Մի առավոտ մտնում եմ գրասենյակ, տեսնեմ՝ մեր հաշվապահ միսիս Հիլպլին վերարկուն հագնում է, գլխարկը դնում, իսկ աչքերից արցունք է հոսում։ Ապրիլ ամիսն էր, և ի՛նչ անենք, որ ես եղած-չեղած՝ մի ինչ-որ գարշելի թաղման բյուրոյում չնչին գրասենյակային աշխատող էի։ Մի՞թե ես չունեի նոր գլխարկ ու նոր կոշիկներ։ Մի՞թե Հարավային խաղաղ-օվկիանոսյան ընկերությունը շաբաթ օրերը էժանացրած տարիֆով հատուկ գնացքներ չի ուղարկում Մոնտրեյ։ Եվ մի՞թե ես չեմ պատրաստվում վաղը գնալ Մոնտրեյ, ծովափ։ Շաբաթ օրը կաշխատեմ մինչև կեսօր, մտածում էի ես, Չարլիի կաֆեում մի հիանալի շնիցել կուլ կտամ տասնհինգ սենթով, հետո շտապ կգնամ Հարավային խաղաղօվկիանոսյան կայարան, հատուկ տոնական տոմս կգնեմ Մոնտրեյ գնալ-գալու համար, գնացք կնստեմ և շաբաթ օրվա կեսից մինչև երկուշաբթի առավոտը ազատ կլինեմ թռչունի պես։ Մի նկարազարդ ժուռնալ կգնեմ և մինչև Մոնտրեյ ամբողջ ճանապարհին պատմվածքներ կկարդամ։ Բայց ահա, մտնում եմ գրասենյակ, իսկ մեր հաշվապահ Միսիս Հիլպլին հագնում է իր վերարկուն, ծածկում է գլխարկը, իսկ աչքերից արցունք է հոսում։ Ես դադարեցի սուլել և շուրջս նայեցի։ Ամեն ինչ լուռ էր։ Միստր Ուայլիի առաձնասենյակի դուռը կիսաբաց էր, այնպես, որ պետք էր կարծել, որ նա արդեն եկել է։ Գրասենյակում ուրիշ ոչ ոք չկար։ ժամը ութն անց էր քսան րոպե, և լսվում էր, թե ինչպես բարձր թիկ-թակ է անում ժամացույցը, որի ձայնը սովորաբար մարդ չի նկատում։
- Բարի լույս, Ջո՛, - ասաց նա։
Ես չմոտեցա իմ փոքրիկ պահարանին՝ գլխարկս կախելու և սեղանիս մոտ գնալու, որովհետև զգում էի, որ այստեղ մի ինչ-որ վատ բան է պատահել։ Ինձ թվում էր, որ անքաղաքավարություն կլինի գլխարկս կախել ու նստել սեղանիս մոտ, առանց նախապես իմանալու, թե ինչ է պատահել և ինչու է միսիս Հիլպլին վերարկուն հագնում, գլխարկը ծածկում ու լաց լինում։ Միսիս Հիլպլին պառավ կին էր, նա բեղեր ուներ, խիստ կուզիկացել էր, նրա ձեռքերը չոր էին, կնճռապատ, և ոչ ոքի նա դուր չէր գալիս, բայց չէ՞ որ ապրիլ ամիսն էր, իսկ ես ունեի նոր գլխարկ և նոր կոշիկներ, և չէ՞ որ ես միսիս Հիլպլիի հետ միևնույն գրասենյակում աշխատել էի դեռ սպտեմբեր ամսից, աբողջ ձմեռը, և չեմ ասի թե նրան սիրում էի, ես նրա համար չէի խելագարվում, բայց նա բարեսիրտ պառավ էր, և ես չէի կարող այնես հեշտությամբ գնալ գլխարկս կախել և իմ աշատանքային օրն սկսել, որպես թե ոչինչ չի եղել։ Ես պետք է նախ խոսեի նրա հետ։
-Միսիս Հիլպլի, - ասացի,- որևէ բա՞ն է պատահել։
