вторник, 28 января 2014 г.

Թե ինչպես ընձառյուծը դարձավ բծավոր

Շատ դարեր առաջ, երբ բոլոր կենդանիները միագույն էին, Ընձառյուծն ապրում էր Բարձր Սարահարթ կոչվող վայրում: Հիշի՛ր, դա Ցածր Սարահարթը չէր, ոչ էլ Անբերի Սարահարթը, այլ բացարձակ մերկ, տոթ արևակեզ Բարձր Սարահարթը, որտեղ կային ավազ, ավազագույն ժայռեր և միմիայն ավազադեղնավուն խոտի փնջիկներ: Ընձուղտը, Հարավաֆրիկյան Այծքաղը, Պտուտակապոզ Կուդուն, Արագավազ Այծեղջյուրն ու Զեբրը նույնպես ապրում էին այնտեղ և բացարձակապես ավազադարչնագույն էին: Բայց Ընձառյուծը՝ կանաչադեղնավուն կատվանման մի գազան, ամենաավազադարչնագույնն էր և չէր զանազանվում Բարձր Սարահարթի բացարձակ դեղնամոխրադարչագույնից: Սա ձեռնտու էր Ընձուղտի, Զեբրի և մնացածների համար, քանի որ Ընձառյուծը պառկում էր բացարձակ դեղնամոխրադարչնագույն քարի կամ խոտի փնջի վրա, և երբ Ընձուղտը, Զեբրը, Հարավաֆրիկյան Այծքաղը, Արագավազ Այծեղջյուրը, Եղջերավոր փոքրիկ Ժեռայծը կամ Բծավոր քարայծն անցնում էին կողքով, նա ցատկում էր լեղապատառ անելով նրանց, դե իհարկե, նրանց լեղին պատռվում էր: կար նաև աղեղնազեն մի Եթովպացի /այն ժամանակ բացարձակ մոխրադարչնադեղնավուն/, ով Ընձառյուծի հետ ապրում էր Բարձր Սարահարթում: Նրանք միասին էին գնում որսի: Եթովպացին՝ նետ ու աղեղով, Ընձառյուծը բացարձակ ատամներով ու ճանկերով, այնպես որ Ընձուղտը, Հարավաֆրիկյան Այծքաղը, Պտուտակապոզ կուդոն, Աֆրիկյան վայրի ձին և մնացած բոլոր կենդանիները, չգիտեին ուր կորչել: Նրանք իսկապես չգիտեին:
Շատ ժամանակ անց կենդանիները սովորեցին խուսափել այն ամենից, ինչ նման էր Ընձառյուծի կամ եթովպացու:  Կամաց-կամաց առաջինն Ընձուղտը սովորեց զգուշանալ, որովհետև բոլորից երկարոտն էր: Եվ նրանք հեռացան Բարձր Սարահարթից՝ վազ տալով օրեր, օրեր, օրեր, մինչև հասան մի վիթխարի, խիտ անտառի՝ բացարձակ լի բազմապիսի ծառերով, թփուտներով և գծավոր-բծավոր, պեպենոտ-խալավոր ստվերներով, ու թաքնվեցին այնտեղ: Երկար-երկար ձգվեցին օրերը, մինչև սաղարթներից իրենց վրա ընկած սահուն-բեկբեկուն ստվերների ու արևի ճառագայթների շնորհիվ Ընձուղտը դարձավ բծավոր, զեբրը՝ գծավոր, իսկ Հարավաֆրիկյան Այծքաղն ու Պտուտակապոզ Կուդոն իրենց մեջքին ստացան ծառաբնի գույնի, փոքր մոխրագույն գծեր: 
Այսպիսով, չնայած կարող էիր լսել նրանց ձայն ու զգալ հոտը, բայց հազվադեպ կտեսնեիր, այն էլ միայն իմացածդ ուղղությամբ նայելիս: Նրանք հիանալի ժամանակ էին անցկացնում անտառի բացարձակ բծավոր-խալավոր ստվերների ներքո, իսկ Ընձառյուծն ու Եթովպացին վազ էին տալիս բացարձակ մոխրադեղնակարմրավուն Բարձր Սարահարթով և ապուշ կտրած մտածում, թե ուր անհետացան իրենց նախաճաշի, ճաշի և ընթրիքի խորտիկները: Ի վերջո, այնքան անոթիացան, որ ստիպված կերան առնետներ, բզեզներ, վայրի ճագարներ, և երկուսի փորիկներն էլ անչափ ցավեցին:  Շուտով հանդիպեցին Շնագլուխ Կապիկին, շան գլուխ ունեցող Հաչող Կապիկին, որն ամենայն իրավմամբ ամենաիմաստուն կենդանին էր  ամբողջ Հարավային Աֆրիկայում:
Հարցրեց Ընձառյուծը Շնագլուխ Կապկին /սոսկալի տոթ էր/:
-Ո՞ւր է գնացել ամբողջ որսը:
Շնագլուխ կապիկը թարթեց աչքերը: Նա գիտեր:
Հարցրեց Եթովպացին Շնագլուխ Կապկին.
