четверг, 27 мая 2021 г.

Պեղումներ Մեծամորում


Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանում հավաքված է հնագիտական իրերի, զարդերի, խեցեղենի յուրահատուկ հավաքածու։ Բոլոր ցուցանմուշները հայտնաբերվել են հենց Մեծամորի տարածքում։ 
Մեծամորը մշակույթի ծաղկուն կենտրոն է եղել: Այստեղ հրաշալի պահպանվել է պղնձաձուլարանը, հնոցները, որ փորված են ժայռերի մեջ, պահպանված են նաև այլ օժանդակ շինություններ,դամբարաններ, աստղադիտարանը, զոհասեղանները:
Թանգարանում վաղուց չէի եղել, մեծ փոփոխություններ էին արվել: 
Մուտքի մոտ հանդիպեցինք մեր ուղեկցորդին՝ ընկեր Անդրանիկին: Սկզբում շրջեցինք թանգարանում, ցույց տվեցին թանգրանի նմուշները, որոնք գտնվել են հենց այստեղ՝ պեղումների ժամանակ: Առանձին սենյակ էր հատկացված՝ ոսկյա և արծաթյա իրերի համար: Ոսկեղենը զարմացնում էր իր կատարյալ ձուլվածքով և յուրահատուկ ոճով, դիզայնով: Այնուհետև առանձին սենյակում ֆիլմ դիտեցինք թանգարանի և պատմական տարածքի մասին: 
Թանգարանի մի հատվածում ներկայացված էր հնագույն դամբարանի օրինակ՝թաղման ծեսով, որի մասին արդեն մեր սովորողները գիտեին մարդաբան Հասմիկ Սիմոնյանի հետ հանդիպումից, և հնարավորություն ունեցան իրենց իմացածը ներկայացնելու: 
Ցուցանմուշներից գրավեց նաև խեցեղենը. ևս մեկ անգամ փաստեցինք, որ Հայաստանում կավը գործածվել է դեռ անհիշելի ժամանակներից: Մեր նախնիները այս մասնագիտության մեջ էլ անմրցելի վարպետացել են. մեզ են հասել ջնարակված և հրաշալիորեն զարդանախշված անկրկնելի կարասներ, կժեր, այլ խոհանոցային և ծիսական պարագաներ:
Շրջայցից հետո դուրս եկանք բակ, որտեղ տարածք էր առանձնացված պեղումների համար: Այս գործընթացին մեր սովորողները սպասում էին ամենից շատ: 
Սովորողները բաժանվեցին զույգերի, վերցրեցին իրենց պարագաները՝ դույլ, թիակ, խոզանակ և այլն: Առաջիկա կես ժամը լսելի էին միայն սովորողների հիացական և զարմացած բացականչությունները. գտնում էին տարբեր իրեր, փորձում գուշակել, հասկանալ թե ինչ, ինչպիսի իրի մաս է կազմում և այլն: 
Աշխատանքից հետո յուրաքանչյուրն իր գտածոները ներկայացրեց ընկեր Անդրանիկին: Նստեցինք թթի ծառի տակ՝ հով վայրում , և սկսեցինք զրուցել: Ընկեր Անդրանիկը յուրաքանչյուրին ներկայացրեց իր գտած իրի պատմությունը, նշանակությունը: Հատկապես հետաքրքիր էին գտնված կլորավուն , մի կողմից հարթ մակերևույթով քարերը, որոնք նախատեսված էին այլ իրերը հարթեցնելու, ողորկելու համար: Շատ էին նաև օբսիդիանից պատրաստված գործիքները: 
Այնուհետև ընկեր Անդրանիկը տեղում ցույց տվեց, թե նախամարդիկ ինչպես են ցորենից ալյուր ստացել: Ցորենի հատիկները սկզբում լցրել են սանդի մեջ, ծեծել են, առանձնացրել թեփի մասը, հետո լցրել են աղորիքի վրա, քարով մշակել, մինչև հատիկը վերածվել է ալյուրի: Սովորողները հնարավորություն ունեցան ցորենից ալյուր ստանալ և անել նկարագրված գործընթացը: 


Քանի որ ամբողջ աշխատանքը արվեց ճիշտ և կազմակերպված, ընկեր Անդրանիկը պարգևատրեց մեզ՝ լրացուցիչ քայլք- էքսկուրսիա անելով դեպի մետաղաձուլարան և զոհաբերությունների սենյակ: 
Տեսանք, թե ինչպես են նախամարդիկ կարողացել հալեցնել մետաղը և ստանալ անհրաժեշտ իրերը, ինչպիսինն են եղել զոհասեղանները, ինչպես են աստվածներին կենդանիներ, թռչուններ զոհաբերել: 
Օրն ավարտեցինք հրաշալի տպավորություններով:
Լուսանկարները ստորև.














Комментариев нет:

Отправить комментарий