Թարգմանությունը՝ Հովհ. Թումանյանի
Մեզանում Պիմեն անունով մի հի՜ն ծերունի մարդ կար։
Իննսուն տարեկան էր։ Պարապ-սարապ ապրում էր իր թոռան մոտ։ Մեջքը կռացած, փայտը ձեռին, ոտները դանդաղ քարշ տալով՝ ման էր գալի։ Բերանը անատամ, դեմքը կնճռոտած, իսկ ներքին շրթունքը դողդողում էր շարունակ։ Ման գալիս, խոսելիս շրթունքներով ծլըփացնում էր, ու անկարելի էր հասկանալ, թե ինչ է ասում։
Մենք չորս եղբայր էինք, չորսս էլ սիրում էինք ձի նստել, բայց նստելու հանգիստ ձի չունեինք։ Միայն մի պառավ ձիու էին թողնում նստենք, որի անունը Սևուկ էր։
Մի անգամ մայրիկս մեզ իրավունք տվեց ձի նստենք ու ամենքս միասին ծառայի հետ գոմը վազեցինք։ Դարձյալ Սևուկը թամբեցին մեզ համար։ Առաջինը նստեց մեծ եղբայրս։ Քշեց կալը գնաց, պարտեզի չորս կողմովը պտտվեց, դեպի մեզ եկավ թե չէ, ձեն տվինք՝ հապա դե մի չափ գցի։ նա սկսեց Սևուկին զարկել ոտներով, մտրակով, ու Սևուկը վազեց մեր կողքից։
Մեծից հետո մյուս եղբայրս նստեց։
Նա էլ երկար ման եկավ, նույնպես մտրակով քշեց Սևուկին ու չափ գցեց սարի տակից։ Դեռ էլ էր ուզում ման գա, բայց երրորդ եղբայրս խնդրեց, որ շուտով թողնի իրեն։ Երրորդ եղբայրս քշեց և՛ դեպի կալը, և՛ պարտեզի չորս կողմով, և՛ գյուղի միջով ու արագությամբ բաց թողեց սարի տակից դեպի գոմը։ Երբ մեզ հասավ, Սևուկը հևում էր, իսկ շլինքն ու ազդրերը քրտնքից սևացել էին։ Հերթն ինձ եկավ։ Ես ուզում էի եղբայրներիս զարմացնեմ, ցույց տամ, թե ոնց եմ քշում։
Սկսեցի քշել Սևուկին բոլոր ուժով։ Բայց Սևուկը չէր ուզում գոմից հեռանա։ Ինչքան տվի, ինչ արի-չարի տեղիցը ժաժ չեկավ, հենց վախում էր ու ետ-ետ գնում։ Ես բարկացա ու ինչքան ուժ ունեի սկսեցի զարկել մտրակով ու ոտներով* Աշխատում էի զարկել էն տեղերին, որ ավելի ցավ են տալի։ Մտրակը կոտրեցի ու ձեռիս մնացած կտորով սկսեցի գլուխը ծեծել։ Բայց Սևուկը էլ չէր ուզում գնալ։ Այն ժամանակ ես ետ եկա, ծառային խնդրեցի, որ մի ավելի ամուր մտրակ տա։ Ծառան ասավ. Հերիք էր, ինչ քշեցիք, վեր եկեք, ինչո՞ւ եք տանջում անասունին։
Ես նեղացա.
— Ո՞նց թե, ես իսկի չեմ քչել։ Տես ինչպես չափ կգցեմ հիմի։ դու միայն ինձ մի ավելի ամուր մտրակ տուր, ես սրան մի վառեմ։
Ծառան գլուխը թափ տվեց․
— Է՜հ, ախպեր, դուք խղճմտանք չունեք, դրան էլ ի՞նչ վառել կուզի։ Տեսեք, արդեն քսան տարեկան ձի է։ Տանջված անասուն է, հազիվ է շունչ քաշում։ Պառավել է, հասկանում եք, թե՞ չէ․ ա՛յ, Պիմենի պես պառավել է։ Մի՞թե կնստեիք Պիմենի մեջքին ու էդպես մտրակով կծեծեիք ուժիցը վեր․․․ մի՞թե չէիք խղճահարվիլ։
Ես իսկույն հիշեցի Պիմենին և ականջ դրի ծառային։
Ձիուց իջա ու երբ մտիկ արի, թե ինչպես էին նրա քրտնած կողքերը բարձրանում ու ցածանում, ինչպես էր պնչերով ծանր շուկչ քաշում, հևում՝ մացթափ պոչը շարժելով, տեսա, որ վատ վիճակի մեջ էր։ Իսկ ես կարծել էի, թե նա էլ էր ինձ պես ուրախանում։ Այնպես մեղքս եկավ Սևուկը, այնպես մեղքս եկավ, որ սկսեցի քրտնած շլինքը համբուրել, ներողություն .խնդրել, որ ծեծել եմ։ Այն օրվանից, ինչ մեծացել եմ, ես միշտ խղճում եմ ձիաներին ու, երբ տեսնում եմ նրանց չարչարելիս, հիշում եմ պառավ Սևուկին ու պառավ Պիմենին։
Հեղինակ՝ Լև Տոլստոյ
Комментариев нет:
Отправить комментарий