среда, 28 января 2026 г.

Մշակութային Գյումրի․ եռօրյա ճամփորդության հաշվետվություն


Ձմեռային ճամբարն ավելի ընդգրկուն և ուսումնական դարձնելու համար որոշեցինք այցելել Գյումրի։ Գյումրին յուրահատուկ է տարվա բոլոր եղանակներին․ այս ուղղությամբ ճամփորդելիս միշտ շեշտը դնում ենք մշակույթի և կոլորիտի ուսումնասիրության վրա, քանի որ ի տարբերություն Հայաստանի մյուս քաղաքների Գյումրու մշակութային դիմագիծը շատ ցայտուն է արտահայտված։ Այստեղ միշտ բացահայտելու, գտնելու, տեսնելու բան կա, ամեն տարի Գյումրին նորովի է, նոր վայրեր են ստեղծված, արվեստանոցներ, հուշարձաններ․․․։ 
Գյումրի տանող ճանապարհը ևս ուսումնական է, քանի որ գյուղ առ գյուղ բացվում են պատմամշակութային վայրեր ու կետեր։ Գնալ Գյումրի և կանգ չառնել Արուճում, չենք կարող։ Հիմա է, որ Արուճը գրեթե ամայի է թվում, եթե չես խորանում գյուղում, կարող է անգամ մարդկանց չհանդիպես, բայց ժամանակին այն եղել է հզոր քաղաք՝ զարգացած կենտրոն։ Ճանապարհին  է գտնվում Հայաստանի տարածքում լավ պահպանված և հնարավորինս բարվոք Արուճի քարավանատունը։ Քանի որ մեր ուղղության վրա հիմնականում եկեղեցիներ են, կարևորում եմ այս աշխարհիկ շինության  մոտ կանգնելը և այն ուսումնասիրելը։ Խոսեցինք քարավանատներից և նրանց կառուցման առանձնահատկություններից, իսկ սովորողները ներկայացրին, թե ինչ գործառույթներ էր կատարում քարավանատունը։ 
Վեհ և տպավորիչ է Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին, որն իր մեծությամբ եղել է Հայաստանի ամենատպավորիչ և մեծ եկեղեցիներից մեկը։ Այստեղ սովորողների ուշադրությունը հրավիրեցի կառուցման առանձնահատկությունների վրա․ եկեղեցու մեծ դահլիճը հիմնված է պատերի մեջ հավաքված որմնասյուների վրա, սյուները առանձին չեն, նաև եկեղեցին ամբողջությամբ պատված է եղել որմնանկարներով, իսկ կենտորուն գտնվող Քրիստոսի 7 մետրանոց որմնանկարը եղել է այս եկեղեցու այցեքարտը։ Դրսում շրջեցինք և ուսումնասիրեցինք հարակից աշխարհիկ շինությունների ավերակները։ 
Ուսումնական ժամերգություն Սուրբ Գրիգոր եկեղեցում․

Հաջորդ կանգառը Մաստարա գյուղն է, որտեղ այցելեցինք Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Այս եկեղեցու կառուցվածքը համեմատեցինք նախորդ եկեղեցիների  ճարտարապետության հետ՝ նշելով առանձնահատկությունները։ Փորձեցինք հասկանալ, թե ինչու են նման կառուցվածք ունեցող եկեղեցիները համարվում մաստարայատիպ։ Վերհիշեցինք նաև պատմություններ Մաստարայի հետ կապված, պարզաբանեցինք ,,մասունք,, բառը և հասկացությունը։ 

Արդեն Գյումրի քաղաքում ունեինք պայմանավորվածություն մարզադպրոցի հետ։ Այս մարզադպրոցի հետ համագործակցում ենք մի քանի տարի, մեզ ընդունում են մեծ սիրով։ Հերթական բասկետբոլային խաղն ունեցանք, ինչը հաճելի ժամ է և՛ մեր, և՛ իրենց սովորողների համար։ Այս անգամ խաղին մասնակցեցինք երկսեռ խմբով։ Ե՛վ մեր, և՛ իրենց թիմերը կազմված էին աղջիկներից ու տղաներից։ Նմանատիպ համագործակցությունը թույլ է տալիս զարգացնել մարզական հմտությունները, կարողանալ դրանք ցուցադրել, մարզական խաղի փորձ ձեռք բերել և ծանոթանալ նույն տարիքի այլ սովորողների հետ․ արդյունքում ստեղծվում են կապեր։ 
Լուսնակարներ ընթացքից՝





