Երկրորդ ուսումնական շրջանը իրականացվում է ճամբարային գործունեությամբ տարատարիք խմբերով։ Խմբերը ձևավորվում են սովորողների ընտրությամբ։ Դասավանդողները նախապես հրապարակում են նախագծեր, իսկ սովորողներն իրենց հետաքրքրություններից ելնելով ընտրում են այն նախագիծը, որը կցանկանան իրականացնել։
Այս տարի իմ ջոկատում ընդգրկված էին 9-րդ դասարանցիներ չորս տարբեր դասարաններից։ Մեր ճամբարային առօրյան բազմաբնույթ է եղել՝ հագեցած տարատեսակ ճամփորդություններով և նախագծերով։
Ճամբարային առաջին օրը սովորողների հետ քննարկեցինք Ավագ դպրոցի առաջարկած աշխատարանները։ Ելնելով սովորողի նախասիրություններից՝ ընտրեցինք աշխատարանները՝ պատմություն-անգլերեն /համակարգողներ՝ Սամվել Թամազյան, Նունե Այդինյան/ , մաթեմատիկա-ծրագրավորում /Շողիկ Սահակյան, Հերմինե Անտոնյան/, մաթեմատիկա-հայոց լեզու /Ելենա Սարգսյան, Մենուա Հարությունյան/ ։
Սովորողներն աշխատարաններին մասնակցել են երեք անգամ։ Կապ պահվել և տեսանելի են եղել պատմություն-անգլերեն աշխատարանի աշխատանքները, սովորողները մեծ սիրով են այցելել և գոհ վերադարձել։ Աշխատարանում իրականացվել են տարատեսակ քննարկումներ, բանավեճեր․ այս ձևաչափը սիրելի է սովորողների համար։
Աշխատարանների գործունեությունը համարում եմ չհաջողված, քանի որ շարունակական կապ չստացվեց, սովորողների թիվը մեծ էր լինում, համատեղ աշխատանք չէր ստացվում։
Համագործակցել ենք Ավագ դպրոցի դասավանդող Էմանուել Ագջոյանի և իր ջոկատի հետ։ Երկու հանդիպում ենք ունեցել, որոնց ընթացքում սովորողները թիմային ձևաչափով խաղացել են ինտելեկտուալ խաղեր։ Խաղերի կազմակեպման ընթացքը, ուղղությունը շատ հետաքրքիր էր և ուսանելի։ Բացառապես բոլոր սովորողները սիրով են ընդգրկվել այս աշխատանքին և անհամբեր սպասում էին շարունակությանը։ Գործում էր ,,Սովորող սովորեցնող,, ձևաչափը, քանի որ ավագ սովորողներն ամբողջությամբ ներառված էին կազմակերպչական աշխատանքներում։
Այցելել ենք Գեղասահքի մարզադպրոց, որի մասին ավելի մանրամասն խոսել եմ այստեղ ։
Թեյխմություն։ Որպեսզի մեր ճամբարային առօրյան ավելի հետաքրքիր և տարբերվող դառնա, որոշեցինք դասարանում թեյխմություն կազմակերպել։ Միասին պատրաստեցինք թեյ, իսկ սովորողներն իրենց հետ բերել էին քաղցր, ոմանք տարբեր թխուկներ էին պատրաստել տանը, որպեսզի հյուրասիրեն իրենց ընկերներին։ Աստղիկ Գաբոյանը բերել էր իր կիթառը և նվագեց մեզ համար, իսկ Վահան Ղուկասյանը նվագեց ռուսական երգ, որը փորձեցինք երգել։ Նաև զրուցեցինք, հարցերի միջոցով փորձեցինք իրար ավելի լավ ճանաչել։
Նույն օրը հանդիպեցինք կրթահամալիրի տնօրենի թեկնածու Լուսինե Փաշայաի հետ։ Հանդիպումը հնարավորություն տվեց ծանոթանալ կրթահամալիրի տնօրենի ընտրության ձևաչափին, զրուցել թեկնածուի հետ, տալ հետաքրքրող հարցերը։
Մասնակցեցինք նաև պարոն Մարկոսյանի վարպետության դասին, որը վերաբերում էր ուսումնական գործընթացում արհեստական բանականության դերին։ Թեման, իհարկե, արդիկաան է և կարևոր։
Հասցրել ենք նաև եռօրյա ճամփորդությամբ լինել Գյումրի քաղաքում։ Այդ մասին պատմել եմ այստեղ ։
Սունդուկյանի թատրոնում դիտեցինք ,,Մուսա լեռան քառասուն օրը,, ներկայացումը։
Ճամբարի վերջին օրերին մասնակցեցինք ,,Ֆինանսական գրագիտության սեմինարին,, , որն անցկացնում էր Ինեկոբանկը։ Ծրագիրը հարմարեցված էր դպրոցականի համար։ Բացի նրանից, որ սահիկաշարով խոսում էին ֆինանսական երևույթների մասին, դասընթացը ինտերակտիվ էր, ընթացիկ հարցեր էին տալիս, քննարկումներ և խաղեր կազմակերպում։
Ազգագրության ստուգատեսի շրջանակում ընթերցել ենք ,,Սասնա ծռեր,, էպոսը և պատրաստել կոմիքսներ էպոսի ճյուղերի վերաբերյալ։
Սովորողները հանդես են եկել նախաձեռնություններով՝ կազմակերպելով ինտելեկտուալ վիկտորինաներ։
- Սովորողների ներառվածություն։ Ջոկատում եղել 28 սովորող, 22-24 հոգին մշտապես հաճախել են։
- Համագործակցություն Ավագ դպրոցի հետ։ Սովորողները մասնակցել են Ավագ դպրոցի աշխատարաններին և Էմմանուել Ագջոյանի նախագծի։
- Սովորողների անհատական նախագծերը։ Սովորողներն իրենց նախաձեռնությամբ կազմակերպել են ինտելեկտուալ խաղեր՝ տարբեր թեմաներով։
- Ճամփորդություններ՝ Գեղասահքի մարզադպրոց, եռօրյա Գյումրի, Սունդուկյանի թատրոն, բանգլադեշյան թափառումներ,
- Ընթերցել և քննարկել ենք ստեղծագործություններ, մասնակցել Ֆլեշմոբին,
- Լիանա Հակոբյանի հետ ծանոթացել են Դիջիթեք ստուգատեսի մանրամասներին, հայտագրմանը,
- Հանդիպումներ՝ Արհեստական բանականությունը կրթության մեջ, Ֆինանսական գրագիտության դասընթաց,
- Մանսակցել ենք նաև այլ դասավանդողների նախագծերին՝ մաթեմատիկա, աշխարհագրություն, հասարակագիտություն, խեցեգործություն․․․․
- Եղել ենք նաև ընդհանուր պարապմունքի պատասխանատու, կազմել և պատրաստել ենք ծրագիրը։
- Երկու անգամ մասնակցել ենք ,,Ուսումնական ժամերգության,,։
Յուրաքանչյուր օր սովորողները լուսաբանել են ճամբարային առօրյան։ Պատումները՝ այստեղ։

Комментариев нет:
Отправить комментарий