Ռաուլ Ռազորբակը
շարունակում է մտածել, որ Նատալի Կիմը մյուսների պես սովորական հաճախորդ է: Մեր
գործերն առաջ տանելու համար նա ուրիշ գաղափար ունի:
Մենք միասին
թռչում ենք հարավ-արևելք: Բլրի վրայով անցնում է հրեշտակների համույթը, որոնք
երկրպագուների պես հավաքվել են սիրելի երգչի շուրջը: Վարպետը կոլորիտային է և
խոսում է ձեռքերը թափահարելով: Ես նրան
միանգամից ճանաչում եմ՝ Ֆրեդդի Մեյեր:
Հին կույր ռաբբին
չի փոխվել` փոքրիկ, գեր, ճաղատ, կարտոֆիլի քթով,
մեծ սև ակնոցներով: Այստեղ նրա կուրությունը չի ամաչեցնում: Կույր հրեշտակը
մյուսների պես է տեսնում:
Ռաուլը հրում է
ինձ: Անպետք հուշում է, ես այսպես, թե այնպես, ամեն ինչ հիշում եմ: Ֆրեդդիի
շնորհիվ հայտնաբերման, բացահայտման և
հետազոտման մեր կազմակերպությունն ընդունեց տարաբնույթ տեսք: Նա թանատոսյանների
ժամանակաշրջանի հերոսներից ամենաիսկանանն էր, ամենաոգևորվածը, ամենապահանջկոտը: Նա մտածեց միացնել արծաթե թելերը, որպեսզի ապահովի խմբային թռիչքների հուսալիությունը: Նա է հնարել ֆանտոմների մեջ եղող կռիվների առաջին ռազմավարությունը: Ի՞նչ կարող է ավելի հրապուրիչ լինել, քան նրա հետ արկածներ փնտրելու գնալը:
Մենք միանում ենք
ամբոխին և լսում ենք հին ընկերոջը: Նա անեկդոտ է պատմում:
-Դա պատմություն
է լեռնագնացի մասին, ով ընկեկել է ժայռի վրայից և մի ձեռքով կախված է անդունդի
վրա: <<Օգնեցե՜ք, օգնեցե՜ք, ով կա, փրկեք>>,-հուսահատված գոռում է նա: Հայտնվում է հրեշտակը և ասում. <<Ես քո պահապան հրեշտակն եմ: Հավատա ինձ: Ես քեզ կփրկեմ>>: Լեռնագնացը մի փոքր մտածում է և ասում. <<Ըմ, մ…իսկ այստեղ էլ ոչ մեկ չկա՞>>:
Հրեշտակները
գլորվում են ծիծաղից: Ես նույնպես: Դա հրեշտակների հումորն է: Ես պետք է դրան
սովորեմ:
Ես չափազանց
ուրախ եմ հանդիպել հին հանցակցին: Ով է ասում, որ Դրախտում ձանձրալի է: Ֆրեդդիի
հետ մենք փրկված ենք: Ես նրան աննկատելի նշան եմ անում: Նա նկատում է մեզ և
մոտենում:
-Միշել, Ռաուլ:
Մենք
գրկախառնվում ենք:
Ես հիշում եմ մեր
առաջին հանդիպումները, մեր ինքնաշեն գործիքները, մեր առաջին թռչող աթոռները,
Դրախտի ուղղությամբ ձևավորված առաջին արշավախումբը:
-Թույլ տվեք
ներկայացնել իմ ընկերների նոր խումբը,- բացականչում է Ֆրեդդին:
Լուսավոր էակների
խումբը մեզ շրջապատում է, և ես նրանց մեջ տեսնում եմ ծանոթ դեմքեր՝ Գրուչո Մարկես,
Օսկար Ուայլդ, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Բաստեր Կիտոն, Արիստոֆանես, Ռաբլե…
Մեզ անվանում են Դրախտի
կոմիկներ: Մինչև այստեղ ընկնելս, ես չգիտեի, որ Մոցարտը եղել է այսքան կատակասեր:
Միշտ ինչ-որ ուժեղ կատակ է պահում: Ոչ մի ընդհանուր բան չունի Բեթհովենի հետ, նա
ձանձրալի է:
Ես հարցնում եմ
-Իսկ քո
հաճախորդները:
Ֆրեդդին ուսերն է
վեր գցում: Նա այլևս չի հավատում իր հրեշտակի աշխատանքին և գրեթե չի զբաղվում իր
հոգիներով: Չափից դուրս շատ հաճախորդներ են նրան հիասթափեցրել: Մարդիկ նրան
հոգնեցրել են: Փրկե՞լ նրանց: Նա այլևս դրան չի հավատում: Ինչպես Ռաուլը, նա համոզված է, որ մարդկանց էվոլյուցիայի
ենթարկել չի կարող նույնիսկ ամենաօժտված հրեշտակը:
Արիստոֆանեսն
ասում է, որ վեց հազար հինգ հարյուր քսանյոթ հաճախորդին է հետևում, և բոլորը
տապալվել են: Կիտոնը բողոքում է, որ իր մոտ բարոյալքվածներ և լույսը կորցրածներ
են: Օսկար Ուայլդն ասում է, որ դա ոչինչ է իր հինդուիստների և նրանց սկեսրայրների
համեմատ, ովքեր այրում էին իրենց հարսների սարիները, որպեսզի ապահովագրություն
ստանան: Գրուչո Մարկեսը մի կերպ գլուխ է հանում կարմիր կիմերաներից, ովքեր ոչ մի
կերպ չեն կարողանում ջունգլիներում հարթել իրենց տարաձայնությունները: Ռաբլեն
ձեռքերը երկինք է կարկառում, երբ խոսում է Սան-Պաուլոյի երեխաների մասին, ովքեր
առավոտից երեկո սոսինձ են հոտոտում և շատ քիչ դեպքերում են ապրում մինչև տասնչորս
տարեկան:
-Ինչպես երևում
է, ամենաբարդ դեպքերը հանձնարարում են կոմիկներին:
-Դա չափազանց ծանր
է: Մեր մեծամասնությունը ի վերջո թքում է ամեն ինչի վրա: Մարդկանց օգնել հնարավոր
չէ:
Ես ներկայացնում
եմ Էդմոն Ուելսի փաստարկը:
-Բայց այստեղ մեր
ներկայությունը ապացուցում է, որ կարելի է դուրս գալ վերամարմնավորման փուլից: Եթե
մենք կարողացանք, նշանակում է մյուսներեն
էլ են դրան ընդունակ:
-Հնարավոր է
մարդկանց մոտ ամեն ինչ այնպես է , ինչպես սերմնահեղուկի դեպքում,- արտասանում է
Ռաուլը:-Երեսուն միլիոնից միայն մեկին է
հաջողվում ընկնել ձվաբջջի մեջ: Բայց ես այդքան համբերություն չունեմ, որ փորձարկեմ
երեսուն միլիոն հոգի, որ դրանից հետ վերջապես ինձ թույլատրեն անցնել Զմրուխտյա
դռնով:
Իմ ընկերը շատ
ուրախ է, որ միայն իր մոտ չէ ամեն ինչ լքելու ցանկությունը, Ֆրեդդի Մեյերը նրա հետ
է: Նա նույնպես այլևս չի զբաղվում իր հոգիներով և ոչ էլ սեփական զարգացմամբ: Նա
այլևս հավակնություններ /ամբիցիաներ/ չունի: Նա ցանկանում էր իր մնացյալ
գոյությունը անցկացնել ծիծաղելով՝ մոռանալով մահկանացուների աշխարհի մասին: Նա
կորցրել է հավատը մարդկության հանդեպ, հավատում է միայն հումորին:
Ի՞նչ կարող էր
պատահել, որպեսզի այդ ուրախ րաբբին փոխակերպվեր այսպիսի հիասթափված լուսավոր
գոյության:
-Հոլոքոստ,-հոգոց
է հանում նա: -Հրեաների ցեղասպանությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի
տարիներին:
Նա կախում է
թուլացած գլուխը:
-Այստեղից ավելի
լավ է երևում: Ամեն ինչ հասկանում ես: Ցանկացած տեղեկատվության թույլտվություն
ունես: Ես հիմա գիտեմ,թե ինչ է տեղի ունեցել իրականում և դա սարսափի սահմաններից դուրս է:
-Ես….
-Չէ, դու չգիտես:
Հերթ գազով լցված խցիկների մոտ, երեխաներ, որոնց խլում են մայրերի ձեռքերից,
որպեսզի գցեն դիակիզարանի վառարանները, բժշկական փորձեր մարդկանց վրա… Անհրաժեշտ է
բարձրանալ այստեղ, որպեսզի ամեն ինչ տեսնես և ամեն ինչ զգաս: Ես չեմ կարողանում
մոռանալ այդ կերպարները:
Ես փորձում եմ
տալ իմ բացատրությունը.
-Գուցե այդ
դաժանությունները տեղի են ունեցել, որովհետև հրեշտակները, ինչպես դու հիմա,
դադարել են զբաղվել իրենց գործով:
Բայց Ֆրեդդին ինձ
այլևս չի լսում:
-Չեմ ուզում
այլևս ոչինչ իմանալ, ուզում եմ միայն ծիծաղել, ծիծաղել, ծիծաղել… ընդմիշտ հարբել
ծիծաղից և զվարճալի պատմություններից: Եկեք ծիծաղենք, ընկերներ: Կծիծաղենք և
կմոռանանք ամեն ինչ:
Ինչքան է նա
փոխվել, իմ սիրելի Ֆրեդի: Արդյոք ծիծաղը վարակովի է: Նա ծափահարում է:
-Է՜յ, այստեղ
ձանձրալի է դառնում, արագ մի զվարճալի պատմություն, անեկդոտ,-պահանջում է նախկին րաբբին
և թանատոսյանը:
Դժվար է ճիշտ
հնչունից սկսելը նման հիշեցումներից հետո, բայց Օսկար Ուայլդը ի վերջո փորձում է
ցրել Ֆրեդդիի վատ հիշողություններից ծանրությունը:
Պատմություն է իր
մոր հետ ճամփորդող Հիսուսի մասին: Նրանք մի գյուղ են գնում և տեսնում են, որ
դավաճանած կնոջ վրա ուզում են քարեր նետել: Այդ ժամանակ Հիսուսը միջամտում է և
ասում.,,Ով մեղք չի գործել, թող նետի առաջին քարը,,: Շշուկներ ամբոխի մեջ, հետո բոլորը իջեցնում են
քարերը: Հիսուսն ուզում է ազատել երիտասարդ կնոջը ծափահարությունների ներքո, երբ
հանկարծ մի մեծ քար թռչում է օդ և գնուավորում է անբախտին: Հիսուսը շրջվում է և ասում.
,,Դե, մայրիկ, ձեզ չի թվում, որ երբեմն չափն անցնում եք…,,:
Լսվում են մի
փոքր լարված ծիծաղներ:
-Լավ է, որ
Հիսուսը մոտակայքում չէ,- սովորական լրջությամբ նկատում է Բաստեր Կիտոնը,- նրան
դուր չեն գալիս մոր մասին անեկդոտները…
Խոսք է վերցնում
Գրուչո Մարկեսը:
-Ահա պատմություն
մեկի մասին, ով անընդհատ դժգոհում էր, որ իր բախտը չի բերում վիճակախաղում:
Հայտնվում է նրա պահապան հրեշտակը և ասում. ,,Լսի՛ր, ես շատ եմ ուզում քեզ օգնել
հաղթել, բայց գոնե մեկ տոմս գնիր,,:
Բոլորը արդեն
գիտեն այս անեկդոտը, բայց միևնույնն է ծիծաղում են:
Ես և Ռաուլը չենք
մասնակցում համընդհանուր զվարճանքին, որը մեզ մի փոքր արհեստական է թվում:
Այդ պահին
հայտնվում է Մերլին Մոնրոն: Նա թռչում է Ֆրեդիի գիրկը: Հրեշտակ դառնալով նա
պահպանել է նույն շքեղությունը, նույն կախարդանքը, որը Նորմ Ջեին Բեյկերին վերածեց
լեգենդի: Ես կարծում եմ անարդար է, որ տարիների ծաղկման շրջանում գտնվող աստեղերը
այստեղ մնացել են նույնքան հիասքանչ այն դեպքում, երբ ովքեր մահացել են ծերության
օրերին, ինչպես Լուիզա Բրուկսը կամ Գրետա Գարբոն, ընդմիշտ պահպանել են ժամանակի
անուղղելի վիրավորանքը:
-Ես չեմ
ներկայացնի ձեզ այս մադմազելին,- ինքնավստահ ասում է րաբբին:
Նա շոյում է
տիկնոջ մեջքից մի փոքր ներքև եղող հատվածը, և եթե ես չիմանայի, որ մենք այստեղ
զրկված ենք սեքսուալությունից, ապա հեշտ կեզրակացնեի, որ նրանց միջև ինտիմ կապ կա:
Իրականում նրանք զվարճանում են, նմանակում են հին ինտիմ շարժումներ, չնայած նրանց
մատները չեն կարող որևէ բան զգալ: Ես հարցնում եմ ինձ, ինչ կարող էր գտնել այս
գեղեցկուհին այդ կլորիկ, ճաղատ մարդուկի մեջ, և պատասխանը գալիս է ինքնաբերաբար՝
հումոր: Մերլինը Ֆրեդդիին է տալիս իր
գեղեցկությունը: Ֆրեդդին էլ նրան իր հումորն է տալիս:
-Միս Մոնրո,
խելքի բերեք նրան,-ասում է Ռաուլը:
-Ցավում եմ, բայց
ես նույնպես սրտնեղած եմ սարսափելի Հոլոքոստից: Գիտեք, իսկ ես մինչև Արթուր
Միլլերի հետ ամուսնանալը, հինդուիզմ էի ընդունել:
Ես ցանկանում էի
հարցնել նրա մահվան իրական պատճառը, բայց պահն այնքան էլ հարմար չէր:
-Սկզբում,-
շարունակում է Մերլինը,- Ֆրեդդին իջնում էր նախկին համակենտրոնացման ճամբարներ,
որպեսզի օգնի այնտեղ մնացած հոգիներին բարձրանալ Դրախտ: Իսկ հետո ամեն ինչ թողեց,
նրանք այնտեղ չափազանց շատ են: Չափազանց շատ մարդիկ են ծանր տանջանքների ենթարկվել
ժողովուրդների և երկնքի անտարբերության ներքո: Չէ որ նման հանցանք կատարածները
փրկության արժանի չեն: Ես հասկանում եմ նրան և նույնպես չեմ ցանկանում ոչինչ անել
մարդկանց համար: ,-ասում է նա վատ թաքցրած կատաղությամբ:
-Հուսահատության
մեջ ընկնելու փոխարեն ավելի լավ չէ՞ փորձել հասկանալ,-առաջարկում է Ռաուլը:
-Շատ լավ: Այդ
դեպքում ես քեզ հարց կտամ: Նման հանցանքներն ինչո՞ւ են մնում առանց պատժի: Ես քեզ
եմ հարցնում: Ինչո՞ւ: Ինչո՞ւ,- գոռում է Ֆրեդդին:
Մտահոգված Ռուլը
պատասխանում է.
- Որովհետև
համակարգը ավելի բարդ է ,քան թվում է:
Մենք պետք է պարզենք, ով է որոշում կայացնում մեր հրեշատկների աշխարհում:
Եթե մենք չբացահայտենք տիեզերական օրենքներն ամբողջությամբ, Հոլոքոստը գաղտնիք
կմնա և նույնիսկ կարող է կրկնվել: Քո ցավի մեջ ներփակվելու փոխարեն ավելի լավ է
օգնես մեզ բացահայտել ,,յոթերի,, աշխարհի գաղտնիքը: Դա կկանխեր նոր զանգվածային
ջարդերը:
Բայց րաբբի
Մեյերը համառում է.
-Մարդկությունն
ընդունակ չէ զարգանալ, ամեն ինչ տանում է ինքնակործանման: Մարդիկ իրար չեն սիրում:
Նրանք միմյանց բարիք չեն ցանկանում: Ամենուրեք մոլեռանդություն է,
ազգայնամոլություն է, ծայրահեղականություն… ոչինչ չի փոխվել: Ոչինչ չի փոխվի: Անհամբերությունը, ինչպես երբեք, օրակարգում է:
Մահկանացուներին
բարեխոսելու իմ հերթն է գալիս:
-Մարդկությունը
շարժվում է խարխափելով: Երեք քայլ առաջ, երկու քայլ հետ, բայց արդյունքում առաջ է
գնում: Այն գտնվում է 333 հարթության վրա, բայց կանցնի, ինչպես ինձ թվում,334-ին:
Դա անհերքելի է: Իսկ եթե նույնիսկ մենք՝ հրեշտակներս, հրաժարվենք , ո՞վ կարող է
փրկել մարդկանց:
Ֆրեդդին
անսպասելի շրջվում է մեջքով, կարծես թե ուժասպառ է մեր դատողություններից:
-Թողնենք
մահկանացունցրին իրենք իրենց: Երբ նրանք հասնեն վերջին օրվան, գուցե նրանց մեջ
արթնանա ինքնապահպանման բնազդը, որպեսզի բարձրանան մակերևույթին:
Միանալով
ընկերներին նա նորից բացականչում է.
-Գնանք,
ընկերներ, ծիծաղենք, և մարդկության ճակատագիրը իրենց թողնենք:
Բերնար Վերբեր ,,Հրեշտակների կայսրությունը,,
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի
Комментариев нет:
Отправить комментарий