Նա գլխով ցույց տվեց միստր Ուայլիի առաձնասենյակի կիսաբաց դուռը և նշան արեց, որ ես չխոսեմ այլ պարզապես գնամ գլխարկս կախեմ ու գործի անցնեմ։ «Հասկանում եմ, - մտածեցի ես։ -Դիրեկտորը նրան վռնդել է»։ Այսքա ҃ն տարվա աշխատանքից հետո։
- Միսիս Հիլպլի, - ասացի ես, - գուցե դուք զրկվե՞լ եք ձեր տեղից, Հա՞։
- Ես ինքս եմ դիմել հեռանալու համար, - ասաց նա։
- Ճշմարիտ չէ, - ասացի ես։
-Դուք չեք դիմել։ Ես երեխա չեմ։ Ինձ չեք խաբի։
Միսիս Հիլպլիի ռոճիկը շաբաթական քսանյոթ դոլլար և հիսուն սենթ էր։ Առաջ, երբ նա նոր էր ծառայության մտել թաղման բյուրոյում, նրան վճարելիս են եղել ութ դոլլար։ Ինձ արդեն սովորեցրել էին նրա աշխատանքը կատարել, և իմ ռոճիկը շաբաթական տասնհինգ դոլլար էր, դրա համար նրանք վռնդել էին պառավ լեդիին։ Իհարկե, ես շատ գոհ էի, որ աշխատանք ունեմ․ ես պատրաստվում էի գնալու Մոնտերեյ և երեք դոլլարանոց նոր կոշիկներով ու նոր գլխարկով ինձ հիանալի էի զգում, բայց ամենևին սրտովս չէր, որ իմ պատճառով լաց լինի միսիս Հիլպին, այն էլ այդ տարիքին։
- Միսիս Հիլպլի, - ասացի։ - Ես որոշել եմ այսօրվանից թողնել իմ ծառայությունը և այդպես էլ կանեմ։ Ես մի քեռի ունեմ Պորտլանդում, նա նպարեղենի խանութ է բաց անում, և ես գնալու եմ նրա մոտ՝ նրա հաշիվները պահելու։ Ես մտադիր չեմ ամբողջ կյանքումս աշխատել մի ինչ-որ թաղման բյուրոյում։ Գնում եմ։
- Ջո՛, - ասաց Հիլպլին, - դուք հիանալի գիտեք, որ Պորտլանդում ոչ մի քեռի էլ չունեք։
-Մի՞թե, - ասացի։ - Քի՞չ տեղ կարող եմ քեռիներ ունենալ ես․ դուք հո չեք կարող բոլորին իմանալ։ Ո՛չ, այս ծառայությանը ես վերջ եմ տալիս։ Հետևել հասցեներին, թե որտեղ է մի որևէ մեկը մեռնե՜լ։ Ի՛նչ խոսք, շա՜տ հիանալի աշխատանք է մի երիտասարդ տղայի համար։
- Ջո՛, - ասաց միսիս Հիլպլին, - եթե դուք այս աշխատանքը թողնեք, ես այլևս երբեք չեմ խոսի ձեզ հետ։
- Շա՜տ պետքս է աշխատել թաղման բյուրոյում,- ասացի ես։-Հանուն ինչի՞ ես պիտի հետևեմ ինչ-որ հանգուցյալների։
- Դուք բարեկամներ չունեք այս քաղաքում, Ջո՛, - ասաց միսիս Հիլպլին։- Չէ՞ որ դուք ամեն ինչ պատմել եք ինձ, թե որտեղ եք ծնվել և ինչ եք անում այստեղ, Ֆրիսկոյում, և ես շատ լավ եմ հասկանում։ Ձեզ այս ծառայությունը հարկավոր է, և եթե հեռանաք, ինձ խիստ վիրավորած կլինեք։
- Միսիս Հիլպլի,- ասացի ես,- դուք ինձ ինչի՞ տեղ եք դնում։ Գամ այստեղ և գրավեմ ձեր տե՞ղը։ Դա անարդար բան կլինի։ Դուք այստեղ ծառայում եք քսան տարի կամ գուցե և ավելի։
-Ջո՛,- ասաց միսիս Հիլպլին,- գնացեք կախեցեք ձեր գլխարկը և գործի անցեք։
