Ինչ-որ տեցից ընկույզ գտնելով՝ ագռավը գոհունակությամբ թառեց զանգակատան վրա: Հարմար տեղավորվելով ու ավարը ճանկով պահելով՝ նա սկսեց կտուցով մոլեգին հարվածներ հասցնել, որպեսզի հասնիի համեղ միջուկին: Հարվածը շատ ուժեղ ստացվեց, թե ագռավը վրիպեց, բայց ընկույզը հանկարծ դուրս պրծավ նրա ճանկից, գլորվեց ներքև ու անհետացավ պատի ճեղքում:
-Օ՜, բարի պաշտպան պատ,-լալագին ողբաց ընկույզը, որը դեռ ուշքի չէր եկել ագռավի դաժան կտցահարումներից: -Մի թող կործանվեմ, գթա ինձ: դու այնքա՜ն ամուր ու վեհաշուք ես, քո զանգակատունն այնքա՜ն գեղեցիկ է: Մի՛ քշիր ինձ:
Զանգերը խուլ ու անխրախուսաբար գվվացին՝ պատին զգուշացնելով չվստահել նենգ ընկույզին, քանի որ նա կարող է վտանգավոր լինել պատի համար:
-Մի՛ լքիր որբիս դժբախտության մեջ,-շարունակում էր,-շարունակում էր հեծեծալ ընկույզը՝ ջանալով ձայնակոխ անել զանգերի զայրացած գվվոցին:-Ես արդեն պետք է լքեի իմ հարազատ ճյուղը և ընկնեի խոնավ հողին, երբ հանկարծ այդ չարագործը հայտնվեց: Անկուշտ ագռավի կտուցի մեջ հայտնվելով՝ ինքս ինձ երդում տվեցի՝ եթե հաջողվի մահից խուսափել, ապա իմ մնացած կյանքը ես խաղաղ ու հանգիստ կավարտեմ ինչ-որ փոսում:
Ընկույզի կրակոտ խոսքերն արցունքոտվելու աստիճան հուզեցին ծեր պատին: Զանգերի նախազգուշացմանը հակառակ՝ նա որոշեց հյուրընկալություն դրսևորել ընկույզի նկատմամբ և թողնել նրան այն ճեղքում, որտեղ գլորվել -ընկել էր:
Բայց ժամանակի հետ ընկույզի վախն անցավ, նա հարմարվեց տեղանքին ու արմատներ արձակեց, իսկ դրանք սկսեցին կրծելով մխրճվել հյուրընկալ պատի մեջ: Շուտով առաջին ծիլերը ճեղքից դուրս եկան: Նրանք միահամուռ վեր ձգվեցին և սկսեցին ուժակալել: Մի քիչ էլ ժամանակ անցավ, և ընկուզենու մատղաշ շիվերն արդեն հպարտորեն զանգակատնից վեր էին խոյացել: Պատին շատ էին վնասում հատկապես արմատները: Կառչուն ու համառ լինելով՝ դրանք ավելի ու ավելի էին աճում՝ քանդելով ու տեղախախտ անելով հին շարվածքը, և անողոքաբար դուրս էին մղում աղյուսներն ու քարերը:
Չափազանց ուշ հասկացավ պատը, թե որքան նենգ էր այդ աննշան ու խղճուկ ընկույզը, որ երդվում էր սուսուփուս ապրել: Իսկ հիմա պատին այլևս բան չէր մնում անելու, քան իրեն կշտամբելը դյուրահավատության համար և ժամանակին իմաստուն զանգերին չանսալու համար դառնորեն զղջալը:
Դե, իսկ ընկուզենին շարունակում էր հպարտ անտարբերությամբ աճել, իսկ զանգակատունն՝ ավելի ու ավելի ավիրվել:
Առաջադրանքներ
1. Էլ. բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերը:
Գթալ, վեհաշուք, անխրախուսաբար, անկուշտ, մխրճվել, դյուրահավատություն:
2. Քո կարծիքով ի՞նչ է ուզում սովորեցնել այս առակը:
3. Առակին համապատասխան ասացվածք գտի՛ր և բացատրի՛ր:
4. Տեքստից դուրս գրի՛ր 3 ածանցավոր բառ:
5. Բառերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բառեր:
Դիմագիծ-նկարագիր
երկրագունդ-շարժուձև
գրավաճառ-սեղանատուն
ազգանուն-ընտրակարգ:
Комментариев нет:
Отправить комментарий