Վերջերս Forbes ամսագիրը 17 ամենագեղեցիկ վայրերի թվին է դասել նաև Գյումրին, իսկ թե ինչն է այդքան գրավիչ և գեղեցիկ Գյումրիում, փորձեցինք պարզել մեր երեք տպավորիչ օրերի ընթացքում:
Նախ Գյումրիում շատ ենք եղել, և մեր, նաև սովորողների առաջ խնդիր էր դրված գտնել այն վայրերը, որտեղ չենք եղել, բացահայտել Գյումրին այլ տեսանկյունից: Եվ որպես ուղղություն ընտրեցինք արվեստները և արհեստները:
Եռօրյա ճամփորդության մեկնարկը տվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց՝ առավոտյան ուսումնական ժամերգությամբ:
Միասնական լուսանկարից հետո ճամփա ընկանք:
Առաջին կանգառը երկար սպասված Հառիճավանքն էր, որտեղ լինել միշտ չի , որ ստացվում է: Այս կանգառնը նաև նորություն էր մասնակից սովորողների համար: Հառիճի վանքը նաև Շիարկի թեմի առաջնորդանիստ եկեղեցին է, այժմ գործող է, այստեղ է գտնվում Հայաստանի երեք հոգևոր դպրոցներից մեկը: Որպես գործող եկեղեցի մաքուր էր և կոկիկ, քայլեցինք, աղոթեցինք և երգեցինք եկեղեցում, փորձեցինք ուշադրություն դարձնել Սուրբ Գրիգոր եկեղեցու ճարտարապետական առանձնահատկություններին, որպեսզի հետո համեմատենք Մաստարայի եկեղեցու հետ, որտեղ պետք է այցելեինք վերադարձին: Սակայն սովորողներին առավել գրավեց հարավային կողմից բացվող գեղեցիկ տեսարանը և քարափը:
Արդեն Գյումրիում արվեստի հետքերով այցելեցինք Ասլամազյան քույրերի պատկերասրահ: Մարիամ և Երանուհի քույրերը իրենց աշխատանքները նվիրել են Գյումրի քաղաքին, որտեղ կարճ ժամանակ ապրել են: Նվիրաբերության առթիվ էլ բացվել է պատկերասրահը, որտեղ ցուցադրված են քույրերի նկարները, այլ աշխատանքներ:
Պատկերասրահի էքսկուրսավարը շատ հետաքրքիր ներկայացրեց Ասլամազյան քույրերին, իրենց աշխատանքները, ավարտին սովորողներն արդեն ոճի առանձնահատկությունները հաշվի առնելով տարբերում էին քույրերի աշխատանքները: Պետք է ասել, որ բավական համարձակ նկարչուհիներ են եղել և հետաքրքիր հետք են թողել: Առավել տպավորիչ էր քույրերի այցելությունները բազմաթիվ երկրներ, և այդ երկրներից մշակույթից որոշակի տարրերի ներմուծումը, անդրադարձը իրենց գործերում:
Փետրվարի 19-ը սիրելի բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և անգամ Գյումրիում մենք չէինք կարող այդ մասին մոռանալ: Միասնական ընթերցման ֆլեշմոբով քայլեցինք Գյումրու Վարդանանց հրապարակով, Աբովյան փողոցով՝ հետաքրքրվողներին ևս մեկ անգամ հիշեցնելով մեծ բանաստեղծի ծննդյան մասին և տարածելով Թումանյանական երգը որպես հակաբացիլ:
Արվեստների ուսումնասիրության նախագծով այցելեցինք նաև Գյումրու Գեղագիտական կենտրոն, որտեղ մեզ հյուրընկալեց նկարչուհի Սուսաննա Մկրտչյանը: Կրթահամալիրից բազմիցս եղել են այցելություններ Գեղագիտական կենտրոն, բայց այս անգամ մեզ հետաքրքրում էր հենց նկարչուհի տիկին Սուսանը, ով մեր այցելության պահին միջանցքում աշխատում էր: Պատմեց իր մասին, նկարչության , արվեստի մասին, տեղում ցույց տվեց, թե ինչպես է թղթեր ամաններից կերպարներ ստանում, պատասխանեց սովորողների հարցերին Գյումրիում արվեստի զարգացումների վերաբերյալ: Իսկ հետո մի փոքր շրջեցինք կենտրոնում, հյուրասիրվեցինք: Բոլորիս համար պարզ էր, որ Սուսաննա Մկրտչյանը առաջին հերթին մանկավարժ է՝ սիրով իր աշխատանքին նվիրված: Եվ լավ է, որ Գյումրիում կարողացել է ստեղծել տաքուկ և ջերմ միջավայր:
Այնուհետև շատ երկար զբոսնեցինք Գյումրու փողոցներում՝ ուսումնասիրելով հետաքրքիր ճարտարապետական կառույցները, դրանց պատմությունները, Գյումրեցիների յուրօրինակ մոտեցումը դրանց, փաստեցինք երկարաշարժից հետո մեծապես զարգացող, կառուցվող և շենացող Գյումրու աննախադեպ լինելը: Ավելացնեմ, որ մեզ ուղեկցում էին սեբաստացի սովորողներ Քնարիկը և Անահիտը, ովքեր հենց գյումրեցի են:
Երկրորդ օրն ավարտեցինք ,,Եռանկյունի,, դարբնոցում: Դարբնությունը դարեր շարունակ եղել է Հայաստանի ամենակարևոր արհեստներից մեկը, իսկ Գյումրիում արհեստային ավանդույթները պահպանվել են շատ երկար: Դարբնոցում հանդիպեցինք դարբին Գագիկ Մարտիրոսյանին, ում նախնիները ևս եղել են դարբիններ, իսկ ինքը դարբինների վեցերորդ սերունդն է, ով պահպանում և զարգացնում է իրեն փոխանցված ավանդույթները, ունի բազմաթիվ աշակերտներ: Գագիկ Մարտիրոսյանը 1986 թվականին արժանացել է Հայաստանի ,,Լավագույն դարբին,, կոչմանը, իսկ 2015-ին՝ ,,Ազգային դարբին,, կոչմանը: Իր ստեղծած ,,Եռանկյունի,, դարբնոցում կազմակերպում է վարպետության դասեր: Դարբնոցը ,,Եռանկյունի,, ֆիլմի անվամբ է:
Վարպետ Գագիկը մեզ ցույց տվեց և՛ էլեկտրական ժամանակակից հնոցը, և՛ իր աշխատանքային դարբնոցը, պատասխանեց սովորողների հարցերին, ցույց տվեց իր գործերը: Նորագույն տեխնոլոգիաները նաև այս ասպարեզում են հեշտացնում մարդկանց գործը՝ ստեղծելով էլեկտրական հնոցներ, որոնք տաքանում են հոսանքով, սակայն վարպետ Գագիկը պահպանում է արհեստի ավանդաբար փոխանցված ձևը: Դարբնոցում տեսանք նաև ,,Եռանկյունի,, ֆիլմում գործածված փուքսը:
Երրորդ օրը վառ տպավորություններով ճանապարհ ընկանք՝ կանգառելով երկու հետաքրքիր ճարտարապետական կառույցների մոտ՝ Մաստարայի Սուրբ Հավհաննես և Թալինի Սուրբ Կաթողիկե:
Սովորողների հաշվետվությունները.
Комментариев нет:
Отправить комментарий