Հետաքրքիր խումբ է հավաքվել՝ փխրուն փոքրիկ աղջիկներ, մի քիչ չարաճճի տղաներ, ամեն ինչով հետաքրքրվողներ, ամեն քարի վրա մագլցել, թռվռալ ցանկացողներ․․․։
Խոր Վիրապը՝ չնայած իր գրավիչ, չկրկնվող ճարտարապետությանը, բացվող հետաքրքիր տեսադաշտերին, ինչ-որ չափով նախընտրելի չէ, քանի որ այստեղ միշտ շատ են զբոսաշրջիկները, իսկ դա նշանակում է անթիվ հերթեր, քիչ տարածք, ամեն քայլափոխի զբոսաշրջիկներին իրենց տարատեսակ ծառայությունները առաջարկող մարդիկ։
Ինչևէ, մեր ուսումնասիրությունը սկսեցինք համալիրի աստիճաններից՝ բարձրացանք հիանալով բացվող տեսարաններով։ Մի փոքր բարձրանալով նստեցինք ՝ խոսելով Խոր Վիրապի հետ կապված ավանդույթներից, ստեղծման պատմությունից, կառույցից և ճարտարապետությունից։
Աստիճաններին զուգահեռ դրված են խաչքարեր, որոնք Ջուղայում ստեղծված խաչքարերի կրկնօրինակներն են, նպատակն այցելուներին Ջուղայում ադրբեջանցիների կողմից վերացված մեծ մշակույթի մասին տեղեկացնելը, պատմելն է։
Մի փոքր վերևում հրաշք տեսարան է՝ ափիդ մեջ Մասիս սարն է, իսկ պայծառ ու ջինջ օդը ավելի գեղեցիկ ու պարզ տեսք է տալիս սարին։
Համալիրը կազմված է Սուրբ Աստվածածին, Սուրբ Գևորգ եկեղեցիներից, օժանդակ այլ կառույցներից։
Սուրբ Աստվածածնի վրա աչք են զարնում սովետական ժամանակաշրջանից մնացած գրությունները՝ հետաքրքրություն և զարմանք առաջացնելով սովորողների մոտ;
Քայլում ենք դեպի վիրապը՝ փոսը։ Իրականում փոսն իջնել-բարձրանալը ճամփորդության ամենահետաքրքիր հատվածն է։ Ինչքան էլ կողքից զարմացած մարդիկ հարցնում են, թե ինչպես ենք պատրաստվում այդքան սովորողով իջնել, սովորողների ոգևորությանը չափ չկա։ Սկզբում խոսում ենք իջնել-բարձրանալու տեխնիկայի մասին, հետո սկսում ենք իջնել։ Հեշտ չէ, իհարկե, բայց կա ցանկություն, յուրաքանչյուր սովորող իր վախ հաղթահարելով իջնում է։ Ոմանք նույնիսկ մի քանի անգամ․․․
Համալիրի հետաքրքիր վայրերից է թոնրատունը, ուսումնասիրում-դիտարկում ենք, բացատրում նաև հետաքրքրբված ռուս զբոսաշրջիկներին։
Հետո գտնում ենք Օթյաց խաչ տանող ճանապարհը, որտեղ, ավանդության համաձայն, հանդիպել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները առաջին դարում։ Բարձունքից ավելի է լավ է երևում եկեղեցական համալիրը և բլուրները, դիտարկում ենք, նկարվում և իջնում։
Հաջորդ կանգառը Ուրցաձորում գտնվող Տափի բերդն է։ Քայլում ենք դեպի բերդը, խոսում Հայաստանում կառուցված ամրոցների առանձնահատկություններից, տեսակներից, ուսումնասիրում ենք, նկատում հետաքրքիր օրինաչափություններ։ Հաճելի արև է և թարմ եղանակ։ Չնայած ամրոցը գտնվում է բնակավայրերից հեռու, բայց մարդաշատ է։
Մի քիչ հանգստացանք, խաղացինք, վայելեցինք թարմ գարնանային օրը, պատմեցինք տպավորություններից և վերադարձանք։
Սովորողների պատումներից․
Պատմում է Մարի Անանյանը։
Комментариев нет:
Отправить комментарий