Մի վարսավիր արտասովոր գեղեցիկ ածելի ուներ: Ածելին գործի մեջ էլ իրեն հավասարը չուներ: Մի անգամ, երբ վարսավիրանոցում հաճախորդներ չկային, իսկ տերն ինչ-որ տեղ էր գնացել, ածելին մտքին դրեց գնալ աշխարհը տեսնելու և իրեն ցույց տալու: Սուր սայրն ագուցարանից դուրս բերելով, ինչպես սուսերն են պատյանից հանում, և հպարտորեն ձեռքերը կանթելով՝ նա գարնանային մի գեղեցիկ օր դուրս եկավ զբոսանքի:
Ոտքը շեմից դուրս դնելուն պես պայծառ արևը սկսեց փայլփլել նրա պողպատյա հղկված սայրին, և արևի շողերի անդրադարձումները ուրախ վազվզեցին բակի տների պատերին: Այդ չտեսնված տեսարանից կուրանալով՝ ածելին այնպիսի աննկարագրելի ցնծության մեջ ընկավ, որ տեղնուտեղը լցվեց անսահման գոռոզությամբ:
-Մի՞թե այսպիսի շքեղությունից հետո ես պետք է վարսավիրի մոտ վերադառնամ,-բացականչեց ածելին: Ոչ մի դեպքում: Իմ կողմից կատարյալ անմտություն կլիներ իմ կյանքը կործանել՝ այդ անտաշ բռիների օճառած այտերն ու ծնոտները մաքրելով: Մի՞թե իմ քնքուշ սայրի տեղն այդ սափրիչի մոտ լինելն է: Ամենևին ոչ: Ես պետք է թաքնվեմ նրանցից մի ծածուկ տեղում:
Այդ պահից ի վեր նրա հետքը կորավ:
Ամիսներն անցնում էին: Վրա հասավ անձրևոտ աշունը: Մենակությունից ձանձրանալով ՝ փախստականը որոշեց դուրս գալ իր կամավոր բանտարկությունից և մաքուր օդ շնչել: Նա զգուշորեն սայրը դուրս հանեց ագուցարանից և հպարտորեն նայեց շուրջը: Բայց, ո՜վ սարսափ: Այդ ի՜նչ էր կատարվել: Քնքուշ սայրը կոպտացել էր՝ ժանգոտ սղոցի նմանվել, և այլևս չէր անդրադարձնում արևի ճառագայթները:
-Ինչո՞ւ ես տրվեցի գայթակղությանը,-դառնորեն լաց եղավ ածելին: Որքան էր ինձ փայփայում և խնամում բարի վարսավիրը: Ինչպե՜ս էր նա ուրախանում և հպարտանում իմ աշխատանքով: Իսկ հմա՞: Օ՜, աստված իմ, այս ի՞նչ եմ դարձել ես , սայրը մթնել է ու պատվել զզվելի ժանգով: Ես կործանված եմ, և ինձ փրկություն չկա:
Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի
Առաջադրանքներ
1. Բացատրի՛ր մգեցված բառերը։
2. Առակից դո՛ւրս գրիր ան- ժխտական նախածանցն ունեցող բառեր։
3. Նշի՛ր տրված բառերի ածանցները՝ կամավոր, հպարտորեն, շքեղություն։
4. Գրի՛ր առակի փոխաբերական իմաստը։
Комментариев нет:
Отправить комментарий