вторник, 18 июня 2019 г.

Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը կրթական հաստատությունում. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող համակարգի առանձնահատկությունները

ԵՐԵՎԱՆԻ  «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա ՝
Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը կրթական հաստատությունում. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող համակարգի առանձնահատկությունները

Մասնագիտությունը՝
Գործավարություն՝ օտար լեզվի խորացված ուսուցմամբ

Հեղինակներ՝    Տաթևիկ Աբրահամյան
Տաթևիկ Ալեքսանյան

Ղեկավար՝ Գայանե Թերզյան




Երևան   2019թ







ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 1. 
ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ  ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ
1.1. Գործավարություն և փաստաթուղթ
1. 2. Գործավարության կազմակերպումը ժամանակակից  տեխնիկական միջոցների կիրառմամբ.
1.3. Փաստաթղթերի միօրինականացում և ստանդարտացում
1.4. Փաստաթղթաշրջանառություն։ Փաստաթղթաշրջանառությանը ներկայացվող ընդհանուր պահանջները
ԳԼՈՒԽ 2.
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ «ՄԽԻԹԱՐ  ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ, ԳՈՐԾՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1.էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը «Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիրում
2.2. Բլոգային ուսուցում և բլոգավարություն
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ




ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ցանկացած առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունում կարևոր է ճիշտ և գրագետ փաստաթղթավարությունը, ինչը նպաստում է աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը։  Տարբեր կարևորության և ծավալի փաստաթղթերի կազմումը, ըստ նշանակության դրանց օգտագործումն ու տարբեր ժամկետներով պահպանումը բարձրացնում են կառավարչական աշխատանքի որակը, ապահովում կազմակերպությունների արդյունավետ գործունեության իրավական և տեղեկատվական նախադրյալների ստեղծումը:
Գործավարությունը գործունեության ճյուղ է, որն ապահովում է պաշտոնական փաստաթղթերի հետ աշխատանքի փաստաթղթավորումը և կազմակերպումը:
Գործավարությունը, ինչպես ցանակացած բանագավառ, տեղում կանգնած չի մնում, անընդհատ զարգանում է, կատարելագործվում, ընդգրկում տեխնիկական նորմուծությունները: Զարգացումը, իհարկե, տանում է աշխատանքի առավել հեշտացմանը:
Գործավարության կազմակերպման տարրական սկզբունքներին պետք է ծանոթ լինեն երկրի բոլոր քաղաքացիները. դրանք անհրաժեշտ են փաստաթղթերի բոլոր տեսակների կազմման համար:
Հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացման մեր ժամանակներում դժվար է պատկերացնել թուղթ ու գրիչով կամ գրանցամատյաններով ծանրաբեռնված գործավարական աշխատանք։ Այսօր ամենուր թե՛ փաստաթղթերը, թե՛ դրանց կազմումն ու շրջանառությունը, թե պահպանումն ու արխիվացումը կատարվում են էլեկտրոնային եղանակով, ինչը մի կողմից դյուրացնում է աշխատանքը, մյուս կողմից՝ փաստաթղթաշրջանառության վերահսկումը։
«Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիրը այն եզակի կրթական հաստատություններից  է, որն իրականացնում է մեդիաուսուցում և որի փաստաթղթաշրջանառությունը ամբողջությամբ էլեկտրոնային է:
Կրթահամալիրի էլեկտրոնային մատենավարությունը տարեցտարի ավելի է նորացվում, թարմացվում: Կրթահամալիրի փորձը նաև կարող է լավ օրինակ հանդիսանալ այն կրթական հաստատությունների համար, ովքեր նույնպես կցանկանան ամբողջությամբ էլեկտրոնային թղթավարության անցնել:
Ասվածից հետևում է, որ դիպլոմային աշխատանքի թեման՝  «Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը կրթական հաստատությունում. «Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիրում գործող համակարգի առանձնահատկությունները», արդիական է և կարևոր:
Աշխատանքի նպատակն է.
Ուսումնասիրել կրթական հաստատություններում վարվող փաստաթղթաշրջա­նառության առանձնահատկությունները, մասնավորապես՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը «Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիրում, դրա առանձնահատկությունները։
Խնդիրները.
Ուսումնասիրել
·      ժամանակակից  տեխնիկական միջոցների կիրառմամբ գործավա­րության կազմակերպման  և փաստաթղթաշրջանա­ռության  առանձնահատկությունները,
·      «Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիրում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, բլոգավարույթան և բլոգային ուսուցման առանձնահատկությունները։

Աշխատանք կառուցվածքը
Աշխատանքը բաղկացած է բովանդակությունից, երկու գլուխներից, եզրակացությունից և գրականության ցանկից:
Առաջին գլխում տեսական գրականության օգնությամբ անդրադարձ է արվել գործավարությանը, փաստաթղթին, փաստաթղթաշրջանառությանը, նրա ժամանակակից մեթոդներին:
Երկրորդ գլխում արդեն ներկայացված է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի փաստաթղթաշրջանառությունը: Ներկայացվել է նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, բլոգավարության և բլոգային ուսուցման առավելությունը, արդիական լինելը:
Աշխատանքն ունի  եզրկացություն, օգտագործված գրականության ցանկ, որտեղ նշված են այն բոլոր աղբյուրները, որոնցից օգտվել ենք տեսական գլուխը շարադրելիս:


ԳԼՈՒԽ 1.
ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ  ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Մինչ աշխատանքի բուն գործնական նյութին անցնելը, այս գլխում մի փոքր խոսենք գործավարության, փաստաթղթաշրջանառության, կազմակերպության կառավարման փաստաթղթային ապահովման մասին, որի տեսական ուսումնասիրությունից էլ բխում է գործնական գլուխը: Ստորև տրված են նշված թեմաների մանրամասն մեկնաբանությունները, իսկ գրականության ցանկում այն աղբյուներն են, որոնցից օգտվել ենք շարադրելու համար:

1.1.         Գործավարություն և փաստաթուղթ
Գործավարությունը գործունեության բնագավառ է, որն ապահովում է պետական կառավարման մարմիններում, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և այլ կազմակերպություններում փաստաթղթավորումը և պաշտոնական փաստաթղթերի հետ աշխատանքի կազմակերպումը:
Գործավարությունը կառավարման ապարատի այն գործունեությունն է, որն սկսվում է փաստաթուղթը ստեղծելու պահից, ներառում է այդ փաստաթղթի հետ անհրաժեշտ աշխատանքները և ավարտվում կազմակերպության արխիվ հանձնելու համար դրանց նախապատրաստմամբ:  
Փաստաթղթերի հետ աշխատանքի կազմակերպման դրվածքը ազդում Է կառավարման ապարատի, առանձին կատարողների աշխատանքի և ամբողջությամբ վերցրած կազմակերպության գործունեության արդյունավետության վրա:
Գործավարությունը գործունեության ճյուղ է, որն ապահովում է պաշտոնական փաստաթղթերի հետ աշխատանքի փաստաթղթավորումը և կազմակերպումը:
Գործավարությունը, որպես մարդկային գործունեության ինքնուրույն ոլորտ, ծագել
է պետության հետ միասին, երբ հասարակության կյանքի այս կամ այն կողմի կանոնակարգումը  և  պետական ինստիտուտների  (արքունիք,  զորք,  գործարան և այլն) ստեղծումն ու դրանց գործունեության կարգավորումը դարձել են անհրաժեշտություն:
Բոլոր ժամանակներում գործավարության զարգացման հիմնական ուղղությունը համարվել է կառավարման փաստաթղթային ապահովման և  օրենսդրական կարգավորման կատարելագործումը, ստանդարտացումը, համապետական գործողության նորմատիվային և մեթոդական փաստաթղերի մշակումը:
Գործավարության կարգը սահմանվում է օրինակելի, տիպային և անհատական հրահանգներով:
Յուրաքանչյուր կազմակերպություն պարտավոր է փաստաթղթավորել իր գործունեությունը: Կառավարման ապարատի փաստաթղթային ապահովումը պահանջում է ստեղծել կառավարչական փաստաթղթերի մի շարք տեսակներ, առանց որոնց հնարավոր չէ լուծել պլանավորման, ֆինանսավորման, վարկավորման, հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների, օպերատիվ կառավարման, կադրերով ապահովման հարցերը:
Փաստաթղթերի հետ աշխատանքը կազմակերպելիս անհրաժեշտ է ղեկավարվել
ՀՀ-ում գործող չափորոշիչ փաստաթղթերով, պետական ստանդարտներով, որոնք հնարավորություն կընձեռեն խուսափել նույն գործընթացների վերաբերյալ տարբեր մոտեցումներից և միօրինակություն կմտցնեն կառավարման ապարատի փաստաթղթային ապահովման  հարցերում:
Ժամանակակից գործավարությունը ներառում է. փաստաթղթերի ժամանակին ստեղծման  և ճիշտ ձևավորման ապահովումը (փաստաթղթավորումը), փաստաթղթերի հետ տարվող աշխատանքի կազմակերպումը (ստացումը, գրանցումը, հաշվառումը, մշակումը, փոխանցումը, վերահսկումը, պահպանումը, համակարգումը, փաստաթղթերի նախապատրաստումը արխիվ հանձնելուն, ոչնչացումը)։
«Գործավարություն» տերմինին զուգահեռ վերջին տարիներին օգտագործվում է նաև  «կառավարման փաստաթղթային ապահովում» արտահայտությունը:
 Փաստաթուղթը վերացական հասկացություն է: Փաստաթուղթը մտովի առանձնացումն է այն ընդհանուր հատկանիշների, որոնք յուրահատուկ են տեղեկատվության բոլոր տեսակի նյութական կրիչներին:
Փաստաթղթերը կիրառվում են գործունեության տարբեր շրջաններում, գիտելիքների ճյուղերում, կենսական պայմաններում, ինչպես նաև համարվում են շատ գիտակարգերի ուսումնասիրության օբյեկտ: Այդ պատճառով «փաստաթուղթ» հասկացության բովանդակությունը բազմիմաստ է և կախված է նրանից, թե ինչ ճյուղերում և ինչ նպատակով է կիրառվում:
Փաստաթուղթը ժամանակի և տարածության մեջ տեղեկատվության ամրագրման և հաղորդման համար մարդու կողմից ստեղծված որոշակի տվյալներով նյութական օբյեկտ է:
Միասնականացված փաստաթուղթը միասնականցված ձևի վրա ստեղծված, սահմանված կարգով ձևավորված և իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ է:
Փաստաթղթավորումը փաստաթղթերի ստեղծման և ձևավորման գործընթաց է (սահմանված կանոններով տեղեկությունների գրանցումն է տարբեր նյութական կրիչների վրա):
Փաստաթղթի գրանցումը սահմանված կարգով փաստաթղթի ստեղծման կամ ստացման փաստի արձանագրումն է դրանց համարակալման և դրանց մասին հայտնի տեղեկությունների գրառման միջոցով:
Փաստաթղթերի կատարման վերահսկումը դրանց կատարման ճիշտ ժամկետն ապահովող գործողությունների ամբողջությույնն է:
Արխիվը այն հիմնարկն է կամ նրա այն կառուցվածքային ստորաբաժանումը, որը հետադարձ փաստաթղթային տեղեկատվության օգտագործման նպատակով, իրականացնում է փաստաթղթերի ընդունումը և պահպանումը:
Փաստաթուղթը հասարակական լայն գրանցում է ստացել: Այն օգտագործվում է մարդկային գործունեության բոլոր ասպարեզներում: Այժմ գիտությունը, արտադրությունը, տեխնիկան, մշակույթը, հասարակական ողջ կյանքն առանց  փաստաթղթերի պատկերացնել հնարավոր չէ:
Փաստաթուղթը զարգացման բարդ ու երկամյա ուղի է անցել: Փոփոխության են ենթակվել նրա ձևն ու բովադակությունը, ընդարձակվել են նրա գործունեության շրջանակները, ի հայտ են եկել նոր գործառույթներ, կատարելագործվել նրա ստացման եղանակները:
«Փաստաթուղթ» հասկացությունը դուրս է եկել «փաստի» և «թղթի» շրջանակներից: Մարդն այժմ գրի է առնում իր աչքի համար անտեսանելի և ականջի  համար անընկալելի երևույթներ ու իրադարձություններ, թղթի փոխարեն օգտագործելով բազմաթիվ նորագույն նյութական կրողներ:  
Այսպիսով, փաստաթղթի համար ընդհանուր է այն դրսևորումը, որ այն ինչ-որ ինֆորմացիա է պարունակում, և այդ ինֆորմացիան արտացոլված է որևէ նյութական կրողի վրա:

1.2. Գործավարության կազմակերպումը ժամանակակից  տեխնիկական միջոցների կիրառմամբ

Գործավարության և փաստաթղթի մասին խոսելուց հետո անցում կատարենք ժամանակակից տեխնիկական միջոցներին: Նախորդ ենթագլխում խոսվեց փաստաթղթի մասին, այժմ մի փոքր խոսեմ փաստաթղթի առաջացման պատմության մասին: Ինչպես «փաստաթուղթ» բառը, այնպես էլ հենց բուն երևությը շատ հին պատմություն ունեն:
Փաստաթուղթը ձևավորվել է մարդկության զարգացմանը զուգընթաց: Ռուսաց լեզվում այն առաջին անգամ մտցրել է Պետրոս Առաջինը : Այն վերցվել է լատիներեն «documentum»  բառից:
Հայրենում այդ հասկացությունը դրվել է ավելի ուշ ժամանակաշրջանում՝ 20-րդ դարում, քանի որ բուն փաստաթուղթ բառին մենք հանդիպում ենք այդ ժամանակաշրջանից հետո ստեղծված գրավոր աղբյուրներում և  հասարակական-քաղաքական-գիտական գրականության մեջ: Բայց մինչ այդ հայ պատմագրության, մատենագրության մեջ այժմյան փաստաթղթի իմաստով օգտագործվել է «թուղթ» բառը:
Ինչքանով էր այս պատմական ակնարկը կապված բուն թեմայի հետ. բոլոր այդ տարիների ընթացքում օգտագործված թուղթը եղել է սովորական թուղթ, իսկ մարդկության զարգացման հետ ընդլայնվել են տեխնիկական միջոցները, որոնք սկսել են սպասարկել նաև գործավարության ոլորտին: Տեխնիկական զարգացումը գործավարության կողքով չի անցել, և ստեղծվել են էլեկտրոնային փաստաթուղթ, էլեկտրոնային մատենավարություն և այլն:

Կախված մի շարք գործոններից՝ «փաստաթղթաշրջանառության», գործավարության հետ կապված աշխատանքները կարող են իրականացվել կենտրոնացված, ապակենտրոնացված և խառը:
Ըստ գործավարության կազմակերպման կենտրոնացված ձևի, փաստաթղթավորման փաստաթղթային ամբողջ տնտեսության հետ կապված բոլոր գործողությունները կենտրոնացված են մի տեղում՝ կազմակերպության համար միակը հանդիսացող գրասենյակում կամ քարտուղարի մոտ: Գործավարության այս կառուցվածքի կազմակերպումն ավելի հաճախ է հանդիպում հիմնականում այն կազմակերպություններում, որոնք ունեն փոքր ծավալի աշխատանք և համապատասխանաբար փաստաթղթավորման փոքր շրջանառություն:
Ըստ գործավարության կազմակերպման ապակենտրոնացված կառուցվածքի, բոլոր   գործողություններն ապակենտրոնացված են կառուցվածքային ստորաբաժանումների մեջ:  Գործավարության այսպիսի կազմակերպումը սովորական է այն կազմակերպությունների համար, որոնց կառուցվածքային ստորաբաժանումները տեղակայված են միմյանցից հեռու գտնվող մի քանի կառույցներում կամ ունեն  փաստաթղթաշրջանառության մեծ ծավալ:
Ըստ գործավարության կազմակերպման խառը կառուցվածքի, գործողությունների մի մասը, օրինակ՝  փաստաթղթերի ընդունում, ուղարկում և այլն, իրականացվում են կենտրոնացված, իսկ մյուս մասը՝ օրինակ գրանցումը, ձևավորումը, գործերի արխիվացումը և այլն, կատարվում են ինչպես գրասենյակում, այնպես էլ կառուցվածքային ստորաբաժանումներում:
Մեծամասամբ խորհուրդ է տրվում գործել ըստ գործավարության կազմակերպման կենտրոնացված ձևի, քանի որ այն թույլ է տալիս գործի դնել տեխնիկական ավելի արդյունավետ միջոցներ, կառավարման համակարգի աշխատակազմին լավ աշխատանքի պայմաններով ապահովել, ավելի արդյունավետ կազմակերպել տեղեկատվության ապահովումը, և փաստաթղթային աշխատանքի հսկումը: Կազմակերպման խառը ձևը կիրառվում է խոշոր կազմակերպություններում, որոնք ունեն բարդ կառուցվածք և լայն փաստաթղթաշրջանառություն: Որպես կանոն, այդպիսի կազմակերպություններում ստեղծվում են հատուկ կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնք կենտրոնացված կարգով զբաղվում են փաստաթղթերի մշակման հետ կապված որոշակի գործողություններով:
Գործավարության կազմակերպման ձևի ընտրությունը որոշվում է փաստաթղթավորման նկատմամբ ղեկավարման պահանջներից, փաստաթղթաշրջանառության ընդհանուր ծավալից, դրանց հետ կատարվելիք աշխատանքի բնույթից և այլն:

1.3. Փաստաթղթերի միօրինականացում և ստանդարտացում
Տեղեկատվության արդի պայմաններում աճում է միջազգային մասշտաբով  փաստաթղթերի միօրինականացման և ստանդարտացման նշանակությունը, քանի որ  համակարգիչների կիրառման շնորհիվ հնարավորություն է ստեղծվում առանձին պետության համար (Հայաստանի) ինտերնետ կապի միջոցով, միջազգային հանրության հետ կատարել տեղեկատվության փոխանակում:
Ժամանակակից համակարգիչների օգնությամբ կարելի է կատարել փաստաթղթերի հետ աշխատանքի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են՝ փաստաթղթերի նախապատրաստումն ու խմբագրումը, ներքին համաձայնեցումը, գրանցումն ու կատարման հսկողությունը, հաղորդումը, պահպանությունը (օպերատիվ և երկարաժամկետ):
Փաստաթղթերի հետ աշխատանքում  ժամանակակից տեխնիկական միջոցների ներդրումն առաջ է բերում փաստաթղթերի նոր տեսակներ, որոնք կարող են ընթերցվել միայն հատուկ մեքենայի միջոցով: Այստեղից էլ այս փաստաթղթերին անվանում են մեքենաընթեռնելի կամ էլեկտրոնային:
Փաստաթղթերի ստեղծման գործում լայն տարածում ստացած համակարգչային տեխնոլոգիաների օգնությամբ պատրաստվում են արտահայտիչ, դյուրընկալելի փաստաթղթեր:
Ժամանակակից համակարգիչների օգնությամբ կարելի է կատարել փաստաթղթերի հետ աշխատանքի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են փաստաթղթերի նախապատրաստումն ու խմբագրումը, ներքին համաձայնեցումը, գրանցումն ու կատարման հսկողությունը, հաղորդումը, պահպանությունը:
Փաստաթղթի հիմնական հատկանիշներից են նաև իր մեջ ամփոփված լրատվության պահպանումն ու օգտագործման համար մատչելիությունը: Ստեղծված կամ ստացված փաստաթուղթը պահպանության ապահովման նպատակով համակարգչի հիշողության մեջ է մտցվում՝ գրանցելով ֆայլի կամ կոշտ կրիչի վրա, կամ էլ ֆիքսվում է համապատասխան սկավառակիւ (դիսկետի) վրա:
Տեխնիկական միջոցներով ստացված փաստաթութղը պետք է ունենա ամբողջականության ու հավաստիության հատկանիշներ և լրիվ բավարարի սպառողների պահանջարկը՝ հատկապես ներկայացման օպերատիվության ու որակի առումով:
Փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումն այսօր կապված է համակարգչային ներքին ցանցերի, համացանցի և  էլեկտրոնային փոստի զարգացման հետ: Դրանց նկատմամբ պահանջը բացատրվում է շատ հանգամանքներով: Առավել ծանրակշիռ պատճառների թվում նշենք երկուսը.
·         տվյալներից օգտվողների միջև դրանց օպերատիվ փոխանակումը, ընդ որում՝ օգտվողը կարող է գտնվել ցանկացած վայրում,
·         փաստաթղթերի հետ աշխատակիցների միաժամանակ աշխատելու անհրաժեշտությունը:

Էլեկտրոնային փոստի համակարգերը ստեղծվում են նաև ներքին փաստաթղթաշրջանառության կազմակերպման համար, որի պահաջը հատկապես մեծ է ու արդիական, երբ կազմակերպությունն ունի մասնաճյուղերի ցանց, որոնք մշտապես  տեղեկություններ են փոխանակում միմյանց հետ:
Գործավարական տարին ավարտվելուց հետո էլեկտրոնային փաստաթղթերն ուղարկվում են էլեկտրոնային արխիվ՝ հետագա պահպանման համար: Վերջինս ապահովում է փաստաթղթերի կենտրոնացված պահպանումը, արագ որոնումը և մատչելիությունը:
Նամակը գործարար շփման փաստաթուղթ է: Այն բովանդակությամբ տարբեր փաստաթղթերի ընդհանրացված անվանումն է, որոնք կազմակերպությունների միջև ծառայում են որպես հաղորդակցման միջոց: Նամակը տեղեկատվության փոխանակման ամենատարածված եղանակն է: Ըստ իրենց բովանդակության և նշանակության, նամակները կարող են լինել երաշխիքային, տեղեկատվական, գործարար, արբիտրաժային, գովազդ պարունակող և այլն: Սակայն դրանք բոլորն էլ ունեն մի շարք ընդհանուր կառուցվածքային տարրեր, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալը.
ուղարկող կազմակերպության խորհրդանշանը, անվանումը և այլ տվյալներ,
նամակ ստացողի տվյալները, այդ թվում՝ ստացող կազմակերպության անվանումը, նրա կառուցվածքային ստորաբաժանումը, պաշտոնատար անձի անվանումը, փոստային հասցեն:
            Գործարար նամակների բովանդակությունը պայմանավորված է ոչ միայն շարադրման «գրասենյակային» ոճով, այլ նաև հարցի յուրահատկությամբ, որով էլ փոխվում է նամակի բովանդակությունը։ Այդ առումով տարբերում ենք.
·         պաշտոնական գործարար նամակ,
·         մասնավոր գործարար նամակ,
·         տեղեկատվական նամակ,
·         նամակ երաշխավորագիր,
·         նամակ հարցում,
·         նամակ բողոք և այլն:

