Այս նախագիծը վաղուց էինք մտմտում, բայց միշտ ինչ-որ անհասկանալի պատճառներով հետաձգվում էր: Ամեն անգամ նույն ճանապարհով գնալիս, բարձունքից մշտապես դիտում և հիանում էինք Ելփին գյուղով, գյուղի մեջտեղում վեր խոյացող հսկայական ժայռով: Ըստ այդմ՝ այս ճամփորդության առանցքում հենց Ելփինն էր:
Մասնակիցների տպավորությունները.
Էլլա Ապու Անթար
Բագրատ Խանբաբյան
Նատալի Նահապետյան
Լիլիթ Մինասյան
Ասյա Միրզոյան
Նախապես պայամանվորվածություն էինք ձեռք բերել գյուղի դպրոցի և ուսուցիչների հետ: Հանդիպեցինք Ելփինի սահմանագլխին, մեզ դիմավորեցին մաթեմատիկայի ուսուցիչ Կարեն Խուդոյանը և մի խումբ պայծառ սովորողներ: Մեր հանդիպման ուղիղ եթերը՝ այստեղ:
Քայլեցինք դեպի Թուխ Մանուկ եկեղեցի՝ խոսելով գյուղի մասին: Ելփինը Վայոց ձորի առաջին գյուղն է, հանդիսանում է մարզի ,,դարպաս,,: Աչքի է ընկնում իր համեմատաբար մեղմ կլիմայով, բարձրաբերձ սարերով, բազմազան մրգատու ծառերով: Անվանումն առաջացել է Նրբույն-նրբին բառից:
Ելփինի Թուխ Մանուկ մատուռը 17-19-րդ դարերի է, ելփինցի սովորողները պատմեցին մատուռի, խաչքարերի մասին, ծանոթացրեցին Ելփինի մասին գրված գրքին, որտեղ հավաքված են բոլոր տեղեկությունները, ավանդությունները, պատմությունները գյուղի մասին: Մատուռից գեղեցիկ տեսարան էր բացվում, պարզ երևում էր ամբողջ գյուղը, շրջակա սարերը: Ամենաբարձր և վեհ սարը Շրեսարն էր, պայմանավորվեցինք առաջիկայում այցելել և միասին բարձրանալ Շրեսարը:
Այնուհետև քայլեցինք գյուղի մեջտեղում գտնվող մեծ ժայռաքարը, որտեղ կան քարանձավներ և վերջին շրջանի պեղումների արդյունքում հայտնաբերվել են դամբարաններ: Բարձրացանք. այստեղից էլ մեկ այլ տեսարան էր՝ աննկարագրելի գեղեցիկ: Տեսանք նաև ժայռի մեջ բացված քարայրը:
Հաջորդ կանգառը գյուղի մյուս եկեղեցին էր՝ Սուրբ Սարգիսը, որը նորակառույց էր և կառուցվել էր հին եկեղեցու կողքին: Իհարկե, ավելի հաճելի և գեղեցիկ էր հինը, որն արդեն մի փոքրիկ ավերակ էր դարձել, սակայն ներսից աճել էր խաղողի որթը: Եկեղեցում մի հատված երգեցինք ,,Ուսումնական պատարագից,,: Աղոթելուց, ուսումնասիրելուց հետո հարմար նստոտեցինք և սկսեցինք միասին կարդալ Թումանյան: Թումանյան սիրում են բոլորը, սիրով են ընթերցում, մենք էլ սիրով տարածում ենք, ընդգրկում միասնական ընթերցումներում:
Ճանաչեցինք Ելփինը, ելփինցիներին, ծանոթացանք և ընկերներ ձեռք բերեցինք: Շարունակեցինք մեր զրույցն արդեն մաթեմատիկայի ուսուցիչ ընկեր Կարենենց տանը, որտեղ սիրով համտեսեցինք իրենց մշակած ընկույզը, դեղձը, խնձորը: Խոսեցինք համատեղ նախագծերից, հնարավոր համագործակցություններից, ստուգատեսներից և վերապատրաստումներից: Պայմանավորվեցինք, որ
- առաջիկայում նորից կայցելենք և միասին կհաղթահարենք Շրեսարը,
- Ելփինի դպրոցի մարզական խումբը կմասնակցի ,,Վահան Ասատրյան,, հուշամրցաշարին,