Գյումրին միշտ հյուրընկալ է, յուրահատուկ, անընդհատ զարգացող ու ապրող։ Ամեն տարի նորովի է բացահայտվում. գողտրիկ փողոցների, մարդաշատ այգիների ու հանոճ տների անկյուններում միշտ չտեսած ու չբացահայտված գոյություն կա, մի փոքր ժպիտ ու ապրելու-զգալու պահ կա։
Մեր եռօրյա ճամփորդության երկրորդ օրը բացահայտեցինք Գյումրին' քայլքով ու զրույցով ...
Սիրում եմ քայլել Գյումրու փողոցներով, զրուցել մարդկանց հետ, դիտել ու վայելել։ Ավանդաբար քայլքը սկում ենք Վարդանանց հրապարակից՝ անպայման խոսելով, թե ինչու  ,,Մայիսյան ապսատմբության,, հրապարակը դարձավ Վարդանանց։ Հրապարակի արձանախումբը երկար կարող է պատմել 451 թվականի անցուդարձից։ Հունվարի կեսերին հասցրինք տեսնել նաև Գյումրու տոնածառը․ ամանորյա զարդարանքները դեռ հավաքված չէին։ Հետո քայլում ենք մեկ տարի առաջ վերաբացված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, որտեղ անպայման դիտարկում ենք եկեղեցու ճարտարապետական առանձնահատկությունները։ Սուրբ Ամենափրկչի շուրջը պտտվելուց հետո, որպեսզի կառույցի առանձնահտկությունը նաև դրսից տեսնենք, քայլում ենք խաչքարերի պուրակ։ Լավ առիթ է մի քիչ էլ խաչքարերի մշակույթին անդրադառնալու համար։ Հետո քայլում ենք դեպի Յոթ վերք եկեղեցի։ Անպայման այցելում և մեր խոնարհումն ենք արտահայտում Սուրբ Մարիամի առաջին դարի պատկերին, որի միջոցով էլ հասկանում ենք, թե ինչու է այս եկեղեցին կոչվել Յոթ վերք։  Անպայման նկատում ենք, որ այստեղ եղող պատկերներն ու որմնանկարները շատ տարբեր են, ինչն էլ թույլ է տալիս հիշել, որ ժամանակին այն ծառայում էր քրիստոնեական կրոնի բոլոր ներկայացուցիչներին։ Դե հետո քայլում ենք Աբովյան և Վարպետաց փողոցներով, տեսնում առաջին դեղատունը և վարսավիրանոցը, հասնելով Թումոյի շենքին՝ ընդգծում ենք մուգ կարմիր գույնի գրավչությունը, Գորկու այգում ձնագնդի ենք խաղում, հետո քայլում դեպի Վառեմ-Մարեմ, որտեղ էլ անդրադառնում ենք Գյումրիում նկարահանված ֆիլմերին։ Այսքանից հետո կարելի է մի փոքր տաքանալ Գյումրու ,,Պոնչիկ-Մոնչիկում, որն առանձնահատուկ է իր կոլորիտային պոնչիկներով։ 
Երրորդ օրը բոլորս տխուր ենք, քանի որ վերադառնում ենք։ Հայրենագիտական կանգառներին և քայլքին պետք է ավելացնել նաև ճամբարային կենցաղը, որը կիսում ենք սովորողների հետ, ապրում ենք միասին պատրաստելով, զրուցելով, խաղալով։ Եվ նման պահերին միշտ նորն ենք բացահայտում, կապվում ենք ու ճանաչում ինքներս մեզ ավելի լավ։ 
Հետադարձին ձյուն էր տեղում, ինչը ճանապարհը դարձրել էր անանցանելի․ այդ պատճառով չնախատեսված կանգառ ունեցանք Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում։ Գուցե այդպես էր նախատեսված։ Այստեղ առաջին անգամ էինք, բոլորին դուր եկավ։ Նախ, մտենլով եկեղեցի, նկատեցինք, որ փոքրիկ արարողություն է, սակայն, թե ինչ է կատարվում, չհասկացանք։ Լուռ կանգնեցինք մինչև ավարտվեց։ Տեր հայրը, նկատելով մեր հետաքրքիրասիրությունը, անմիջապես մեկնաբանեց՝ ասելով, որ մանկան քառասունքից դուրս գալու արարողություն է, հյուրասիրեց շոկոլադե կոնֆետներ և պատմեց եկեղեցու ու Սուրբ Գևորգի մասին։ 
Բարեհաջող ավարտեցինք մեր հերթական եռօրյա ճամփորդությունը։ Ձնառատ ճանապարհները և ձյան սպիտակ փափկությունը ուրիշ գեղեցկություն և զգացմունքներ փոխանցեցին։




Սովորողների հաշվետվությունները՝ 

Комментариев нет:

Отправить комментарий