понедельник, 3 февраля 2014 г.

Զրահակիր կենդանիների սկիզբը

Աաա, սիրելի փոքրիկ, մի ուրիշ պատմություն է Անցած-Գնացած ժամանակների մասին: Այդ ժամանակների կեսերին, պղտոր Ամազոնի ափերին խխունջներ ու մանր կենդանիներ ուտելով, ապրում էր մի Փշոտ-Մշոտ Ոզնի: Իսկ նրա ընկերը՝ Կարծր -Ծանրաշարժ Կրիան, ուտում էր կանաչ կաթնուկ և մանր բույսեր: Այսպիսով, սիրելի փոքրիկ, ինչպես տեսնում ես, ամեն ինչ կարգին էր:
Նույնպես Անցած-Գնացած ժամանակներում կար նաև մի Նախշուն Հովազ, որը բնակվում էր պղտոր Ամազոնի ափերին և ուտում էր այն ամենը, ինչ ճարում էր: Երբ ձախողվում էր եղնիկի կամ կապիկի որսը, ուտում էր գորտ ու բզեզ, իսկ երբ չէր հաջողվում գորտ ու բզեզ բռնել, գնում էր Մայր Հովազի մոտ, և վերջինս նրան սովորեցնում էր ոզնի ու կրիա ուտելու ձևը:
Մայր Հովազը նազանքով ճոճեց պոչը և արդեն քանիերորդ անգամ ասաց.
-Որդիս, երբ Ոզնի գտնես, գցի՛ր ջրի մեջ, և նա կբացվի, իսկ երբ Կրիա որսաս, թաթովդ հանիր նրան պատյանից:
Այսպիսով, սիրելի փոքրիկ, ամեն ինչ կարգին էր: 
Մի լուսնկա գիշեր Նախշուն Հովազը պղտոր Ամազոնի ափերին տեսավ տապալված ծառաբների տակ նստած Փշոտ-Մշոտ Ոզնուն և Կարծր -Ծանրաշարժ Կրիային: Նրանք չկարողացան փախչել: Փշոտ-Մշոտ Ոզնին գունդուկծիկ եղավ, որովհետև Ոզնի էր, իսկ Կարծր-Ծանրաշարժ Կրիան գլուխն ու ոտքերը հնարավորինս ներս քաշեց պատյանի մեջ, որովհետև Կրիա էր: Այսպիսով, սիրելի փոքրիկ, ինչպես տեսնում ես, ամեն ինչ կարգին էր: 
-Ինձ լսեք, կարևոր բան եմ ասելու,- ձայնեց Նախշուն Հովազը: -Մայրս բացատրել է, որ երբ Ոզնու հանդիպեմ, գցեմ ջուրը, և այն կբացվի, իսկ երբ Կրիա որսամ, թաթովս պատյանից հանեմ նրան: Դե ասացե՛ք, ձեզնից որն է Ոզնին, և որը՝ Կրիան, որովհետև, պտերս վկա, չգիտեմ:
-Դու լա՛վ ես հիշում մայրիկիդ ասածը,-հարցրեց Փշոտ-Մշոտ Ոզնին,-լա՞վ ես հիշում: գուցե մայրիկդ ասել է, որ երբ ուզենաս Կրիա բացել, պետք է պատյանից հանես ջրի թիակով, իսկ երբ թափահարես Ոզնուն ՝ գցես պատյանի վրա:
-Դու լա՞վ ես հիշում Մայրիկիդ ասածը,-վրա տվեց Կարծր-Ծանրաշարժ Կրիան,-լա՞վ ես հիշում: Գուցե Մայրիկդ ասել է, որ երբ ուզենաս Ոզնի ջրել, պետք է նրան գցես թաթիդ մեջ, սիկ երբ Կրիա գտնես, պատյան քաշես վրան մինչև բացվելը:
-Չեմ կարծում, թե նման բան է ասել,- երկմտեց Նախշուն Հովազը, և փոքր-ինչ շփոթվեց,-բայց խնդրում եմ կրկնեք ավելի հստակ:
-Երբ թաթովդ թիակես ջուրը, քանդիր այն Ոզնու օգնությամբ,-շարունակեց Փշոտ-Մշոտ Ոզնին,-հիշիր, սա շատ կարևոր է:
-Իսկ երբ թաթահարես քո միսը, գցիր այն թիակով Կրիայի մեջ: Ի՞նչ է, չես հասկանում,-ծաղրեց Կրիան:
-Ես ձեր խորհուրդի կարիքը բոլորովին չունեմ: Միայն ուզում եմ իմանալ, թե երկուսիցդ որն է Ոզնին, և որը Կրիան:
_Չեմ ասի, բայց եթե ուզում ես, թակի՛ր ինձ պատյանիցս,-ասաց Փշոտ-Մշոտը:
-Ըհը,-ուրախացավ Նախշուն Հովազը,-հիմա գիտեմ, որ դու Կրիան ես: Կարծում ես չեմ անի, կանեմ:
Նախշուն Հովազը երկարեց Թմբլիկ թաթիկը հենց այն պահին, երբ Փշոտ-Մշոտը գունդուկծիկ դարձավ, և, անշուշտ, Հովազի թմբլիկ թաթիկը լցվեց փշերով: Ավելին՝ Փշոտ-Մշոտին նա շպրտեց հեռու-հեռու ծառերի ու թփերի մեջ, որտեղ շատ մութ էր և դժվար թե որևէ մեկը գտներ նարն: Հետո թմբլիկ թաթիկը տարավ բերանը, և փշերն, անշուշտ, ավելի ուժգին ծակծկեցին:
Ուշքի գալով ցավից՝ խոսեց ինքնիրեն.
