вторник, 18 августа 2020 г.

ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպումից հետո

Ստեղծված պարզ, մյուս կողմից էլ արհեստական բարդեցրած ու ձգձգած հարցի հետ կապված հրավեր ստացանք հանդիպել ԿԳՄՍ նախարարի հետ: Հանդիպմանը մասնակցում էի որպես կրթահամալիրի կառավարման խորհրդի անդամ: 
Գնում էի առանց անհանգստանալու և ի՞նչ ունեի անհանգստանալու. կրթահամալիրը դիմել է իր կազմակերպաիրավական ձևը փոխելու՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունից հիմնադրամի վերածվելու օրինական պահանջով: Օրենքը թո՞ւյլ է տալիս նման փոփոխություն, այո՛, թույլ է տալիս, կա՞ որևէ հակաօրինական, անընդունելի փաստ, իրավիճակ կրթահամալիրում կամ կրթահամալիրի հետ կապված, որի պատճառով կազմակերպաիրավական ձևի փոփոխությունը չպետք է լինի: Պատասխանն էլի նույնն է, չկա: Այս պարագայում շատ անհասկանալի է, երբ մեծարգո նախարարից լսում ես լակոնիկ մի պատասխան՝ նպատակահարմար չենք գտնում: Ինչպե՞ս  կարող է պետական կառավարում իրականացնող մարմինը, հեղափոխության մասնակից եղած և նախորդ իշխող համակարգը դատապարտած մարդը, նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը նման կերպ արտահայտվել, առանց որևէ հիմնավորման հայտարարել, թե նպատակահարմար չեմ գտնում: Պատասխան, որտեղ չկա ինչու-ն: Եվ արդեն հետագա մեր հարցադրումներին որպես շարունակություն՝ դա դեմ է մեր քաղաքականությանը...Ո՞ր քաղաքականությանը: 
Ի՞նչ վախեր ունի նախարարությունը, անհանգստանո՞ւմ է, որ բոլոր ուսումնական հաստատությունները կդիմեն հիմնադրամ դառնալու համար, անհանգստանո՞ւմ է, որ իր ազդեցության ոլորտը կկորցնի: Եթե չես կարողանում օգնել, գոնե պետք է չխանգարես: Բայց ավելի վատ է, երբ խոսում ես և գործում քո ամբիցիաներից ելնելով, համոզված քո ճշմարտացիության վրա: Սա ավելի քան վտանգավոր է...
Իսկ այն պնդմանը, որ նախարարությունը ձգձգում է ընթացքը կրթահամալիրի համար լավագույն լուծում գտնելու համար,  գնահատում է կրթահամալիրը, կրթահամալիրի դերը մեր կրթական համակարգում...Դեռ սպասում եմ, որ իսկապես կգնահատի, որովհետև միայն որպես արդարացում այս պնդումը բերելով, որտեղ չի երևում նախարարության գնահատումն ու դրան ուղղված քայլերը, ուղղակի ծիծաղելի է...
Կրթահամալիրն այն վայրն է, որտեղ աշխատող ուսուցչին և սովորող սովորողին սովորեցնում են չլինի որևէ մեկի հլու կամակատարը, մտածել, ունենալ սեփական կարծիք և արտահայտել այդ կարծիքը, կրթահամալիրը բռնապետություն չէ, միաձև, միադեմ մտածող, շարժվող զանգված չէ, կենդանի օրգանիզմ է, որի յուրաքանչյուր անդամը գիտի լինել ինքնավար, ինքնուրույն և ինքնակամ: Ուստի 3000 սովորողներից, 500-ի չափ աշխատողներից և հազարավոր շրջանավարտներից, կրթահամալիրի ընկերներից որևէ մեկը, եթե կարծի , որ համաձայն չէ կազմակերպաիրավական ձևի փոփոխության հետ, համաձայն չէ, որ տիար Բլեյանը շարունակի իր գործունեությունը կրթահամալիրում, ապա վստահաբար առանց երկմտելու կբարձրաձայնի այդ հարցը, կասի այդ մասին: Եվ  ի հակադրումն Ժաննա Անդրեասյանի՝ կրթահամալիրի ոչ ժողովրդավար լինելու պնդմանը, ասում եմ, որ կրթահամալիրն ամենաժողովրդավար հաստատությունն է, որտեղ միշտ հաշվի են նստում անհատի կարծիքի հետ: Կրթահամալիրի գործունեությանը հետևող, մանկավարժական միտքը գնահատող նախարարությունը գոնե սա պետք է իմանար...

Արդեն փաստ է, որ հարգելի նախարարը չի հաջողել իր պաշտոնում, կարծում եմ սա գաղտնիք չէ, և բոլորն են հասկանում...


Комментариев нет:

Отправить комментарий