воскресенье, 12 мая 2013 г.

Անտառի տնակը /Գրիմ եղբայրներ/

Մի խոր անտառի բերանում մի խրճիթ է լինում։ Էն խրճիթում կնկա ու երեք աղջիկների հետ ապրելիս է լինում մի աղքատ փայտահատ։

Մի առավոտ, գործի գնալիս, կնկանն ասում է.— Ա՛յ կնիկ, էսօր բանս մինչև կեսօր չեմ վերջացնիլ. մեր մեծ աղջկա հետ ինձ համար ճաշ կուղարկես անտառը։ Ես էլ հետս մի տոպրակ կորեկ կվերցնեմ, շաղ տալով կերթամ, որ էն նշանովը գա ու ճամփեն չկորցնի։

Ճաշ է դառնում թե չէ՝ մեծ աղջիկը կերակուրն առնում է, ճամփա ընկնում։ Բայց ծտերը, արտույտները, սարեկներն ու դեղձանիկները շաղ տված կորեկն արդեն վեր քաղած են լինում, ու աղջիկը չի կարողանում հոր հետքը գտնի։ Գնում է, գնում, մինչև արևը մեր է մտնում ու մութը վրա է հասնում անտառում։ Ծառերը շրշում են խավարում, բուերը կանչում, կռնչում, ու աղջիկը սկսում է վախենալ։


