понедельник, 15 июня 2015 г.

Ամենահյուընկալ քաղաքում

Այնպես ստացվեց, որ հունիս ամսին հնարավորություն եղավ մասնկացել եռաօրյա ճամփորդության Ալավերդիում: Ընդհանրապես ճամփորդությունները կյանքը գունավորող երևույթ են, նորը տեսնելու, գնահատելու, սովորելու և սովորեցնելու միջոց: Ճամփորդությունները հետաքրքիր են, իսկ նախապատրաստական աշխատանքներն՝ անտանելի: Ճամփա ընկանք հունիսի 9-ին՝ առավոտ ծեգին: Օրը պարզ էր և խոստումնալից:
Առաջին կանգառը Սպիտակի եկեղեցին էր, որտեղ երրորդ, թե չորրորդ անգամ էի լինում, և ամեն անգամ այս կամ այն ճամփորդության առաջին կանգառն է: Մի տեսակ արդեն կարծես անգիր եմ արել եկեղեցու ամեն անկյունը, հարազատության զգացում եմ ունենում:
Ճանապարհը երկար է, ընթացքում հոգնում ես: Հերթական կանգառը Կիրովական քաղաքի ճանապարհներից մեկն էր /թե կոնկրետ որը, չեմ կարող ասել/՝ բնութայն գրկում: Ճիշտ է, մայրուղուն մոտ էր գտնվում, բայց բնությունը գեղեցիկ էր, բարալիկ, բայց հզոր հոսանքով գետ էր հոսում, խոտերը գրեթե իմ հասակին էին հասնում, խանգարում էր միայն մոտակա մայրուղու մեքենաների ձայնը:

Վերջապես հասանք Դսեղ: Այս գյուղը բոլորին է հայտնի, ո՞վ չգիտի և չի ճանաչում Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին: Մեծ գրողի ծննդավայրում եղել էի մեկ էլ դպրոցական տարիներին, յոթերորդ թե ութերորդ դասարան էի, երբ եկանք Դսեղ, շատ բան չեմ հիշում.... միայն որ թանգարանում շատ հարցեր տվեցին, որ հաճույքով էի լսում գիտաշխատողի պատմածը և անընդհատ ափսոսում էի, որ Սանահին կամ Հաղպատ չենք գնալու:  Թանգարանը մի լավ ուսումնասիրեցինք, լսեցինք պատմածը, որի մեծ մասն առանց այդ էլ գիտեի, լուսանկարվեցինք և փորձեցինք պատկերացնել, թե ինչպիսի կյանքով է ապրել Թումանյանը այդ տանը: Մի դիտարկում, որ մտքիցս չի հեռանում, մեր սովորողների մեծ մասը չի սիրում թանգարան, չի կարող լսել, նայել, հարցեր տալ, մի տեսակ ստիպողական աշխատանք լիներ կարծես: Հետաքրքիր էր նաև Դսեղի եկեղեցին, որտեղ չմտանք կարծեմ բաց չլինելու պատճառով:
Դսեղից մի փոքր հեռու գտնվում է Ծովեր կոչվող փոքրիկ լիճը, որը բնության հրաշք պետք է համարել: Բարձրադիր վայրում է, ուր հասնելու համար մի հատված քայլեցինք ոտքով ու ճանապարհին երիցուկներ հավաքեցինք: Այնքան հետաքրքիր է,  քայլում ես դեպի վեր անտառի միջով և ահա դիմացդ լիճ է փռվում իր անասելի գեղեցկությամբ և խաղաղությամբ: Լճի հայելանման մակերեսը անդրադարձնում է պայծառ երկնքի պարզությունը, թարմ օդը ուղեկցում է քեզ և նույնիսկ հոգեկան խաղաղություն ես զգում:  Հանգստի հիանալի վայր, ինչքան նկատեցի դեռ խորոված անող և աղտոտող հայրենակիցսներս այս վայրը չէին փչացրել:
Հաջորդ կանգառը Հաղպատ վանական համալիրի մոտ էր: Առաջին անգամ էի և պետք է ասեմ վաղուց էի երազում այստեղ լինել: Հաղպատը և Սանահին մի տեսակ դժվար նվաճվող ծայրեր եղան ինձ համար: Եկեղեցական համալիրը իր վեհությամբ չէր զիջում մինչ այդ տեսածներիս, դժվար էր հասկանալ և ըմբռնել, որովհետև մի քանի եկեղեցիներ էին, տարբեր շինություններ և նման դեպքում տեղաբնակ կամ տեղյակ որևէ մեկի ուղեկցությունը և բացատրությունը շատ տեղին կլիներ: Նկարվեցինք և ուսումնասիրեցին ինչքան կարողացանք: Մի պահ ինձ թվաց, որ եկեղեցին և բլուրը հավասար են, կարծես իրար մեջ խրված լինեին: Եկեղեցու վեհության և գեղեցկության մասին իմ խորհրդածությունները ցրեց տեղաբնակ մի կին իր գոռգոռոցներով, որը մեզ էր ուղղված և որից ես բացասական կարծիք կազմեցի Հաղպատի շրջակայքում ապրող մարդկանց վերաբերյալ:
Վերջապես ժամանեցինք Ալավերդի՝ արդյունաբերական քաղաք, որի աղտոտված օդի մասին շատ են խոսում: Մինչև գալը կարծում էի՝ տեսնելու եմ սև օդով և հիվանդ մարդկանցով մռայլ և անհյուրընկալ մի քաղաք: Իմ տեսածն ինձ զարմացրեց, չնայած հեռվում երևում էր վնասակար ծխի քուլան, բայց օդը բավականին մաքուր էր, իսկ արեգակը պայծառ շողում էր: Մարդիկ բոլորովին էլ հիվանդ չէին, այլ սպիտակամաշկ, գեղեցիկ և չափազանց հյուրընկալ: Քաղաքն ինձ դուր եկավ առաջին հայացքից, մարդիկ ՝ առավել ևս: Ծանոթացանք դպրոցին, ուսուցիչներին, սովորողներին, ծնողներին: Ալավերդիում կա երկու դպրոց, եթե չեմ սխալվում: Մենք նախապես պայմանավորվել էինք, որ մնալու ենք երեխաների տներում: Բնականաբար ինձ դպրոցականի տեղ դրեցին, իբրև թե փոքր եմ երևում, հաճախ են շփոթում:  Յուրքանչյուր սովորող իր հասկակցի հետ գնաց տուն, բոլորն էլ ջերմ էին, բարեհամբյուր և չափազանց հյուրընկալ: Ինձ նույնպես որդեգրեց մի հետաքրքիր ընտանիք: Տան անդամները չորսն էին՝ հայրը, մայրը և երկու աղջիկները: Ինձ այդ տանը օտար չզգացի, այլ կարծես վաղուց էի նրանց ճանաչում: Ամեն հարավորություն ստեղծեցին...դե ես էլ, ինչպես գիտեք, առանձնապես պահանջկոտ չեմ: Ծանոթացանք, զրուցեցինք...
Հաջորդ օրը առավոտյան բոլորս դպրոցի մոտ էինք, հավաքվեցինք, տրանսպորտի մեջ բոլորը խոսում էին իրենց ,,նոր,, ընտանիքներից, բոլորը գոհ էին և զարմացած: Շարժվեցինք դեպի Ախթալայի վանք: Այս եկեղեցին հետաքրքիր էր այնքանով , որ կառուցված էր բարձրադիր վայրում և ամրոցի տպավորություն էր թողնում, պարսպապատ էր: Մոտակայքում կիսաքանդ կառույցներ կային, որոնք մի լավ ուսումնասիրեցինք և հաճույք ստացանք: Չնայած նրան, որ շատ էի լսել վանքի ներսում գտնվող գեղեցիկ և յուօրինակ նկարների ու քանդակների մասին, այդպես էլ չտեսա: Երբ եկանք, եկեղեցին փակ էր, իսկ հետո՝ չհասցրեցի: Փոխարենը լավ ուսումնասիրեցի պարիսպը:
Ճանապարհին մի տեղ կանգ առանք, որպեսզի մի փոքր հանգստանանք և սնվենք: Իմ և սովորողներիս հետաքրքրությունը բորբոքվեց, և մենք քայլեցինք՝ մոտակայքն ուսումնասիրելու և նորը հայտնագործելու հույսով: Չէինք սխալվում, գտանք մի փոքրիկ գետակ, գեղեցիկ բնություն և փայտե կամուրջ, որը չգիտես ուր էր տանում, բայց շան հաչոցից եզրակացրինք, որ այդ ճանապարհով շարունակել չարժե: Գետակի մոտ խաղացինք և չնայած նրան, որ շոր չունեինք, մի լավ թրջվեցինք և այդպես թրջված ներկայացանք մեր ընկերներին՝ հարուցելով նրանց զայրույթը:
Հետո զբոսանք քաղաքով... Չգիտեի, բայց Ալավերդիում ճապանուղի է գործում, ,,թռիչքը,, տևում է տասը րոպե, բայց այդ ընթացքում կարող ես տեսնել քաղաքը, հիանալ և զարմանալ: Ճանապարհը տարավ դեպի Սանահին: Միջնադարյան հզոր վանական համալիրներից մեկը: Սանահինում տարվում էին վերանորոգման աշխատանքներ: Չնայած վերանորոգվող հատվածները փակ էին, բայց մենք սողոսկեցինք և խցկվեցինք ամեն ծակ:
Աշխարհին հայտնի Միկոյաններ...շրջեցինք թանգարանի այգում, նկարվեցինք և խոսեցինք Միկոյանից, նրա ստեղծածից...
Առավոտյան հրաժեշտ տվեցինք մեզ հյուընկալած և հարազատ դարձած ընտանիքներին: Համոզված եմ, ինչպես ես, մյուսներն էլ մինչև հիմա կապ են պահում նրանց հետ: Ճանապարհը երկար էր,  մեր անելիքները՝ շատ:  Տուն հասանք բավական ուշ, բայց ճանապարհին հասցեցինք լինել հետաքրքիր վայրերում: Առաջին կանգառը Օձունն էր, այստեղ էլի էի եղել , դեռ ,,Հնեվանք,, ճամբարում: Հետաքրքիր շինվածք ունեցող ևս մեկ եկեղեցի: Այս անգամ ինձ զարմացրեց եկեղեցու հոգևոր հովիվը, ով սիրով պատասխանեց մեր հարցերին, պատմեց եկեղեցու մասին և մի փոքր էլ մեզնով հետաքրքրվեց... ասածս ո՛չ դրական է /գովեստ/, ոչ էլ բասական:
Երևի ասել եմ, որ ավելի շատ սիրում եմ բերդ ու ամրոց այցելել, քան վանք ու եկեղեցի: Բայց այս եկեղեցին ինձ ուղղակի ապշեցրց: Հայաստանի տարածքում գտնվող ամենազարմանալի եկեղեցին, որին սիրեցի ամբողջ սրտով, Քոբայրն է:  Սա ուղղակի հզոոր էր և շշմելու: Կանգ առանք Քոբայր գյուղի մոտ, քայլեցինք և բարձրացանք վեր ինչքան հնարավոր էր: Եկեղեցական համալիրը կառուցված էր հենց ժայռի մեջ, թեքությամբ, գեղատեսիլ բնության գրկում: Մի տեսակ այնպիսի հզորություն ու վեհություն  էր փոխանցում, որ այն չսիրել չէր կարելի: Կիսաքանդ էր, փորձել էին վերակառուցել, կիսատ և վատ աշխատանքն այդպես էլ մնացել էր: Մոտակայքում քարանձավային մաս էր երևում, բնականաբար խցկվեցի, ապշեցնող և գեղեցիկ տեսարան էր: Իսկ հիմա մի փոքր գյուղի մասին: Ես մտածում էի, որ մենք ապրում ենք 21-րդ դարում՝ հզոր և տեխնիկայի դարում, ուր ամեն ինչ արված է մարդու կյանքը հեշտացնելու համար, բայց այն, ինչ տեսա, հակառակն ապացուցեց: Մարդիկ ապրում էին հին, խարխուլ տներում, որտեղ գազ չկար, չկար հարմարություն, չկար աշխատանք: Բոլորի տների առջև վառարաններ էին /ամառ էր/, հիմնականում վառված էին: Հոսանք չէին օգտագործում, որովհետև թանկ է և չէին կարող վճարել: Ցանկացած կենցաղային հարց լուծելու կամ մի բաժակ թեյ խմելու համար պետք է գնային անտառ, ցախ բերեին և վառեին, որպեսզի տաք վառարանի վրա արդեն ճաշ, թեյ կամ այլ բան տաքացնեին:
Քոբայր գյուղի տխուր վիճակից սթափվեցի Դիլիջանում, Մաթոսավանքի մոտ էինք: Մաթոսավանքը և Ջուխտակ վանքը գտնվում են դեմ դիմաց: Միշտ մտածել եմ, որ այս երկու եկեղեցիների հոգևոր հայրերը երևի հաճախ էին իրար այցելում: Ջուխտակում շատ էինք եղել, այս անգամ որոշեցինք բարձրանալ Մաթոսավանք: Օրեր առաջ հեռուստացույցով հաղորդում էի տեսել Մաթոսավանքի մասին, որտեղ հաղորդավարը նշումները դժվարությամբ գտավ եկեղեցին: Մի բան էլ մտքումս մտածեցի՝ ինչ են չափազանցնում: Իզուր: Նույն օրը և մենք ընկանք: Բայց հետաքրքիր էր: Սովորողների հետ ուսումնասիրելով, նշանները գտնելով, բացահայտելով առաջ շարժվեցին և տեսանք գրեթե փլված, հողից փոքր բարձրություն ունեցող կտուրով եկեղեցին: Եկեղեցի, որի յուրաքանչյուր քարը պատկառանք էր ներշնչում, որի վրա ծակեր շատ կային և խոնավությունը ստիպում էր զայրանալ, թե ինչու չեն վերակառուցում և որ այս դեպքում քիչ տարիներ հետո հիմնահատակ կավերվի:
Բնության գրկում խաղացինք, սնվեցինք, հանգստացանք, հիացանք և ճանապարհ ընկանք: Ճամփորդության վերջում անպայման կանգնեցինք և զմայլվեցինք գեղեցկուհի Սևանով: Այսպես ավարտվեց ևս մի ճամփորդություն, որի հաճելի հուշերը երբեք չեն մոռացվի...
15.06.2015



Комментариев нет:

Отправить комментарий