вторник, 29 января 2019 г.

Գինեգործությունը հին Երևանում. մառաններ երևանյան բակերում

Առավոտյան մեր փոքրիկ խումբը Պուշկինի 4 հասցեում էր:
Չգիտեմ ինչպես երևանաբնակները, բայց ես ինձ համար սկսում եմ հայտնաբերել մի նոր Երևան՝ Հին Երևանը, որը լի է հետաքրքիր բացահայտումներով, իսկական ազգագրությամբ, նորն այլ կերպ ընկալելու, տեսնելու առանձնահատկությամբ, հետաքրքիր և չկրկնվող վայրեր գտնելու ցանկությամբ...
Պուշկինը փողոցը Հյուսիսային պողոտայից հետ հատվող փողոց է, կենտրոնում է, փողոց, որի վրա կան տարբեր ժամանցային վայրեր՝ սրճարաններ, փաբեր, կենտրոններ, կազմակերպություններ և այլն: Փողոց, որով քայլել եմ հաճախ: Եվ որ մի օր այստեղ կտեսնեմ հարյուր տարվա հնության մառան, հին շենքեր, հին բակեր, չէի մտածում...
Պուշկինի 4 հասցեում՝ մի գողտրիկ բակում, պահպանվել է ,կարծում եմ, երևանյան եզակի գետնափոր գինու մառաններից մեկը:

Տանտերը, ում հետ պայմանավորվել էինք նախօրոք, մեզ դիմավորեց ժպիտով և պատրաստակամությամբ, առանց շտապելու երկար կանգնեց, խոսեց , պատմեց, ցույց տվեց:  Կարելի է ասել՝ մենք էլ մտովի տեղափոխվեցինք 19-րդ դար, քանի որ միջավայրը, փոքրիկ այգին, ընդարձակ բակը հրաշալի ներկայացնում էին քաղաքային երբեմնի մշակույթը:
Մառանը բավական ընդարձակ էր, ամենախոր հատվածում հողի մեջ թաղված մեծ կուժ էր՝ մոտ հինգ մետր խորությամբ, որի մեջ լցվել է տրորված գինին, ստացվել մաճառը, այնուհետև մաճառը լցվել է ավելի փոքր տիկերի մեջ, տեղափոխվել կողքի սենյակը, որտեղ ստացել են գինի, համտես արել, հետո քիչ-քիչ տեղափոխել տուն՝ խմելու կամ հյուրասիրելու, վաճառելու համար: Մառանում ձմեռ, թե ամառ, նույն ջերմաստիճանն է՝ հարմար գինու պահպանման համար:
Հին դռներ, հին կողպեք, մի քիչ քանդված վիճակ, ինչքա՜ն գեղեցիկ կլիներ, եթե վերականգնվեր, ոչ միայն երևանցիների համար սիրված վայր կլիներ, այլ նաև զբոսաշրջիկների...Նման հնության մառանները իսկական ազգագրություն են, ժամանակի կոլորիտը, մթնոլորտը ներկայացնելու լավ տարբերակ, իրական հարստություն...
28.01.2019

Комментариев нет:

Отправить комментарий