-Ոչ,- ասացի։ - Ես հենց հիմա թողնում եմ իմ ծառայությունը։ Եվ գնացի ուղիղ միստր Ուայլիի առանձնասենյակը։ Միստր Ուայլին թաղման ընկերության փոխնախագահն էր։ Այնպես էլի՛, քթի ծայրը տափակ մի ծերուկ էր, 3 երկարահասակ, մտացրիվ և կաթսայանման գլխարկ էր ծածկում։ Սոսկալի ժլատի մեկն էր։
- Ի՞նչ կա,- հարցրեց նա։ - Հեռանում եմ ձեզանից,- ասացի։
- Այդ ինչու՞ այդպես հանկարծ,- ասաց։
- Քիչ եք վճարում,- ասացի։
- Որքա՞ն եք ուզում,- ասաց նա։
- Ա՜յ թե զարմացա ես։ Ախր ես կարծում էի, թե նա իսկույն կվռնդի ինձ։ Եվ ահա ես տեղն ու տեղը մտածեցի շատ պահանջել, որպեսզի նա անպայման դուրս անի ինձ։
-Շաբաթական երեսուն դոլլար,- ասացի ես։
-Բայց չէ՞ որ դուք դեռ ընդամենը տասնութ տարեկան եք,- ասաց նա։ Այդպիսի բարձր ռոճիկը մի քիչ վաղաժամ է։ Ի դեպ, մենք կփորձենք կարգավորել այդ գործը։
Ա՛յ քեզ սատանայական բա՜ն։ Եթե առաջ որևէ ժամանակ ես ուզենայի, այդպիսի մի բանի հասնել և ավելի շատ փող ստանալ, հավանորեն դրանից բան չէր դուրս գա։ Իսկ հիմա հանկարծ՝ խնդրե՜մ։Շաբաթական երեսուն դոլլարը ինձ կբավականացներ, որ ընդամենը մի կես տարվա ընթացքում գնեմ այն ամենը, ինչ երազել էի իմ ամբողջ կյանքում։ Տե՜ր իմ աստված, այդպիսի փողով ես հո շատ շուտով կկարողանայի «Հարլեյ-Դեվիդսոն» մոտոցիկլետ գնել։
- Ո՛չ,- ասացի,- ես հեռանում եմ։
- Ինչու՞ եք հեռանում,- հարցրեց նա։ -Ես կարծում էի ձեզ դուր է գալիս ձեր աշխատանքը։
- Կար ժամանակ,- ասացի,- երբ դուր էր գալիս, իսկ հիմա՝ ոչ։
Միստր Ուայլի,- ավելացրի ես,- մի՞թե դուք դուրս եք արել միսիս Հիլպլիին։
Միստր Ուայլին ետ ընկավ բազկաթոռում և ինձ նայեց։ Նա վիրավորված էր։ Ո՞վ եմ ես, որ այդպիսի հարցեր տամ նրան։
-Երիտասա՛րդ,- ասաց նա,- ձեր վերջնահաշվի չեկը կգրվի հենց այս առավոտ։ Կարող եք մի ժամից հետո գալ ստանալու։
Այստեղ ե՛ս էլ նեղացա։
-Ես ուզում եմ անհապաղ ստանալ իմ վերջնահաշիվը,- ասացի։
-Այդ դեպքում սպասեցեք միջանցքում։ Միջնորմի մյուս կողմը։
Ես դուրս եկա գրասենյակ, միջնորմի հետևը և հենվեցի բարյերին։ Միսիս Հիլպլին խիստ հուզված էր։
-Ես հեռանում եմ,- ասացի։ Նա ոչ մի խոսք չկարողացավ արտասանել։
-Նա ուզում էր ինձ շաբաթական երեսուն դոլլար տալ,- ասացի,- բայց ես հեռանում եմ։
Նա լուռ կանգնած՝ միայն օդ էր կուլ տալիս։
-Միսիս Հիլպլի,- ասացի ես,- նրանք ստիպված կլինեն նորից ձեզ ծառայության ընդունել, որովհետև այժմ չկա մեկը, որ ձեր գործն անի։
-Ջո՛, ասաց նա,- դուք ինձ խիստ վշտացնում եք։
