Страницы

воскресенье, 2 февраля 2014 г.

Ասք ծերուկ կենգուրուի մասին

Ոչ միշտ էր կենգուրուն այնպիսին, ինչպիսին մենք հիմա գիտենք նրան, այլ մի ուրիշ կենդանի էր՝ չորս կարճ ոտքերով: Մոխրագույն էր նա, բրդոտ էր նա և անսահման հպարտ էր նա:
Օրերից մի օր նա պարեց Ավստրիալիայի մեջտեղում՝ ապառաժի վրա, ապա գնաց Կրտսեր Աստված Նգայի մոտ:
Հասավ նախաճաշից առաջ՝ ժամը վեցին:
-Այնպես արա, որ մինչև կեսօրվա հինգը փոխվեմ, բոլորովին տարբերվեմ մյուս կենդանիներից,-ասաց Կենգուրուն Նգա Աստծուն:
Նգան վեր թռավ նստած տեղից ավազաթմբի վրա ու ասաց.
-Հեռացի՛ր:
Մոխրագույն էր Կենգուրուն, բրդոտ էր Կենգուրուն և անսահման հպարտ էր Կենգուրուն: Նա կրկին պարեց Ավստրալիայի մեջտեղում՝ ցցուն ժայռի վրա, ապա գնաց Միջնեկ Աստված Նգվինգի մոտ:

Հասավ նախաճաշից հետո՝ ժամը ութին:
-Այնպե՛ս արա, որ մինչև կեսօրվա հինգը փոխվեմ, բոլորովին տարբերվեմ մյուս կենդանիներից ու միաժամանակ հանրաճանաչ դառնամ,-ասաց Կենգուրուն Նգվինգ Աստծուն:
Նգվինգը վեր թռավ նստած տեղից արատերև խոտերի մեջ ու գոռաց.
-Հեռացի՛ր:
Մոխրագույն էր Կենգուրուն, բրդոտ էր Կենգուրուն,  և անսահման հպարտ էր Կենգուրուն:
Նա վերջին անգամ պարեց Ավստրալիայի մեջտեղում՝ ավազաթմբի վրա, ապա գնաց ավագ աստված Նգոնգի մոտ:
Հասավ ճաշից առաջ՝ ժամը տասին:
-Այնպես արա, որ մինչև կեսօրվա հինգը փոխվեմ, բոլորովին տարբերվեմ մյուս կենդանիներից, միանգամայն հանրաճանաչ դառնամ և այնքան ցանկալի, որ հետևիցս վազ տան,- ասաց Կենգուրուն Նգոնգ Աստծուն:
Նգոնգը վեր թռավ աղի լճից, որտեղ լոգանք էր ընդունում, ու գոռաց.
-Հա՛. կանեմ:
Նգոնգը կանչեց Դինգոյին՝Դեղին Շուն Դինգոյին, միշտ սոված, արևի տակ փոշեթաթախ շանը, և մատնացույց արեց Կենգուրույին:
-Դինգո, արթնացիր, Դինգո: Տեսնո՞ւմ ես մոխրափոսի մեջ պարող այս պարոնին: Նա ուզում է հանրաճանաչ դառնալ և այնքան ցանկալի, որ հետևից վազ տան: Դինգո՛, կատարիր նրա ցանկությունը:
 Վեր թռավ Դինգոն՝ Դեղին շուն Դինգոն ու գռմռաց.
-Ի՞նչ, այս կատվի ձա՞գը:
Հեռացավ Դինգոն՝Դեղին Շուն Դինգոն, միշտ սոված, սեղանն ածխադույլի պես բացած Դինգոն, վազ տվեց Կենգուրույի հետևից:
Սլացավ Գոռոզ Կենգուրուն՝ շլդիկի նման, իր չորս փոքրիկ ոտքերով:
Սրանով, Սիրելիդ իմ, ավարտվում է հեքիաթի առաջին մասը:
Կենգուրուն կտրեց-անցավ անապատը, վազեց-սուրաց լեռներով, լողաց-լող տվեց աղի լճերում, սուրաց-սլացավ եղեգնուտների միջոցով, ցատկեց-թռավ կապույտ խեժածառերի արանքով, թավալվեց-թավալ տվեց սրատերև խոտերի մեջ, վազեց-վազ տվեց այնքան, մինչև առջևի ոտքերը սկսեցին ցավել:
Նա ստիպված էր վազում:
Վազում էր Կենգուրույի հետևից  Դինգոն՝ դեղին շուն Դինգոն, միշտ սոված, բերանը թակարդի պես բացած Դինգոն, նույն հեռավորության վրա՝ երբեք չմոտենալով, երբեք չհեռանալով:
Նա ստիպված էր վազում:
Դեռ վազում էր Կենգուրուն-Ծերուկ-Կենգուրուն: Վազում էր ասիական արմավենիների միջով, անցնում ակացիաների արանքով, սուրում երկար խոտերի միջով, սլանում կարճ խոտերի վրայով: Եվ այսպես՝ կտրեց-անցավ Այծեղջուրի ու Խեցգետնի արևադարձային գոտիները, մինչև հետևի ոտքերը սկսեցին ցավել:
Նա ստիպված էր վազում:
Դեռ վազում էր Դինգոն՝ Դեղին Շուն Դինգոն՝ սարսափելի սոված-քաղցած, փորը վեց-վեց անելով, բերանը ձիու խամութի չափ բացած Դինգոն, նույն հեռավորության վրա՝ երբեք չմոտենալով, երբեք չհեռանալով:
Ի վերջո հասավ Վոլգոգ գետի ափերը:
Վրան ո՛չ կամուրջ կար, ո՛չ լաստանավ, և՛ Կենգուրուն չգիտեր ինչպես անցնել գետը: Եվ այսպես՝ նա հենվեց հետևի ոտքերին ու ցատկեց:
Նա ստիպված էր ցատկում:
Թռավ-ընկավ Սար ու Ձոր, թռավ-անցավ Քար ու Քռայի վրայով, սուրաց սլացավ Ավստրալիայի մեջտեղով՝ Անապատների միջով: Ցատկեց Կենգուրույի նման:
Սկզբում ցատկեց մի վերուստ, հետո՝ երեք վերստ, վերջապես՝ հինգ վերստ, և նրա ոտքերը գնալով ավելի ու ավելի ուժեղացան ու երկարեցին: Հանգստանալու և թարմանալու ժամանակ չուներ, չնայած շատ էր ցանկանում:
 Դեռ վազում էր Դինգոն՝ Դեղին Շուն Դինգոն, անչափ զարմացած, անչափ սոված, մտորելով՝ թե որ գերբնական ուժը ստիպեց Ծերուկ Կենգուրույին   ցատկել:Քանի որ Կենգուրուն ոտնում էր  մերթ ծղրիդի պես, մերթ տապակի մեջ ցատկոտող սիսեռի հատիկի պես, մերթ էլ ինչպես նոր ռետինե գնդակ՝ մանկամսուրի հատակին:
Նա ստիպված էր ոստնում:
Ապա կծկեց առջի ոտքերը, ցատկեց հետևի ոտքերով, ցցեց պոչը՝ հավասարակշռությունը պահելու համար, և անցավ Քաղցրիկ Փնջիկ սարահարթի միջով:
Նա ստիպված էր ցատկում:
Դեռ վազում էր Դինգոն ՝ Հոգնած Շուն Դինգոն՝ սարսափելի սոված քաղցած, փորը վեց-վեց անելով, անչափ զարմացած-ապշած-քար կտրած, մտորելով, թե որ գերբնական ուժը կստիպի ծերուկ Կենգուրույին կանգ առնել:
Հետո երևաց աղի լճում լոգանք ընդունած Նգոնգը և հայտարարեց.
-Ժամը հինգն է:
Փուլ եկավ Դինգոն ՝ Խեղճ Շուն Դինգոն, միշտ սոված, արևի տակ փոշեթաթախ Շուն Դինգոն, լեզուն կախ գցեց ու վնգստաց:
Փռվեց Կենգուրուն՝ Ծերուկ Կենգուրուն՝ պոչը հետևում եռոտանի աթոռակի պես տնկած, և ասաց.
-Փառք քեզ, պրծա:
Ասաց միշտ քաղաքավարի ու կիրթ Նգոնգը.
-Ինչո՞ւ երախտապարտ չես Դեղին Շուն Դինգոյին: Ինչո՞ւ շնորհակալություն չես հայտնում նրան քեզ արած լավության համար:
Պատասխան տվեց Կենգուրուն՝ Հոգնած, Ծերուկ Կենգուրուն.
-Այդ շունն ինձ հայրական տնիցս դուրս հանեց, հետապնդեց, չթողեց ո՛չ ուտել, ո՛չ խմել և այնպիսի օյին խաղաց գլխիս, որ երբեք նախկին տեսքս չեմ ընդունի, էլ չեմ խոսում ոտքերիս մասին, ոտ ու ձեռ չի մնացել, շարքից դուրս են եկել:
Արդարացավ Նգոնգը.
-Գուցե ես սխալվել եմ, բայց չէ՞ որ դու էիր ուզում տարբերվել մյուս կենդանիներից, ինչպես նաև՝ լինել այնքան ցանկալի-բաղձալի, որ հետևիցդ վազ տան: Այժմ ժամը հինգն է:
-Այո՛,- համաձայնեց Կենգուրուն,-երանի ասած չլինեի: Ինձ թվաց թուղթ ու գիր կանես: Բայց դու գլխիս խաղ խաղացիր, սարքեցիր:
-Խաղ,-սպառնաց Նգոնգը խեժածառերի արանքից,- փորձիր մեկ էլ ասել, ես կսուլեմ և Դինգոյին կվազեցնեմ հետևիցդ, այս անգամ առանց հետևի ոտքերի կմնաս:
-Չէ, չէ,-վախեցավ Կենգուրուն,-ներողություն եմ խնդրում: Ինչքան գիտեմ, ոտքքերը ոտքեր են փոխելու հարկ չկա: Ես միայն ուզում էի Ձերդ գերազանցությանը բացատրել, որ առավոտից բան չեմ կերել, և փորս վեց-վեց է անում:
-Ճիշտ է,-ասաց Դինգոն՝ Դեղին Շուն Դինգոն,-ես էլ նույն դրության մեջ եմ: Ես նրան տարբեր դարձրի մյուս կենդանիներից: Իսկ հիմա ի՞նչ պիտի ուտեմ:
Ասաց Նգոնգը աղի լճից, որտեղ լոգանք էր ընդունում.
-Վաղն արի հարցրու, կասեմ. այժմ ես լողանում եմ:
Եվ այսպես՝ Ավստրալիայի մեջտեղում Ծերուկ Կենգուրուն և Դեղին Շուն Դինգոն սոված-ծարավ մնացին՝ անվերջ գոռալով.
-Մեղքը քոնն է:
-Ո՛չ, քոնն է:
Հեղինակ՝ Ռադյարդ Քիփլինգ
Հարցեր
Տեքստից դուրս գրիր դարձվածքները և բացատրիր:

Комментариев нет:

Отправить комментарий