Որպես ուսուցիչ, երբ որևէ մանկավարժական խնդրի առջև եմ կանգնում կամ ուղղակի նոր մտքի, հետաքրքիր մեթոդի կարիք եմ ունենում, բացում եմ «Դպիր» էլ. ամսագիրը: Երբեք ուշ չէ անցնել գործընկերների հոդվածների վրայով, ընթերցել, առանձնացնել քեզ համար հետաքրքիր մտքերը, մեթոդները, ինչու չէ ՝ կիրառել նաև քո ուսումնական գործընթացում: Համաճարակային մեկուսացման այս օրերը շատ հարմար առիթ են նորից «Դպիրին» անդրադառնալու, կարդալու և առանձնացնելու հոդվածներ, որ միանշանակ խորհուրդ կտայի կարդալ նաև գործընկերներիս, ընկերներիս, հանրապետության այլ ուսուցիչների: Միանում եմ ֆլեշմոբին և առաջարկում ընթերցել.
Մերի Սարգսյան «Թե մենք ու խուճապը փոխվենք տեղերով»
Սոցցանցերի դեմ՝ սոցցանցերի զենքերով: Ասեք, որ հետաքրքիր է: Վերջին տարիներին սոցցանցերում ակտիվորեն տարածվեց մարտահրավերի ձևաչափը, ինչպես, օրինակ՝ ice bucket challenge-ը, kiki challenge-ը (անգլերեն տարբերակով շատերը կհիշեն): Մարտահրավերի ձևաչափը թույլ է տալիս վարակի պես տարածել գաղափարդ: Գաղտնիքը առաջադրանքը կատարելու և ընկերոջդ մարտահրավեր նետելու, նման դրության մեջ դնելու, ինչ-որ բան, կոպիտ ասած, պարտադրելու հաճույքի մեջ է: Իսկ այն, ինչ տարածվում է, երեխաների թիկ-թոկյան լեզվով ասած, դառնում է թրենդ՝ միտում: Այս օրինակով մեծ հաջողություն ունեցա՝ ռուբայաթների մարտահրավերային ֆլեշմոբը նախաձեռնելով: Յուրաքանչյուր դասարանից մեկական աշակերտ տեսանյութ էր պատրաստում, որտեղ արտասանում էր մեկ ռուբայաթ Չարենցից ու մեկնաբանում այն: Տեսանյութի վերջում նա մարտահրավեր էր նետում՝ դասընկերներից մեկի կամ ընտանիքի անդամներից մեկի անունը տալով ու նշելով, թե վերջինս չարենցյան որ ռուբայաթը պետք է արտասանի և որտեղ (օրինակ՝ տանը կամ որևէ տեսարժան վայրում): Դասընկերը կամ ընտանիքի անդամը ընդունում էր մարտահրավերը՝ հաջորդ օրը դրան համապատասխան տեսանյութ պատրաստելով և այդպես շարունակ: Տեսանյութեր ստացա աշակերտներից, որոնք մինչ այդ անգամ տեսանյութ չէին ուղարկում կամ չէին ցանկանում երևալ այդտեղ: Այս շաբաթ ունեցանք նաև «Ձոն» ֆլեշմոբային տեսանյութեր ու ընտանեկան չարենցապատումներ:
Երբ ասում ենք հեղինակային մանկավարժություն, այն երեք առանձնահատկություն կամ առանցքային ուղղություններ ունի՝ ուսուցում թվային միջոցներով, ուսուցում նախագծերով և ուսուցում օրացույցով, երբ ուսումնական օրացույցը դառնում է մեր կյանքի կազմակերպիչը։ Այդ ընթացքում զուգահեռ մենք զբաղվեցինք նաև հեռավար ուսուցման կազմակերպմամբ, երբ սովորողը իրենից անկախ պատճառներով, ընտանիքով դուրս էր մնում ֆիզիկական միջավայրից, բացակայում էր հանրապետությունից կամ երկարատև հիվանդանում էր, հիվանդանոցում էր լինում։ Այսինքն՝ հեռավար-առցանց ուսուցման գործիքները մենք սկսեցինք կիրառել առկա ուսուցման համակարգում ընդգրկված սեբաստացիների համար։ Դա բավականին մեծ դինամիզմ, ճկունություն էր ապահովում, բացառում էր որևէ կեղծիք, մահանա, և եղանակի ընտրության հարցը՝ ֆիզիկական միջավայրում, թվային գործիքներով, թե ոչ, այսինքն՝ ոչ դպրոցական միջավայրը՝ առցանց, դառնում էր սովորողի ընտրությունը, ընտանիքի առնաձնահատկությունը, այն պայմաններում, որում հայտնվել է ընտանիքը։