-Ոչինչ, ամեն ինչ կանցնի,- ասացի,- որտեղ ես ծնվել եմ, այնտեղ ընդունված չէ աշխատանք խլել կնոջից։ Չէ՞ որ ես Չիկագոյից եմ և միշտ էլ կարող եմ վերադառնալ այնտեղ։ (Վերադառնալ Չիկագո՞։ Այդ էր պակաս։ Ես սիրում եմ Կալիֆորնիան։ Ես միշտ սիրել եմ Կալիֆորնիան։ Բայց հենց այնպես ասացի)։
-Ջո՛, - ասաց միսիս Հիլպլին,- իսկ ի՞նչ կլինի, եթե դուք ուրիշ գործ չճարեք։ Ես մատներս շխկացրի։
-Է՜, աշխատանք միշտ կգտնվի,- ասացի։
Այդ ժամանակ առանձնասենյակի դռան մեջ երևաց միստր Ուայլին և գլխով արեց միսիս Հիլպլին։ Վերջինս մտավ առանձնասենյակ, և միստր Ուայլին դուռը ծածկեց։ Միսիս Հիլպլին այնտեղից դուրս եկավ միայն ժամը իննից տասնհինգ պակաս։ Նա գլխարկն ու վերարկուն հանեց, չեկի գրքույկը վերցրեց, մի չեկ գրեց և տարավ, որ միստր Ուայլին ստորագրի։ Չեկն ինձ համար էր։ Դա տասներեք դոլլարի չեկ էր։
-Ահա ձեր չեկը, Ջո՛,- ասաց միսիս Հիլպլին։ Ես փորձեցի նրան համոզել, որ տասնհինգ տա ձեզ, բայց նա ասաց, որ դուք ձեզ ամբարտավան եք պահել։
-Նա ձեզ նորից ծառայությա՞ն ընդունեց,- հարցրի ես։
-Այո։
Միսիս Հիլպլի,- ասացի,- ես շատ ուրախ եմ, որ դուք նորից ստացաք ձեր տեղը։ Բայց նա ինչպե՞ս ասաց, ես ինձ ինչպես եմ պահե՞լ։
-Ամբարտավան, - կրկնեց միսիս Հիլպլին։
-Դա ի՞նչ է նշանակում,- հարցրի ես։
-Անբարեկիրթ։
-Դա ճիշտ չէ՛,- ասացի։ -Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ պարկեշտ են։ Ինչպե՞ս է նա համարձակվում ինձ անբարեկիրթ կոչել։
Ես մտա միստր Ուայլիի առանձնասենյակը և ասացի․
-Միստր Ուայլի, ինչպե՞ս եք համարձակվում դուք ինձ կոչել անբարեկիրթ։
-Այդ ի՞նչ եք դուրս տալիս,- ասաց նա։
-Դուք իրավունք չունեք ինձ անբարեկիրթ կոչելու,- ասացի ես։ - Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ պարկեշտ են։ Չիկագոյում, իհարկե, բոլորը չեն պարկեշտ։ Նայած որ շրջանում, այնտեղ, որտեղ ես էի ապրում, մարդիկ իրենց քաղաքավարի էին պահում։ Ո՛չ միշտ, իհարկե, բայց և այնպես։ Եվ ես բարկացա։ -Իրավունք չունեք ասելու, թե ես ինձ անքաղաքավարի եմ պահում,- ասացի ես։
-Իսկ որտե՞ղ եք ծնվել դուք,- հարցրեց միստր Ուայլին։
-Չիկագոյում,- ասացի։ -Իբր թե չգիտե՞ք։
-Ոչ,- ասաց նա։
-Ես այնտեղ աշխատել եմ Հարավային լճակների մոտ,- ասացի։
-Դե լավ,- ասաց միստր Ուայլին,- դուք դեռ շատ բան ունեք սովորելու։ Եվ ահա իմ խորհուրդը, չարժե կծել այն ձեռքը, որ կերակրում է ձեզ։ Ձեռնտու բան չէ դա։
-Ես ոչ մի ձեռք չեմ կծել,- ասացի։
-Դուք հեռանում եք մեզանից, չէ՞,- ասաց նա։
-Այո, սըր,- ասացի,- ճշմարիտ է, հեռանում եմ։ Բայց ես ոչ ոքի չեմ կծել։
-Լավ, էլ ի՞նչ եք ուզում։
-Ես պարզապես ներս մտա հրաժեշտ տալու,- ասացի։- Ես պարզապես ուզում էի, որ դուք իմանաք, ես միանգամայն քաղաքավարի եմ։
-Լավ, - ասաց միստր Ուայլին։ - Բարի ճանապարհ։
-Մնաք բարով,- ասացի ես։ Ապա դուրս եկա առանձնասենյակից և սկսեցի հրաժեշտ տալ միսիս Հիլպլիին։ Մինչ ես խոսում էի նրա հետ, առանձնասենյակից դուրս եկավ միստր Ուայլին։ Միսիս Հիլպլին խիստ հուզվեց, երբ միստր Ուայլին երևաց գրասենյակում, բայց ես չդադարեցի խոսել։ -Միսիս Հիլպլի,- ասացի,- ես իմ ամբողջ կյանքում երազել եմ գնել մի «ՀարլեյԴեվիդսոն» ու ման գալ զանազան տեղեր, և երևի այդպես էլ կանեի, եթե ուզենայի ծառայության մեջ մնալ։ Բայց այնտեղ, որտեղ ես ծնվել եմ, ոչ մի տղամարդ իրեն թույլ չի տա ծառայության մեջ մնալ և իր համար «Հարլեյ-Դեվիդսոն» գնել, եթե նրա պատճառով հեռացնում են մի ուրիշին, որն աշխատանքի ավելի մեծ կարիք ունի։
-Այդ ի՞նչ բան է «Հարլեյ-Դեվիդսոն»-ը,- հարցրեց միստր Ուայլին։
-Մոտոցիկլետ,- ասացի ես։
-Ա՜յ թե ինչ,- ասացի ես։ -Եվ խնդրում եմ, միսիս Հիլպլի, չկարծեք, թե ես չեմ կարող տեղավորվել ինչպես հարկն է,- ասացի ես։ - Կտեղավորվեմ, մի՛ անհանգստացեք։
-Իսկ ձեր ինչի՞ն է պետք մոտոցիկլետը,- հարցրեց միստր Ուայլին։
- Քշելու համար,- ասացի։
-Իսկ ինչի՞։ Ման գալու, ճամփորդելու համար։ Դա ճամփորդելու եղանակ չէ,- ասաց միստր Ուայլին։
-Ամենալավ եղանակներից մեկն է,- ասացի ես։
Դուք երևի երբեք չեք փորձել ճամփորդել մոտոցիկլետը ժամում ութսուն մղոն է կտրում, էլ ի՞նչ է հարկավոր։ Միսիս Հիլպլի,- ասացի,- եթե ես երբևիցե մոտոցիկլետ ձեռք բերեմ իր սայլակով, երջանիկ կլինեմ հրավիրել ձեզ զբոսնելու «Ոսկե դարբաս» պուրակում, հենց միայն նրա համար, որ դուք պատկերացում ունենաք, թե ինչ հիանալի բան է մոտոցիկլետ քշելը։
-Շատ շնոհակալ եմ, Ջո՛,- ասաց միսիս Հիլպլին։
-Ցտեսություն,- ասացի ես։
-Ցտեսություն,- ասաց միսիս Հիլպլին։
- Ցտեսություն,- ասաց միստր Ուայլին։
Ես գրասենյակից դուրս եկա և լիֆտ կանչեցի։ Լիֆտը վարում էր հույն Ջորջը։
-Այդ ու՞ր,- հարցրեց նա։
-Պորտլանդ,- ասացի։
-Պորտլա՞նդ։ Այդ ի՞նչ գործով։
-Չգիտեմ, հենց այնպես։
- Ի՞նչ է պատահել,- հարցրեց նա։
-Որոշեցի ծառայությունս թողնել։
-Այդպես հանկա՞րծ, ինչու՞։
-Ինձ դուր չի գալիս այս ծառայությունը,- ասացի։ -Էլ չեմ ուզում ննջեցյալներ որսալ։
-Դուք գժվել եք։
-Ամենևին։
