пятница, 14 мая 2021 г.

Ինչպես էր մի տղա ձեռնափայտով խաղում


Կլադիոն փոքր տղա է: Մի առավոտ խաղում էր դարպասների մոտ, իսկ փողոցով  կորացած, ձեռնափայտով մի ծերունի էր անցնում՝ ոսկեզօծ ակնոցներով: Դարպասների մոտ նրա ձեռնափայտն հանկարծ ընկավ: Կլավդիոն վերցրեց այն և տվեց ծերունուն: Ծերունին ժպտաց:

Շնորհակալություն: Բայց գիտե՞ս, ինձ այն այլևս պետք չէ: Ես առանց ձեռնափայտի էլ կարող եմ հանգիստ քայլել: Պահիր այն քեզ, եթե ուզում ես:

Եվ գնաց, պաասխանի էլ չսպասեց: Երևում էր, որ նա արդեն  այնքան էլ կորացած չէր:

Կլավդիոն մնաց կանգնած՝ ձեռնափայտը ձեռքում, և չգիտեր,՝ինչ անել: Այն սովորական փայտե հենակ էր, կլորացրած բռնակով և երկաթե ամրակով: Սովորական:

Կլավդիոն, մի երկու անգամ ձեռնափայտով խփեց գետնին, և հետո, պարզապես խաղալով, վերցրեց և խաղալիք ձիու նման հեծնեց փայտին: Եվ հանկարծ, իսկապես, հայտնվեց իսկական ձիու վրա: Հրաշալի սև նժույգի ճակատին սպիտակ աստղ կար: Նժույգը խրխնջաց, պոկվեց տեղից, և սկսեց վազել բակով մեկ՝ ոտքերի տակից կայծեր բաց թողնելով:

Երբ Կլավդիոն, հիացած և մի քիչ զարմացած, իջավ ձիուց, ձին նորից սովորական փայտե ձեռնափայտ դարձավ: Նրա վրա ձիու ոչ մի հետք չկար,  չկար փարթամ բաշը, միայն երկաթե ամրակն էր,  և կոր բռնակը:

<<Իսկ ի՞նչ կլինի, եթե նորից փորձեմ>>- մտածեց Կլավդիոն:

Նա նորից հեծնեց ձեռնափայտին: Այս անգամ փայտը մեծ ուղտի վերածվեց, իսկ բակը հսկայական անապատի: Բայց Կլավդիոն չվախեցավ, և սկսեց ուսումնասիրել անծայրածիր անապատը՝ փորձելով օազիս գտնել:

-Սա, իհարկե, կախարդական փայտիկ է,-որոշեց Կլավդիոն, և երրորդ անգամ այն հեծնեց. Այս անգամ նա սլանում էր վազքուղով՝ կարմիր սպորտային մեքենայով, իսկ տրիբունաներում աղմկում էին երկրպագուները. Կլավդիոն առաջինն հասավ վերջնակետին:

Հետո ձեռնափայտը մոտորային նավակ դարձավ, իսկ բակը՝ խաղաղ կանաչ ծով: Հետո Կլավդիոն հայտնվեց տիեզերանավում՝ իր ետեևից թողնելով աստղային արահետ

Բայց ամեն անգամ, երբ Կլավդիոն ոտքը դնում էր գետնին, ձեռնափայտն ընդունում էր իր սովորական տեսքը՝ հարթ, կոր բռնակով և ժանգոտ երկաթե ամրակով:

Օրը շատ շուտ թռավ խաղերի մեջ: Երեկոյան Կլավդիոն նորից դուրս եկավ բակ և նորից տեսավ ծերունուն, նա ինչ-որ տեղից էր վերադառնում:  Կլավդիոն հետաքրքրասիրությամբ ուսումնասիրեց նրան, բայց ոչ մի արտասովոր բան չտեսավ. Սովորական ծերունի էր, երկար ճանապարհից մի քիչ հոգնած:

-Հավանեցի՞ր ձեռնափայտը,- հարցրեց նա Կլավդիոյին:

Կլավդիոն կարծեց ծերունին ուզում է հետ վերցնել ձեռնափայտը: Նա պարզեց այն ծերունուն.

-Շնորհակալություն:

Բայց ծերունին շարժեց գլուխը.

-Թող այն քեզ մնա,-ասաց նա,-ինչիս է պետք  ինձ ձեռնափայտը: Դու նրա օգնությամբ նույնիսկ թռչել կարող ես, իսկ ես միայն հենվում են նրան: Ես կարող եմ պատին էլ հենվել, ոչ մի տարբերություն:

Եվ ծերունին գնաց, որովհետև չկա ավելի երջանիկ մարդ աշխարհում, քան նա, ով կարող է ինչ-որ բան նվիրել երեխաներին:



Комментариев нет:

Отправить комментарий