вторник, 3 апреля 2018 г.

Զատիկ

Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենասիրված ու ամենամեծ տոնն է, որը եկեղեցական օրացույցով կատարվում է գարնանային գիշերահավասարից և լուսնի լրումից հետո եկող առաջին կիրակին:
Քրիստոսի Հարությունը քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքն է:
Զատիկը թե Հին, և թե Նոր Կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից մեկը: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ»:
Ս. Հարության տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները Ս. Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից և սկսում են զատկական տոնախմբությունները: Այդ օրվանից հավատացյալները միմյանց ողջունում են `Քրիստոս Հարյավ ի մեռելոց ավետիսով, պատասխանն է`Օրհնեալ է Հարությունը Քրիստոսի։
Տոնի նախօրեին և բուն Զատկի տոնի օրը մարդիկ միմյանց ողջունել են Քրիստոսի հարության առթիվ, մասնակցել պատարագին, ծիսական սեղանի շուրջը հավաքվել` պասից դուրս եկել, ձվակռիվներ, հանրային պարեր ու խաղեր կազմակերպել, խնջույքներում ուրախացել, նախշած ձվեր միմյանց նվիրել:
Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում էՄիայն Զատիկին ենք ձուն կարմիր ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է»:
Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի Արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը։ Այն կարմիր ներկելու ծիսականությունն իր մեջ պարունակում է ուժի, սիրո և զոհաբերման գաղափարը:
Զատիկը նաև տնօրհնեքի օր էր: Քահանաները տնից տուն էին շրջում,օրհնում իրենց մեկնված մատուցարանները, որոնց վրա դրված էին լինում թթխմոր, աղ, խունկ, հացահատիկ, ջուր և այլ բարիքներ: Օրհնվում էր բարիքը` ապահովելով տարվա լիությունը:
Հաջորդ օրը` երկուշաբթի, Զատկի մեռելոցն էր (տարվա երկու կարևորագույն մեռելոցներից մեկը): Բոլորը, նորատի հարսներից բացի, գերեզմանատուն էին գնում` իրենց հետ ունենալով զատկական կերակուրներ:
Սուրբ Հարության տոնին առաջներում մատաղ էին անում:Եփված մատաղը բաժանվում էր կիրակի օրը` զատկական պատարագից հետո: Այն տրվում էր հատկապես աղքատներին ու կարիքավորներին: Մատաղի միսը կարմիր ներկած ձվերի հետ տանում էին նաև գերեզմանատուն:
            Ձուն բուսանախշվել է հետևյալ եղանակներով.
Սոխի կեղևով ներկված ձվին սոսնձել են տարբեր տեսակի կանաչիների տերևներ: Այնուհետև մի քանի ժամ ձուն թթու թանի մեջ են պահել և հանելուց հետո սոսնձած տերևներից զգուշությամբ ազատել: Սոսնձած մասերում կարմիր գույնի նախշազարդ տերևների դաջվածք է մնացել, իսկ շուրջը թթու թանից սպիտակած է եղել: Ստացվել է տերևազարդ ձու:
Մինչ սոխի կեղևներով ձվերի ներկելը, դրանց վրա դրվել են բույսերի տերևիկներ և ցանցավոր կտորով պինդ կապել այնպես, որ հեղուկը ձվի կեղևի և տերևի արանքը չթափանցի: Խաշելուց հետո ձուն կարմրել է, իսկ տերևների տեղը սպիտակ է մնացել:
Նորածիլ կանաչ տերևները կամ թղթե նախշերը սոսնձով ամրացնելով ձվին` այն մի քանի ժամ գցում էին թթու թանի մեջ, ապա զգուշությամբ հեռացնում կպցրած նախշը: Դաջվածքը թթու թանից գեղեցիկ սպիտակում էր:
Զատիկին ձվերը փնջում էին գույնզգույն թելերով, մանր ուլունքներով, ներկում էին և զարդանախշում: Սովորաբար փնջած ձվերի բութ ծայրում գույնզգույն թելերի փնջիկ է թողնվում, իսկ ծուր ծայրում նույն թելերից հյուսված պարան, որով էլ այն կախում են տան առաստաղից, ամրացնում պատի աչքի ընկնող տեղում, կամ էլ հայելու առջև:
Ձվի հետ մեկտեղ տարածված է եղել նաև ընկույզ փնջելը:

Комментариев нет:

Отправить комментарий