Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 25-հոկտեմբերի 10
Մասնակիցներ՝ 6-8-րդ դասարանի սովորողներ, այլ ցանկացողներ...
Նպատակը՝
- ճանաչել Կոմիտաս-բանաստեղծին, Կոմիտաս- մարդուն
- տարածել Կոմիտաս՝ ընթերցելով և երգելով
- հետազոտական, վերլուծական հմտություններ ձևավորել
Ընթացքը, նախագծային գործունեության ձևեր
- Կոմիտասի բանաստեղծությունների, հոդվածների ընթերցում, վերլուծություն
- Կոմիտասի բանաստեղծությունների ընթերցում, տեսագրում, ձայնագրում, տարածում, հանրայնացում համացանցում
- Խաղում ենք Կոմիտաս. Կոմիտասի բանաստեղծությունների բեմադրում-խաղ, տեսանկարահանում, փաթեթի պատրաստում
- Կոմիտասն ընտանիքում
Ընթերցումներ
6-րդ դասարան
Հետաքրքիր փաստեր Կոմիտասի մասին
1.Քո կարծիքով ինչպիսի մարդ էր Կոմիտասը, բնութագրի՛ր:
2. Բառարանի օգնությամբ բացատրի'ր գիրուկ, կեղծանուն, հոդվածագիր, կարճահասակ, անհիշաչար, անհաճո բառերը:
3. Ինքնուրույն հետազոտական աշխատանք՝ համացանցից գտնել հետաքրքիր պատմություններ ։ Ներկայացնել տեսագրության կամ ձայնագրության տեսքով, նշել աղբյուրը։
Ճանապարհ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։
1. Փորձի՛ր նկարագրել ճանապարհը:
2. Գրի՛ր ճանապարհ բառի հոմանիշները:
3. Ներկայացրո՛ւ հետաքրքիր մի դեպք, որ տեղի է ունեցել այդ ճանապարհին:
4. Ստեղծել ընթերցում-բեմադրություն, տեսանկարահանել։
Առակ
Կար ու չկար,
Մի մոծակ կար:
Բզզոց, Դզզոց,
Եկաւ
Նստաւ
Ճակտին վըրան.
Բացավ բերան,
Հանեց իր փուշ
Ու եկավ կուչ.
Ձայնը կտրեց,
Ինծի խաբեց.
Կըծեց, ծակեց,
Թույնը թափեց
Նշան դրավ,
Ելավ, թռավ:
Մոծակ անկոչ,
Երկարապոչ,
Դու բան չունե՞ս,
Դու քուն չունե՞ս
Իմ ճակատին
Դու ի՞նչ ունես:
-Այդ պարտքս է
Բայց ինձ լսե՝
Սազով
Նազով
Ձայն եմ տալիս,
Այնպես գալիս:
Զգուշացի՛ր
Դու մլակից,
Որ կրծում է
Կաշու տակից:
1. Մեկ բառով բնութագրի՛ր մոծակին:
2. Բացատրի՛ր այս տողերը՝
Զգուշացի՛ր
Դու մլակից,
Որ կրծում է
Կաշու տակից:
3. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը:
Հունձ
Ջեռավ ամառն ու ջեռավ,
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։
Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։
Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։
Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։
1. Բացատրի՛ր բառերը՝ հունձ, կալ, հերկել, ցայտել, ջեռալ:
2. Գրավոր ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը:
3. Տարվա ո՞ր եղանակն է ներկայացված, բանաստեղծությունից մեջբերումներ արա:
4. Ի՞նչն է բանաստեղծության մեջ իշխում, ձա՞յնը, գու՞յնը, թե՞ այլ բան: Հիմնավորի՛ր պատասխանդ:
5. Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը, ի՞նչ ձայն ունի:
7-րդ դասարան
Դիտակ
Դու ինչեր ես տեսնում, ինչեր, ո՜վ դիտակ,
Որ մեր աչքին է աներևույթ , անգիտակ.
Երկնի օրը քեզանով ենք կատարում,
Երկնի խորը քեզանով ենք պատառում:
Դարձի՛ր, դարձի՜ր, ով իմ դիտակ լուսածին,
Կյանքի, ջանքի, հուսո հնար ճարելով,
Զարթիր, զարթիր, ով իմ գիտակ հուսածին՝
Մտքի, հոգու, սիրո քնար լարելով: /Կոմիտաս/
2. Բացատրի՛ր բառերը՝ դիտակ, աներևույթ, անգիտակ, պատառում, քնար, հուսածին:
3. Բացատրի՛ր վերնագիրը:
4. Գրավոր ներկայացրո՛ւ , թե ինչ է ասվում բանաստեղծության մեջ:
5. Ըստ բանաստեղծության գրի՛ր դիտակի հատկանիշները /ինչպսին լինելը/:
6. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ դուր եկած պատկերը և բացատրի՛ր:
7. Բանաստեղծության մեջ կանաչ գույնով ներկի՛ր մեկ կոչական նախադասություն:
8-րդ դասարան
Ես սիրեցի անփուշ վարդ
Ես սիրեցի անփուշ վարդ,
Տեսա ճերմակ, անփուշ վարդ,
Կրծքիս վրա դրի զարդ.
Հոտոտեցի, բույր չուներ,
Սիրտս մխաց բարդ ի բարդ:
Տեսա կարմիր փշոտ վարդ,
Ավաղ ձեռքս ծակոտեց.
Արյուն հոսի վարդնե ցարդ՝
Բույրը մտավ քիմքես ներս:
1.Բաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրի՛ր այն:
2. Բանաստեղծության մեջ ցույց տո՛ւր հակադրությունը:
3.Բացատրի՛ր այս տողը՝ ,,Սիրտս մխաց բարդ ի բարդ,,:
. 4. Դուրս գրի՛ր վարդի հատկանիշները/ինչպիսին լինելը/:
5.Քո կարծիքով ի՞նչ թեմայով գրված բանաստեղծությունը:
6.Գրավոր պատմի՛ր, թե ինչ է ասվում բանաստեղության մեջ:
7.Հորինի՛ր երկխոսություն քնարական հերոսի և վարդի միջև:
Ստեղծագործությունների փաթեթ
Արձակ ստեղծագործություններ
- ,,Հակաբացիլ Կոմիտաս,, ընթերցումների պատրաստում, տարածում համացանցում,
- Կոմիտասի բանաստեղծությունների խաղ-ընթերցումների փաթեթի պատրաստում:
- Այցելություն Կոմիտասի թանգրան-ինստիտուտ, նախագծի ամփոփում, բացօթյա ընթերցումներ Կոմիտասի այգում:
Արդյունքները հրապարակվում են կայքում և սովորողների բլոգներում:
Комментариев нет:
Отправить комментарий