- մեզ ուղեկցող խումբը , համատեղ տեխնոլոգիական-հայրենագիտական-մաթեմատիկական նախագծով կրթահամալիրում կլինի Սեբաստացու օրերին՝ կրթահամալիրի 30 ամյակին:
Շատ բան է փոխվել , նոր ու մաքուր խոհանոց, ավելի կոկիկ և նորոգված տներ... Տեղավորում ենք իրերը, անցնում առօրյա կենցաղային գործերին, արդեն մութը շուտ է ընկնում: Մեկ էլ ու հավաքված են խարույկի շուրջ և ամենուր սեբաստացիական ուրախ երգն է:
Առավոտ է , սեպտեմբերի 21-ը, մեզ է սպասում դպրական կենտրոնի արևելյան սարը՝ Անանուն սարը: Սկզբում թվում է շատ-շատ հեռու, հետո սկսում է ավելի մոտ երևալ, ուրվագծվում է գագաթը, կողքին՝ կանաչ-կանաչ ծառերի փունջը, իսկ մենք քայլում ենք սկզբում վստահ, հետո՝ անհաստատ, հետո՝ շտապ, հետո՝ հաղթական...: Ճանապարհը չոր խոտերի միջով է, ուժեղ քամի է, որն անցնում է ոչ միայն մազերիդ միջով, այլ նաև հագուստիդ ծալքերի : Ոտքերիդ կպած են փշեր, իսկ ճանապարհին երբեմն այս ու այն կողմ փախչող նապաստակներ են երևում, երբեմն՝ ալոճի կիսահասած թփեր:
Բարձունքին: Վերևից ամեն ինչ այլ է, ո՛չ փշերն ես հիշում, ո՛չ ճանապարհի ուժեղ քամին, ուղղակի դու բարձունքում ես, հաղթահարեցիր, և հիմա ոչ թե գագաթին աճած ծառերն են փոքր թվում, այլ ներքևում երևացող դպրական կենտրոնը: Ինչպես գիտեք, սարն անուն չուներ, առաջարկվեցին բազմաթիվ տարբերակներ, և ի վերջո, միասին որոշեցինք դնել ընկեր Սմբատի առաջարկած տարբերակը՝ Օոլորիկը:
Օրվա երկրորդ կեսն անցկացրեցինք Արատեսի հյուսիսային մասում՝մասուր և այլ օգտակար բույսեր հավաքելով: Յուրաքանչյուրը մի փոքր հավաքեց՝ տուն տանելու, թեյելու համար:
Այս օրերին մարզական պարապմունքները հաճույքով կազմակերպում և իրականացնում էր մեր լավագույն մարզիկ ընկեր Նառան, իսկ սովորողները, առավել մեծ հաճույքով, անպայման մարզվում էին, նոր նախաճաշում:
Վերջին օրը քայլեցինք Արատեսի եկեղեցի, սովորողներն արդեն նախապես կարդացել էին եկեղեցու մասին, տեղեկացել, պատմեցին, ընկեր Ստելլան լրացրեց, այնուհետև միասնական աղոթքից հետո, փորձեցին կարդալ և վերծանել պատերի արձանագրությունները:
Ետադարձն արդեն այլ ճանապարհով էր՝ Սելիմի լեռնանցքով, հիացումով, Գեղարքունիքի մարզի գյուղերով, Սևանի Հայրավանքով, Կոտայքի մարզով:
Պարզ, բայց միևնույն ժամանակ շատ հագեցած օրեր էին՝ լի հետաքրքիր անցքերով:
Դիտարկումներ Արատեսի դպրական կենտրոնի վերաբերյալ.
- անհրաժեշտություն կա գիշերային լուսավորությունը ընդլայնելու, քանի որ տներն իրարից հեռու են, երեկոյան կողմ տեղաշարժվելը դժվար է:
- աշնանը մութը շուտ է ընկնում, օրվա երկրորդ մասով քայլարշավային կամ նմանատիպ այլ նախագծեր իրականացնել հնարավոր չէ:
Եռօրյա ճամփորդության մասին պատմող ֆոտոֆիլմը դիտեք ստորև.
Մասնակիցների տպավորությունները.
Էլլա Ապու Անթար
Բագրատ Խանբաբյան
Նատալի Նահապետյան
Լիլիթ Մինասյան
Ասյա Միրզոյան
Комментариев нет:
Отправить комментарий