1.4. Փաստաթղթաշրջանառություն։ Փաստաթղթաշրջանառությանը ներկայացվող ընդհանուր պահանջները
Փաստաթղթաշրջանառությունը կազմակերպությունում փաստաթղթերի շարժն է՝ սկսած դրանց ստեղծման կամ ստացման պահից մինչև դրանց հետ աշխատանքի ավարտումը և համապատասխան գործերում տեղադրումը:
Ճիշտ կազմակերպված փաստաթղթաշրջանառությունը բարձրացնում է կազմակերպության կառավարման ապարատի աշխատանքի կազմակերպման արդյունավետությունը:
Փաստաթղթերի հետ աշխատանքի կազմակերպումը կառավարման ապարատում փաստաթղթերի շարժի, տեղեկատվական նպատակներով դրանց օգտագործման և պահպանման ապահովումն է: Այս տերմինը  մեկնաբանվում է որպես  «փաստաթղթաշրջանառության կազմակերպում», այսինքն՝ կազմակերպության ընթացիկ  գործունեությունում փաստաթղթերի պահպանում և օգտագործում:
Փաստաթղթաշրջանառությանը ներկայացվող ընդհանուր պահանջները
Փաստաթղթաշրջանառությունը կազմակերպության ներսում փաստաթղթերի շարժն է դրանց ստեղծման կամ ստացման պահից մինչև կատարման ավարտը կամ առաքումը:
   Փաստաթղթաշրջանառության կազմակերպումը այն կանոների մշակումն ու պահպանումն է, որոնց համապատասխան կազմակերպությունում իրականացվում է փաստաթղթերի շարժ:
            Փաստաթղթաշրջանառությունը գործավարության հիմնական օղակներից մեկն է: Այն որոշում է ոչ միայն փաստաթղթերի շարժման մակարդակները (կառավարչական օղակները), այլ նաև այդ շարժման արագությունը:
            Գործավարության մեջ փաստաթղթաշրջանառությունը համարվում է հաղորդակցման գործառույթ:
Փաստաթղթաշրջանառության մեջ յուրաքանչյուր գործառնության կատարում ուղեկցվում է կառավարման ապարատի կառուցվածքային մի օղակից մյուսը փաստաթղթերի շարժով, տեխնիկական կատարողներից մասնագետներին, իսկ հետո էլ` ղեկավարներին հանձնելով: Հետևաբար, փաստաթղթերի շարժման արագությունը և յուրաքանչյուր գործառնության կատարման որակն ազդում են կառավարման ողջ ընթացքի վրա: Այդ պատճառով էլ փաստաթղթաշրջանառության գլխավոր կանոնը համարվում է ժամանակի և աշխատանքի նվազագույն ծախսումներով փաստաթղթերի օպերատիվ շարժման ամենակարճ ուղու ապահովումը: Այդ կանոնի պահանջների կատարումը հնարավոր է միայն փաստաթղթերի անցման ուղու որոշման և այն խիստ կանոնակարգելու միջոցով: Դրանից բացի, փաստաթղթաշրջանառության կազմակերպման ժամանակ անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.
·         Փաստաթղթի անցման աստիճանների (կառավարչական օղակների) առավելագույն կրճատում: Դրան կարելի է հասնել փաստաթղթերի մշակման տեխնոլոգիական գործառնությունների և կառավարչական այն օղակների բացառման շնորհիվ, որոնց գոյությունը պայմանավորված չէ գործարար անհրաժեշտությամբ:
·         Փաստաթղթերիր հետադարձ շարժման բացառում կամ առավելագույն կրճատում:
·         Յուրաքանչյուր փաստաթղթի տեղաշարժման միատեսակացում և յուրաքանչյուր տեղաշարժման արդարացվածության ապահովում:
Գործավարությունում փաստաթղթերի հետ աշխատանքի կազմակերպումն իր մեջ ներառում է փաստաթղթաշրջանառությունը, լրատվաորոնողական համակարգի ստեղծումը, փաստաթղթերի կատարման հսկողությունը և փաստաթղթերի նախապատրաստումը գերատեսչական արխիվ հանձնելու համար:
Գործավարության միասնական պետական համակարգը կառավարչական գործունեության փաստաթղթային ապահովման համակարգն է, որով որոշվում են փաստաթղթերի ստեղծման և դրանց հետ աշխատանքի կազմակերպման տիպային գործընթացները:
Փատաթղթաշրջանառություն է կոչվում կազմակերպության ներսում փաստաթղթերի շարժը՝ դրանց ստեղծման պահից մինչև կատարման ավարտը կամ առաքումը: Փաստաթղթերի հետ աշխատանքի տեխնոլոգիան ներառում է.
·         փաստաթղթերի ընդունումն ու սկզբնական մշակումը,
·         նախնական դիտարկումն ու բաշխումը,
·         գրանցումը,
·         կատարման վերահսկումը,
·         տեղեկատվական աշխատանքը,
·         առաքումը,
·         համակարգումը (գործի կազմումը) և փաստաթղթերի ընթացիկ պահպանումը:



ԳԼՈՒԽ 2.
 ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«
ՄԽԻԹԱՐ  ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ, ԳՈՐԾՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2.1.էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը
«Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիրում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես մեդիակրթություն իրակացնող դպրոց, վաղուց անցել է էլեկտրոնային մատենավարություն, որը տարեցտարի ավելի է նորացվում, թարմացվում:
Մատենավարությունը իրականացվում է գործընկեր Microsoft-ի էլեկտրոնային տիրույթում: Ի դեպ, նույն այս տիրույթում է կրթահամալիրի էլեկտրոնային փոստային համակարգը, որը սպասարկում է և' դասավանդողներին, և' սովորողներին, և' ուսուցիչներին: Հենց այդ էլեկտրոնային փոստային համակարգի շնորհիվ փաստաթղթերը հասանելի են դառնում անհրաժեշտ օգտատերեին: Սրանով ավելի  է հեշտանում փաստաթղթաշրջանառությունը և փաստաթղթերի հասանելությունը: Ինչպե՞ս է դա արվում:

Էլեկտրոնային պահոց՝ SkyDrive
Էլեկտրոնային փոստերն ունեն պահոց՝ SkyDrive : SkyDrive –ը մեծ օնլայն տիրույթ է , որը հնարավորություն է տալիս ստեղծելու թղթապանակներ` տեսակավորված նամակներ պահելու և հետագայում հեշտ գտնելու համար, այստեղ հնարավոր է արխիվացնել նախորդ տարիների փաստաթղթերը, բացել նորը, ինչպես փաստաթղթեր, այնպես էլ թղթապանակներ, դիտելու կամ խմբագրելու հնարավորություն տալ, պահպանել անհաշիվ ժամկետով, թարմացնել, փոխանցել և այլն:
Այստեղ է ստեղծվում ամբողջ մատենավարությունը:
«Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիրում գործածվող փաստաթղթեր.
·         հաշվառման մատյան
·         գնահատման մատյան
·         ուսումնառության պայմանագրեր
·         արտակարգ պատահարների մատյան
·         երկարօրյա , լրացուցիչ կրթության մատյաններ
·         շարժմատյան (սովորողների ընդունվելու և տեղափոխվելու գրանցամատյան)
·         դպրոցի ղեկավարի հրամանների մատյան
·         սովորողի անձնական տվյալների տեղեկատու
·         դասացուցակներ
·         ուսումնառության պայմանագրով որոշված վճարումների հավաքագրման ֆայլ
·         աշխատանքային այլ փաստաթղթեր

Այս և այլ փաստաթղթերի մասին դեռ կխոսենք, իսկ հիմա անդրադառնանք կոնկրետ մատենավարությանը:

Էլեկտրոնային մատենավարություն
Կրթական հաստատություններն ունենում են մատյաններ, կրթահամալիրում դրանք երկուսն են՝ գանահատման և հաշվառման:
Կրթահամալիրում մի շարք գործունեություններ կառավարվում են կարգերի միջոցով: Մատյանները՝ հաշվառման և գնահատման, իր էլ. փոստի SkyDrive-ում հավաքում և պատրաստում է տվյալ դպրոցի գրասենյակի ղեկավարը: Այնուհետև էլեկտրոնային փոստերի միջոցով դիտելու և խմբագրելու հնարավորություն է տալիս այն դասավանդողներին, ովքեր դասավանդում են տվյալ դասարաններում:
Մատյանները կազմվում են ըստ  դասարանների: Էլեկտրոնային մատյանների հղումները նաև դրվում են դպրոցների կայքերում, որպեսզի հասանելի լինեն նաև ծնողներին, սովորողներին և այլ շահառուների: Գրասենյակի ղեկավարին տրվում է դպրոցական կայքի որոշ բաժիններում աշխատելու և  խմբագրելու թույլտվություն:
Բերեմ մեկ օրինակ` Արևմտյան դպրոցի մատյանները կարող եք տեսնել կայքի համապատասխան էջում (դրված է հղում), սակայն դրանք ձեզ համար միայն տեսանելի կլինեն, իսկ խմբագրել, փոփոխել կարող են միայն դասավանդողները: Ձևային առումով դրանք բխում են կրթահամալիրում գործող հաշվառման և գնահատման կարգից:
Ըստ ուսումնական կարգի և նրա պարզաբանումների, իրականացվող ծրագրի կազմվում են նաև դասացուցակները:
Սովորողի հաշվառման մատյանը ստեղծվում է էլեկտրոնային դասացուցակի հիման վրա: Դե սա բնական է:  Յուրաքանչյուր դասավանդող իր անհատական էլեկտրոնային գործիքով և իր էլեկտրոնային փոստի միջոցով դասի առաջին հինգ րոպեին կատարում է հաշվառումը:
Հաշվառման մատյանի ստեղծված վիճակը թույլ է տալիս արագ տեսնել և արձանագրել (ահազանգել) սովորողի բացակայության մասին (նշված դասաժամից):  Էլ. մատյանը (excel ֆայլը) թույլ է տալիս բանաձևերի օգնությամբ օրվա վերջում ունենալ յուրաքանչյուր սովորողի բացակաների քանակը, նույն կերպ շաբաթվա, ամսվա և ուսումնական շրջանի համար:
Այսպես նաև գնահատումը իրականացնում է յուրաքանչյուր դասավանդող՝ գնահատման կարգի համաձայն:

«Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիրը եզակի դպրոցներից է, որի մատենավարությունը և մյուս փաստաթղթային գործունեությունը իրականացվում է զուտ էլեկտրոնային տարբերակով:

Ուսումնառության պայմանագրեր
Յուրաքանչյուր սովորող, ով ընտրում է կրթահամալիրը և ցանկություն է հայտնում այստեղ սովորելու, կնքում է ուսումնառության պայմանագիր: Պայմանագրերի օրինակներ կան տեղադրված դպրոցների կայքերում, որոնք նույնպես հասանելի են ծնողների, սովորողների համար: Սովորողի և ծնողի հետ պայմանագիրը կնքվելուց հետո սկանավորվում է և պահվում էլեկտրոնային պահոցում, դրա մեկ օրինակն ուղարկվում է ծնողի էլեկտրոնային հասցեին:
SkyDrive-ի նման հարթակ է նաև google drive-ը: Սա իրականում ավելի է հեշտացնում աշխատանքը, սակայն յուրաքանչյուր դասավանդող օգտվելու համար պետք է ունենա gmail էլ. փոստ: 
Ֆունկցիոնալ առումով կարևոր է նշել հետևյալ առավելությունները. հարթակում դասավանդողը կարող է ստեղծել ուսումնական պրոցեսի համար որևէ մի աշխատանքային միջավայր, որտեղ լիազորված անդամները` սովորողները, կդառանան համահեղինակ և միաժամանակ կարող են աշխատել այդտեղ: Զուգահեռ դասավանդողը հնարավորություն ունի հետևելու ամբողջ աշխատանքային ընթացքին, միջամտելու, մեկնաբանություններ կատարելու:
Իսկ սովորողների ֆիզիկական ներկայությունը նույն տարածքում ամենևին էլ պարտադիր չէ, նրանք կարող են միանալ առցանց այդ աշխատանքին  ցանկացած վայրից, ցանկացած ժամանակ: Այն մեծ օգնություն  և հնարավորություն է արդյունավետ կազմակերպելու նախագծային ուսուցումը:  Նաև այն աշխատանքի համար ավելի թեթև է, չի ծանրաբեռնում համակարգիչը, ունի հավելված հեռախոսով աշխատելու համար:

2.2. Բլոգային ուսուցում և բլոգավարություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական փաստաթղթավա­րության և փաստաթղթաշրջանառության ամենահետաքրքիր ձևերից մեկը բլոգավարությունն է։
Բլոգը` կրթական- կազմակերպական հարթակ
Բլոգը, որպես կրթական- կազմակերպական հարթակ, հնարավորություն է տալիս դասակարգել և պահպանել կրթահամալիրում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող իրավակազմակերպական փաստաթղթերի պատճենները. կանոնադրություններ, կանոնակարգեր, հրամաններ, արձանագրություններ, որոշումներ, հրահանգներ և այլն և դրանց հղումները։ Եվ  այս ամենը առաջին իսկ անհրաժեշտության դեպքում հասանելի են վայրկյանների ընթացքում։
Բլոգը` ուսումնական հարթակ
Որպես ուսումնական հարթակ՝  բլոգը հնարավորություն է տալիս որոշակի դասակարգմամբ մեկտեղել, համակարգել ու պահպանել մեդիանյութեր, համացանցային ռեսուրսներ, մեդիափաթեթներ, դասագրքեր, ձայնագրքեր, տեսագրքեր, հարցաշարեր  և այլն։ Այստեղ հնարավորություն կա նաև պահպանել տարատեսակ տեսա-, ձայնա- և տեքստային նյութերի, ֆիլմերի էլեկտրոնային  հղումներ:
 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը բացառիկ ուսումնական հաստատություն է, որտեղ 300-ից ավելի մանկավարժական աշխատող և ավելի քան 2000  սովորող ունեն անհատական աշխատանքային և ուսումնական վիրտուալ տարածքներ:
Սա դինամիկ և անընդհատ զարգացող միջավայր է, որը համաքայլ է ընթանում տեղեկատվական դարի պահանջներին։
Կրթահամալիրի հայտնի mskh.am կայքից բացի, բոլոր դպրոցներն ունեն իրենց առանձին ենթակայքերը, որտեղ էլ առանձին էջերում հավաքված-հաշվառված են տվյալ դպրոցի սովորողների, մանկավարժական աշխատողների բլոգները։
·         Արևելյան դպրոց
·         Արևմտյան դպրոց
·         Հարավային դպրոց
·         Միջին դպրոց
·         Ավագ դպրոց
·         Քոլեջ

Առարկայական բլոգներ
Առարկայական բլոգները օգտակար են ոչ միայն տվյալ բլոգի օգտատիրոջը, այլ նաև գործընկերներին: Դասավանդողը ստեղծելով ու միաժամանակ օգտագործելով իր  օրագիր-շտեմարանը` միաժամանակ նաև տարածում է ուսումնական նյութերը կամ նյութերի հղումներն ու տեսահղումները: Այս նյութերը հասանելի են սովորողներին ինչպես դպրոցում, այնպես էլ տանը:  
Բլոգի ամենահրաշալի առավելությունը  նրա բազմաֆունկցիոնալությունն է: Այս պարագայում ստեղծված վիրտուալ տարածքը նման է բազմաբնակարան տան, որտեղ կարող են հավաքվել պիտակներ կամ հղիչներ (tags), արխիվացված նյութեր, մուլտիմեդիա, ու այս ամենը ժամանակի ընթացքում կդառնա կենդանի, կենսունակ օրգանիզմ ու կսկսի շնչել:
Առարկայական բլոգները պարբերաբար թարմացնելու դեպքում կունենանք մուլտիմեդիայի շտեմարան,  որի շնորհիվ  կարելի կլինի ցուցադրել արդեն իսկ պատրաստի էլեկտրոնային դասեր և այլ մեդիանյութեր:
Սա կրթական բլոգային ցանց է, որը հնարավորություն է տալիս ստեղծել մասնագիտական ​​ուսումնական համայնք, հետաքրքիր ուսումնական միջավայր թե´ սովորողների և թե´ սովորեցնողների համար։

Խմբային բլոգներ
Բավականին հետաքրքիր երևույթներ են  խմբային բլոգները։ Որպես այդպիսիք կապող ենք դիտարկել, օրինակ՝ մանկավարժական-մեթոդական բլոգները, ամենաբազմազան  ամսագրերը, ռադիո բլոգները և այլն:

Պատկառելի թիվ են կազմում նման բլոգները.

