пятница, 4 декабря 2020 г.

Երեք օր Արատեսում կամ աշնանից անցում ձմռան


Նախապատրաստվում ենք:
Ովքեր կազմակերպել են ճամփորդություններ, գիտեն ճամփորդական անհաշիվ կազմակերպչկան աշխատանքների, պայմանավորվածությունների մասին: Ճամփորդությունը սկսվում է ոչ թե քաղաքից դուրս գալու օրը, այլ գոնե մեկ շաբաթ առաջ, երբ հավաքվում է ճամփորդների խումբը, ստեղծվում է նախագիծը: 
Մեր ճամփորդական խումբը սեբաստացի տարատարիք սովորողներից էր կազմված՝ վեցերորդ, յոթերորդ, ութերորդ  դասարանցիներից: ,,Այս անգամ մեր դասարանից մենակ էի, սակայն հաճելի էր և առատ նոր ծանոթացումներով,,-գրում է Մանուկյան Գուրգենը:  Մասնակիցներից շատերը ձեռք բերեցին նոր ընկերներ, նոր ծանոթություններ ստեղծվեցին: Մի խումբ սովորողներ առաջին անգամ էին Արատեսում, վերադարձան նոր տպավորություններով: 
Օր առաջին: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում Հերմոն գյուղն էր՝ իր վանքով (Կնեվանքով), ուր տանող ոլոր-մոլոր , սարն ի վեր ձգվող արահետը (ճանապարհին մասուրի և ալոճի թփերով) հավես քայլարշավային ուղղություն կարող է լինել նաև կրտսեր սովորողների համար: Վայոց ձորում սիրուն աշուն էր՝ դեռ հասած և ծառերին մնացած հատապտուղներով, աշնանային ջերմ արևի ճառագայթներով, տաք օդով, և տաք օդում տարածված թեթև սառնությամբ: Ոլոր-մոլոր ճանապարհը մեր մեծաքանակ խումբն անցավ թեթևությամբ՝ վայելելով աշունը, հանդիպած հատապտուղները և հիանալով շրջապատող սարերի վեհությամբ, սարերի կատարներին նստած թեթև ձյունով: 
Ուղևորվեցինք Արատես: Տեղավորման, իրերի դասավորման, ընթրիք պատրաստելու կենցաղային գործերը նույնպես սովորողների հետ ենք անում: Հատկապես հաճելի է միասին պատրաստելը, սեղան նստելը, իրար հյուրասիրելը: Կարծում եմ՝ այս աշխատանքները առօրյա կարևոր հմտություններ են փոխանցում: Աշխատելիս զրուցում ենք լիբանանահայ մեր սովորողների հետ, ովքեր իրենց ընկերախմբով որոշել են մասնակցել եռօրյա ճամփորդությանը, սիրով պատմում են իրենց խոհանոցի առանձնահատկությունների մասին: Ակամայից նոր ճամբարային-խոհանոցային-տեխնոլոգիական նախագծեր են ծնվում: 
Երեկոյան բոլորիս համախմբեցին թեյն ու խաղերը: 
Արատեսում արդեն ցուրտ է, վառարաններ ենք վառում, իսկ դա նշանակում է, որ պետք է անընդհատ հետևել, փայտ բերել, նայել, որ կրակը չհանգչի, բայց սա էլ հաճելի աշխատանքը, էլ չասեմ, որ ընթացքում վայելում ես կարտոֆիլի պլեճը: Ի՜նչ վատ բնական չիպս է: 
Օր երկրորդ: Ամբողջ օրը Արատեսում ենք: Կրթահամալիրում ամփոփում ենք Սեբաստացու օրերը, Հարիսայի ծեսն է: Առավոտից պատրաստվում ենք: Ընկեր Լաերտի հետ սովորում ենք երգեր, պարեր, պարեգեր, եփվում է հարիսան: Կեսօրին արդեն պատրաստ ենք, հյուրընկալեցինք Հերմոնի դպրոցի սովորողներին: Հաճույքով եմ հետևում, թե ինչպես են մեր սովորողները մոտենում, բարևում, ծանոթանում, հարցեր տալիս, շփվում, ընկերություն է դառնում, ճանաչում են, բացահայտում նոր աշխարհ, նոր մարդկանց՝ Հերմոնի և Արատեսի սարերում ապրած, բնության անթաքույց հմայքն իրենց մեջ կրող մարդկանց: 
Մինչ խարույկի վրա եփվում է հարիսան, մենք շուրջպար ենք բռնում : Ծիսական տրամադրություն է, համտեսում ենք համեղ հարիսան մեր պատրաստած թթվով և գինով: 
Օրը դեռ չի ավարտվել, իջնում ենք Արատեսի վանք, Միդլ tv-ի նկարահանումներն ավարտելուց հետո զրուցում ենք վանական համալիրների առանձնահատկություններից, փորձում կարդալ հանդիպած արձանագրությունները, ուսումնասիրում պատկերված խաչերի ձևերն ու տեսքը: Այնուհետև սովորողների՝ քարանձավները ուսումնասիրելու գրավիչ մտքով տարված քայլում ենք ներքև՝ դեպի գետը, կամուրջը և ժայռի խորշից հոսող պաղ աղբյուրը: 
Օր երրորդ: Վերադառնում ենք: Առավոտից հավաքման, պատրաստման աշխատանքներ: Ձյուն է գալիս: Մեր ոգևությունն անսահման է...Քիչ- քիչ փոխվում են Արատեսի գույները, աշնանային դեղինը տեղի է տալիս ձմեռային սպիտակին: 



Պատմում են սովորողները.





















Комментариев нет:

Отправить комментарий