Շարունակվում են կրթահամալիրի տնօրենի հանդիպումները մանկավարժական աշխատողների հետ: Միշտ կարևորել եմ Տիարի՝ հավաքները հետաքրքիր, թեթև զրույցի վերածելու ձևը... Այս ընթացքում մասնակցել եմ բոլոր հանդիպումներին՝ միշտ հետաքրքիր հարցադրումներով, կարևոր ասելիքով, չընդհատվող մտքերի փոխանակումով: Եվ այս և նախորդ հանդիպումների հարցադրումների պատասխաններն ամեն անգամ փնտրում եմ իմ գործունեության մեջ, իմ աշխատանքում, իմ և իմ դասավանդած սովորողների բլոգներում, ամփոփում ինչ-որ բան, առանձնացնում կետեր, որոնց դեռ պետք է անդրադառնամ կամ հետագայում դրանց ավելի ուշադիր լինեմ: Մանկավարժական զրույց է ....
Այս անգամ մի փոքր այլ էր հարցադրումների ձևաչափը, հարցերը նախապես պատրաստել էին կրթահամալիրի մասնախմբերի ղեկավարները, այլ ուսուցիչներ: Նաև այս անգամ ես ներկա էի ոչ թե սոսկ որպես ունկնդիր, այլև մասնակից: Անդրադառնամ հարցերին, փորձեմ գրել նաև այն, ինչ չստացվեց ասել:
Ի՞նչ լեզվով պետք է լինի օտար լեզու դասավանդողի բլոգը: Ինքս օտար լեզվի դասավանդող չեմ, գուցե այս հարցն իմ տեսանկյունից ներկայացնելն այդքան էլ ճիշտ չի լինի, սակայն ես օտար լեզվի դասավանդողի բլոգը պատկերացնում եմ հենց դասավանդած լեզվով: Այս առումով վստահ եմ՝ ռուսերեն և անգլերեն գործող բլոգները խնդիր չեն առաջացնի ո՛չ գործընկերների, ո՛չ սովորողների, ո՛չ էլ ծնողների մոտ, հասկանալի է, որ ռուսերենին տիրապետում են բոլորը, իսկ անգլերենը գնալով մեծ ընդգրկում է ունենում: Այն, ինչը չգիտես, կարելի է փնտրել բառարաններում, փորձել թարգմանել. սա էլ ուսուցման մի ձև է: Սակայն, կրթահամալիրում դասավանդվում են նաև այլ օտար լեզուներ, որոնց ընդգրկվածությունն այդքան մեծ չէ: Այս պարագայում եթե ոչ ամբողջովին , ապա գոնե մեծամասամբ պետք է լինի տվյալ լեզվով, որպեսզի սովորողի շփումը տվյալ լեզվի հետ լինի անընդհատ: Նաև շատ հեշտ կարելի է էջը, բլոգը դարձնել այլ լեզվով՝ օգտվելով համապատասխան հատվածից: Շատ բլոգներ իրենց հավելվածներում ունեն կայքն այլ լեզուներով ներկայացնելու կետը:
Մենք անընդհատ իրականացնում ենք նախագծային ուսուցում. կարևոր հարցադրում է ՝ ինչպե՞ս հասկանանք հաջողված նախագի՞ծ է, թե՞ ոչ: Կարծում եմ՝ իմ և սովորողի մոտեցումները մեր նախագծերի հաջողված լինելու վերաբերյալ տարբեր կլինեն, բայց առավել մասնակցությունը, մեծ տարածում ունենալը ինչ-որ տեղ իսկապես կփաստեն, որ նախագիծը հաջողվել է: Ես իմ նախագծերից կառանձնացնեի մեր ամսագրային գործունեությունը որպես հաջողված նախագիծ: Ինչո՞ւ: Այո՛, ամսագրերը ձևաչափով նորություն չեն մեր հեղինակային մանկավարժության մեջ, սակայն դրանք նորություն էին իմ սովորողների