-Հիմա գիտեմ, որ նա բոլորովին էլ Կրիա չէր, բայց...,-ու անփուշ թաթով քորեց գլուխը,-ինչպես իմանամ, որ մյուսը կրիա է:
-Վայց ես կրիա եմ,-պնդեց Կարծր- Ծանրաշարժը,-Մայրիկդ ճիշտ էր ասել, որ թաթովդ թիակես ինձ պատյանիցս: Սկսիր:
-Քիչ առաջ ուրիշ բան էիր ասում,- փշերը թաթից ծծել-հանելով՝ փնթփնթաց Նախշուն Հովազը:
-Դե, ենթադրենք, որ դու ասում ես, որ ես ասացի, որ Մայրիկդ ուրիշ բան էր ասում: Չեմ կարծում, որ դրանց մեջ որևէ տարբերություն կա, որովհետև, եթե Մայրիկդ ասել է՝ ինչ դու ասացիր, որ ես ասում էի, որ նա ասում էր, դա հենց նույնն բանն է, ինչ ես ասացի, որ Մայրիկդ ասում էր ու ասում: Մյուս կողմից, եթե դու կարծում ես, որ նա ասել է, որ դու պետք է ինձ թիակով քանդես, փոխանակ մասնիկների վերածելով թաթովդ պատյանից դուրս քաշես, ևս ոչնչով չեմ կարող քեզ օգնել, ճիշտ չեմ ասում:
-Բայց դու ասացիր, որ ես  թաթովս թիակեմ քեզ պատյանիցդ,-սրտնեղեց Նախշուն Հովազը:
-Եթե լավ մտածես, կտեսնես, որ նամն բան չեմ ասել: Ես ասացի, որ մայրիկդ ասել է՝ թիակես ինձ պատյանիցս,-բացականչեց Կարծր-Ծանրաշարժը:
-Իսկ ի՞նչ կլինի, եթե այդպես անեմ,-շատ զգույշ, շատ քնքուշ փնչացրեց Հովազը:
-Չգիտեմ, երբեք պատյանիցս դուրս չեմ հանվել: Բայց եթե ուզում ես՝ լողալով փախչեմ, ինձ ջուրը գցիր:
-Չեմ հավատում,-ասաց նախշուն Հովազը,-դուք մայրիկիս բոլոր ասածները իրար խառնեցիք: Ես հիմա ամեն ինչ շփոթել եմ, նույնիսկ չգիտեմ՝ գլխիս վրա եմ նստած, թե նախշուն պոչիս: Ասածդ հասկանում եմ, բայց ավելի ու ավելի եմ շփոթվում: Մայրս ասել է, որ ձեզնից մեկնումեկին ջուրը գցեմ, և քանի որ դու շատ ես անհանգստանում, ինձ թվում է չես ուզում ջուրն ընկնել: Ուրեմն շուտ ցատկիր պղտոր Ամազոնը:
-Նախօրոք ասում եմ, որ Մայրիկդ գոհ չի մնալու: Հետո չաես՝ քեզ չզգուշացրի,-արդարացավ Կարծր-Ծանրաշարժը:
-Եթե մի բան էլ ավելացնես...համբերությունից դուրս եկավ հովազը,բայց խոսքը բերանին՝ կարծր-Ծանրաշարժը հանգիստ սուզվեց Պղտոր Ամազոնի մեջ, լողալով դուրս եկավ մյուս ափը, որտեղ Փշոտ-Մշոտն իրեն էր սպասում:
-Լավ պրծանք,-ուրախացավ Փշոտ-Մշոտը,- ինձ հեչ դուր չի գալիս այդ Նախշուն Հովազը: Ի՞նչ ասացիր նրան, ո՞վ ես դու:
-Ասացի նրան  ճշմարիտը, որ ես ճշմարիտ կրիա եմ, բայց նա չհավատաց ու ստիպեց ջուրն ընկնել, որպեսզի համոզվի, որ ես կրիա եմ;-Դե, ես էլ Կրաի եմ, ու բերանը բաց մնաց: Հիմա մոր մոտ է, պատմում է ամեն ինչ: Ականջ դիր:
Նրանք լսում էին պղտոր Ամազոնի ափերին ծառերի ու թփերի մեջ տարածվող  Նախշուն Հովազի մռնչոցը: Վերջապես եկավ Մայր Հովազը: 
-Որդյակ իմ,- արդեն քանիերոդ անգամ ասաց Մայր Հովազը՝ նազանքով ճոճելով պոչը,- այդ ինչ ես արել, որ չպետք է անեիր: 
-Ես փորձեցի թիակել մի բան, որը ցանկացավ՝ թաթովս իրեն պատյանից թիակեմ, և թաթս լցվեց փշերով,-ցավագին ողբաց նախշուն Հովազը:
-Որդյակ իմ, որդյակ,-արդեն քանիերոդ անգամ ասաց Մայր Հովազը՝ նազանքով ճոճելով պոչը, թմբլիկ թաթիկիդ փշերից գլխի եմ ընկնում, որ Ոզնին է եղել: Նրան պիտի ջուրը գցեիր:
-Մյուսին գցեցի ջուրը: Նա ասաց, որ Կրիան եմ բայց ես չհավատացի: Պարզվեց, որ ճիշտ է: Նա սուզվեց պղտոր Ամազոնի մեջ ու այլևս դուրս չեկավ: Հիմա ուտելու ոչինչ չունեմ: Գնանք մի այլ տեղ ապրենք: Պղտոր Ամազոնի ափերին նրանք բավականին խելացի են և խղճուկիս կխաբեն:
-Որդյակ իմ, որդյակ,-արդեն քանիերորդ անգամ ասաց Մայր Հովազը՝ նազանքով ճոճելով պոչը,-լսիր ինձ և հիշիր, թե ինչ եմ ասում: Ոզնին գունդուկծիկ է դառնում, և փշերը ցցվում են ամեն կողմից: Հենց սրանով կարող ես տարբերել նրան:
-Դուր չի գալիս ինձ այդ պառավ տիկինը,- քրթմնջաց լայն տերևի ստվերում թաքնված Փշոտ-Մշոտը,-տեսնես էլ ինչ գիտի իմ մասին:
-Կրիան չի կարող կծկվել,-արդեն քանիերորդ անգամ շարունակեց Մայր Հովազը՝նազանքով ճոճելով պոչը,- նա միայն կարող է գլուխն ու ոտքերը քաշել պատյանի մեջ: Սրանով կարող ես ճանաչել Կրիային:
-Բոլորովին դուր չի գալիս ինձ այդ պառավ տիկինը, բոլորովին,-զայրացավ Կարծր ծանրաշարժը,-նույնիսկ Նախշուն Հովազը այժմ չի մոռանա այդ խորհուրդները: Շատ ափսոս, որ լողալ չգիտես, Փշոտ-Մշոտ:
-Ձայնդ կտրիր,-չարացավ Փշոտ-Մշոտը,- ու մտածիր, թե ինչ լավ կլիներ, եթե կարողանայիր գունդուկծիկ դառնալ: Այ քեզ փորձանք: Լավ լսիր Նախշուն Հովազին:
Նախշուն հովազը, պղտոր Ամազոնի ափին նստած, թաթից ծծելով հանում էր փշերն ու ինքնին մռթմռթում.
