воскресенье, 13 марта 2022 г.

Ուսուցիչների կամավոր ատեստավորում


Համացանցում և ֆեյսբուքյան ֆորումներում անընդմեջ քննարկված հարցերից է ուսուցիչների կամավոր ատեստավորումը: Մեծամասամբ կարծիքները բացասական են: Ինչո՞ւ:  Խոսենք հերթով և ըստ կետերի: 
Նախ ինչո՞ւ եմ ես ինքս դեմ ուսուցիչների կամավոր ատեստավորման այս ձևին.
  • Առաջին խնդիրը ձևն է, այսինքն ատեստացիան ուղղված է միայն ուսուցչին ստուգելուն, քննություն անցկացնելուն՝ տիրապետո՞ւմ ես դու մասնագիտական խրթին գիտելիքներին, թե՞ ոչ: Ուսուցիչն ուղղակի պետք է թեստ լրացնի՝ մասնագիտական բազում հարցերով, և դրանով ստուգվի գիտելիքը: Իսկ արդյոք լավ լեզվաբան լինելը նշանակում է լավ ուսուցիչ լինել: Իսկ ինչո՞ւ է կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը թվում, որ լավ ուսուցիչը միայն պետք է առարկայական գիտելիքներ ունենա: Իմ փորձից կարող եմ ասել, որ ուսուցիչ լինելու համար առաջին հերթին պետք է լավ մարդ լինել, լավ ընկեր լինել, կարողանալ հաղորդակցվել, կարողանալ նկատել երեխայի զգացմունքները, կարողանալ հարգել սովորողին, սիրել, և վերջում միայն նոր լավ մասնագետ լինել: Իսկ լավ մասնագետ լինելու համար անհրաժեշտ է անընդհատ ինքնակրթվել: 
  • Եվ քանի որ այս ձևը չափազանց անհեթեթ է, առավել անհեթեթ է ֆինանսական մասով  առանց այն էլ ցածր աշխատավարձով աշխատող ուսուցչին շահագրգռելը: Ինչո՞ւ ուսուցիչը պետք է մասնակցի այս ատեստավորմանը, որպեսզի իր աշխատավարձը բարձրանա՞: Չափազանց տհաճ է: Այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ արվում է ուսուցչին առավել ստորացնելու, վատ իրավիճակի մեջ դնելու համար: 
  • Ժամանակները փոխվել են, տեխոնոլոգիական զարգացումը նոր մարտահրավերներ է բերում, այսօրվա սովորողը երեկվանը չէ, առավել զարգացած է, առավել պահանջկոտ, առավել համառ: Կրթությանը ոլորտը նույնպես վաղուց փոփոխվել է, պահանջները այլ են դարձել, և ստեղծված իրավիճակում ուսուցչին ինքնակրթման մղելու, մասնագիտական, մանկավարժական զարգացմանը, աճին ուղղված սեմինարներ, հավաքներ կազմակերպելու, նախաձեռնելու փոխարեն հարամցվում է թեստ, որտեղ անգամ ստեղծագործական որևէ առաջադրանք չկա, միայն վարժություն է: 
  • Բացի այդ, հայոց լեզուն, կարծում եմ, միայն խոսքի մասեր , ձևաբանություն կամ շարահյուսություն չէ,  իսկ ո՞ւր մնաց ստեղծագործական կողմը, թե՞ մեզ միայն անգիրն է պետք: 
  • ԿԳՄՍ նախարարությունը, կառավարությունը նախ պետք է հասկանան և բարձրաձայնեն ինչպիսի ուսուցչի կարիք կա, որն է 21-րդ դարի ուսուցիչը, նա, ով անգիր արած քերականություն գիտի և կարող է լավ թեստ գրել, թե նա, ով ինքնակրթվում է, քայլում է ժամանակին համընթաց, կարևորում է մեթոդը, ստեղծականությունը, կարևորում է սովորողին, սովորողի անհատականությունը, հետաքրքրությունները, կարողանում է մոտիվացնել, օգնել և լինել սովորողի կողքին: 
  • Իսկ նույն պետության կողմից տրված դիպլոմները, ավարտական վկայականները չեն փաստում, որ ուսուցիչն ունի այդ գիտելիքները: Իսկ եթե չունի, ապա նույն պետությունը, պետական բուհերը ինչո՞ւ են վկայականներ տրամադրել և այդպիսով երաշխավորել ոչ բանիմաց ուսուցիչների մուտքը դպրոց: 
  • Ատեստավորման այս ձևը բարեփոխման ճանապարհը չէ, մաղով ջուր կրել է, աշխատանք, որը արդյունք չի տալու, որևէ բարփոխման չի բերելու, կրթական համակարգն իր բազմաթիվ խնդիրենով մնալու է նույնը: 
Ի՞նչ եմ առաջարկում: 
Կարծում եմ՝ լուծումն ավելի հեշտ է. ոչ թե պետք է ստուգել, այլ պետք է օգնել, ժամանակ առ ժամանակ կազմակերպել մասնագիտական հետաքրքիր վերապատրաստումներ, մանկավարժական հավաքներ, մեթոդապես օգնել: Լավ մասնագետ լինելու համար պետք է անընդհատ սովորել, անընդհատ ինքնակրթվել, ոչ թե թեստ հանձնել: 

Комментариев нет:

Отправить комментарий