համար, ինչ-որ տեղ նաև ինձ համար, քանի որ մենք առաջին անգամ էինք սկսում հրապարակել ստեղծագործական ամսագիր: Թարգմանությունների մասով ավելի հեշտ է, քանի որ սովորողները տիրապետում են գոնե երկու լեզվի, և մեր առջև դնում ենք մեկ հիմնական նպատակ՝ թարգմանել այնպիսի գործեր, որոնք առաջին անգամ են հայերեն թարգմանվում: Իսկ ստեղծագործական գործունեության դեպքում բոլորովին այլ է, դա իսկապես հեշտ աշխատանք չէ, անհրաժեշտ է հասնել ինչ-որ հասունության, զգալ, որ ստացվում է, այնուհետեև անել կարևոր քայլը՝ հրապարակել ամսագիր: Մեր դեպքում իսկապես տեսանելի էր սովորողների հասունությունը, կարևոր առաջընթացը, հետաքրքիր միտքը:
Մեր աշխատանքի հիմքում հեղինակային մանկավարժությունն է: Ես ինքս եմ հեղինակը իմ նախագծերի, իմ բլոգում հրապարակվող նյութերի, դիտարկումների, հոդվածների: Եվ որպես հեղինակային կրթական ծրագրի հեղինակ կառանձնացնեմ այն նախագծերը, որոնք դուրս են ուսումնական օրացույցից՝ սովորողների նախաձեռնությամբ նախագծերը, նաև մեր մեդիաընթերցումները և ,,Տաղավարում ընտանիքին է,, նախագծերը: Եվ այստեղ որպես շարունակություն տեսանելի է արդեն հեղինակ սովորողը՝ իր հեղինակած նախագծով, աշխատանքով:
Սովորողի ինքնուրույն լինելու վերաբերյալ: Կրթահամալիրի միջավայրը արդեն իսկ տանում է սովորողին դեպի ինքնուրույնություն: Եվ որպես ուսուցիչ, կարևոր եմ համարում, որ իմ սովորողները միշտ ունենան իրենց սեփական կարծիքը, տեսակետը և երբեք չեմ ասում սխալ ես մտածում, սխալ ես անում: Իսկապես կարևոր է մարդու ինքնուրույն լինելն ամեն հարցում, ինչպես կարծիք արտահայտելուց, այնպես էլ առօրյա կյանքում, որոշումներում, սեփական գործունեության մեջ: Եվ միշտ տալիս եմ այլընտրանքը, հնարավորությունն անել այն, ինչ ինքն է ցանկանում, գրել նրա մասին, ինչը հոգեհարազատ է իրեն, կարողանալ գնահատել ինքն իրեն, ընտրել և առաջարկել որևէ ստեղծագործություն, ունենալ կարծիք մեր նախագծերի և աշխատանքների վերաբերյալ, հանդես գալ առաջարկով, նաև՝ չհամաձայնվել ինձ հետ....: Ավելացնեմ միայն՝ միշտ հարգանքով եմ վերաբերվում սովորողների առաջարկներին...
Մասնախմբերի ձևավորման մասին: Բացարձակ էական չէ, որ մասնախումբը լինի մասնագիտական, կարևոր է, որ մասնախմբի ղեկավարին ընտրի ինքը՝ ուսուցիչը: Նաև կարևոր է, որ մասնախմբի ղեկավարը շոշափելի օգնություն կարողանա ցուցաբերել՝ փոխանցի մեթոդական հմտություններ, լինի ստեղծագործ և մղի ստեղծագործելուն, ուսուցչի կողքին լինի ցանկացած խնդրի ժամանակ, ամեն կերպ նպաստի ուսուցչի ներուժի բացահայտմանը: Իսկ մասնագիտական հավաքներ միշտ էլ հնարավոր է նախաձեռնել:
Комментариев нет:
Отправить комментарий