воскресенье, 27 октября 2013 г.

Հնարագետ պատանին

Օրերից մի օր հայոց թագավորի պալատը մտավ մի սուր­հանդակ։ Նա թագավորի առջև դրեց բարակ, երկարավուն մի փայտ  ու ասաց.
Այս փայտի մեջ մի ծայրից մյուսը ոլորապտույտ անցք է բացված և միայն օդն ու ջուրը կարող են անցնել։ Իմ ամենակարող տերը քառասուն օր ժամանակ է տալիս, որ դուք՝ խելքով ու հնարագիտությամբ հռչակված հայերդ, մե­տաքսե թելն անցկացնեք այդ անցքով և փայտը հետ ուղար­կեք իրեն։ Իսկ եթե չկարողացաք, մեր զորքերը կհարձակվեն և տակնուվրա կանեն ձեր  երկիրը։
Սուրհանդակը գնաց, իսկ թագավորը մտքի մեջ ընկավ։ Նա չէր սիրում կռիվ ու արյուն, սիրում էր խաղաղ աշխա­տանք, նոր քաղաքներ էր կառուցում, ջրանցքներ ու կամուրջներ էր շինում, որ երկիրը շենանա, լցվի հազար տե­սակ բերք ու բարիքով։ Իսկ հարևան թագավորը ագահ էր ու չար. նա անվերջ հարձակումներ էր գործում ուրիշ ժողովուրդների  վրա, թալանում ու ստրկացնում նրանց։
Թագավորը կանչեց իր պալատականներին, հրամայեց կատարել   ագահ  ու  չար   արքայի   պահանջը։   Բայց   նրանք   որ֊քան էլ մտածեցին, չկարողացան թելն անցկացնել չարա­բաստիկ փայտի միջով։ Այն ժամանակ թագավորը դիմեց ժողովրդին, որ իրենց փրկությունը կախված է մի բարակ թելից և խոստացավ տասը հազար ոսկի պարգևել նրան, ով կկարողանա   ազատել   երկիրը  վերահաս   վտանգից։
Անցել էր արդեն երեսունինն օր, մնում էր մի օր միայն։ Ոչ ոք չէր գալիս պալատ, ոչ մի լուր չկար: Թագավորը գլուխն առած ափերի մեջ, մտածում էր գիշեր-ցերեկ և ոչ մի հնար չէր գտնում։ Ժողովուրդը ահ ու սարսափի մեջ էր, բայց հո ձեռքերը ծալած չէր նստելու սպասեր ահավոր արհավիրքին. ամենուրեք պատրաստվում էին դուրս գալու մա­հու կենաց կռվի և սպասում էին թագավորի հրամանին։ Բայց, բարեբախտաբար,  բանը  կռվի չհասավ...
Թագավորանիստ քաղաքի ծայրամասում, խարխուլ մի հյուղակում, ապրում էր աղքատ, կույր մի ծերունի իր թոռ­նիկի հետ։ Ծերունին նույնպես գլուխն առած ափերի մեջ, միտք էր անում, բայց ոչ մի ելք չէր գտնում։ Նա շատ էր տե­սել կողոպուտներ, կոտորածներ, նրա աչքերը կուրացրել էր արյունարբու թշնամին և, պատկերացնելով այդ նոր արյունահեղությունը, նրա կույր աչքերից արցունքի կաթիլներ էին  գլորվում
Պապիկ,    ինչո՞ւ    ես   լալիս,–    հարցրեց   թոռնիկը։
Բա ինչ անեմ,— ասաց պապը,— մնացել է մեկ օր։ Վաղը թագավորի հորթերը մեր երկիրը կավերեն, արյան գետեր կհանեն, մի մասին կկոտորեն, մի մասին գերի կտանեն...
Ա՜խ, պապիկ,– հառաչեց թոռնիկը, երանի ես կա­խարդ լինեի, դառնայի մի մրջյուն, թելն անցկացնեի փայ­տի միջով, հետո  էլի մարդ դառնայի։
է՛հ, այդպիսի բան չի լինի, որդի, ու պապը կրկին արտասվեց։
Պապիկ, իսկ պալատում մրջյուն չկա՞: Թող ոտից թե­լը  կապեն,  մի անցքով մտնի,  մյուսով դուրս  գա...
Այդ լսելով, պապը վեր թռավ տեղից, գրկեց թոռնիկին, համբուրեց ճակատը, այտերը։
Գտա՜նք, հնարը գտա՛նք, իմ խելոք բալիկ... դե շուտ արա, բռնիր, տուփի մեջ մի երկու մրջյուն դիր, վազենք թագավորի մոտ...

2
Երբ կույր ծերունին թոռնիկի ձեռքը բռնած մոտեցավ ար­քայական պալատի երկաթե դարպասին և հայտնեց իր գա­լու նպատակը, պահնորդները զարմանք կտրեցին։
–Ո~վ թշվառական, ասացին նրանք, հարյուրավոր գիտուններ բաց-բաց աչքերով չեն կարողացել կատարել ար­քայի պահանջը, դու կույր տեղովդ  ինչ կարող ես անել։
Ես կույր չե՛մ, խոսեց ծերունին, թոռանս աչքերով տեսնում եմ ամեն ինչ, թույլ տվեք   գնալ թագավորի   մոտ։
Ծերունու համարձակ խոսքը վստահություն ներշնչեց պահնորդներին, և նրան տարան թագավորի ընդունարանը: Թագավորը գլուխը վեր բարձրացրեց, անհույս հայացքը հառեց ծերունուն ու նրա թոռանը։ Ծերունին մինչև գետին խո­նարհվելով  ասաց.
Թագավորն ապրած կենա, իմ թոռնիկը գտել է փրկու­թյան հնարը։         
Թագավորի աչքերում զարմանքի, թե ուրախության մի շող  փայլատակեց։Ահա, սա փայտը, սա էլ մետաքսաթելը, փորձիր, պատանյակ։
Երբ պատանին մրջյունի միջոցով կատարեց անհնարին թվացող խնդիրը, պալատականները զարմանքից քար կտրե­ցին, իսկ թագավորը հուզմունքից դողալով,   բացականչեց.
Կեցցես, հնարագետ պատանյակ, դու փրկեցիր քո հայրենիքը վերահաս արհավիրքից,,. Հե՜յ, գանձապե տ, կատարիր իմ   խոստումը, նրան տասը հազար ոսկի տուր։
Պալատականների աչքերը նախանձից չռվեցին, երբ ոսկու պարկը դրեցին պատանու առջև, իսկ հետո էլ քարացան տեղերում, երբ աղքատ ծերունին ասաց.
–Որդյակս, համրիր և վերցրու միայն հարյուր ոսկի, այդքանը լիովին բավական է մեզ։Մնացածը մենք կնվիրենք մեր պետական գանձարանին ի բարօրություն հայոցաշխարհի:
Այս լսելով, թագավորը վեր կացավ, սեղմեց ծերունու ձեռքը,  համբուրեց  պատանու ճակատը և ասաց,
Փա~ռք հայ ժողովրդին… նա հավերժ կապրի, քանի որ ծնում է այսպիսի ազնիվ ուիմաստուն զավակներ։
Հեղինակ՝ Սողոմոն Մկրտչյան

Комментариев нет:

Отправить комментарий