Սևակը Կոմիտասի
կերպարին անդրադարձել է դեռ ‹‹Անլռելի զանգակատունը›› տպագրելուց առաջ, նվիրել է բանաստեղծություն
Կոմիտասին:
Նորից երգում , մորոմոքում է
Աստվածային Կոմիտասը,
Կախարդում է ու մոգում է
Աստվածային Կոմիտասը...
Ամենամեծ դու նահատակ,
Ամենահայր, ամենահայ,
Գինու կարասն ուրիշներին,
Մեզ հերիք է քո մի թասը...:
Այս մի քանի
տողից բաղկացած բանաստեղծության մեջ երևում են
Սևակի մտորումները Կոմիտասի մասին: Բացի այս բանաստեղծությունից Սևակը ևս մի
բանաստեղծություն ունի՝ նվիրված Կոմիտասին՝
‹‹Կոմիտասի դիմանկարի առջև››: Այս բանաստեղծության մեջ Սևակը նկարագրում է Կոմիտասին,
նրա աչքերը, բերանը, ճակատը, ականջը, մատները: Բայց սա լոկ նկարագրություն չի, այլ
Սևակի կողմից Կոմիտասի դերի և նշանակության յուրօրինակ ըմբռնում: Սևակն այնպես է նկարագրում
Կոմիտասի արտաքինը՝ կարծես նրա դիմանկարի առջև նստած լինի: Ասում, թե Կոմիտասի աչքերը
կարծես երերածուփ Սևանը լինեն, կամ հոսանուտ Արաքսը: Իսկ նրա ականջը մի կախարդական
ձայնամաղ է, որով Կոմիտասը մեր հոգին և մեր դարերը մաղեց.
Քո ականջը՝
Մեղեդու դեմ՝ դըռնբաց,
Աղմուկի դեմ՝ միշտ կայուն.
Մեր նունուֆար ծաղկի պես
Բացվող-փակվող՝ զգայուն...
Քո ականջը՝
Կախարդական ձայնամաղ,
Եվ դրանով դու մեր հոգին,
Մեր դարերը մաղեցիր,
Թեփ-ժխորը անջատելով թողեցիր:
Այստեղ թույլ ակնարկ կա երգի մասին: Հատկապես հետաքրքրություն են ներկայացնում բանաստեղծության
վերջին տողերը, որտեղ Սևակը խոսում է Կոմիտասի տաղաստեղծ մատների մասին.
Քո մատների զարկի տակ
Մեր սրտերը՝ պաղ ստեղ,
Մեր սրտերը՝ անգիտակ,
Քո մատները՝ տաղաստեղծ:
Քո մատները՝ երգահան,
Տասնահատոր երգահան...
Բանաստեղծությունը
դեռևս այնքան վարպետ ձեռքի գործ չէ, ինչպիսին
‹‹Անլռելի զանգակատուն›› պոեմն է: Սակայն մյուս կողմից ճիշտ չի լինի կարծել, թե ‹‹Անլռելի զանգակատուն›› պոեմը միայն
Կոմիտասի մասին է:
‹‹Անլռելի զանգակատուն›› պոեմը նվիրված է ժողովրդի
համար վաղուց ի վեր խորհրդանիշ դարձած անմահ Կոմիտասի կյանքին և նրա գործի պատմական
ու ժամանակակից նշանակությանը, ինչպես նաև հայ ժողովրդի համար ճակատագրական դեր խաղացած
պատմական այն ժամանակաշրջանի անցուդարձերի գեղարվեստական իմաստավորմանը, որը համընկել
է Կոմիտասի կյանքի ժամանակագրությանը:
Ամբողջ պոեմում Սևակը ներկայացնում
է Կոմիտասի կյանքը: Սակայն դա զուտ ժամանակագրություն չէ, ոչ էլ գեղարվեստական դիմանակար: Սևակը Կոմիտասի
կյանքի դրվագների միջոցով ներկայացնում հայոց պատմական իրադրությունը տվյալ ժամանակաշրջանում:
Կոմիտասն այստեղ ոչ թե նպատակ է, այլ միջոց , միջոց ցուցադրելու պատմական իրավիճակը
և այդ ժամանակշրաջանում տեղի ունեցած սարսափելի դեպքերը:
Այս ամբողջը
Սևակն իր բանաստեղծական գունավորմամբ է ներկայացնում: Այլ կերպ ասած սա պոեմի սյուժեն
է: Պետք է ասել, որ Սևակը այս ստեղծագործության մեջ իրեն դրսևորել է, որպես մի հմուտ
ջուլհակ՝ վարպետորեն իրար միահյուսելով Կոմիտասի կենսագրության թելը և պատմական իրականության
թելը: Կոմիտասը ժողովրդի հավաքական կերպարն է, նրա հոգևոր վեհությունն ու ողբերգական
պատմության սիմվոլը:
Պոեմի կառուցվածքը, երաժշտականացված
բնույթը պայմանավարված է հերոսի՝ Կոմիտասի ստեղծագործական նկարագրով, որի կյանքը երգի
մջոցով ճանապարհ է դեպի ժողովուրդը և ժողովրդի ցավի միջոցով դեպի խելագարություն և
ողբերգություն: Կառուցվածը տրված է ըստ Կոմիտասյան երգերի, այսինքն՝ շարադրել Կոմիտասի
ողջ կյանքը՝ ըստ նրա համապատասխան երգերի, եթե որբ է՝ ‹‹Անտունի››, եթե պանդուխտ է՝
‹‹Կռունկ››, եթե սիրո մասին է ‹‹Սոնա յար››: /Դ. Գասպարյան, Պարույր
Սևակ, Երևան, էջ 217:/
Պոեմում մեծ տաղանդին հատուկ փայլով
է մշակված Կոմիտասի ու ժողովրդի պատմության կապի ու միասնության թեման:
Պոեմը սկսվում
է ‹‹Ցայգալույսի համազանգով›› , որտեղ առաջին մասում՝
‹‹Ղողանջ ավետիսի››
հատվածում, ներկայացնում է Սողոմոի ծնունդը: Բայց դա սոսկ ծննդյան նկարագրություն չի,
այլ իր ոճին համապատասխան Սևակը հետաքրքիր համադրում է կատարում: Ո՞ր թվականին ծնվեց Կոմիտասը՝ 1869
թվականին: Այդ տարին ոչ միայն Կոմիտասն է ծնվել, այլ նաև Թումանյանը, Շանթը:
Ինչքան էլ արտասովոր լինի, այս
բազմաձայն համանվագի մեջ երբևէ ոչ մի անգամ չի լսվում հերոսի ձայնը: Նրա խոսքին փաստորեն
փոխարինելու է գալիս ժողովրդական երգը, ինչն առատորեն ներմուծված է պոեմի մեջ: Կոմիտասն
ինքնին դառնում է երգ, և կա այնքանով, որքանով կա երգը: Դ. Գասպարյան,
Պարույր Սևակ, Երևան, էջ 219:
Սևակը խազերի
վերծանման գյուտը համեմատում է Մաշտոցի ստեղծած այբուբենի հետ: Եվ Կոմիտասին նույնքան
դիվանագետ է համարում, ինչքան Մաշտոցին, որը նույնպես զգաց, թե որն է իր ժողովրդի գոյատևման միակ ճանապրհը:
Եվ իրոք, Կոմիտասի գործն ամենից ավելի հիշեցնում
է Մաշտոցի գործը: Մաշտոցի նմանողությամբ էլ Կոմիտասն էր, որ հայերին երգ ու նվագ տվեց:
Մաշտոցը, ինչպես մեր մանուկներն էլ գիտեն, նախ և առաջ գյուտարար էր, ինչպես որ հայտնագործող
էր նաև Կոմիտասը /Կանչ, 1994, 14 սեպտեմբեր, էջ 4/:
Տաթևիկ Աբրահամյան
Комментариев нет:
Отправить комментарий