вторник, 1 августа 2023 г.

Կարդում ենք արևմտահայերեն․ Վահան Թեքեան


Փափագ
Անուշ հոգի մը ըլլար,
Ես այն հոգվույն սիրահար,
Ան իմ երկինքըս ըլլար։

Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը ծավի,
Զայն հեռուե՜ն պաշտեի։

Ան ցոլանա՜ր սրտիս մեջ
Իր լույսերովը անշեջ,
Ես սուզվեի՜ անոր մեջ։

Անուշ հոգի՜ մը միայն,
Ու գրկեի՜ ես անձայն
Զայն հոգիիս մեջ միայն․․․
1. Բացատրի՛ր փափագ բառը։ 
2. Բացատրի՛ր անշեջ, ծավի բառերը։
3. Արևելահայերեն փոխադրի՛ր ըլլար, ան, զայն,  հեռուեն, անոր բառերը։
4. Ի՞նչ զգացում և տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։ 

Լուսավորչի կանթեղը

Երկնի անթիվ աստղերեն մերն է միայն անիկա՛ ...
Ամեն գիշեր վերը, հո՛ն, Արագածի գլխուն վրա
Ան կշողա առանձին, այնքան անջատ մյուսներեն,
Որ ուրիշ ձեռք մը կարծես զանի վառեց գաղտնորեն:
Զանի վառեց ու կախեց հո՛ն, մեզ համար, հավիտյան...
Ան կանթեղն է՝ լույս առած Լուսավորչեն Հայության,
Անկե լցված, անոր ջինջ արտասուքեն՝ յուղի տեղ,
Պլպլացող քաղցրությամբ, պլպլալիք միշտ կանթեղ...
Այդպես հավտաց ու այդպես դեռ կհավտա հայ հոգին,
Որ միշտ դարձավ, նայեցավ և հառեցավ անձկագին
Առտուն ձյունոտ Մասիսին և գիշերներն ալ անոր...
Այդպես և ե՛ս, ո՛վ մեծ սուրբ, հավատարծարծ կանթեղիդ
Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ
Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր...

1. Բառերը դարձրո՛ւ արևելահայերեն՝ անիկա, հոն, ան, զանի, անկե, անոր։ 
2. Բացատրի՛ տողերը՝ Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ
Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր...
3. Համացանցից գտի՛ր և կարդա՛ Լուսավորչի կանթեղի մասին ավանդազրույցը։ Համառոտ պատմիր։

Կանձրևե, տղա՛ս

Կանձրևե, տղա՛ս... Աշունը թաց է,
Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն...:
Պատուհանն ու դուռը գնա գոցե
Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն
Լռության մը մեջ...: Կանձրևե տղա՛ս...:
Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,
Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս`
Խորհելով պայծառ արևին անցյալ,
Դռան մը ներքև գո՜ց ճակատագրին...:
Բայց կուլաս, տըղա'ս... Մութին մեջ հանկարծ
Ծանր արցունքներ աչքերդ կգլորին...:
Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,
Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,
Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս...:
1. Բացատրի՛ր միտքը՝ Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ։
2. Ցույց տուր անձրևի և արտահայտված հոգեվիճակի կապը։ 
3. Ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիք, միտքը։ 

Թեքեյանի բանաստեղծություններից կարդա՛ քո ընտրությամբ։ 


Комментариев нет:

Отправить комментарий