воскресенье, 6 февраля 2022 г.

Տերյան . միասնական ընթերցման ստեղծագործություններ


1. Մթնշաղ


Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

2. Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք

3. ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլովփառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար

4. 

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...
1908

5. 

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։


6. Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շաբժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ...

Комментариев нет:

Отправить комментарий