Չի կծկվում, բայց լողում է նա,
Կարծր-Ծանրաշարժ՝ հենց ինքն է, որ կա:
Կծկվում է, բայց չի լողում նա,
Փշոտ-Մշոտը հենց ինքն է, որ կա:
-Կյանքում չի մոռանա,-ասաց Փշոտ-Մշոտը,-Կարծր-Ծանրաշարժ, դնչիցս բռնիր, ուզում ես լողալ սովորել, պետք կգա:
-Հիանալի է,-բացականչեց Կարծր-Ծանրաշարժը և բռնեց պղտոր Ամազոնում թպրտացող Թշոտ-Մշոտի ծնոտը:
-Լավ լողորդ կդառնաս: Ապրես,- հավանություն տվեց Կարծր-Ծանրաշարժը: -Իսկ եթե դու կարողանաս  պատյանիս ծայրը հետևից փոքր -ինչ արձակել, գուցե ես էլ փորձեմ գունդուկծիկ դառնալ: Պետք կգա:
Փշոտ-Մշոտը Կարծր-Ծանրաշարժին օգնեց բարձրացնելու պատյանի հետևի ծայրը, և Կրիան ծռմռվելով հաջողացրեց մի փոքր, մի պուճուր կծկվել:
-Գերազանց է,-հրճվեց Փշոտ-Մշոտը,-բայց արի չշարունակենք, որովհետև դեմքդ ամբողջովին սևացել է: բարի եղիր, մի անգամ էլ ինձ դեպի ջուրն առաջնորդիր, և ես կփորձեմ կողքի լողալ, որն, ինչպես ասում ես, այնքան հեշտ է:
Եվ այսպես՝ Փշոտ-Մշոտը փորձում էր, իսկ Կարծր-Ծանրաշարժը լողում էր կողքից:
-Արտակարգ է,-գոչեց Կարծր-Ծանրաշարժը,-քիչ էլ մնա իսկական կետ ձուկ կդառնաս: Հիմա, խնդրում եմ, նեղություն քաշիր, պատյանիցս երկու շերտ էլ բարձրացրու, որ փորձեմ այն հիասքանչ կորը, որն, ինչպես ասում ես, այնքան հեշտ է: Այ թե կզարմանա Նախշուն Հովազը:
-Չտեսնված է,-ոտքից գլուխ թրջված՝ ձայն տվեց Փշոտ-Մշոտը,-հավատացնում եմ, որ քեզ դժվար է տարբերել իմ ազգականներից: Երկու շերտ ասացիր, չէ՞: Դեմքիդ արտահայտությունն էլ մի քիչ փոխիր և քիչ մռթմռթա, թե չէ Նախշուն հովազը կլսի: Երբ վերջացնես, կփորձեմ սուզվել, որն, ինչպես ասում ես, այնքան հեշտ է: Այ թե կզարմանա Նախշուն Հովազը:
-Անթերի է,-ուրախ ձայնեց Կրիան,- եթե սովորես շունչդ երկար պահել, կկարողանաս Պղտոր Ամազոնի հատակում  տուն-տեղ դնել: Իսկ հիմա փորձեմ հետևի ոտքերս ականջներիս փաթաթել, արն, ինչպես ասում ես, այնքան խիստ հարմարավետ է: Այ թե կզարմանա Նախշուն Հովազը:
-Հրաշալի է,-ծոր տվեց Փշոտ-Մշոտը,-բայց  պատյանի հետևի շերտերը փոքր-ինչ ձգված են, իսկ շերտերը, կողք կողքի լինելու փոխարեն, մեկը մյուսի տակ են:
-Կծկվելուց է,- ենթադրեց Կարծր-Ծանրաշարժը,- իսկ քո փշերն իրար են կպել, և ավելի շու նմանվում ես  սոճու կոնի, քան թե շագանակի, ինչպես նախկինում:
-իսկապես,- զարմացավ Փշոտ-Մշոտը,- թրջվելուց է: Այ թե կզարմանա Նախշուն Հովազը:
մեկը մյուսին օգնելով՝ մինչև լուսաբաց նրանք շարունակեցին վարժություններ անել: Իսկ երբ արևը ծագեց, նստեցին հանգստանալու և չորանալու: Քիչ անց տեսան, որ իրենք բոլորովին փոխվել են:
-Փշոտ-Մշոտ,-ասաց Կրիան նախաճաշից հետո,-ես այլևս այն չեմ, ինչ երեկ էի, բայց կարծում եմ, որ դու կարող ես խաղ խաղալ Նախշուն Հովազի գլխին:
-Ես էլ հենց այդ մասին էի մտածում,-արձագանքեց Փշոտ-Մշոտը,-ըստ երևույթին,շերտերը փշերից ավելի լավն են, էլ չեմ ասում, որ արդեն լողում եմ: Այ թե կզարմանա Նախշուն Հովազը: Գնանք գտնենք նրան:
Շուտով նրանք հանդիպեցին Նախշուն Հովազին, որը զբաղված էր մեկ օր առաջ ծակծկված իր թմբլիկ թաթիկով:
Նրանց տեսնելով՝ ապուշ կտրեց ու պոչի վրա դեպի հետ երեք անգամ գլուխկոնծի տվեց:
-Բարի լույս,- ձայնեց Փշոտ-Մշոտը,- ինչպես է քո սիրեցյալ Նազելի Մայրիկի առողջությունը:
-Հիանալի է, շնորհակալություն,-զարմացավ նախշուն Հովազը,-բայց ներողամիտ եղեք, ես այս պահին չեմ կարողանում հիշել ձեր անունը:
-Լավ չէ: Դեռ երեկ այս ժամին ուզում էիր թաթովդ թիակել ինձ պատյանից,-նեղացավ Փշոտ-Մշոտը:
-Բայց դուք պատյան չունեիք: Միայն փշեր էին,- նկատեց Նախշուն հովազը: Ես լավ հիշում եմ, թաթս  վկա:
-Իսկ ինձ հրամայեցիր նետվել պղտոր Ամազոնն ու խեղդվել,- մեջ մտավ Կարծր-Ծանրաշարժը,-այսօր ինչու ես այսքան կոպիտ ու մոռացկոտ դարձել:
-Չես հիշում մայրիկիդ խորհուրդները,-հարցրեց Փշոտ-Մշոտը:
Հետո նրանք գունդուկծիկ դարձած այնքան գլորվեցին-գլդորվեցին Նախշուն Հովազի շուրջը, որ խեղճի աչքերն իրականից շաղ եկան ու պտտվեցին-պտույտ եկան սայլի անիվների պես: Ապա վազ տվեց Մորը գտնելու:
-Մայրիկ,-սրտնեղեց նա,- երկու նոր կենդանի են հայտնվել այս անտառում: Այն մեկը, որ ասում էիր չի կարող լողալ, լողում է, իսկ մյուսը, որ ասում էիր չի կարող գու
նդուկծիկ դառնալ, կծկվում է: Նրանք հավասարապես իրար մեջ են բաժանել փշերը: կարծես երկուսն էլ պատած են շերտերով, մեկը՝ հարթ, մյուսը՝ փշոտ լինելու փոխարեն: Բացի այդ, նրանք գլորվեցին շուրջս, այդ պատճառով գլուխս ուժեղ պտտվում է:
-Որդյակ իմ, որդյակ,-արդեն քանիերոդ անգամ ասաց  Մայր Հովազը՝ նազանքով ճոճելով պոչը, -ոզնին Ոզնի է, այլ բան լինել չի կարող, իսկ Կրիան Կրիա է, երբեք ուրիշ չի լինի:
-Բայց դրանք ո՛չ ոզնի են, ոչ էլ Կրիա: Մի քիչ Կրիա են, մի քիչ էլ Ոզնի: Հատուկ անուներ չգիտեմ:
-Հիմարություն,-ասաց Մայր Հովազը,-ամեն ինչ ունի իր իսկական անունը: Ես նրանց կկոչեմ ,,Զրահակիր,,  և մինչև հարմար անուն գտնելս հանգիստ կթողնեմ նրանց:
Եվ այսպես՝ Նախշուն Հովազը հետևեց մոր օրինակին, հատկապես նրանց հանգիստ թողելու հարցում: Բայց զարմանալին այն է, որ այդ օրվանից ,ի վեր, Փշոտ-Մշոտին և Կարծր-Ծանրաշարժին պղտոր Ամազոնի ափերին միայն ,,Զրահակիր,, անունն են տալիս: Նրանք , անշուշտ, այլ վայրերում ոզնիներ ու կրիաներ են /մի քանիսն էլ իմ պարտեզում են/:
Բայց իսկական հինու ազնիվ ցեղի այդ կենդանիներին ՝ մեկը մյուսի տակ մտած, վրա-վրայի եկած սոճու կոն հիշեցնող պատյանի շերոտվ, որոնք ապրում էին Անցած-Գնացած ժամանակներում պղտոր Ամազոնի ափերին, միշտ էլ Զրահակիր են կոչել, որովհետև չափազանց խելացի էին:
Այսպիսով, սիրելի փոքրիկ, ինչպես տեսնում ես, ամեն ինչ կարգին է:

Комментариев нет:

Отправить комментарий