воскресенье, 6 сентября 2020 г.

Նոր ուսումնական տարին սկսեցինք Մայրավանքի բարձունքից


Նոր ուսումնական տարվա առաջին օրը որոշեցինք սկսել բարձունքի հաղթահարմամբ: Ընտրված բարձունքը Ծաղկունյաց լեռների գրկում գտնվող Մայրավանքն էր: Այս ճամփորդության նպատակը նաև Միջին դպրոց նոր տեղափոխված վեցերորդ դասարանցիներին ծանոթանալն էր:
 Եվ այսպես սեպտեմբերի մեկը սկսեցինք քսան պայծառ վեցերորդցիների հետ, բոլորը տարբեր և յուրօրինակ մտածողությամբ: 
Մայրավանքը գտնվում է Ծաղկունյաց լեռներում, այնտեղ հասնելու համար Բջնիով պետք է գնալ Սոլակ գյուղի մոտ, որտեղից էլ սկսվում է քայլքի ճանապարհը:  Բջնի-Սոլակ ճանապարհին մեզ ուղեկցում է Հրազդան գետը: 

Առաջին կանգառը Բջնի գյուղի տարածքում Հրազդան գետի մոտ էր, և՛ գետից խոսեցինք, և՛ տեսանք գետնից դուրս ժայթքող փոքրիկ գեյզերը, որի շուրջը ժանգոտ գույն էր ստացել՝ մեծ քանակոթյամբ երկաթ պարունակելու պատճառով: 
Հաջորդ կանգառն արդեն բարձունքի ստորոտին էր՝  Սոլակ գյուղի տարածքում, էլի Հրազդան գետի ափին, որտեղ նախաճաշեցինք և պատրաստվեցինք բարձունքը հաղթահարել: Ափը, ինչպես միշտ, կեղտոտ էր, այս հատվածում շարունակում են կանգ առնել  ճանապարհորդներ, կերուխում անել, թափել և կեղտոտել տարածքը: Սովորողներն իրենց նախաձեռնությամբ մաքրեցին, հավաքեցին թափված աղբը: 
Այնուհետև սկսեցինք բարձրանալ. օրը սպասվածից տաք էր, ճանապարհը ՝ երկար, ջուրն էլ՝ շուտ սպառվող: 

Մայրավանք բարձրանալու համար անհրաժեշտ է սկզբում քայլել քարե սանդուղքով, հետո բարձրանալ ,,անապատային,, քարքարոտ լանջով, իսկ հետո քայլել եղևնիների և կաղնիների անտառով: Մենք քայլեցինք 2,5 ժամ ՝ հանգստանալով, զրուցելով-ծանոթանալով և իրար ջուր փոխանցելով, միրգ և բանջարեղեն հյուրասիրելով: Միշտ էլ լինում է, որ մի պահ հոգնում ես, բայց երբեք հետ գնալու մասին չենք մտածում: Շուտով երևաց Մայրավանքը, մի փոքր էլ և մենք բացատում ենք...
Մայրավանքում հնչեցին մեր ,,Ուսումնական պատարագ,, նախագծով սովորած հոգևոր երգերը : Ամբողջը տեսանյութում...

Մայրավանքը Միջնադարյան Հայաստանի հետաքրքիր եկեղեցիներից մեկն է, որպես տարածաշրջանի մայր եկեղեցի մինչև այսօր էլ ունի մեծաթիվ այցելուներ, ուխտագանացներ: 
Սկսել են վերանորոգել. վերջին շրջանում վերանորոգման վերաբերյալ համացանցում մեծ աղմուկ բարձրացավ: Վերանորոգման համար պոկված առանձնացած հին կտորները չեն օգտագործում, նախագծի ղեկավարները որոշել են հնի և նորի միքս անել, համոզված են, որ այդպես ավելի ժամանակակից կլինի: Դեռ պարզ չէ, ժամանակակից կլինի, թե՞ հերթական անճաշակությունը. արդյունքում մշակութային կոթողն այլանդակվում է: 
Վայրէջքն արդեն ավելի թեթև և արագ ստացվեց, երգելով, պատմելով, իրար օգնելով....
Հետաքրքիր սերունդ է, հստակ գիտի ինչ է ուզում, վստահ է ու չկրկնվող.... Սովորողները բացահայտեցին Մայրավանքը, մենք՝ սովորողներին: 
Հ.Գ. Մայրավանքի բարձունքը լուրջ բարձունք է, երկար ճանապարհ, ու էս պստիկները հեշտ հաղթահարեցին.... Հրաշալի օր հրաշալի մարդկանց հետ...Կեցցենք բոլորս...
Սովորողների տպավորությունները՝ պատումներում.

Комментариев нет:

Отправить комментарий