воскресенье, 6 мая 2018 г.

Գինեգործության պատմությունից

Հայաստանում գինի պատրաստելու ավանդույթը սկիզբ է առել դեռ անտիկ շրջանում: Հայաստանի գինեգործության մասին հիշատակում են նաև հույն պատմաբան Հերոդոտոսը և հույն աշխարհագրագետ, փիլիսոփա Ստրաբոնը: 19-20-րդ դարերի հնագիտական պեղումները փաստում են, որ դեռ մ.թ.ա. 9-րդ դարում Հայաստանը համարվում էր գինու արտադրություն ունեցող պետություն:
1939թ. 7-րդ դարի Թեյշեբաինի ուրարտական բերդում (ներկայիս՝ Կարմիր բլուր) ռուս հնագետш ղեկավարությամբ իրականացված պեղումները բացահայտել են գինու պահեստ և մոտավորապես 500 կավե կճուճ: Գինու պահեստներ հայտնաբերվել են նաև Էրեբունի քաղաք-ամրոցում, որը կառուցվել է 2800 տարի առաջ:
Սակայն հայկական գինեգործության վերաբերյալ ամենացնցող բացահայտումն արվեց 2010-ին, երբ հայ, ամերիկացի և իռլանդացի հնագետները Հայաստանի հարավում հայտնաբերեցին աշխարհում ամենահին՝ 6000 տարվա պատմություն ունեցող գինեգործարանը: Պեղումների ընթացքում հայտնաբերվեցին նաև խաղող ճմռելու գործիք, կավե կճուճ՝ շրջապատված խաղողի ողկույզներով ու չորացած խաղողի որթատունկերով, և նույնիսկ՝ գինի խմելու գավաթ:
Խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1940-1985 թվականներին, Հայաստանում գինու արտադրությունն ինն անգամ աճեց: Արդեն 1980-ին երկիրն արտադրում էր միջինը 210 հազար տոննա խաղող, որից տարեկան մոտ 150 միլիոն լիտր գինի էր ստացվում: Գինու մեծ մասն արտահանվում էր Ռուսաստան: Այդ ժամանակ Հայաստանում գինի արտադրելու պետական մենաշնորհը պատկանում էր «Արարատ տրեստ» կազմակերպությանը:
Խորհրդային Միության փլուզումից հետո գինու  արտադրության մոտ 38 պետական գործարան սկսեց մասնավորեցման գործընթաց: «Արարատ տրեստը» երեք հազար տեսակի գինի ուներ, որոշները` մի քանի դար հնության: Գինին առաջ, ինչպես հիմա, պահվում է կաղնու տակառներում, սակայն շատ գյուղերում, որտեղ գինու արտադրություն կա, այն պահվում է կավե կճուճներում՝ կարասներում: Ըստ փորձագետների՝ հայկական կաղնին, շնորհիվ իր վարդագույն երանգի, գինուն հաղորդում է բնական վանիլինի, շոկոլադի և չրերի համ՝ նպաստելով գինու յուրահատուկ փնջի ստեղծմանը:
Արենի գյուղը, որ հայտնի է իր գինու արտադրությամբ, գտնվում է Վայոց ձորի մարզում: Ամեն տարի Արենիում կազմակերպվում է Գինու փառատոն: Ավանդաբար այն լինում է աշնանը, երբ բնակիչներին ու հյուրերին առիթ է ընծայվում համտեսելու շրջանում արտադրվող լավագույն գինիները: Փառատոնը բացվում է լավագույն գինեգործների շքերթով և շարունակվում բազմաթիվ այլ միջոցառումներով՝ գինու հանրային և մասնագիտական համտեսում, երկրի լավագույն ռեստորանների ավանդական ուտեստների ցուցահանդես, երաժշտություն, պար, խաղեր, թատերական ներկայացումներ և ծրագրեր՝ սիրված արվեստագետների մասնակցությամբ և մրցույթներ, օրինակ` «Հայաստանը քո աչքերով», «Գինու լավագույն պիտակ», «Լավագույն գինի արտադրող» և «Լավագույն տնական գինի»:
Արենի գյուղի պատմությունը սկսվում է մ.թ.ա. 3-րդ դարից: Այն հայտնի է գինու իր մեծ տեսականիով: Արենիի գինին իր յուրահատուկ և նուրբ բուրմունքով հայկական գինիների շարքում իր առանձնահատուկ տեղն է գրավում: Գյուղը Արփա գետի ափին է` ծովի մակարդակից 980 մետր բարձրության վրա: Տեղանքի աշխարհագրական և կլիմայական պայմանները (ածխածնով հագեցած հող և առատ արևի լույս) նպաստել են խաղողագործության ու գինեգործության զարգացմանը: Արենիում աճում է խաղողի ավելի քան երկու տասնյակ տեսակ, որոնցից ամենաարժեքավորը հենց «Արենին» է: Տարեկան արտադրվում է ավելի քան 300 տոննա «Արենի» խաղող: Գյուղում կա գինու երկու գործարան և արժեքավոր գինիների մի քանի պահուստ:

Комментариев нет:

Отправить комментарий