-Կարող ես ինձ ասել տեղի Կենդանական Աշխարհի այժմյան բնակավայրը: /Եթովպացին նույն բանն էր ուզում ասել, ինչ որ ընձառյուծը, բայց միշտ երկարաբանում էր:/
Շնագլուխ կապիկը թարթեց աչքերը: Նա գիտեր:
Հետո ասաց Շնագլուխ Կապիկը.
-Որսը գնացել է ուրիշ գծերով, իմ խորհուրդը քեզ, Ընձառյուծ, ծածկվիր բծերով, որքան կարող ես արագ:
Հետո ասաց Եթովպիացին.
-Այդ բոլորը լավ է, բայց ես ցանկանում եմ իմանալ, թե ուր է չվել կենդանական աշխարհը:
Պատասխան տվեց Շնագլուխ Կապիկը.
-Տեղի կենդանական աշխարհը միացել է տեղի Բուսական աշխարհին, որովհետև վաղուց ժամանակն է փոփոխության, իմ խորհուրդը քեզ, Եթովպացի, փոխվիր որքան կարող ես արագ:
Եթովպացին ու Ընձառյուծը շշմեցին-մնացին, բայց և այնպես ճանապարհ ընկան՝ փնտրելու տեղի Բուսական աշխարհը: Վերջապես, երկար ու ձիգ օրերից հետո տեսան մի երկնասլաց, երկնաքեր, երկնամերձ անտառ՝ լի ծառաբներով, բացարձակ ծածկված պտավոր-պեպենոտ, խալավոր-խատուտիկ, խաչաձև-խայտավոր, գծավոր-բծավոր ստվերներով:
-Այս ի՞նչ է,-բացականչեց Ընձառյուծը,-բացարձակ մթություն, իսկ մթության մեջ՝ լույսի փոքր շերտեր:
-Չգիտեմ,-ուսը թոթվեց Եթովպացին,-բայց սա պետք է որ տեղի բուսական աշխարհը լինի: Ես Ընձուղտի հոտ եմ առնում, լսում եմ ձայնը, բայց չեմ տեսնում նրան:
-Հետաքրքիր է, ինձ թվում է՝ դրա պատճառն այն է, որ մենք հենց նոր դուրս եկանք արևի լույսից: Ես Զեբրի հոտ եմ առնում, լսում եմ ձայնը, բայց չեմ տեսնում նրան:
-Սպասի՛ր, վաղուց է նրանց չենք տեսել ու որսացել, գուցե մոռացել ենք արտաքին տեսքը:
-Ցնդաբանություն,- փնփնթաց Ընձառյուծը:-Ես նրանց հիանալի հիշում եմ Բարձր Սարահարթից, հատկապես ողնուղեղի ոսկորները: Ընձուղտը մոտ տասնյոթ ոտնաչափ է, բացարձակ դեղնակարմրաոսկեգույն, իսկ Զեբրը չորսուկես ոտնաչափ է և բացարձակ մոխրադեղնադաարչագույն:
-Հըմ,- Եթովպացին նայեց տեղի բուսական աշխարհի խատուտիկ-չալպուտուրիկ ստվերներին,- ար այդպես է, նրանք անպայման կերևան այս մթության մեջ, ինչպես հասած բանանների ապխտանոցում:
   Բայց նրանք չէին երևում:  Ընձառյուծն ու Եթովպացին ամբողջ օրը թրև եկան և չնայած զգում էին նրանց հոտը, լսում նրանց ձայները, բայց այդպես էլ ոչ մեկին չտեսան:
-Կաղաչեմ,-խնդրեց Ընձառյուծը երեկոյան, -ե՛կ սպասենք մինչև մութն ընկնելը. ցերեկային որսը կատարյալ գլխացավանք է:
 Եվ այսպես՝ սպասեցին մինչև գիշեր: Ապա ճյուղերի արանքից ընկնող աստղերի գծավոր լույսի ներքո Ընձառյուծը ծանր փնչոց լսեց և ցատկեց ձայնի ուղղությամբ: Կենդանին Զեբրի հոտ ուներ, նման էր Զեբրի, և երբ Ընձառյուծը գլորեց նրան, վերջինս Զեբրի պես աքացի տվեց: Ընձառյուծն այդպես էլ չկարողացավ տեսնել նրան:
-Հանգիստ մնա, հե՜յ, դու տձևի մեկը: Ես կնստեմ գլխիդ մինչև առավոտ, որովհետև ինձ համար ինչ-որ անհասկանալի բան կա:
Քիչ անց լսվեցին խռխռոց, շխկշխկոց ու ծեծկռտուքի ձայն, ապա Եթովպացու կանչը:
-Ես ինչ-որ բան եմ բռնել, որինչեմ տեսնում: Ընձուղտի հոտ ունի, նրա պես աքացի է տալիս, բայց տձևի մեկն է:
-Մի՛ վստահիր նրան,- խորհուրդ տվեց Ընձառյուծը,- ինձ նման նստիր գլխին մինչև առավոտ, նրանցից ոչ մեկը ձև չունի:
Եվ երկուսն էլ այսպես անշարժ նստեցին:
Վերջապես լույսը բացվեց:
-Նախաճաշի համար ի՞նչ ես բռնել, եղբայր,- հարցրեց Ընձառյուծը:
Եթովպացին քորեց գլուխը.
