազերը հարդարելու: Նա վերցրեց ոչխարի ուսի ոսկորը-մեծ-տափակ-թիոսկորըփայտ ավելացրեց կրակին ու հրաշագործեց: Արարեց երգի առաջին հրաշքն աշխարհում: 
Դրսում՝ խոնավ , վայրի անտառներում, բոլոր վայրի կենդանիները հավաքված հեռվից դիտում էին կրակի լույսն ու խորհրդածում: 
Ապա վայրի Ձին իր վայրի սմբակով դոփեց.
-Ով իմ Բարեկամներ, ով իմ Թշնամիներ, այդ ինչո՞ւ են թեժ կրակ արել Այր ու Կինն  իրենց քարայրում, և ի՞նչ վնաս կբերի այն մեզ:
Վայրի Շունը վեր ցցեց վայրի քիթը ու խորովածի մսի հոտն առավ:
-Ես կգնամ, կտեսնեմ, կնայեմ ու կասեմ: Այսպես լավ կլինի: Ե՛կ հետս, կատո՛ւ:
-Չեմ ուզում,-կոտրատվեց Կատուն,- ես այն կատուն եմ, որ թափառում է մեն-մենակ, և ինձ շրջապատող բնությունն էլ ինձ նման վայրի է: Ես քեզ հետ չեմ գա , Շուն:
-Ուրեմն մենք էլ երբեք ընկերներ չենք լինի,- ասաց վայրի Շունն ու վազ տվեց դեպի Քարայր:
Քիչ անց կատուն խորհեց ինքնին.
-Ինձ շրջապատող բնությունն ինձ նման վայրի է: Ինչո՞ւ ես էլ չգնամ, չտեսնեմ, չնայեմ ու չվերադառնամ ուզածս ժամանակ:
Եվ մեղմ, անաղմուկ սահեց Վայրի Շան հետևից ու թաքնվեց Քարայրից ոչ հեռու, որտեղից ամեն ինչ լսելի էր:
Երբ վայրի Շունը հասավ Քարայրի պռնկին, դնչով բարձրացրեց ձիու չորացած կաշին ու ներս քաշեց խորոված ոչխարի անուշ բուրմունքը: Կինը, որ նայում էր թիոսկրին, նկատեց նրա գալն ու ծիծաղեց.
-Ահա առաջին այցելուն: Վայրի անտառի վայրի արարած, ինչ ես կամենում:
Վայրի Շունը հարցրեց.
-Ով իմ Թշնամի և կին իմ թշնամու, ինչն է այդքան անուշ բուրմունք տարածել վայրի անտառներում:
Կինը վերցրեց խորոված մսի ոսկորներից մի կտոր և նետեց Վայրի շանը.
-Վայրի անտառի վայրի արարած, փորձիր, համտեսիր:
Վայրի Շունը կրծեց ոսկորը, ինչն ամենահամողն էր մինչ այդ իր կերածներից:
-Ով իմ թշնամի և կին իմ թշնամու, մեկն էլ տուր,-պահանջեց նա:
Կինն ասաց.
-Վայրի անտառի վայրի արարած, ցերեկները իմ այր մարդու հետ որսի գնա, իսկ գիշերները հսկիր այս Քարայրը, և քեզ ուզածիդ չափ ոսկոր կտամ:
-Ախ,- կանչեց կատուն,- ինչ իմաստուն կին է, բայց ոչ այնքան իմաստուն, որքան ես:
Վայրի շունը ներս սողաց և գլուխը դրեց  կնոջ ծնկին: 
-Ով իմ բարեկամ և կին իմ բարեկամի, ես ցերեկները քո այր մարդու հետ որսի կգնամ, իսկ գիշերները կհսկեմ քարայրը:
-Ախ,- ասաց կատուն,-ինչ հիմար շուն է: Եվ մեն-մենակ, վայրի-վայրի հետ գնաց խոնավ, վայրի անտառներով՝ թափահարելով վայրի պոչը: Նա ոչ ոքի չպատմեց իր լսածը:
Այրն արթնացավ ու հարցրեց.
-Վայրի շունն ինչ գործ ունի այստեղ:
Կինը պատասխանեց.
-Նրա անունն այլևս վայրի շուն չէ, այլ առաջին բարեկամ, որովհետև նա կլինի մեր բարեկամը միշտ, միշտ, միշտ: Որսի գնալիս նրան հետդ տար:
Հաջորդ գիշեր կինը մարգագետնից թարմ կանաչ խոտի մեծ խրձեր կապեց -բերեց, փռեց-չորացրեց կրակի մոտ, և հնձած խոտի բուրմունքը տարածվեց Քարայրում, իսկ ինքը նստեց շեմին՝ ձիու կաշվից սանձ հյուսելու: Հետո նայեց ոչխարի ուսի ոսկորին՝ մեծ, լայն թիոսկրին, ու Հրաշագործեց, արարեց երգի երկրորդ հրաշքն աշխարհում:
Դրսում՝ Վայրի անտառում, բոլոր վայրի կենդանիները մտածում էին, թե ինչ պատահեց Վայրի շանը: Վերջապես վայրի ձին դոփեց սմբակով.
-Ես կգնամ, կտեսնեմ ու կասեմ, թե ինչու վայրի շունը չվերադարձավ: Եկ հետս, կատու:
-Չեմ ուզում,-կոտրատվեց Կատուն,- ես այն կատուն եմ, որ թափառում է մեն-մենակ, և ինձ շրջապատող բնությունն էլ ինձ նման վայրի է: Ես քեզ հետ չեմ գա , ձի:
Բայց և այնպես մեղմ, անաղմուկ հետևեց Վայրի ձիուն, թաքնվեց Քարայրից ոչ հեռու, որտեղից ամեն ինչ լսելի էր:
Երբ կինը նկատեց Վայրի ձիուն, որը, կոխոտելով իր երկար բաշն ու սայթաքելով մոտենում էր, ծիծաղեց քթի տակ:
-Ահա երկրորդ այցելուն: Վայրի անտառի վայրի արարած, ի՞նչ ես կամենում:
-Ով իմ թշնամի և կին իմ թշնամու, ուր է վայրի շունը:
Կինը կրկին ծիծաղեց, վերցրեց թիոսկրը, նայեց վրան.
-Վայրի անտառի վայրի արարած, դու վայրի շան համար չես եկել, այլ այս թարմ խոտն է քեզ բերել այստեղ:
Եվ վայրի ձին, կոխոտելով իր երկար բաշն ու սակթաքելով  ասաց.
-Ճիշտ է, տուր ուտեմ:
Կինն ասաց.
-Վայրի անտառի վայրի արարած, գլուխդ իջեցրու՝ սանձը դնեմ վզիդ, և դու օրը երեք անգամ հիանալի խոտ կստանաս:
-Ախ,- ասաց կատուն,- ինչ խելացի կին է, բայց ոչ այնքան խելացի, որքան ես:
Վայրի ձին իջեցրեց վայրի գլուխը, և կինն իր հյուսած սանձն անցկացրեց նրա վզին, իսկ վայրի ձին փնչացրեց կնոջ ոտքերին ու ասաց.
-Ով, իմ Տիրուհի և կին իմ տիրոջ, հանուն այս հիանալի խոտի, ես քո ծառան կլինեմ:
-Ախ,- հոգուց հանեց կատուն,- ինչ հիմար ձի է: Եվ մեն-մենակ, վայրի-վայրի հետ գնաց խոնավ, վայրի անտառներով՝ թափահարելով վայրի պոչը: Նա ոչ ոքի չպատմեց իր լսածը:
Երբ Այրն ու շունը որսից եկան, Այրը հարցրեց.
-Վայրի ձին ինչ գործ ունի այստեղ:
Կինը պատասխանեց.
-Նրա անուն այլևս Վայրի Ձի չէ, այլ Առաջին ծառա, նա մեզ  տեղից տեղ կտանի միշտ, միշտ, միշտ:  Որսի գնալիս հեծիր նրան:
Հաջորդ օրը վայրի գլուխը բարձր պահած, որպեսզի վայրի կոտոշները չդիպչեն վայրի ծառերին, վայրի կովը եկավ քարայր, կատուն էլ հետևեց նրան, և ամեն ինչ նորից կրկնվեց: Կատուն դարձյալ հառաչեց, ինչպես առաջ, և երբ վայրի կովը խոստացավ ամեն օր  կաթ տալ կնոջը հիանալի խոտի փոխարեն, կատուն մեն-մենակ, վայրի-վայրի գնաց խոնավ , վայրի անտառներով՝ թափահարելով վայրի պոչը: Բայց ոչ ոքի չպատմեց իր լսածը:
Եվ երբ Այրը, Ձին ու Շունը որսից տուն  եկան, և Այրը տվեց նույն հարցը, կինը պատասխանեց.
