Այն յուօրինակ ճամփորդություններից մեկն է, որին մասնակցել եմ: Անչափ հետաքրքիր էր ճանապարհը՝ ընթացանք Հրազադն գետի հունին հակառակ: Իսկ մի շարք մարդկանց հետ, առաջին անգամ էի ճամփորդում և ճամփորդությունը նրանց նորովի ճանաչելու միջոց էր:
Ինչպես սիրելի տիարն էր ասում, Երևանից ընդամենը 40 կմ հեռավորության վրա մի ուրիշ աշխարհ է: Միանշանակ այդպես է, հրաշալի էր Բջնիի կիրճը, գետի գեղեցկությունը, լեռները, սարերը, հրաշք էր բնությունը, հրաշք, որ աղճատվել էր մարդու ձեռքով: Անընդհատ, ամեն տեղ երևում էր մարդու միջամտության հետքը, մարդկային ձեռքի արարքը բնության մեջ, կեղտոտված և աղճատված էր բնությունը՝ հեռացված իր բնական վիճակից:
Ճանապարհն անշտապ էր, հանգիստ, վայելեցինք բնությունն ամբողջությամբ: Իսկ մեզ սպասում էր Մայրավանքը: Մանկության վառ հիշողություններ ունեմ կապված այս վանքի հետ: Իմ այդ հուշերում վանքին Սոլակա աջ էին ասում, մանրամասն հիշում եմ անցած չորս վերելքները, չորս անգամ հաղթահարել էի այս բարձունքը, սա հինգերորդն էր: Չորս անգամ բարձրացել էի ու ամեն անգամ բարձրանալն ավելի ու ավելի հեշտ է դառնում, իսկ ճանապարհն՝ ավելի հարազատ:
Ընդհանրապես յուրաքանչյուր վերելք յուօրինակ, պատմելու շատ բան կա, բայց միայն մեկի մասին կպատմեմ: Մի քանի տարի առաջ Մայրավանք բարձրացա Սոլակի ուխտի օրը՝ օգոստոսի երկրորդ կիրակին: Ամբողջ գյուղն էր բարձրանում, մեծ ու փոքր, ծեր ու երիտասարդ, մի տեսակ զգում էիր տոնակատարության շունչը: Սա այն անգամ էր, երբ բարձունքը հաղթահարեցի դժվարությամբ, քիչ էր մնում ճանապարհին շունչս փչեի, էլ չասած, որ զարմանում էի, թե ինչպես են մյուսներն այսպես հանգիստ բարձրանում: Նորից տեսա և նորից զմայլվեցի վանքի գեղեցկությամբ: Երբ իջնում էինք արդեն մութն ընկել էր, ճանապարհի դժվարությունը չեմ նկարագրում, բայց չափազանց դժվար է բարձրանալ ցերեկը, ուր մնաց իջնել գիշերով: Ինչ արած, մյուսները չէին նեղվում, մեջների տրտնջացողը ես էի, ես էլ տրտնջոցս ինձ պահեցի ու իջա: Ճանապարհին մութը լիովին անցավ իր գործին և ամեն ինչ ծածկեց անթափանց խավարով: Բարձրանալիս գյուղացիները հետները փայտերը և վառվող նյութ էին բերել, ես էլ հլը զարմացել էի, թե ինչո՞ւ: Եվ հասկացա, լաթը ամրացրեցին փայտի, վառվող նյութը լցրեցին վրան և դարձավ իսկական լապտեր: Այդ լապտերների լույսի տակ ամբողջ գյուղն իջավ սարից, ստվերը մարդուց չէր զատվում, բայց գեղեցիկ էր...
Այս անգամ բարձրանում էի իմ գործընկերների հետ, մարդիկ, որոնք այսպես թե այնպես իրենց ազդեցություն են թողել ինձ վրա: Նրանցից յուրաքանչյուրի մասին կպատմեմ առանձին, մի ուրիշ օր: Հաճելի էր ճանապարհ ընկնել տիար Բլեյանի և մյուսների հետ: Օրվա վերջում մեր տանն էինք, մի սեղանի շուրջ, զրուցեցինք, հագեցրինք մեր քաղցը: Ավարտվեց մի ճամփորդություն էլ...
04.10.2014
Комментариев нет:
Отправить комментарий