понедельник, 10 октября 2022 г.

Ուսուցչի տոնը Գոշում և Սևանավանքում


Հեղինակային կրթական ծրագրով տոները նշվում են առանձնահատուկ ՝ հայրենագիտության ներառմամբ։ 
Ուսուցչի տոնը՝ քայլքով, ընթերցմամբ, ազգային և հոգևոր երգերով,  տոնեցինք ուղևորվելով Հայաստանի հյուսիս՝ Տավուշի և Գեղարքունիքի մարզեր։ 
Առաջին կանգառը Գոշ գյուղի դպրոցում էր։ Գոշը երկու դպրոց ունի, նորակառույց և բարեկեցիկ ՝ գյուղի վերին հատվածում ապրող բնակիչների համար, հին դպրոցը՝ ոչ բարվոք վիճակում, գյուղի ներքևի հետվածում ապրողների համար։ 
Ինչքան անբարվոք և տխուր վիճակում էր դպրոցը, այնքան պայծառ և հետաքրքիր էին այնտեղ սովորող երեխաները։ Հանդիպեցինք դպրոցի բակում՝ միասնական Կոմիտասյան երգով, ազգային պարերով։ Այնուհետև դպրոցում հյուրասիրություն կազմակերպվեց և մտերմիկ զրույց սկսվեց Գոշի դասավանդողների հետ ՝ տեղաբնակների, իննսունականներին վերաբնակեցված մասի, գյուղի պատմության, նախկին անվան վերաբերյալ։ 
Ճամփորդությունների ժամանակ ամենահավեսը և բացահայտվողը մարդիկ են։ Ինչքան էլ ինձ համար մի անկյունում առանձնանում եմ, կողքիս միշտ հայտնվում են սովորողներ։ Ահա և այս տեսանյութում աշխարհից կտրված, Գոշի գեղեցիկ համայնապատկերում նրանք են ՝ ճստիկ սովորողները, զրնգուն ձայնով երգում են, զրուցում, պարում, հազար հարց տալիս, հետաքրքրվում, տրամադրություն փոխանցում, պատմում գյուղից ու իրենց կենցաղից։ 
Շատ էլ հաճելի է իրեցն լսելը, վայելք է։ 
Դպրոցից հետո քայլեցինք դեպի Գոշավանաք, ճանապարհին ընթերցելով Թումանյան, հիանալով աշնանային Տավուշի գեղեցկությամբ, պատահող ծառերից սալոր կամ սերկևիլ համտեսելով։ 
Գոշավանքը սիրելի եկեղեցիներից է, մի առանձնահատուկ ոգի, սեր, վեհություն կա այստեղ։ Ինչքան էլ այցելեմ մանրամասն դիտում եմ համալիրի կառույցները, հիանում մուտքի մոտի ասեղնագործ խաչքարով։ Այս անգամ նաև հարմար պահ գտնելով բարձրացա Մխիթար Գոշի դամբարանը համարվող փոքրիկ մատուռ-եկեղեցին, որը ի տարբերություն բուն համալիրի, խաղաղ էր և ամայի։ 
Գոշավանքում հնչեցին շարականները, կենդանություն առավ ձայնը, պտտվեց եկեղեցում, վեր բարձրացավ  դեպի գմբեթ և սփռվեց օդում։ Բակում նորից ազգային պարերգեր, հիացած և հմայված մարդիկ, հաճախ օտարերկրացիներ։ Ի վերջո Գոշավանքը նաև զբոսաշրջային բանուկ հայրենագիտական կանգառ է։ 
Հաջորդ կանգառը Սևանավանքում էր, վաղուց չէի եղել։ Սիրում եմ աստիճաններով բարձրանալ՝ զմայվելով կապուտակ լճով։ Չնայած եղանակը քամոտ էր և սառը, ասեղ գցելու տեղ չկար, անընդհատ օտաերկրյա զբոսաշրջային խմբեր, այցելուներ, հյուրեր․․․։ 
Սևանավանքում սիրելի վայրը կենտրոնական եկեղեցու Հայրապետի և Հրէպէկայի խաչքարն է՝ առանձնահատուկ զարդանախշերով և պատկերավորմամբ։ 
Օրը հետաքրքիր էր և հաճելի, վայելեցինք աշնանային եղանակը, զրուցեցինք գործընկերների հետ, որոնց հետ առօրյա աշխատանքով տարված, խաղաղ զրուցելու ժամանակ չի լինում, ծանոթացանք նոր մարդկանց հետ։ Իհարկե, նման ճամփորդությունները միշտ էլ հետագա նախագծեր են ուրվագծում։ 
Լուսանկարներ ՝









Комментариев нет:

Отправить комментарий