Լիֆտից դուրս եկա, իջա փողոց, սկսեցի քայլել Մարկետ-ստրիտով։ Ինքս էլ չգիտեմ՝ ինչպես պատահեց, հանկարծ ընկա «Հարլեյ-Դեվիդսոն»-ի խանութը, և ինձ ցույց տվին մի նոր մոդել։ Վաճառողին հարցրի, թե չի՞ կարելի մի կես ժամով մեքենան վերցնեմ փորձելու։ Նա խոսեց գրասենյակում ինչ-որ մեկի հետ և ասաց, որ կարելի է, եթե ես մի քիչ փող քողնեմ։ Համենայն դեպս, ասաց նա։ Դե, իմ ձեռքին էլ չեկ կար, այնպես որ այդ չեկը տվի նրան։ Հիանալի մեքենա էր։ Ես ետ սլացա Մարկետ-ստրիտով և կանգ առա հենց այն շենքի առաջ, որտեղ դեռ երեկ աշխատում էի։ Բարձրացա վերև և մտա միստր Ուայլի առանձնասենյակը։ Նա զարմացավ։ -Միստր Ուայլի,- ասացի,- այնտեղ ներքևում ես մի սքանչելի «Հարլեյ-Դեվիդսոն» ունեմ։ Եթե ցանկանաք ինձ հետ զբոսնել, ես երջանիկ կլինեմ ձեզ նստեցնելու իմ հետևը։ Թամբը շատ մեծ է, և եթե ես մի քիչ սեղմվեմ, ձեզ համար միանգամայն հարմար տեղ կբացվի։
-Ոչ մի տեսակ մոտոցիկլետով զբոսնել ես չեմ ուզում,- ասաց միստր Ուայլին։
-Իսկ ես կարծում էի գուցե հանկարծ կուզենաք,- ասացի։
Ես դուրս եկա առանձնասենյակից, բայց և իսկույն ետ դարձա։
-Բայց գուցե ձեզ համար հետաքրքիր կլինի գոնե տեսնե՞լ մեքենան։
-Ոչ,
- ինչպես կուզեք։ Ես ցած իջա, նստեցի մոտոցիկլետը և քշեցի։ Ա՞յ թե մեքենա էր։ Մոտոը հիանալի էր աշխատում։ Ծովափին ես դուրս եկա ավտոուղի, հիշեցի Մոնտերեյը և մտածեցի, ամբողջ թափով բաց չթողնե՞մ այս խճուղով, չհասնե՞մ Մոնտերեյ և վերադառնամ, իսկ հետո արդեն կարելի է մոտոցիկլետը հանձնել խանութ և սկսել մի ուրիշ աշխատանք որոնել։ Գուցե փողի մի մասը կվերադարձնեն ինձ, գուցե և ոչ, բայց եթե նույնիսկ չվերադարձնեն, միևնույն է, արժե այդպես անել։ Եվ մեքենան բաց թողի ամբողջ թափով։ Ա՛յ թե զբոսանք էր հա։ Ապրիլ ամիս։ «Հարլեյ-Դեվիդսոն»-ը իմ տակը, Խաղաղ օվկիանոսը բոլորովին մոտիկ։ Ամբողջ աշխարհը։ Եվ քաղաքներ։ Եվ գյուղեր։ Եվ ես մի ակնթարթ դղրդոցով անցա Մոնտերեյով։ Դա մի սքանչելի քաղաք էր։ Մի քանի հին շենք, նավեր։ Ձկնորսական նավեր։ Ձկան բուրմունքն ուղղակի հիանալի էր։ Առատ արև։ Ձկնորսներն իրար ձայն էին տալիս իտալերեն։ Ես «Հարլեյ-Դեվիդսոն»-ով սլացա ամբողջ քաղաքի միջով, դուրս եկա ուղիղ ծովափի խոնավ ավազի վրա և մի քիչ էլ քշեցի հենց ափի եզրով։ Ծովորորների մի երամ փախցրի, կանգ առա կաֆեի մոտ, երեք շնիցել կերա և երկու բաժակ սուրճ խմեցի։ Իսկ հետո ես դարձա դեպի Ֆրիսկո։ Հիանալի զբոսանք էր դա՝ և՛ գալս, և՛ վերադառնալս։ Մեքենան ամենաերևելին էր իմ տեսածների մեջ։ Նրանով ես կարող էի անել ամեն բան, ինչ ուզենայի։ Կարող էի քշել ուզածս տեղը, կարող էի ստիպել հետիոտն մարդուց էլ դանդաղ գնալ և կամ ավելի արագ, քան ամենաարագընթաց ավտոմոբիլը ավտոուղու վրա։ Գրազ եմ գալիս, որ խճուղու վրա ես առնվազն վաթսուն միլիոնատերերից առաջ անցա։ Ես կարողանում էի մեքենային ստիպել, որ փնչացնի։ Կարողանում էի գնալ զիգզագներով։ Կարողանում էի շուռ գալ մի կողմի վրա թեքվելով։ Ես կարծեմ որ շատ ու շատ մարդկանց վախեցրի ավտոուղու վրա։ Մի ամբողջ մղոն քշեցի առանց ղեկը բռնելու։ Հետո քշում էի թամբի վրա կանգնած և ղեկից բռնած։ Մարդկանց թվում է, թե այդպես վտանգավոր է, բայց դա դատարկ բան է։ Հարկավոր է միայն իմանալ, թե ինչպես անել այդ։ Ես հիանալի ժամանակ անցկացրի այդ «Հարլեյ-Դեվիդսոն»-ով։ Հետո վերադարձա խանութի բակը։
-Այդ որտե՞ղ էիք դուք,- հարցրեց վաճառողը։
-Գնացել էի Մոնտերեյ,- ասացի։ -Մոնտերե՞յ,- ասաց նա։
- Իսկ մենք չգիտենք, որ դուք ուզում եք այդքան հեռու գնալ։ Մենք կարծում էինք, թե դուք պարզապես ուզում եք փորձել մեքենայի ընթացքը։
-Գիտե՞ք ինչ,- ասացի,- ես վաղուց ցանկանում էի այնտեղ գնալ։ Կարո՞ղ եմ ետ ստանալ իմ փողը։ -Իսկ դուք այդ մեքենան չե՞ք վերցնում։
-Որքա՞ն արժե,- հարցրի ես։
-Երկու հարյուր յոթանասունհինգ դոլլար։
-Ոչ,- ասացի,- մոտս այդքան փող չկա։
-Իսկ որքա՞ն կլինի։
-Հենց այն չեկն է, որ տվել եմ ձեզ, էլ չկա,- ասացի։
- Այնտեղ տասներեք դոլլար է։
-Մենք կարծում էինք դուք մոտոցիկլետը կգնեք,- ասաց նա։
-Անպայման կգնեի, եթե ծառայությունս թողած չլինեի,- ասացի։ - Կարո՞ղ եմ իմ փողը ետ ստանալ։
-Չեմ կարծում,- ասաց վաճառողը։ - Ես դիրեկտորին կհարցնեմ։
Նա գնաց գրասենյակ, խոսեց, իսկ հետո վերադարձավ, հետն էլ մի մարդ։ Այդ մյուսը շատ հպարտ ու բարկացկոտ տեսք ուներ։
-Չեմ հասկանում, ի՞նչ եք նկատի ունեցել դուք,- ասաց նա,- որ մեքենան վերցրել ու գնացել եք Մոնտերեյ։
-Ի՞նչ ,- հարցրի։ Ես չգիտեի ինչ ասեմ։ Նա ի՞նքն ինչ նկատի ուներ, երբ ինձ հարցնում էր, թե ես ինչ եմ նկատի ունեցել։ Ես ոչինչ էլ նկատի չեմ ունեցել։
-Այդպես անել չի կարելի,- ասաց նա։ - Մենք կարծում էինք դուք ուզում եք շրջել մի թաղամաս կամ որևէ մեկին ցույց տալ մեքենան։
-Ես հենց ոմանց էլ ցույց եմ տվել այն,- ասացի։ - Կարո՞ղ եմ ետ ստանալ իմ փողը։
-Վախենում եմ, որ դեռ մի բան էլ դուք պիտի վճարեք,- ասաց դիրեկտորը։ - Դա նոր մեքենա է։ Վաճառքի համար, իսկ հիմա արդեն դարձել է հնամաշ։
-Գուցե և այդպես է,- ասացի։ - Գոնե փողի մի մասը կվերադարձնե՞ք։
-Ոչ,- ասաց դիրետորը։
-Փառավոր մոտոցիկլետ է,- ասացի ես։
Դուրս եկա խանութից և ուղղվեցի տուն, իմ սենյակը, նույնիսկ չմտածելով, թե հիմա որտեղ պիտի աշխատանք գտնեմ։ Ախր շատ երջանիկ էի զգում ինձ Մոնտերեյ
կատարած այդ ճամփորդությունից ու վերադարձից հետո։
Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան
Комментариев нет:
Отправить комментарий