суббота, 25 января 2014 г.

Թե ինչպես ռնգեղջյուրի կաշին դարձավ ծալքավոր

Մի ժամանակ Կարմիր ծովի անմարդաբնակ կղզում բնակվում էր մի Փարսի, որի գլխարկը արևադարձային զարմանահրաշ ճառագայթներ էր արձակում: Փարսին ապրում էր Կարմիր ծովի ափին և ոչինչ չուներ, բացի գլխարկից, դանակից ու վառարանից, որին, հատկապես քեզ, արգելված է ձեռք տալ: Մի օր նա վերցրե ալյուր, ջուր, հաղարջ, սալոր, շաքար, համեմունքներ ու նման բաներ և պատրաստեց երկու ոտնաչափ  երկարության և երեք ոտնաչափ հաստության մի թխվածք, որն անշուշտ, առաջնակարգ խմորեղեն էր: Այ քեզ հրաշք: Փարսին խմորը դրեց վառարանին, քանի որ դրանից օգտվելու իրավունք ուներ, եփեց, եփեց, եփեց, մինչև թխվածքը կարմրեց ու սկսեց ախորժագրգիռ բուրմունք արձակել: Փարսին պատրաստվեց ուտելու, բայց հենց այդ պահին Ամբողջովին Անմարդաբնակ Կղզու խորքից եկավ մի Ռնգեղջյուր՝ եղջյուրը քթին, խոճկորի աչքերով և անկիթ շարժուձևերով: Այդ օրերին ռնգեղջյուրի կաշին պիրկ նստած էր վրան և ծալքեր չուներ: Իսկ և իսկ Նոյյան Տապանի Ռնգեղջյուրը, բայց, իհարկե, շատ ավելի խոշոր: Միևնույնն է, նա անկիրթ էր և՛ Նոյի ժամանակ, և՛ այժմ և երբեք էլ չի փոխվի:
-Ո՞նց թե,- ասաց Ռնգեղջյուրը:
Եվ Փարսին թողեց թխվածքն ու մագլցեց արմավենու կատարը՝ ամբողջովին մերկ՝ միայն մի գլխարկով, որն ավելի քան արևելյան շքեզության գլխարկ էր և արևային զարմանահրաշ ճառագայթներ էր արձակում: Ռնգեղջյուրը քթով շուռ տվեց քարյուղի վառարանը, և թխվածքը գլորվեց ավազին: Ապա եղջյուրը խրեց թխվածքի մեջ, կերավ-ճաշակեց ու պոչը շարժելով գնաց-հեռացավ դեպի Մենավոր, բացարձակապես անմարդաբնակ Կղզու Խորքը, որը սահմանակից էր Մագանդերան և Սքոթրա Կղզիներին ու Մեծ Գիշերահավասարի Հրվանդաններին: Փարսին իջավ արմավենուց, ուղղեց վառարանը և արտասանեց հետևյալ եռատողը, և քանի որ դու չես լսել այն, ես հիմա քեզ համար կասեմ.
Նրանք, ովքեր գողանում են ու խժռում
Թխվածքները, որոնք Փարսին է թխում,
Իրենց հոգին մեղքի մեջ են թաթախում:
Այս տողերում շատ ավելի իմաստ կա , քան կարծում ես:
Հինգ շաբաթ անց Կարմիր ծովում տաք ալիք բարձրացավ, և յուրաքանչյուրը հանեց ունեցած-չունեցածը. Փարսին՝ գլխարկը, Ռնգեղջյուրը՝ կաշին, և ուսին գցած՝ քարշ տվեց մինչև լողափ: Այդ օրերին նրա կաշին կոճկվում էր երեք կոճակով և նման էր անջրանցիկ վերարկուի: Նա Փարսիին չակնարկեց թխվածքի մասին, որն ամբողջովին խժռել-խփշտել էր, որովհետև երբեք կիրթ չի եղել, չէ՛ և չի լինի: Կաշին ափին թողած՝ հազիվ իրեն ջուրը գցեց՝ քթից պղպջակներ արձակելով:
Շուտով Փարսին եկավ, գտավ կաշին ու ժպտաց մի այնպիսի ժպիտով, որը երկու անգամ խաղաց նրա դեմքին: Հետո երեք անգամ պարեց կաշվի շուրջն ու շփեց ձեռքերը: Ապա գնաց իր վրանը, գլխարկը լցրեց թխվածքի փշրանքներով, քանի որ թխվածքից բացի, երբեք ոչինչ չէր ուտում, երբեք չէր ավլում վրանը: Նա վերցրեց այդ կաշին, թափ տվեց այդ կաշին, քերեց այդ կաշին, շփեց այդ կաշին, հնարավորինս լցրեց-ուռեցրեց այն թխվածքի չոր, ծակծկող փշրանքներով և վառված հաղարջով: Հետո մագլցեց արմավենու կատարին ու սպասեց Ռնգեղջյուրի՝ ջրից դուրս գալուն:
Այդպես էլ եղավ: Ռնգեղջյուրը երեք կոճակով կոճկվեց, և կաշին նրան այնպես ծակեց, ինչպես թխվածքի փշրանքները՝ անկողնում: Հետո ուզեց քորվել, բայց ավելի վատ ստացվեց: Հետո պառկեց ավազին, գլորվեց, գլորվեց, գլորվեց, ու ամեն անգամ գլորվելիս փշրանքները ծակծկում էին ավելի վատ, ավելի վատ, ավելի վատ: Հետո վազ տվեց դեպի արմավենին և, քսվելով ծառին, տրորվեց, տրորվեց, տրորվեց: Այնքան շատ տրորվեց ու այնքան ուժեղ, որ կաշին մի մեծ ծալք տվեց ուսերի վրա, մեկ ուրիշն էլ քիչ ներքև, որտեղ առաջ կոճակներն էին /որոնց տրորելով մաշել էր/, և մի քանի ծալք էր առաջացան ոտքերին: Նա զայրացավ, բայց ինչ փույթ, փշրանքները կաշվի ներսում էին և խիստ ծակծկում էին: Գազազած ու սարսափելի քերծված՝ տուն գնաց: Այդ օրվանից մինչև օրս ռնգեղջյուրները կաշվի վրա լայն ծալքեր են ունենում և սոսկալի վատ բնավորություն, և այդ բոլորը՝ փշրանքների պատճառով:
Փարսին իջավ արմավենուց՝ գլխարկը գլխին, որն ավելի քան արևելյան շքեղության գլխարկ էր և արևային զարմանահրաշ ճառագայթներ էր արձակում, հավաքեց վառարանն ու գնաց Օրոթավոյի, Ամիգդալայի, Անանթարիվոյի վերին Մարգագետինների ու Սոնափաթի ճահճուտների ուղղությամբ:
Հեղինակ ՝ Ռադյարդ Քիփլինգ

Հարցեր
1. Բնութագրիր Փարսիին:
2. Ճիշտ վարվեց Փարսին, թե ոչ:
3. Նոր հեքիաթ հորինիր ,,Թե ինչպես ռնգեղջյուրի կաշին դարձավ ծալքավոր,, վերնագրով:
Հարցերի պատասխանները գրիր կարծիքների բաժնում:

1 комментарий: