суббота, 26 сентября 2020 г.

Անկախության տոնը՝ քայլարշավով, ուխտագնացությամբ


Սեպտեմբերի 21-ը հերթական հնարավորությունն էր մեր հայրենիքի ևս մի հատվածը ճանաչելու, իրական տոն ունենալու, քայլելու և  աշնանային թարմ օդն ու բնությունը վայելելու: 
Ուղղությունը՝ Ուրցաձորի Սուրբ Հովհաննես Կարապետի վանական համալիր: 
Նախորդ տարիներին Սուրբ Հովհաննես տանող ճանապարահը հողապատ, անհարմար, երկար քայլելու ճանապարահ էր: Ի զարմանս մեզ, ճանապարհը նորոգվել և ասֆալտապատվել էր, այժմ ցանկացած մեքենա կարող է հասնել հենց եկեղեցու մոտ, ինչն, իհարկե, ունի և՛ դրական կողմեր, և՛ բացասական: Համալիրն այժմ ունի Վանահայր, քիչ-քիչ ընթանալու են վերանորոգման աշխատանքներ. Սուրբ Հովհաննեսն այժմ գործող եկեղեցի է: 
Ճանապարհն անցանք քայլքով,  աշուն է, արդեն հասել է ալոճը (Սուրբ Կարապետի ճանապարհին միայն բարդիներ են և ալոճի ծառեր, կլիման չորային է, հանդիպում են նաև կարճ թփեր, երբեմն՝ մասրենիներ). համտեսելով, վայելելով, զրուցելով, ծանոթանալով հասանք Սուրբ Կարապետ: 
Այստեղ ևս որոշ փոփոխություններ էին արվել, ջրի աղբյուր էր կառուցվել, և խորոված անող ,,ուխտավորների,, պակաս չկար:  Բակում հանդիպեցինք նորանշանակ վանահայր Արիստակեսի հետ, ով շրջեց մեզ հետ վանքում, պատմեց կառուցման, շինության մասին, մեկնաբանեց վանքի բարավորի քանդակը: Զրույցից մի հատված տե՛ս տեսանյութում. 

Սուրբ Հովհաննես Կարապետ վանական համալիրը Հայաստանի հետաքրքիր եկեղեցիներից մեկն է, քիչ հեռու գտնվող բնակավայրի անունով կոչվել է նաև Զնջռլու. վանահայր Արիստակեսի մեկնաբանմամբ ստուգաբանությունը կապված է մի պատմության հետ. դարեր շարունակ այստեղ են բերել զնջիլով՝ երկաթյա շղթաներով փաթաթված դիվահարների, ովքեր բուժվելով այստեղ են թողել շղթանեը և առողջ հեռացել: Այժմ բնակավայրի անվանումը Մոշաղբյուր է: Համալիրը եղել է մեծ կրթական կենտրոն և ավիրվել է երկրաշարժից: 

Եկեղեցու ներսում տեսանք Պռոշյանների տոհմական նշանի բարձրաքանդակը՝ թևատարած արծիվը՝ խոյը ճանկերում բռնած: 
Աննկարագրելի գեղեցիկ է եկեղեցու միակ արևմտյան մուտքի բարավորի քանդակը՝ Մարիամ Աստվածածինը բազմած է բարձի վրա, գրկին մանուկ Հիսուսն է, իսկ շուրջը կանգնած են հրեշտակներ: 


Տարածքում շրջելուց, ուսումնասիրելուց և բրդուճներով ճաշելուց հետո ուղևորվեցինք Հրեշտակների ձոր: Այս վայրը վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ հայտնի է Հայաստանում և մեծաթիվ այցելուներ ունի: Բնական ճանապարհով առաջացած քարե կոթող է, որտեղով ժամանակին  անցել է Վեդի գետի վտակներից մեկը, և անդադար հոսելով շատ գեղեցիկ կիրճ է ձևավորել: Կիրճը և չկրկնվող ճայռային հատվածները  ձգվում են յոթ կիլոմետր երկարությամբ: 
Կիրճի ամբողջ տարածքով տեղադրված են նշաններ, քարերի վրա արված գունային սլաքներ, որոնք թույլ են տալիս կողմնորոշվել տեղանքում: 

Մեր հաճելի օրն ավարտեցինք հենց այս գեղեցիկ և մարդկանց կողմից ,,Հրեշտակների ձոր,, կոչված վայրում: 
Լուսանկարները. 









 


Комментариев нет:

Отправить комментарий