Մին էլ տեսնում է՝ հեռվում, ծառերի արանքից մի կրակ է փայլփլում։
— Էնտեղ երևի մարդիկ են ապրում, գնամ նրանց մոտ մնամ էս գիշեր,— մտածում է աղջիկն ու գնում էն կրակի վրա։
Գնում է հասնում մի տնակի, դուռը ծեծում է։
— Ո՞վ ես, ներս արի,— կանչում է ներսից մի ձայն։ Աղջիկը ներս է մտնում, տեսնում՝ հրես նստած մի ալևոր մարդ, գլուխը կախ արած, սպիտակ միրուքը ալիքաձև, իջնում է մինչև գետին։ Իսկ էն կողմը մի չալ կով, մի հավ ու մի աքլոր։
Աղջիկը պատմում է ծերին, թե ինչպես է ինքը մոլորվել անտառում, ու խնդրում է, որ տեղ տան գիշերը մնալու։
Ծերունին դիմում է իր կենդանիներին.
— Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։
Կենդանիները միասին պատասխանում են.— Լա՜վ։
Էն ժամանակ ծերունին աղջկանն ասում է.
— Համեցե՛ք, մեր աչքի վրա, սիրուն աղջիկ, մեր դուռը բաց է, տունը լիքը։ Համեցե՛ք, մոտեցիր օջախին, կերակուր շինի մեզ համար էլ, քեզ համար էլ։
Աղջիկը մտնում է խոհանոց և, ճիշտ որ, ամեն բան գտնում է առատ-առատ։ Մի լավ ընթրիք է պատրաստում, բերում է ծերունու առաջ լիքը սեղան է բաց անում, ինքն էլ նրա հետ նստում, ուտում, խմում, կշտանում։ Որ կշտանում է պրծնում.— Բա ես հոգնած եմ,— ասում է,— հիմի ո՞րտեղ քնեմ։— Էստեղ կովը, հավն ու աքլորը պատասխանում են։
— Ողջ դրա հետ դու կերար
Ու խըմեցիր, ինչ որ կար,
Մըտիկ չարիր իսկի մեզ.
Գընա, քընի ուր կուզես։
Էն ժամանակ ծերունին ասում է.
— Բարձրացի, սանդուղքի գլխին մի սենյակ կա։ Էն սենյակում երկու անկողին կա. անկողինները պատրաստի, ես էլ կգամ, կքնենք։
Աղջիկը վերև է բարձրանում, անկողինները գցում, ու էլ ծերունուն չի սպասում, ինքը պառկում է քնում։ Մի քիչ հետո ծերունին գալիս է, մոմի լուսով նայում է աղջկանը ու գլուխը ժաժ է տալի։ Գիշերվա մի ժամանակ, երբ տեսնում է խորը քնած է, մահճակալի տակին մի գաղտնի դուռն է լինում, բաց է անում, աղջկանը թողնում ցած ու կրկին փակում։
Փայտահատը իրիկունը տուն է գալի, բարկանում է կնկա վրա, որ իրեն ամբողջ օրը սոված է թողել։
— Ես ինչ անեմ,— պատասխանում է կինը,— ճաշը տվել եմ մեր մեծ ադջկանը՝ ղրկել, ինչպես երևում է, ճամփեն կորցրել է, չի գտել, ինքն էլ ետ չի եկել դեռ։
Փայտաոատը մյուս օրն էլ առավոտյան վաղ վեր է կենում գնում անտառը։ Պատվիրում է, որ էս անգամ միջնեկ աղջիկը տանի ճաշը։
— Էսօր հետս ոսպ կվերցնեմ,— ասում է,— որ ճամփին շաղ տամ։ Ոսպը կորեկից խոշոր է, աղջիկս հեշտ կտեսնի ու ճամփեն չի կորցնիլ։
Կեսօրին միջնեկ աղջիկը ճաշն առնում է ճամփա ընկնում։ Գնում է, գնում, ոչ մի տեղ ոսպ չի գտնում։ Դու մի ասիլ՝ դարձյալ թռչունները կերել են, մի հատ էլ չեն թողել։
Աղջիկն անտառում թափառում է, թափառում, գիշերը ընկնում էլի նույն ծերունու մոտ, հաց ու քնելու տեղ է խնդրում։ Ծերունին դիմում է կովին, հավին ու աքլորին.
— Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։
— Լա՜վ,— պատասխանում են կենդանիները։ Միջնեկ քույրն էլ, մեծ քրոջ նման ընթրիք է պատրաստում, ծերի հետ ուտում, խմում-կշտանում. կենդանիների վրա ուշք էլ չի դարձնում։ Երբ հարցնում է, թե՝ որտեղ պիտի քնեմ, կենդանիները պատասխանում են.
— Ողջ դրա հետ դու կերար,
Ու խըմեցիր, ինչ որ կար,
Մըտիկ չարիր իսկի մեզ,
Գընա, քընի ուր կուզես։
Հենց նա էլ գնում է թե չէ, ետևից գնում է ծերունին, գլուխը թափահարում ու դարձյալ թողնում է ներքև։
Երրորդ առավոտը փայտահատը կնկանն ասում է.
— Էսօր մեր փոքրիկ աղջկա ձեռքով ղրկի ճաշը։ Նա բարի է ու ականջով։ Նա ճամփեն կգտնի, իր քույրերի նման չի, որ դեսուդեն ընկնի։
Մայրը չի ուզում երրորդ աղջկանն էլ անտառը ղրկի։ Լաց է լինում, ասում է.
— Աչքիս սև ու սպիտակը սա է մնացել, ինչու ես ուզում սրան էլ կորցնես մեծերի նման։
— Դու հանգիստ կաց,— ասում է փայտահատը,— սա կորչիլ չի, սա էնպես խելոք է որ... ես էլ էսօր հետս սիսեռ կտանեմ ճամփին շաղ տալու։ Սիսեռը ոսպ հո չի, նրանով անպատճառ ճամփեն կգտնի։
Բայց երբ աղջիկը ճաշն առած անտառն է մտնում, թռչուններն արդեն սիսեռը կերած են լինում։ Աղջիկը մնում է տարակուսած, չի իմանում՝ ո՛ր կողմը գնա։ Մտածում է, դարդ է անում, թե հիմի հայրը կսովի, մայրը լաց կլինի...
Ման է գալի ման, հորը չի գտնում։ Երբ մութը ընկնում է, հեռվից տեսնում է անտառի տնակի լույսն ու գնում է էն լույսի վրա։ Մտնում է ներս, տեղ է խնդրում, ու ալեհեր ծերունին դարձյալ դիմում է իր կենդանիներին։
— Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։
— Լա՜վ...— պատասխանում են կենդանիները։ Էն ժամանակ աղջիկը մոտենում է, գուրգուրում հավին ու աքլորին, կովի ճակատը քորում։ Ծերի պատվերով ընթրիք է պատրաստում, դնում է սեղանին ու ասում.
— Ինչո՞ւ ես պետք է ուտեմ, էս բարի կենդանիները քաղցած նայեն։
Գնում է, կուտ բերում ածում հավի ու աքլորի առջև, կովի համար էլ մի խորոմ խոտ։
— Կերեք,— ասում է,— իմ սիրելիք, այ հիմի ջուր էլ կբերեմ։— Գնում է մի դույլ ջուր էլ բերում դնում առաջները։
Ամենքին կշտացնում է, նոր ինքն է նստում ուտում, ինչ որ թողել էր ծերունին։ Իսկ երբ քնելու ժամանակը գալիս է, ասում է.
— ժամանակը չի՞ արդյոք, որ ամենքս էլ հանգստանանք...
Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։
— Լա վ,— պատասխանում են կենդանիները.
— Մեզ հետ կերար դու միասին
Ու հոգացիր մեր մասին,
Բարի գիշեր քեզ, բարի,
Մուրազդ աստված կատարի։
Էստեղ աղջիկը բարձրանում է վերև, անկողինները պատրաստում։ Ծերունին գալիս է քնում։ Ինքն էլ մյուս մահճակալին է պառկում ու քուն մտնում հանգիստ։
Գիշերվա մի ժամանակ տունը հանկարծ դղրդում է, կարծես քանդվում ու տակն ու վրա է լինում։ Աղջիկը վախեցած զարթնում է, բայց աղմուկն անցնում է, ինքն էլ քնում է նորից։
Առավոտը աչքը բաց է անում՝ ի՜նչ է տեսնում։ Տեսնում է պառկած մի մեծ, շքեղ զարդարած ու կահավորված դահլիճում, շուրջը թավիշ ու ոսկի, հարավային փարթամ բույսեր ու ծաղիկներ այրվում վառվում են առավոտյան արևի ճառագայթների տակ։ Տեսնում է, բայց աչքերին չի հավատում, ասում է՝ երազի մեջ եմ երևի։ Էսպես մտածելիս ներս են մտնում երեք ճոխ հագնված ծառաներ, խոնարհ գլուխ են տալի ու հարցնում.
— Ի՞նչ կհրամայեք, տիրուհի։
— Լա՛վ, լա՛վ, գնացեք,— պատասխանում է քնաթաթախ աղջիկը,— հիմի վեր կկենամ, ծերունու համար կերակուր կպատրաստեմ, կովին, հավին ու աքլորին կհոգամ։
Կարծում է, թե ծերունին էլ արդեն վեր է կացել։ Նայում է նրա անկողնին, տեսնում է՝ ծերունին չկա, տեղը պառկած է մի օտար ջահել ու գեղեցիկ երիտասարդ...
Եվ ահա երիտասարդը աչքերը բաց է անում ու էսպես խոսում զարմացած աղջկա հետ.
— Լսի, սիրուն աղջիկ։ Ես էս երկրի թագավորի որդին եմ։ Չար վհուկը կախարդել էր ինձ ու դատապարտել, որ ես ծերի կերպարանքով ապրեի անտառում, ոչ ոք էլ չլիներ ինձ հետ, բացի իմ երեք ծառաները, նրանք էլ կովի, հավի ու աքլորի կերպարանքով։
Եվ էդպես պետք է մնայինք, մինչև հայտնվեր էն բարի աղջիկը, էն քնքուշ սիրտը, որ ոչ միայն մարդկանց, այլև կենդանիներին լիներ սիրող ու կարեկից...
Էն աղջիկը դու եղար։
Քո շնորհիվ էս գիշեր կեսգիշերին, մենք ամենքս ազատվեցինք կախարդանքից ու իմ պալատը, որ դարձել էր անտառի մի հին տնակ, նորից դարձավ առաջվան պալատը։
Ու կանչում է թագավորն իր ծառաներին, որ գնան աղջկա ծնողներին բերեն հարսանիքին։
— Բայց ո՞րտեղ են իմ քույրերը,— հարցնում է աղջիկը։
— Նրանց ես փակել եմ ներքնահարկում,— պատասխանում է երիտասարդը։— Էգուց կուղարկեմ անտառը, էնտեղ ածխարարի մոտ ծառայեն ու էնքան մնան, մինչև որ դառնան ավելի բարի ու սովորեն մտածել կենդանիների մասին:


Պատասխանիր հարցերին
Բնութագրի՛ր երեք քույրերին առանձ-առանձին:
Ինչպե՞ս պատժվեցին քույրերը կենդանիներին չխնամելու համար:
Ի՞նչ սովորեցիր այս հեքիաթից:

15 комментариев:

  1. Երանոսյան Մերի13 мая 2013 г. в 04:35

    1.Մեծ և միջնեկ քույրերը բնավորությամբ շատ նման էին:Նրանք երկուսնել չէին սիրում կենդանիների խնամել: 2.Սկզբում ծերունին նրանց փակեց ներքնահարկում,իսկ հետո ծերունին որը կախարդանքի միջոցով դարձել էր ծերունի,նա իրականում թագավորի որդին էր:Եվ երբ նա կախարդանքից դուրս եկավ նա ասաց որ,քույրերին ուղարկելու է ածխագործի մոտ ծառայելու,ու այնքան կմնան մինչև կսովորեն մտածել կենդանիներին խնամել և դառնան բարի: 3.Ես սովորեցի որ կենդանիների նկատմամբ պետք է հոգատար լինել և նրանց չանտեսել:

    ОтветитьУдалить
  2. Հայկ Հարությունյան

    1) Մեծ և միջնեկ քույրերը անծելք էին և կենդանիներին բանի տեղ չէին դնում, իսկ փոքր քույրը բարի էր,խելացի էր և կենդանիներ շատ էր սիրում:



    2) Տղան հրամայեց Մեծ և միջնեկ քույրերին ածխարարի մոտ ծառայեն ու էնքան մնան,մինչև որ դառնան ավելի բարի ու սովորեն մտածել կենդանիների մասին:


    3)Ես սովորեցի որ, չպետք է անտեսեմ ոչ մի կենդանու:







    ОтветитьУдалить
  3. Հերմինե Գրիգորյան
    1. Մեծ քույրե միջնեգ քույրի նման միայն իր մասին էին հոգում, իսկ փոքր քույրը բարի էր ու հոգատար:
    2.Նրանց պատժեցին մնալ ներքնահարկում, իսկ հետո անտառ ոածխարարի մոտ ծառայեն մինչև որ բարիանան:
    3. Ոչ միայն իմ մասին հոգամ այլ նաև մյուսների:

    ОтветитьУдалить
  4. 1.Մեծ քույրը մենակ իր մասին էր հոգում և ուրիշների մասին չեր մտածում:
    Միջնեկ քույրը նույն մեծ քրոջ նման էր:
    Իսկ փոքր քույրը սկզբում մյուսների մասին հոգաց,իսկ հետո իր մասին հոգաց:
    2.Քույրերին պատժեց ծերունին, նա քույրրերին փակեց ներքնահարկում,իսկ հետո ծառաեն ածխարարի մոտ մինչև խելոքանան:
    3.Որ պետք է առաջինը հոգամ մյուսների մասին հետո իմ մասին:

    Արմեն Բաբայան

    ОтветитьУдалить
  5. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить
  6. 1.Մեծ և փոքր քույրերը մենակ իրենց մասինեն էին հոգում իսկ փոքր քույրը մենակ իր մասին չեր հոգում:Նա շատ հոգատար էր և բարի:

    2.Քույրերին պատժեց ծերունին,նա սկզբում նրանց ներքնահարկում փակեց,հետո քույրերին աշխատացնել տվեց ածխարարի մոտ որ խելոքանան:

    3.Ես այս հեքիաթից հասկացա,որ պետք է մենակ քո մասին չմտածել,այլ նաև ուրիշների մասին էլ:

    ОтветитьУдалить
  7. Ասքանազ Բաբայան
    1.Մեծ և միջնեկ քույրերը շատ անխիղճ էր,իսկ փոքր քույրը շատ բարի էր խելացի:
    2.Ծերունին քույրերին փակել էր ներքնահարկում:
    3.Ես հասկացամ,որ պետք է ուրիշների մասինել հոգալ:

    ОтветитьУдалить
  8. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить
  9. Ա. Մեծ և միջին քույրերը անխիղճ էին և ժլատ, իսկ փոքր քույրը հոգատար էր և բարի:
    Բ. Նրանք ընկան նկուղը և գնացին աշխատելու:
    Գ. Ես սովորեցի, որ պետք է լինել հոգատար և բարի:

    ОтветитьУдалить
  10. 1․Մեծ և միջնեկ քույրերը բնավորությամբ շատ նման էին իրենց հոգում:
    2.Սկզբում ծերունին նրանց փակեց ներքնահարկում,իսկ հետո ծերունին, որը կախարդանքի միջոցով դառել էր ծերունի,նա իրականում թագավորի որդին էր:Եվ երբ նա կախարդանքից դուրս եկավ նա ասաց, որ քույրերին ուղարկելու է ածխագործի մոտ ծառայելու ու այնքան կմնան մինչև կսովորեն մտածել կենդանիներին խնամել և դառնան բարի:
    3. Ոչ միայն իմ մասին հոգամ այլ նաև մյուսների:

    ОтветитьУдалить
  11. 1.Մեծ քույրը շատ ժլատ աղջիկ էր, որովհետև նա միայն իր մասին էր մտածում և չէր կերակրում հավին, կովին և աքլորին: Միջնեկ քույրը շատ նման էր բնավորությամբ իր մեծ քրոջը: Իասկ փոքր քույրը շատ բարի կեղեցիկ և հասկացեր աղջիկ էր:

    2.Գիշերը քույրերին գցեցին տան նկուղը հետո ուղարկեցին ածխարարի մոտ աշխատելու մինչև բարի դառնալնը:

    3.Այս հեքիաթից ես սովորեցի, որ պետք է լինել խելացի բարի և բացի մեր մասին մտածելուց մտածենք նաև կենդանիների մասին:

    ОтветитьУдалить
  12. 1.Մեծ քույրը շատ ժլատ աղջիկ էր, որովհետև նա միայն իր մասին էր մտածում և չէր կերակրում հավին, կովին և աքլորին: Միջնեկ քույրը շատ նման էր բնավորությամբ իր մեծ քրոջը: Իասկ փոքր քույրը շատ բարի կեղեցիկ և հասկացեր աղջիկ էր:

    2.Գիշերը քույրերին գցեցին տան նկուղը հետո ուղարկեցին ածխարարի մոտ աշխատելու մինչև բարի դառնալնը:

    3.Այս հեքիաթից ես սովորեցի, որ պետք է լինել խելացի բարի և բացի մեր մասին մտածելուց մտածենք նաև կենդանիների մասին:

    Դոնա Թովմասյան

    ОтветитьУдалить
  13. 1.Մեծ և միջնեկ քույրերը:Նրանք չէին սիրում կենդանիների խնամել:
    2.նա քույրերին ուղարկել է ածխագործի մոտ ծառայելու:
    3.Ես սովորեցի որ կենդանիների նկատմամբ պետք է հոգատար լինել:

    Անի Նազարյան

    ОтветитьУдалить
  14. Մեծ և փեքր աղիկները միայն իրենց մասին էին մտածում : Իսկ փոքրը ոչ:

    ОтветитьУдалить