вторник, 12 мая 2020 г.

Քարահունջի աստղադիտարան

Քարահունջի աստղադիտարանը Հայաստանի ամենահետաքրքիր վայրերից մեկն է, որի վերաբերյալ կան տարաբնույթ և իրարից տարբերվող կարծիքներ:
Գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ : Կառույցի վերաբերյալ պահպանված տեղեկություններ չկան: Տեղաբնակներն այն անվանել են Զորաց քարեր: Ժողովրդական ավանդության համաձայն՝ քարերն իրականում քարացած զինվորներ են: Մեկ այլ մեկնաբանությամբ՝ ուժ տվող քարեր: Քարահունջ անունը առաջարկվել է ակադեմիկոս Պարիս Հերունու կողմից՝ մոտակա գյուղի անվանումից: Բառը հնչողությամբ նման է Անգլիայում գտնվող Սթոունհենջին, և հաճախ Քարահունջը համեմատում են Սթոունհենջի հետ՝ անվանելով «Հայկական Սթունհենջ»:  

Հուշարձանի ճշգրիտ նշանակությունը մինչև այժմ պարզված չէ:  Կարող ենք հստակ ասել, որ կա երկու՝ իրարից տարբերվող տեսակետ: Առաջին տեսակետը առաջ են քաշել և իրենց աշխատություններում մանրամասն ներկայացրել մի շարք աստղաֆիզիկոսներ, ակադեմիկոսներ՝ Պարիս Հերունին, Օնիկ Խնկիկյանը, Վաչագան Վահրադյանը, Էլմա Պարսամյանը: Ըստ նրանց՝ Քարահունջը հնագույն աստղադիտարան է, քարերի դասավորությունը համապատասխանում է Կարապի համաստեղությանը: Շումերական արձանագրություններում այն կոչվել է Անգղի համաստեղություն (քարերի վրա անգղանման փորագրություններ շատ կան): Բացի դրանից, բոլոր քարերի վրա հատուկ տաշվածքներ կան՝ արմունկը , գլուխը, դաստակը, ոտքը հարմար դնելու համար: Այսինքնՙ այդ քարերը հարմարեցված են մարդու ուղղահայաց դիրքին, որպեսզի աստղերը դիտելը հեշտ ու արդյունավետ լինի: Ըստ վերը նշված գիտնականների ՝ այս փաստերը ապացուցում են Քարահունջի՝ աստղադիտարան լինելու հանգամանքը: Ըստ Պարիս Հերունու՝  աստղադիտարանը 7,5 հազար տարեկան է, ըստ մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանի՝  այն ավելի հին է՝ 14 000 տարեկան:
2013 թվականից Աշոտ Փիլպոսյանի հնագիտական արշավախումբը պեղումներ սկսեց աստղադիտարանի տարածքում, որը համացանցում բուռն քննարկումների տեղիք տվեց: Այստեղից էլ առաջացավ երկրորդ տեսակետը, ըստ որի՝ կառույցը Կովկասում պահպանված եզակի  մեգալիթյան հուշարձան է, հնագիտական պեղումների համաձայն կլինի մոտ 4000 տարեկան և չի հանդիսանում աստղադիտարան, այլ դամբարանադաշտ է:
Համալիրի տարածքը մոտ 7 հա է, կազմված է առանձին քարերից և մի քանի խումբ կառույցներից: Ունի այսպիսի բաժանում ՝  կենտրոնական շրջան, հյուսիսային և հարավային թևեր, հյուսիսարևելյան քարուղի, շրջանը հատող լարագիծ, կան նաև առանձին կանգնեցված քարեր:
Քարերը բազալտից են, բարձրությունը՝ 05-ից մինչև 3 մ, քաշը՝ մինչև 10 տոննա: Համալիրը բավական լավ պահպանվել է, բայց քարերից շատերի վրա առկա են քարաքոսներ, կան նաև կոտրված քարեր: Համարվում է, որ քարերը բերվել են մոտակա քարհանքից (հեռավորությունը համալիրից 700 մ է)՝ հյուսված պարաններով և լծկան կենդանիների միջոցով: Իսկ անցքերն արվել են տեղում: Ըստ Աշոտ Փիլիպոսյանի՝ անցքերից կապվել են պարաններ, որպեսզի տեղափոխեն. «Անցքերի ներսի մասն ողորկ էին արել, որ շարժելիս չմաշվեին, չպոկվեին պարանները»:
Հերունին պնդում էր, որ Զորաց Քարերը որպես աստղադիտարան օգտագործող մարդիկ հատուկ տրամագծով կավե խողովակներ էին տեղադրում քարերի անցքերում, որպեսզի կարողանան հետևել երկնային մարմինների շարժմանը։Սակայան, հնագիտական պեղումներով զբաղվող արշավախումբը փաստում է, որ պեղումների ընթացքում նմանատիպ գործիքներ չեն հայտանաբերվել, այսինքն՝ Հերունու ներկայացրածն ընդամենը ենթադրություն է, որը դեռևս չի հաստատվել:
Պեղումների արդյունքում հայտնաբերվել է քսան քմ տարածք ունեցող դամբարան, գտնված գտածոները հիմք են տալիս ասելու, որ այստեղ թաղումներ են կազմակերպվել: Հայտանբերված ամենահին գտածոները միջինբրոնզեդարյան խեցեղենի բեկորներ են, պատկանում են Ք. Ա. 17-18-րդ դարերի: Ընդհանրապես,  գտածոները պատկանում են չորս տարբեր ժամանակաշրջանների, ինչը նշանակում է, որ հուղարկավորություններ կազմակերպվել են տարբեր ժամանակաշրջաններում:
Քարահունջի՝ աստղադիտարան լինելու տեսակետը մեծ տարածում  ստացավ ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում. National Geographic աշխարհագրական գիտահանրամատչելի ամսագիրը Քարահունջը ընդգրկել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցանկում:
ՀՀ Կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի որոշման համաձայն հուշարձանը անվանվել է «Քարահունջ աստղադիտարան»:

Աղբյուրներ

Комментариев нет:

Отправка комментария