Համոզված եմ սկաուտների մասին լսել եք բոլորդ, բայց քանի հոգին գիտի ի՞նչ է նաշանակում լինել սկաուտ: Շատերը սկաուտներին համարում են աղանդավորների տեսակ /բնականաբար չիմացությունից է/, մյուսները հավես մի բան, բայց թե ինչ, իրենք էլ չգիտեն: Շատերին եմ հարցրել, բայց սկաուտների մասին հավաստի տեղեկություն ունեին միայն նրանք, ովքեր սկաուտ էին կամ բարեկամներից որևէ մեկն էր սկաուտ: Այսպիսին է մեր հասարակությունը:
Ինչևէ, այս սկաուտական ճամբարը տեղակայված էր Բյուրականում: Բյուրականում առաջին անգամ եղել եմ համալսարանական տարիներին, որից քիչ բան եմ հիշում: Երբ ավարտեցինք բակալավրը, կուրսեցիներով որոշեցինք կազմակերպել ավարտական որևէ ճամփորդությունը: Խումբը մեծ չէր, բայց հետաքրքիր էր, մի քանի հոգու հետ /բնականաբար մեր կուրսից չէին/ նոր էի ծանոթանում, որն ինքնին հետաքրքիր էր: Դեռ այն ժամանակ էր, երբ ճամփորդություն գնալուց առաջ ստիպված էի ինձ երկար համոզել: Մի փոքր դժվար էր ստացվում ապրելավայրի հետ կապված, որովհետև չէի սիրում իզուր լարվածության մեջ ընկնել: Ես ինքս էլ եմ զարմանում, բայց ճամփորդությունից ընդամենը մի քանի բան է մնացել հիշողությանս մեջ: Առաջինը այցելեցինք Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, ուր մեզ առանց գումարի չէին թողնում,/ դե խեղճ ուսանողներին որտեղից գումար/, բայց հետո համոզվեցին, երբ գործին խառնվեց Բեդիրյանը: Հիշում եմ, որ թանգարանը ինձ վրա մեծ տպավորություն թողեց, իմացա Համբարձումյանի մասին տեղեկություններ, որ մինչ այդ չգիտեի: Մյուս բանը, որ տպավորվել է Տեղերի կամ Դղերի եկեղեցին, հենց եկեղեցին չեմ հիշվում, այլ , չգիտես ինչու, միայն անունը: Կարևորը լավ օր անցավ:
Հերթական անգամ Բյուրական եկա 2014 թվականին, անսպասելի էր այս ճամփորդությունը և կարծես նվեր լիներ՝ երկնքից ընկած: Երբեմն նաև այսպես է պատահում: Այս անգամ գիշերակացով էինք գալիս և գիշերելու էինք , ինչպես արդեն ասացի, սկաուտական ճամբարում: Սովորականի պես առավոտ շուտ հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում: Իսկ անցյալ օրը ծանր էր եղել, որովհետև Կայի հետ ստիպված էինք ճամփորդության համար առևտուր անել: Ճանապարհը երկար չէր, միայն մեր տեղն էր մի փոքր նեղ: Վերջապես հասանք:
Պետք է ասեմ՝ նախապես ընկերներից տեղեկացել էի ճամբարի մասին, որովհետև մի տարի առաջ այնտեղ էր կազմակերպվել էկոտուրի ամփոփիչ ճամբարը, որին, չնայած իմ մեծագույն ցանկությանը, այդպես էլ չմասնակցեցի: Կարծիքներն այնքան էլ սփոփիչ չէին, դժգոհ էին ոչ թե մարդկանցից կամ վայրից, այլ ապրելու պայմաններից: Ի հեճուկս նրանց, պայմանները շատ էլ լավ էին, փաստորեն վերանորոգել էին: Ճամբարը կարող էր ընդունել միանգամից հսկայական թվով մարդկանց: Երկու հատված կար, որտեղ տեղադրված էին փայտից գեղեցիկ աթոռներ և սեղաններ: Դրանք յուօրինակ ճաշասենյակի դեր էին տանում: Մոտակայքում փոքրիկ տնակներ էին, որտեղ էլ պետք է մնային, բայց քնապարկով և գետնին: Առաջարկվեց նաև այլ տարբերակ. ցանկացողները կարող էին մնալ դրսում՝ վրանների մեջ: Սկսվեց վրաններ խփելու ընթացքը: Տեղավորվեցինք և հարմարվեցինք տեղանքին: Մոտակայքում գերաններից ու անիվներից պատրաստված խաղահրապարակ կար, որտեղ էլ սկսեցին հետաքրքիր ժամանակ անցկացնել երեխաները:
Առաջին օրվա ընթացքում կազմակերպվեց փոքրիկ քայլարշավ, որը իմ կարծիքով աննպատակ էր: Քայլեցինք մոտակա անտառով ու ետ դարձանք, բայց միևնույնն է գեղեցիկ էր բնությունը, իսկ տրամադրությունս՝ չափազանց բարձր:
Երեկոն ավելի հետաքրքիր անցավ: Առաջին անգամ էի ճամփորդության ժամանակ երեկոն խարույկի մոտ անցկացնում: Էլ չասեմ, որ սկաուտների մոտ դա կոչվում է Խարույկահանդես, որն անցկացնում են նախապես որոշված սկաուտներ, որի ժամանակ արտասանում են, երգում, խաղեր խաղում, հավես ժամանակ անցկացնում: Տպավորություններս շատ են: Երևի այս ճամփորդության ժամանակ ամենաշատը տպավորվել եմ հենց Խարույկահանդեսից:
Առավոտյան արթնացանք վաղ: Չնայած սկաուտները մեզ զգուշացրել էին, որ չենք կարող անել, բայց մենք համառեցինք. կազմակերպվեց քայլարշավ ճամբարից մինչև Ամբերդ, ուղիղ 14 կմ: Մի քիչ հետևելով հրահանգներին, մի քիչ չհետևելով առաջ ընկանք: Գնալը չափազանց բարդ էր, հատկապես , երբ մտածում ես, որ այս քայլարշավն ավարտ չունի: Քայլեցինք, քայլեցինք, մեզ տարան մի ձորով, որն իբր թե պետք է կարճացներ ճանապարհը, այնինչ լրիվ հակառակը՝ ավելի երկարացրեց: Մեր հսկայական խումբը գնում էր իծաշարուկ՝ քայլելով իրար հետևից: Լուսանկարում կարող եք տեսնել : Ի վերջո հասանք Ամբերդ, անհնարին թվացող ճանապարհը հաղթահարվեց: Ամբերդում առաջին անգամ էի, չէի կարող ինձ ներել , եթե չբարձրանայի բերդի վրա: Մի քիչ նեղացած, բայց այդպես էլ արեցի, թեկուզ մենակ, բայց պետք է հաղթահարել: Ուրիշ զգացողություններ են, երբ նայում ես բերդի գլխից: Ինքը՝ բերդն էլ, բավականին յուրօրինակ էր, քանդվել էր, քարերն իրար գլխի էին լցվել, բայց վեհությունը էլի պահել էր: Մոտակայքում պահպանվել էր նաև մի հին եկեղեցի:
Դե հասանք, հիմա էլ պետք է հետ գնալ: Չնայած հոգնած սովորողների թեթև փնփնթոցին, բոլորն էլ առաջ ընկան: Չգիտեմ սոված էին , թե ճանապարհը այլ ուղղությմաբ գնալիս հեշտացրեց, բայց շատ արագ հասանք՝ հոգնած ու սոված:
Հոգնածությունը չխանգարեց, որ երեկոյան երաժշտության ներքո մի լավ պարենք:
Քնապարկով առաջին անգամ էի քնում, դժվար էր, ցուրտ: Երևի դա էր պատճառը, որ վերջին օրն անընդհատ տուն գնալու ցանկություն էր մոտս առաջանում:
Երբ առավոտյան արթնացա, արդեն հիվանդ էի: Մեծ ափսոսանքով հեռացա ճամբարից: Վերադարձին եղանք Սաղմոսավանքում, որտեղ երրորդ անգամն էի լինում: Անցած անգամներն ինձ հիացրած ,, մեծ կոնյոնը,, արդեն էլ առանձնապես չէր գրավում: Բայց մեկ է, ձորի գեղեցկությամբ չզմայլվել չես կարող:
Պետք է ասեմ, որ ճամփորդությունն ինձ բավականին գիտելիք տվեց. նախ ես ավելի լավ պատկերացրեցի սկաուտների գործունեությունը և սիրեցի: Ճանաչեցի մարդկանց տեսակների, սովորեցի վերլուծել ասածներս և արարքներս:
Կարևոր եմ համարում հիշել նաև սկաուտների սովորություններից ևս մեկը՝ դրոշի բարձրացման արարողությունը: Ճամբարը շատ հնարավորություններ էր տալիս, տեղանքը նույնպես հարմար էր և մի հատված հատուկ պատրաստված էր դրոշի համար, երբ եգում և արտասանում էին , իսկ վերջում հանդիսավորությամբ բարձրացնում դրոշը:
Комментариев нет:
Отправить комментарий