среда, 5 декабря 2018 г.

Քարն ու ճանապարհը

Կար-չկար , աշխարհում մի մեծ ու գեղեցիկ քար կար: Նրա մոտով հոսող առուն փայլելու աստիճան հղկել էր նրա կողքերը, որոնք փայլում էին արևի տակ: Բայց ժամանակի հետ առուն չորացավ, իսկ քարը շարունակում էր բլրակին պառկած մնալ: Նրա շուրջը լայնարձակ տարածություն էր բարձր խոտերի ու դաշտային վառ ծաղիկների համար:
Վերևից շատ լավ երևում էր ներքևում անցնող սալարկված ճանապարհը, որի եզրին խճաքարերի ու գլաքարերի կույտն էր: Առանց ուրախ առվակի սովորական խոխոջյունի մենակ մնացած քարը սկսեց ավելի ու ավելի հաճախ նայել ներքև՝ ճանապարհին, որտեղ մշտական աշխուժություն էր տիրում: Մի անգամ նա այնքան տխուր էր, որ չդիմացավ ու բացականչեց.
-Ամբողջ կյանքս հո միայնակ չեմ անցկացնելու: Խոտերից ու ծաղիկներից ի՞նչ օգուտ: Շատ ավելի խելամիտ է կողք կողքի ապրել իմ եղբայրակիցների հետ բանուկ ճանապարհի վրա, որտեղ կյանքը եռում է:

Այդ ասելով՝ նա շարժվեց իր վաղուցվա տեղից ու գլխապատառ գլորվեց ներքև, մինչև հայտնվեց ճանապարհին՝ նույնպիսի քարերի մոտ, ինչպիսին ինքն էր: Ով ասես, որ չէր անցնում ճանապարհով: Էլ սայլերի երկաթյա շրջանակներով անիվները, էլ ձիերի, կովերի, ոչխարների, այծերի սմբակները, էլ հեծյալների պճնազարդ  երկարաճիտ կոշիկները, էլ մեխերով գամված գյուղացիների ամուր մաշիկները:
Քարը ճանապարհին հրմշտոցի մեջ հայտնվեց, որտեղ նրան կոպտորեն մի կողմ էին շպրտում, տրորում էին, փշուր-փշուր էին անում, ցեխի շիթերն էին թափում վրան: Իսկ երբեմն էլ նա մինչև ականջները աղտոտվում էր կովի թրիքով:
Ո՞ւր կորավ նրա երբեմնի գեղեցկությունը: Հիմա նա տխրությամբ նայում էր վեր՝ բլրակին, որի վրա մի ժամանակ խաղաղ պառկած էր ՝ շրջապատված ծաղիկների ու տարբեր խոտերի բուրմունքով: Նրան այլևս ոչինչ չէր մնում անելու, քան ապարդյուն երազել կորցրած հանգստությունը վերադարձնելու  մասին:
Իզուր չեն ասում. ,,Մեր ունեցածը չենք պահպանում, իսկ կորցնելուց հետո լաց ենք լինում,,:
Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի 

Առաջադրանքներ
1.Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝ հղկել, լայնարձակ, սալարկված, պճնազարդ, ամուր, մաշիկ, աղտոտել, ապարդյուն:
2.Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:
3.Ինչպիսի մարդկանց է խորհրդանշում քարը:
4.Բացատրիր հետևյալ տողը՝ Մեր ունեցածը չենք պահպանում, իսկ կորցնելուց հետո լաց ենք լինում:
5.Հետևյալ դարձվածքների իմաստն արտահայտիր մեկ բառով:
Ջրի գին, կրակի գին, անկողին ընկնել, պոչը քաշել, ոտքերն ընկնել, աչքը ջուր կտրել:

Комментариев нет:

Отправить комментарий