-Սա պետք է որ բացարձակ թանձր կարմրադեղնանարնջաբոսորադարչնագույն Ընձուղտ լիներ, բայց ծածկված է շականակագույն մեծ պտերով: Եղբայր, իսկ դու ի՞նչ ունես նախաճաշին:
Ընձառյուծը քորեց գլուխը.
-Սա պետք է որ բացարձակ մախրադեղնադարչնագույն Զեբր լիներ, բայց ամբողջովին ծածկված է սև, ծիրանագույն զոլերով: Այդ ինչ օրի ես գցել քեզ, Զեբր: Չգիտես, երբ Բարձր Սարահարթում էիր, ես տասը մղոն հեռավորությունից ճանաչում էի քեզ: Հիմա դու ձև չունես:
-Ճիշտ է, - հաստատեց Զեբրը,- բայց սա Բարձր Սարահարթը չէ, չե՞ս տեսնում:
-Հիմա տեսնում եմ,- ասաց Ընձառյուծը,-բայց երեկ չէի տեսնում: Այդ ինչպե՞ս պատահեց:
Եվ նրանք թողեցին Զեբրին ու Ընձուղտին: զեբրն ուղղվեց դեպի մի խումբ ցածրիկ ու փշոտ թփերը, որոնց վրա արևի լույսն ընկնում էր զոլ-զոլ ստվերներով, իսկ Ընձուղտը՝ դեպի մի խումբ բարձրիկ ծառերը, որոնց ստվերները պուտ-պուտ էին:
-Տեսեք, թե ինչ է կատարվում,- ձայնեցին Զեբրն  ու Ընձուղտը: -մե՛կ, երկու, երեք, և ձեր նախաճաշը չկա:
Ընձուղտն ու Եթովպացին չռեցին աչքերը, բայց տեսան միայն գծավոր ու բծավոր ստվերներ, իսկ զեբրի ու Ընձուղտի հետքն անգամ չէր մնացել: Նրանք թաքնվել էին ստվերոտ անտառում: -Հի՜, հի՜, հի՜,-ծիծաղեց Եթովպացին,-արժե սովորել, թող սա քեզ դաս լինի, Ընձառյուծ: Դու այս մութ տեղը նմանվում ես ածխադույլի մեջ ընկած օճառի:
-Հա, հա, հա,-քրքջաց Ընձառյուծը,- իսկ դու կզարմանաս, եթե իմանաս, որ այս մութ տեղը նմանվում ես ածխի պարկի վրա թափված մի բուռ մանանեխի:
-Դե, դե, դե, անուններ կպցնելով  փորդ չես կշտացնի,- հորդորեց եթովպացին: Երկար-բարակ չխոսենք, կարճ ասած՝ մենք չենք սազում մեր շրջապատին: Ես կհետևեմ Շնագլուխ կապկի խորհրդին և գույնս կփոխեմ, քանի որ ուրիշ ոչինչ չունեմ փոխելու:
-Ի՞նչդ կփոխես,- Ընձառյուծն անչափ հուզվեց:
-Մաշկս: Ես կդառնամ մուգ շականակագույն, մանուշակագույնին մոտեցող փոքր-ինչ կապարակապտավուն երանգով՝ իսկ և իսկ փոսերում ու ծառերի ետևում թաքնվելու համար:
Եվ այսպես՝ նա տեղնուտեղը փոխեց մաշկը: Ընձառյուծը, որ առաջին անգամ էր տեսնում մաշկը փոխող մարդու, իրեն լրիվ կորցրեց:
-Իսկ ե՞ս, իսկ ե՞ս,- անհանգստացավ նա, երբ Եթովպացու վերջին ճկույթնը ծածկվեց փայլուն սև գույնով:
-Դու էլ հետևիր Շնագլուխ Կապիկի խորհրդին: Նա քեզ ասաց, որ գնաս ուրիշ գծերով և ծածկվես բծերով:
-Ես հենց այդպես էլ արեցի,- արդարացավ Ընձառյուծը,-քեզ հետ հնարավորինս արագ գնացի ուրիշ գծերով, և լավ էր, որ եկա:
-Օֆ, չես հասկացել,- սրտնեղեց Եթովպացին,- կապիկն ի նկատի ուներ ոչ թե հարավային Աֆրիկայի գծերը, այլ մաշկիդ բծերը:
-Օգուտս ի՞նչ,- ուսը թափ տվեց Ընձառյուծը:
-Ընձուղտից օրինակ վերցրու կամ եթե գերադասում ես գծերը, հետևի՛ր Զեբրին: Գծերն ու բծերը նրանց շատ օգուտ են բերում:
-Հըմ, ես ոչ մի դեպքում չէի ուզենա Զեբրի նմանվել:
-Դե՛, արագ որոշիր,- վրա բերեց Եթովպացին,- գիտես, որ առանց քեզ որսի գնալ չեմ սիրում, բայց եթե չփոխվես, ստիպված մենակ կգնամ, քանի որ քեզ հետ ես կնամնվեմ մազութով ներկված ցանկապատի, իսկ դու՝ կողքիս բուսած արևածաղկի:
-Որ այդպես է, ես բծերն եմ ընտրում, բայց շատ անճոռնի ու մեծ չանես: Ոչ մի դեպքում չէի ուզենա Ընձուղտին նմանվել:
-Մատներիս ծայրերով կսարքեմ բծերդ,- արագ վրա բերեց Եթովպացին,- մաշկիս թանձր սև ներկը քանի դեռ չի չորացել, պատրաստվիր:
Եթովպացին հինգ մատներն իրար մոտեցրեց և Ընձառյուծի ամբողջ մարմնով մեկ հպեց ափը: Կպած տեղը մնացին հինգ փոքրիկ նշաններ: Եվ դու ցանկացած Ընձառյուծի մաշկին կտեսնես դրանք: Երբեմն Եթովպացու մատները սահում էին, և նշանները փոքր-ինչ աղոտ էին ստացվում, բայց եթե Ընձառյուծին մոտիկից նայես, կտեսնես հինգ մեծ ու սև մատնահետքերից հեռու ընկած հինգ աղոտ ու թույլ մատնահետքեր:
-Հիմա դու գեղեցկուհի դարձար,-բացականչեց եթովպացին,-եթե պառկես մերկ գետնին, կնմանվես խճաքարի կույտի: լերկ ժայռերին փռված՝ ավազաքար կհիշեցնես, սաղարթախիտ ծառին թառած, տերևների արանքից թափանցող արևաշողի տպավորություն կթողնես: Ուզենաս՝ ճանապարհի մեջտեղում վեր կընկնես ու առանձնապես ոչնչի չես նմանվի: Մտածի՛ր այդ մասին ու մռնչա հրճվանքից:
-Եթե ես ընդունակ եմ այդ բոլորին, ինչո՞ւ ինքդ բծերով չծածկվեցիր:
-Դե հարթ սևն ավելի լավ է խափշիկի համար,-բացատրեց Եթովպացին,-հիմա գնանք, տեսնենք, թե ուր են այդ մեր պարոն ,,Մեկ-երկու-երեք և Ձեր նախաճաշը չկ,,-ները:
Որից հետո, Սիրելի Փոքրիկ, նրանք գնացին ու ապրեցին, անհոգ, երջանիկ: Ահա և բոլորը:
Ժամանակ առ ժամանակ մեծերն ասում են. ,,կարող է եթովպացին մաշկը փոխել, կամ Ընձառյուծը՝ բծերը,,, կամ էլ ,,կարմիր կովն իր կաշին չի փոխի,,: չեմ կարծում, որ մեծերը նման անմտություն դուրս տային, եթե Ընձառյուծն ու եթովպացին այդպիսի բան արած չլինեին, ի՞նչ ես կարծում: Բայց նրանք էլ  երբեք չեն փոխի իրենց գույնը, քանի որ միանգամայն գոհ են իրենցից:
Հեղինակ՝ Ռադյարդ Քիփլինգ

Комментариев нет:

Отправить комментарий