Բլոգների ղեկավարումն ու կանոնակարգումը.
ազատություն  և պատասխանատվություն
Բոգների այս համակարգը նույն հաստատության՝ մեր կրթահամալիրի վիրտուալ տարածքի մասն է կազմում, ուստի այն անհրաժեշտ է որոշակիորեն կանոնակարգել, քանի որ նույն կրթական համայնքի մաս լինելը  որոշակի նորմեր է պարտադրում:
Այդ նորմերը պարբերաբար վերանայվում են՝ համապատասխանեցվելով օրվա պահանջին՝ կրթահամալիրի զարգացմանն ու մեդիադաշտին:
Առանձին կանոնակարգեր են մշակված դասավանդողի և սովորողների բլոգների համար՝ դրանց ներկայացվող պահանջների տեսքով.
Առաջին հայացքից կարող է թվալ, որ խիստ կանոնակարգումը կարող է սահմանափակել բլոգներում ազատորեն արտահայտվելու ուսուցիչների կամ սովորողների իրավունքներն ու հնարավորությունները։ Սակայն ընդհանուր ձևակերպված պահանջները որևէ կերպ չեն խանգարում անհատ բլոգերին՝ բլոգի միջոցով դրսևորել իր անհատականությունն ու ասելիքը:
Կրթահամալիրում պարբերաբար ուսումնասիրվում է ուսուցման-ուսումնառության նոր հարթակների գործունեությունը, բացահայտվում դրանց առավելությունները, բացթողումները՝ դրանք առավել արդյունավետ գործիքներ դարձնելու նպատակով։
Ահա նման մի հետազոտության եզրահանգումները։
Առավելություններ, ձեռքբերումներ[1]
·         Բլոգային ուսուցումն ապահովում է անհատակենտրոն ուսուցման համար հարմար մեդիահարթակ, որը բլոգերին՝ սովորող, թե մանկավարժական աշխատող, ինքնադրսևորման կոնկրետ հնարավորություն է տալիս։
·         Ուսումնական գործունեության արդյունքները, նաև՝ զարգացումները, բաց են ու տեսանելի։ Հիանալի մեդիապահոց է. ոչինչ չկորցնելու հնարավորություն։
·         Բլոգային մշակույթը հստակ արտացոլում է սովորողի, մանկավարժական աշխատողի կրթական առաջընթացը։
·         Զարգացնում է հայալեզու մեդիացանցը, մանկավարժական ցանցը, նվաճումները։
·         Հստակ ցուցադրում է, թե յուրաքանչյուր սովորող, մանկավարժական աշխատող ինչ գործունեություն է ծավալում և ինչպես։
Բլոգային աշխատանքը հետաքրքիր է, քանի որ գործ ունենք հազարավոր անհատ բլոգերների հետ, որոնցից ամեն մեկը մեդիաաշխարհ է բերում իր մոտեցումները, տեսակը: Հետաքրքիր է, քանի որ ստատիկ չէ. անընդհատ զարգանալու ու առաջ գնալու հնարավորություն կա: Հետաքրքիր է, որովհետև ուսուցումն անընդհատ է ու անընդմեջ, և մենք սովորելու, սովորածը միմյանց փոխանցելու հնարավորություն ու ցանկություն ունենք:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ամփոփելով այս աշխատանքը՝ գալիս ենք այն եզրակացության , որ գործավարությունը կարևոր ոլորտ է և անչափ անհրաժեշտ ցանկացած կազմակերպության:
·         Թեման արդիական է, քանի որ ոչ միայն կազմակերպությունները, այլ նաև մենք՝ մարդիկ,  անընդհատ գործ ենք ունենում տարբեր տեսակի փաստաթղթերի հետ: Տարրական գիտելիքներ ունենալով և հստակ հասկանալով , թե ինչ է փաստաթղթաշրջանառությունը,  կարող ենք մեզ անհրաժեշտ գործունեությունն իրականացնել՝ առանց դժվարությունների և երկար քաշքշուկների:
·         Էլեկտրոնային մատենավարության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դրա շնորհիվ հեշտանում է փաստաթղթաշրջանառությունը, փաստաթղթերի փոխանցումը, լրացումը և պահպանումը: Մեծ դարակներ օգտագործելու և արխիվներ պահելու փոխարեն, հնարավոր է օգտագործել օնլայն տիրույթը, տեխնոլոգիաների տված հնարավորությունները: Դրանք նաև հասանելի են լինում և բաց հասարակության, մարդու համար, ով էլ հնարավորություն է ունենում ցանկացած պահի տիրապետել իրեն անհրաժեշտ տեղեկությանը:
·         «Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիրը, որպես մեդիակրթություն իրակացնող դպրոց, անցել է էլեկտրոնային մատենավարություն, որը տարեցտարի ավելի է նորացվում, թարմացվում:
·         Մատենավարությունը իրականացվում է գործընկեր Microsoft-ի էլեկտրոնային տիրույթում, նույն այս տիրույթում է կրթահամալիրի էլեկտրոնային փոստային համակարգը, որը սպասարկում է և' դասավանդողներին, և' սովորողներին, և' ուսուցիչներին, ինչի շնորհիվ փաստաթղթերը հասանելի են դառնում անհրաժեշտ օգտատերեին: Սա ավելի  է հեշտացնում փաստաթղթաշրջանառությունը և փաստաթղթերի հասանելությունը:
·          «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը բացառիկ ուսումնական հաստատություն է, որտեղ 300-ից ավելի մանկավարժական աշխատող և ավելի քան 2000  սովորող ունեն անհատական աշխատանքային և ուսումնական վիրտուալ տարածքներ` բլոգներ:  Սա դինամիկ և անընդհատ զարգացող միջավայր է, որը համաքայլ է ընթանում տեղեկատվական դարի պահանջներին։
·         Բլոգը մի կողմից՝ կրթական- կազմակերպական հարթակ է, որը հնարավորություն է տալիս դասակարգել և պահպանել կրթահամալիրում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող իրավակազմակեր­պական փաստաթղթերի պատճենները. կանոնադրություններ, կանոնակարգեր, հրամաններ, արձանագրություններ, որոշումներ, հրահանգներ և այլն և դրանց հղումները։
·         Մյուս կողմից՝ բլոգը ուսումնական հարթակ է, որը հնարավորություն է տալիս որոշակի դասակարգմամբ մեկտեղել, համակարգել ու պահպանել մեդիանյութեր, համացանցային ռեսուրսներ, մեդիափաթեթներ, դասագրքեր, ձայնագրքեր, տեսագրքեր, հարցաշարեր  և այլն։
·         Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ամենուր թե՛ փաստաթղթերը, թե՛ դրանց կազմումն ու շրջանառությունը, թե պահպանումն ու արխիվացումը կատարվում են էլեկտրոնային եղանակով, ինչը դյուրացնում է աշխատանքը և փաստաթղթաշրջանառության վերահսկումը, ինչպես նաև նպաստում է կրթական հաստատության բաց, թափանցիկ գործունեությանը, ծնողական համայնքի և շարունակական հետադարձ կապին։





Օգտագործված գրականության ցանկ

1.      «Գործարարության գործավարություն» Պ.Քալանթարյան, 2005թ
2.      «Գործավարության հիմունքներ» Յու. Մ. Լալայան , Յու.Կ. Լալայան, 2005թ
3.      Գործավարություն: Տեղեկատու ուղեցույց Ա.Սարգսյան, Է.Փանոս-յան, Ա.Հարոյան. 2007թ.
4.      Գործարարության կազմակերպումը Հ.Լ.Գրիգորյան


[1] Ըստ Նվարդ Սարգսյանի հետազոտության https://dpir.mskh.am/hy/node/1817

Комментариев нет:

Отправка комментария