-Նրա անուն այլևս վայրի կով չէ, այլ Բարի Կաթնատու: Նա մեզ կտա տաք, սպիտակ կաթ միշտ, միշտ, միշտ: Ես կխնամեմ նրան, երբ դու, Առաջին բարեկամը և առաջին ծառան որսի գնաք:
Հաջորդ օրը կատուն սպասեց՝ տեսնելու, թե արդյոք որևէ վայրի մեկը չի գնում քարայր, բայց ոչ ոք չշարժվեց խոնավ, վայրի անտառներում, և կատուն ինքը գնաց այնտեղ: Նա տեսավ Կնոջը կովը կթելիս, կրակի լույս տեսավ քարայրում և զգաց տաք, սպիտակ կաթի բուրմունքը:
Կատուն ասաց.
- Ով իմ թշնամի և կին իմ թշնամու, ուր է վայրի կովը:
Կինը ծիծաղեց.
-Վայրի անտառի վայրի արարած, գնա քո անտառը, քանզի արդեն հյուսել եմ մազերս, մի կողմ դրել կախարդական թիոսկրը, և քարայրում այլևս կարիք չունենք ոչ բարեկամների, ոչ ծառաերի:
Կատուն ասաց.
-Ես բարեկամ չեմ, ոչ էլ ծառա, ես այն կատուն եմ, որ թափառում է մեն-մենակ, բայց ես ցանկանում եմ մտնել քո քարայրը:
Կինը հարցրեց.
-Ինչու չեկար Առաջին բարեկամի հետ:
Կատուն զայրացավ.
-Վայրի շունը բամբասել է ինձ:
Կինը ծիծաղեց.
-Դու այն կատուն ես , որ թափառում է մեն-մենակ, և քեզ շրջապատող բնությունն էլ քեզ նման վայրի է: Դու ոչ բարեկամ ես, ոչ էլ ծառա: Ինքդ ասացիր: Գնա թափառելու մեն-մենակ, վայրի-վայրի քեզ շրջապատող վայրի բնության մեջ:
Կատուն ձևացրեց, որ վշտացել է.
-Ես քարայր չեմ մտնելու երբեք, երբեք չեմ նստելու տաք կրակի մոտ, երբեք տաք, սպիտակ կաթ չեմ խմելու: Դու շատ իմաստուն ես, շատ գեղեցիկ և չպետք է դաժան վարվես նույնիսկ կատվի հետ:
Կինը զարմացավ.
-Ես գիտեի, որ իմաստուն եմ, բայց չգիտեի, որ գեղեցիկ եմ: Որ այդպես է, եկ պայման կապենք: Եթե գովեստի մեկ խոսք ասեմ քո հասցեին, ապա քարայր կմտնես:
-Եթե երկուսն ասես,- հարցրեց կատուն:
-Երբեք չեմ ասի,- պատասխանեց կինը,-բայց եթե ասեմ, ուրեմն կնստես քարայրում՝ կրակի կողքին:
-Իսկեթե երեքն ասես:
-Երբեք չեմ ասի,-կրկնեց կինը,- բայց եթե ասեմ, ապա օրը երեք անգամ տաք, սպիտակ կաթ կխմես միշտ, միշտ, միշտ:
Հտո կատուն կորացրեց մեջքը.
-Իջեցրու քարայրի վարագույրը, բորբոքիր կրակը քարայրի խորքում, և թող կաթի ամանները մնան կրակի մոտ, բայց հիշիր, թե ինչ ես ասել, իմ թշնամի և կին իմ թշնամու:
Ապա մեն-մենակ, վայրի-վայրի գնաց խոնավ , վայրի անտառներով՝ վախենալով, որ նրանց դուր չի գա:
Կատուն գնաց հեռու-հեռու, թաքնվեց խոնավ, վայրի անտառներում և մնաց այնքան , մինչև կինը իսպառ մոռացավ նրա գոյությունը: Միայն Չղջիկը, քարայրի ներսում գլխիվայր թառած  փոքրիկ չղջիկը գիտեր կատվի տեղը և ամեն օր թռչում , լուր էր տանում նրան:
Մի երեկո Չղջիկն ասաց.
