среда, 7 мая 2014 г.

Այդ ոչինչը ես եմ

Քաղաքապետ իշխանը շրջում էր քաղաքում: Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում, ցնցոտիների մեջ պառկած էր մի աղքատ դերվիշ:
Շքախմբի առաջնորդը գոռաց դերվիշի վրա.
-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում` ով է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:
-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, - անվրդով պատասխանում է դերվիշը:
Քաղաքապետը հետաքրքրված մոտենում է և հարցնում.
-Մի՞թե ես քեզանից մեծ մարդ չեմ:
-Իհարկե` ո՛չ: Քեզանից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե` ոչ:
-Այո՛:

-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ. որ մեծանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:
-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:
-Հետո՞:
-Հետո վեզիր:
-Հետո՞:
-Փոխարքա:
-Հետո՞:
-Սահմանը սա է: Բոլորից մեծը շահն է:
-Ասենք թե` շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը:
-Հետո` ոչի՛նչ,- պատասխանում է քաղաքապետը:
-Ահա՛ այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցիր, գնա քո ճանապարհով, - նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը և նվաղուն աչքերը գոցում:

Ավետիք Իսահակյան
Աղբյուրը՝ http://library.hayreniq.ru/armyanskie_pisateli/avetik_isahakyan/355-.html


Հարցեր
1. Ո՞րն է այս առակի ասելիքը:
2. Ներկայացրու դերվիշին և քաղաքապետին՝ հակադրելով իրար:
3. Ինչպե՞ս էին ընդունում քաղաքապետի շքախմբին հասարակ մարդիկ:
4. Տեքստից դուրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր: 
Նայիր այս պատմության ֆիլմը և գրի՛ր քո կարծիքը ֆիլմի մասին:


Комментариев нет:

Отправить комментарий