Թվում է, թե մեզ` տարրական և միջնակարգ դպրոցների ուսուցիչներիս, իրականում ավելի շատ մտահոգում է, թե ինչպես ցույց տանք, որ մեր երեխաներն ավելի շատ բան գիտեն, քան իրականում է: Մեր դիրքը մյուս ուսուցիչների շրջանում, մեր դպրոցի դիրքը մյուս դպրոցների մեջ կախված են այն բանից, թե ինչպես են մեր աշակերտները դիտվում, այլ ոչ թե նրանից, թե նրանք ինչ գիտեն կամ ինչքան արդյունավետ են օգտագործում իրենց գիտելիքները, եթե ընդհանրապես կարողանում են: Որքան շատ նյութ կարողանանք ընդգրկել ուսումնական ծրագրում, այնքան լավ կնայվենք մյուսների ֆոնին, և որքան համոզիչ կերպով կարողանանք ցույց տալ, որ մեր դասարանն ավարտող աշակերտները իմանում են ամենը, ինչը պետք է իմանային, այնքան հեշտորեն կխուսափենք պարսավանքից, նույնիսկ եթե հետո պարզվի (իսկ դա այդպես էլ լինում է), որ նյութի զգալի մասը նրանք ընդհանրապես չեն իմանում:
Որպես մայրենիի դասավանդող՝ ինձ համար բլոգը ճկուն գործիք է, որը ցանկացած պահի հնարավորություն է տալիս օգտվելու ուսումնական պարապմունքին հատուկ գործունեության ամենատարբեր ձևերից` ընթերցանություն, քերականական աշխատանք, տեսանյութի դիտում, ընկերոջ աշխատանքին ծանոթություն, առցանց քննարկում: Ամեն օր սովորողի պահանջը մի բան է թելադրում, և եթե որպես ուսուցիչ` ուշադիր ես, ձեռքդ կարող ես պահել դասարանի, անհատ սովորողի տրամադրության զարկերակին, հստակ պատկերացնում ես, թե սկսած ուսումնական նախագիծը ո՛ր ուղղությամբ պիտի զարգացնես, ո՛ր դասարանում, որ սովորողի համար ո՛ր առաջադրանքը պիտի առաջնային լինեն: Բլոգը հնարավորություն է տալիս ունենալու առաջադրանքների այնպիսի փաթեթ, որտեղ նույն հարթակում նվազագույն ու առավելագույն պահանջներ են արտահայտվում, նույն թեմայի տարբեր մշակումներ` առանց իրար խանգարելու. մնում է` սովորողն ընտրի:
Արտակարգ իրավիճակները, որքան էլ տհաճ, ունենում են նաև դրական ազդեցություն։ Ահա, աստիճանաբար սովորում ենք, գտնում ուսուցման նոր տարբերակներ, նույնիսկ ավելի կարգապահ դառնում։ Այսպես՝ եթե համատարած հեռավար ուսուցման առաջին շաբաթվա ընթացքում մտածում էինք, որ բաց թողած, չհասցրած, չհասկացած ինչ-որ բաներ կլրացնենք հենց որ հանդիպենք, երկրորդ շաբաթում, երբ պարզ դարձավ, որ դեռ երկար չենք հանդիպելու, այլևս անիմաստ դարձավ որևէ բան հետաձգելը։
Հիմա դառնանք ընտանիքին։ Իրավիճակ, երբ բոլորը տանն են։ Այ, ընտանիքից չես փախչի, սովորող։ Եվ լավ է, որ չես փախչի։ Էստեղ մի կարևոր բան կա, որ միշտ չէ, որ դպրոցում դու ունես։ Էստեղ քեզ բոլորը սիրում են։ Եվ դա էնքա՜ն լավ է։ Էստեղ լավ գիտեն քո նախասիրությունները, քո ուժեղ և թույլ կողմերը։ Ընտանեկան կրթությունը նոր բան չէ։ Մենք բոլորս էսպես, թե էնպես նաև մեր ընտանեկան կրթության արդյունք ենք։ Քո կարևոր որակները ձեռք ես բերում տանը՝ աշխատասիրություն, պարտաճանաչություն, ազնվություն ու էլի շատ ու շատ այլ բաներ․․․ Դու միշտ ընտանեկան կրթության մեջ ես։
Ընտանիքի ներառումը կրթական գործընթացում բարենպաստ է անդրադառնում երեխա-ծնող հարաբերության, սովորող-ուսուցիչ, ծնող-ուսուցիչ-դպրոց համագործակցության վրա։ Հնարավորություն է ընձեռում ծնողին կոնկրետ և գործնականում տեսնելու իր երեխայի կրթական գործընթացն իրականացնող հաստատության միջավայրային զարգացումները, հնարավորությունները, ծանոթանալու, աշխատելու իր երեխայի ընկերների, ուսուցիչների հետ։
Комментариев нет:
Отправить комментарий