-Քարայրում երեխա է հայտնվել, վարդագույն է, թմբլիկ ու պստլիկ, կինը շատ է սիրում նրան:
-Ախ,- ասաց կատուն,-իսկ ինչ է սիրում երեխան:
-Նա սիրում է փափուկ, խուտուտ տվող բաներ, քնելիս սիրում է տաք առարկաներ գիրկն առնել, սիրում է, որ հետը խաղան: Ահա թե ինչ է սիրում պստլիկը:
-Ա, ա, ա,-ասաց կատուն,- դե ուրեմն ժամանակս հասել է:
Հաջորդ գիշեր կատուն անցավ խոնավ, վայրի անտառներով, թաքնվեց քարայրից ոչ հեռու և սպասեց այնքան , մինչև լուսաբացին այրը, շունը և ձին գնացին որսի: Այդ առավոտ կինը զբաղված էր ճաշով, իսկ երեխան լաց էր լինում: Մայրը նրան քարայրից դուրս տարավ և մի բուռ խիճ լցրեց  առջևը: Բայց երեխան շարունակում էր հեծկլտալ:
Հետո կատուն իր փամփլիկ թաթիկը մեկնեց երեխային և թփթփացրեց նրա թշիկը: Երեխան ձայնը կտրեց: Ապա կատուն շոյեց նրա թմբլիկ ծնկները, պոչով խուտուտ տվեց փամփլիկ կզակի տակ: Երեխան ծիծաղեց, իսկ կինը, լսելով նրան, ժպտաց: Հետո չղջիկը, քարայրի պռնկին գլխիվայր թառած փոքրիկ չղջիկը ասաց.
- Ով իմ տիրուհի և կին իմ տիրոջ և մայր տիրոջս որդու, մի վայրի արարած է եկել վայրի անտառներից ու խաղ է անում երեխայիդ հետ:
-Ով որ է, օրհնյալ լինի այդ վայրի արարածը, - ասաց կինը՝ մեջքն ուղղելով, - քանզի ես զբաղված էի այս առավոտ, և նա ինձ ծառայությու մատուցեց:
Հենց այդ պահին ու ակնթարթին, ձիո չորացած կաշվե վարագույրը, որը, պոչը ներքև, կախված էր քարայրի պռնկին, շրըխկ ընկավ, որովհետև հիշեց կնոջ և կատվի պայմանը: Ու երբ կինը գնաց բարձրացնելու այն , ով զարմանք, կատուն հանգիստ նստած էր քարայրում:
-Ով իմ թշնամի և կին իմ թշնամու և մայր իմ թշնամու որդու, - ասաց կատուն,-այդ ես եմ: Քանզի դու գովեստի մեկ խոսք ասացիր իմ մասին, ուրեմն կնստեմ քարայրում միշտ, միշտ, միշտ: Բայց դեռևս ես այն կատուն եմ, որ թափառում է մեն-մենակ, վայրի- վայրի, և ինձ շրջապատող բնությունն էլ ինձ նման վայրի է:
Կինը շատ բարկացավ, պինդ սեղմեց շրթունքները, վերցրեց իլիկն ու սկսեց մանել: Բայց երեխան ճչում էր, որովհետև կատուն գնացել էր , և կինը չէր կարողանում նրան լռեցնել: Երեխան դիմադրում էր տոտիկներով և ճչալուց կարմրատակում:
-Ով իմ թշնամի և կին իմ թշնամու և մայր իմ թշնամու որդու,- ասաց կատուն,- վերցրու մանածդ թելից, կապիր իլիկիդ գլխիկին, ձգիր հատակի վրայով, և քեզ հրաշք ցույց կտամ: Երեխադ, փոխանակ լալու, կծիծաղի այնքան բարձր, որքան այժմ լաց է լինում:
-Կանեմ ,- ասաց կինը,- որովհետ խելքս կորցրել եմ, և քեզ էլ դրա համար շնորհակալություն չեմ հայտնի:
Կինը թելը կապեց իլիկի կավե գլխիկին ու ձգեց հատակով մեկ: Կատուն վազեց հետևից, թաթերով թփթփացրեց, գլորվեց թելի վրայով, գցեց այն ուսերին, բռնեց հետևի թաթերով, ձևացրեց, թե կորցրել է, հետո կրկին ընկավ վրան, մինչև երեխան, լացը թողած, ծիծաղեց այնքան բարձր, որքան լաց էր լինում, ամբողջ քարայրով մեկ սողաց կատվի հետևից , մինչև հոգնեց և քնեց կատվի գրկում:
-Հիմա ես մի երգ կասեմ և երեխադ մեկ ժամ հանգիստ կքնի,- ասաց կատուն:
Եվ մռլտաց մեկ բարձր, մեկ ցածր, մեկ ցածր, մեկ բարձր, մինչև երեխան խոր քնեց: Կինը , նրանց նայելով, ժպտաց.
-Հիանալի է: Խոսք չկա, դու շատ խելացի ես, ով կատու:
Հենց այդ պահի
ն ու ակնթարթին, քարայրի խորքում կրակի ծուխը  երդիկից քուլա-քուլա իջավ, փուֆ, որովհետև հիշեց Կնոջ ու կատվի պայմանը: Ու հենց ծուխր ցրվեց, ով զարանք, կատուն հանգիստ նստած էր կրակի կողքին:
-Ով իմ թշնամի և կին  իմ թշնամու և մայր իմթշնամու որդու, - ասաց կատուն,- այդ ես եմ, քանզի դու
 գովեստի երկրորդ խոսքն ասացիր, այժմ կնստեմ տաք կրակի կողքին՝ Քարայրի խորքում, միշտ, միշտ, միշտ:  Բայց դեռևս ես այն կատուն եմ, որ թափառում է մեն-մենակ, վայրի-վայրի, և ինձ շրջապատող բնությունն էլ ինձ նման վայրի է:
Հետո կինը շատ-շատ զարմացավ, մազերն արձակեց, փայտ ավելացրեց կրակին, վերցրեց ոչխարի լայն թիոկորը և հրաշագործեց, որպեսզի կատվի հասցեին երրորդ գովեստի խոսքը չասի: Դա երգի հրաշք չէր, այլ լուռ հրաշք էր: Քարայրը հետզհետե խաղաղվեց: Հանկարժ մի պստլիկ-ճստլիկ մկնիկ դուրս պրծավ անկյունից ու վազ տվեց հատակով մեկ:
-Ով իմ թշնամի և կին իմ թշնամու և մայր իմ թշնամու որդու, - ասաց կատուն,- այս պստլիկ մկնիկը  քո կախարդանքի մի մա՞սն է:
-Ուք, իհարկե ոչ,- բարկացավ կինը և, նետոլով ոսկորը, նստեց կրակի մոտ՝ աթոռակինն, ու սկսեց արագ-արագ հյուսել մազերը՝ վախենալով, որ մուկը կմոտենա երեխային:
-Ախ,- մկնիկին նայելով հառաչեց կատուն,- եթե ես նրան ուտեմ ինձ վնաս կհասնի՞:
-Ոչ,- վրա բերեց կինը՝ շարունակելով հյուսել,-ուտ կեր, ես քեզ երախտապարտ կլինեմ:
-Կատուն մի ցատկ արեց և բռնեց մկնիկին:
-Հազար շնորհակալություն: Նույնիսկ առաջին բարեկամը քեզ պես արագ մուկ չի որսում: Դու շատ իմաստուն ես,- հիացավ կինը:
Հենց այդ պահին ու ակնթարթին,  կրակին կողքին դրված կաթի ամանը ճռռոցով բաժանվեց երկու մասի՝ ճըռռ, որովհետև հիշեց կնոջ և կատվի պայմանը: Ու երբ կինը ոտքի ելավ, ով զարմանք, կատուն լիզում էր ամանի կտորներից մեկի մեջ մնացած տաք կաթը:
Կինը ծիծաղեց  և նրա համար տաք, սպիտակ կաթի աման առանձնացրեց:
-Ով կատու, դու մարդու նման խելացի ես, բայց հիշիր, որ քեզ հետ կնքած պայմանն իմ այր մարդու կամ Շան հետ կապ չունի, և չգիտեմ, թե նրանք ինչ կասեն, երբ տուն գան:
-Ինձ ինչ, թե այրն ու շունը ինչ կասեն,- ես իմ տեղն ունեմ քարայրում ՝ կրակի մոտ, և տաք , սպիտակ կաթ՝ օրը երեք անգամ:
Այդ երեկո, երբ այրն ու շունը քարայր մտան, կինն իր պայմանի պատմությունն արեց, իսկ կատուն կրակի մոտ բազմած ժպտում էր:
-Այո, բայց նա ինձ կամ ինձնից հետո եկող իսկական այրերի հետ պայման չի կապել:
Այրը հանեց իր երկու կաշվե կոշիկները, վերցրեց փոքրիկ քարե կացինը, ապա մի դանակ և մի կտոր փայտ, շարեց դրանք կողք կողքի:
-Հիմա մենք էլ մեր պայմանը կկապենք: Եթե դու քարայրում մկներ չորսաս միշտ, միշտ, միշտ, քեզ տեսնելիս այս հինգ իրերը կշպրտեմ վրադ, և ինձնից հետո եկող բոլոր այրերը նույնը կանեն:
