воскресенье, 18 сентября 2016 г.

Բացօթյա դասի կազմակերպում

Արևային այս խեղդուկ օրերին անչափ հաճելի է նստել այգում, շնչել կանաչի բուրմունքը և թեթև քամի զգալ: Էլ չասեմ, որ Միջին դպրոցի իմ դասարանը ամենատաքն է ու ամենաշոգը: 
 Աշխատանքային այս տարիների ընթացքում նկատել եմ, որ սովորողներն ավելի հաճույքով դրսում են դաս անում, քան առանձնացված ու փակված դասասենյակում: Սկզբում մի տեսակ վախով էի նայում բացօթյա դասին, երևի պատճառն այն էր, որ կարծում էի չեմ կարողանա վերահսկել սովորողներին դրսում, բայց ինչո՞ւ վերահսկել: Բացի այդ էլ, այն, ինչ անծանոթ է, վախեցնում է:  
Վերջի օրերին մի քանի անգամ լսեցի՝ ի՞նչ տարբերություն դրսում դաս անես, թե դասարանում, այն, ինչ անում ես դրսում՝ այգում, բացօթյա, կարող ես անել նաև դասարանում, ուրեմն ինչո՞ւ գնալ:  Իբրև պատասխան ինձ մոտ առաջացավ նմանատիպ մի հարց. եթե նույնը կարող եմ անել այգում, ապա ինչո՞ւ բացօթյա դաս չանենք, այլ նստենք դասարանում...
  Սովորողներն ավելի պատրաստակամ և ինքնուրույն են, ավելին , քան երբեմն մենք ենք սպասում: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո վերցրեցինք փոքրիկ բարձիկները և քայլեցինք դպրոցի հարակից այգի: Դասաժամից ոչ մի րոպե չկորցրեցինք, որովհետև բոլորը համախմբված քայլեցին, իսկ այգին՝ չափազանց մոտ էր: Նստեցինք այնպես, ինչպես հարմար է, այնպես, որ կարողանանք լսել և տեսնել իրար: Օրվա քննարկման թեման Սարոյանի ,,Ծիծաղը,, պատմվածքն էր: Դեռևս անցած դասին, երբ կարդում էինք պատմվածքը, շատերի մոտ իսկապես ծիծաղ առաջացավ.
-Սա ի՜նչ պատմվածք է, վերնագիրը նայեք, ի՜նչ ծիծաղ: 
Հետո սկսեցինք կարդալ: Սկզբում դժվար էր հասկանալը, հարցերը շատ էին. 
-Ի՞նչ էր եղել: Պարզ չի գրված: Չես հասկանում ով ով է: Տղան ինչ էր արել: Ասում է , որ ծիծաղի, ո՞վ ծիծաղի:
Հետո լռություն, բոլորը կարդում էին: Փորձեցինք հասկանալ, գտնել և առանձանցնել կարևորը: 
 Արդեն առավոտյան՝ այգում նստած, յուրաքանչյուրն ասաց այն, ինչ մտածում էր: Տողեր, որոնք երկար խորհելու և տարաբնույթ կարծիքներ արտահայտելու տեղիք տվեցին: 
Ծաղիկն ամոթխածորեն հակվում էր:  Եզրակացրեցինք, որ ծաղիկը Բենն էր ու սկսել էր ամաչել իր ծիծաղի համար:
Ինչ իրավունքով էին ուզում ստիպել իրենոր իր մեջ քանդեր մի անմեղ բան:  Գուցե կարևոր տողը սա էր: 
Ինչո՞ւ լաց եղավ տղան: 
Վերջին հարցադրման պատասխանները շատ էին. լաց եղավ, որովհետև իր ընկերները գնացել էին, որովհետև միայնակ էր մնացել: Եվ ի վերջո. լաց եղավ, որովհետև Բենի ներսում զգացմունքների խառնաշփոթ էր. իր յուրօրինակ ու տարբերվող խոսքն ասաց Սերգեյը , ինչպես միշտ: 
Էլի մտքեր, տողեր, մեկնաբանություններ. յուրաքանչյուրն իր ձևով ընկալեց ու հասկացավ, բացատրեց ու լսեց:
Որպես Սեբաստացի, չէինք կարող անցնել և չվերցնել մեր ոտքի տակ ընկած աղբը, հավաքեցինք. մեր աչքի առաջ միայն  խոտն էր՝ ամբողջովին կանաչ: 
Պայմանավորվեցինք, որ մյուս անգամ ոչ թե բացօթյա դաս-քննարկում կանենք, այլ խաղային դաս, որ կարողանան ներկայացնել, խաղալ, բեմադրել: 

18.09.2016





Комментариев нет:

Отправка комментария