-Ախ,- ասաց կինը,- սա շատ խելացի կատու է, բայց ոչ այնքան խելացի, որքան իմ կողակիցը:
Կատուն հաշվեց առարկաները /դրանք բոլորն էլ անհարթ էին/:
-Ես մկներ որսամ, երբ քարայրում եմ, միշտ, միշտ, միշտ,- ասաց նա,- բայց դեռրս ես այն կատուն եմ, որ թափառում է մեն-մենակ, վայրի -վայրի, և ինձ շրջապատող բնությունն էլ ինձ նման վայրի է:
-Բայց ոչ այն ժամանակ, երբ մոտերքում եմ, ասաց Այրը,- եթե այդ վերջինն ասած չլինեիր, բոլոր առարկաները մի կողմ կդնեի միշտ, միշտ միշտ: Բայց այսուհետ, երբ քեզ տեսնեմ, վրադ կնետեմ երկու կոշիկս, քարե փոքրիկ կացինս /եղավ երեք/: Եվ նույնը կանեն ինփնից հետո ոկող բոլոր այր մարդիկ:
Շունն իր հերթին ասաց.
-Սպասիր ինձ հետ պայման չի կապել և ոչ էլ ինփնից հետո եկող բոլոր իսկական շների հետ,- և ցույց տվեց իր ատամները,-եթե դու երեխայի հետ լավ չվարվես, երբ ես քարայրում եմ, միշտ, միշտ, միշտ, հետևիցդ կվազեմ այնքան, մինչև քեզ բռնեմ, իսկ եթե բռնեմ , կկծեմ: Եվ նույնը կանեն ինձնից հետո եկող բոլոր իսկական շները:
-Ախ, - հառաչեց կինը,- սա շատ խելացի կատու է, բայց ոչ այնքան խելացի, որքան շունը:
Կատուն հաշվեց շան ատամները, դրանք շատ սուր թվացին , և ասաց.
-Ես լավ կվարվեմ երեխայի հետ, երբ քարայրում եմ այնքան ժամանակ, քանի դեռ պոչս շատ ուժեղ չի քաշել, միշտ, միշտ, միշտ : Բայ դեռևս ես այն կատուն եմ, որ թափառում է մեն-մենակ, վայրի-վայրի, և ինձ շրջապատող բնությունն էլ ինձ նման վայրի է:
-Բայց ոչ այնքան ժամանակ, երբ մոտերքում եմ,- ասաց շունը,- եթե այդ վերջինն ասաց չլինեիր, ես բերանս կփակեի միշտ, միշտ, միշտ, բայց այսուհետ քեզ տեսնելիս կվազեմ հետևիցդ այնքան , մինչև բարձրանաս ծառը: Նույնը կանեն ինձնից հետո եկող բոլոր իսկական շները:
Հետո այրը կատվի վրա շպրտեց իր երկու կոշիկները և փոքրկ քարե կացինը : Կատուն քարայրից դուրս վազեց, շունը՝ նրա հետևից, մինչև կատուն մագլցեց ծառը: Այդ օրվանից մինչև օրս, հինգ իսկական այր մարդուց երեքը առարկաներ են շպրտում հանդիպած կատվի վրա, և բոլոր իսկական շները հետապնդում են նրան մինչև ծառ բարձրանալը:
Բայց կատուն էլ պահում է պայմանի իր կետը. մկներ է որսում, տանը լավ է վարվում երեխաների հետ այնքան, քանի դեռ պոչը շատ ուժեղ չեն քաշել: Բայց դրձյալ նույն կատուն է, որ թափառում է մեն -մենակ, վայրի-վայրի, և նրան շրջապատող բնությունն էլ իր նման վայրի է : Նա գնում է խոնավ, վայրի անտառները կամ բարձրանում խոնավ , վայրի ծառերը կամ էլ խոնավ վայրի տանիքները՝ թափահարելով վայրի պոչը, քայլելով մեն-մենակ, վայրի-վայրի:

Հեղինակ՝ Ռադյարդ Քիփլինգ
Հարցեր
1. Բնութագրի՛ր կատվին:
2. Ինչպես հաջողվեց կատվին համոզել կնոջը՝ իրեն քարայր թողնել:

Комментариев нет:

Отправить комментарий