Արատեսը գեղեցիկ է ցանկացած ժամանակ, իսկ ամառանը հաճելի զով, թեթևություն և մեղմություն ես զգում:
14 հոգուց բաղկացած մեր նախագծային խումբը պատրաստ էր, ճամփորդությունը մեկնարկեց Մայր դպրոցի բակից: Զրույցներ, խաղեր. և՛ իրար ճանաչեցինք, և՛ ճանապարհը հեշտ անցավ:
Հետաքրքիր կանգառներից է Արփա գետի հովիտը. գետի բազմաթիվ մեծ ու փոքր առուները օգտագործվում են դաշտերն ու այգիները ոռոգելու համար: Հարմար հատված է մի փոքր հանգստանալու, գետով զմայլվելու, ոտքերը ջրի մեջ թարմացնելու և թեթև թրջվելու համար: Մեր այցելած օրը հոսանքը ուժեղ էր, գետը՝ բավական ջրառատ, բայց տղմոտ էր: Եվ ինչպես միշտ, Հայաստանի գետերի հիմնախնդիրը՝ աղտոտվածություն, մոտակա ափը ամբողջությամբ լի էր կերուխում արածների թափածներով: Այս հիմնախնդիրը խորքային լուծում է պահանջում, կամ գոնե մտածողության փոփոխություն:
Քայլք դեպի Սմբատաբերդ: Հաջորդ կանգառը Արտաբույնք գյուղում էր, որտեղից բարձրացանք Սմբատաբերդը: Այս մասով բարձրանալը շատ ավելի հարմար է, քանի որ ճանապարհը ավելի հեշտ է, շատ զառիթափ չէ, երկու տեղ ջրի աղբյուր կա, ավելի ծառաշատ է, ըստ այդմ՝ ավելի հով: Ճանապարհին դրված են ցուցատախտակներ, որոնք օգնում են ճիշտ կողմնորոշվել և չշեղվել ճանապարհից: Արտաբույնքով վերելքը տևեց մեկ ժամ: Բարձրացել ենք անշտապ, զրուցելով, վայելելով, նկարելով, հանգստանալով: Մեզ ուղեկցում էր Եղեգիս գյուղի 10-րդ դասարանի սովորող Աբուլը:
Սմբատաբերդում հանգստանալուց, սնվելուց, Միդլ Tv-ի նկարահանումներն անելուց հետո իջանք Եղեգիսի գյուղի կողմով: Այս հատվածն ավելի փշոտ է ու քարքարոտ:
,,Թթու լավաշ,, նախագիծ: Արատեսում լայն թափով ընթանում են ,,Ուսումնական մառանի,, աշխատանքները. նախորդ խմբերն արդեն իրենց ներդրումն ունեցել էին՝ հավաքելով դեղաբույսեր և կոմպոտներ պատրաստելով: Մենք որոշեցինք պատրաստել թթու լավաշ: Թթու լավաշը սիրված և հայկական խոհանոցում մեծապես տարածված անուշեղեններից է, հեշտ է պատրաստվում և հնարավոր է երկար պահել: Պատրաստման համար օգտագործել ենք Արատեսի մրգերը՝ բալ, շլոր, նաև չօգտագործված դեղձերը: Սկսեցինք բալը հավաքելուց. Միահամուռ ուժերով երեք զամբյուղ հավաքելը տևեց մեկ ժամ: Բալի ծառերը ցածրահասակ էին և առատ բերքով, և՛ հեշտ էր հավաքվում, և՛ անասելի համեղ էր: Պետք է ասեմ, որ լավ հասցրինք, քանի որ շատ հասունանալով սկսվում է որդնման և նեխման պրոցես: Եվ մեզ համար էր լավ, և՛ բալենիներին օգուտ տվեցինք՝ թեթևացնելով ճյուղերը:
Մաքրելու գործընթացն ավարտելուց հետո անցանք եփմանը: Կեցցեն տղաները, ամբողջական ճզմելու և քամելու աշխատանքն արեցին անտրտունջ: Այնուհետև թանձր հեղուկը լցրեցինք սկուտեղների և հատուկ պատրաստած տախտակների վրա: Սակայն երեք օրը փաստացի քիչ էր ամբողջ աշխատանքն ավարտելու համար: Նման նախագծերը կարելի է ավելի երկարաժամկետ իրականացնել՝ փոխանցելով հաջորդ խմբերին: Թթու լավաշի չորացման և հավաքման գործընթացն իրականացրեց մեզ հաջորդող մարզիկների խումբը:
Կարևոր եմ համարում անդրադառնալ սննդի կազմակերպմանը: Գյուղական մի քանի մթերքներ գնեցինք Հերմոնից. այս ձևը, գուցե փոքր չափով, բայց ուղղված է փոքր գյուղական տնտեսությունների զարգացմանը, պահանջարկի ձևավորմանը, որը շահավետ հենց մեզ՝ գնորդներիս համար: Ավելացած սնունդը, աղբը անպայման տեսակավորում ենք, սննդի մնացորդներով կերակրում ենք շներին և կատուներին:
Արատեսից դեպի Սևաժայռ գնացող հատվածի փոքրիկ ջրվեժը անցանք շատ թեթև, մի լավ ցողաթաթախ եղանք ջրվեժում և ճանապարհին սկսեցինք հավաքել մեզ ծանոթ դեղաբույսեր, թեյաբույսեր: Այս նախագիծն ամենահետաքրքիրներից է և լայն ընդգրկում կարող է ստանալ, կարևոր է բույսերի ճանաչումը, իսկ թեյախոտերով թումերն ուղղակի անմահական են: Աղջիկների մի խմբով հատուկ կարված տոպրակների մեջ տեղավորեցինք մեր հավաքած և չորացրած դեղաբույսերը, յուրաքանչյուրի համար թղթե կտրոն պատրաստեցինք՝ բույսի անվանմամբ, օգտակար հատկություններով և հակացուցումներով: Բույսերի ճանաչման, տարբերակաման և կտրոնների ստեղծման աշխատանքում մեզ օգնեց Սոնա Մեհրաբյանի հայրիկը՝ Հրայր Մեհրաբյանը: Աշնանը դեռ կհամտեսենք և՛ մեր պատրաստած թթու լավաշը ,և ՛ հավաքված խոտաբույսերով թեյերը: Մառանը համալրվում է:
Եռօրյա ճամփորդության նպատակներից մեկը Միդլ Tv-ի հերթական հաղորդման նկարահանումն էր: 21-րդ հաղորդումը պատմում է Արատեսի, մեր անցկացրած օրերի, իրականացրած նախագծերի, ապրած առօրյայի մասին: Դիտեք.
Արատեսյան թարմ առավոտները լիարժեք չէին լինի առանց մարզական պարապմունքների: Միքայել Ղազարյանի գլխավորությամբ լավ մարզվեցինք, մարզական խաղեր խաղացինք, այնուհետև անակնկալ՝ իսկական սուսերամարտ, փոքր վարպետության դասերից հետո սուսերամարտեցինք, լիցքաթափվեցինք, թարմացանք. անգամ չնկատեցինք, թե ինչպես անցավ մեկ ժամը: Ուղիղ եթերներ 1, 2 :
Ամենաիսկական ,,Անձրևաբեր ծեսը,, իրականության դարձով ընկեր Հայարփիի և անձրև ուզող սովորողների խմբի ձեռքով: Սկզբում ձեռքի տակ եղած նյութերից պատրաստեցինք տիկնիկը, այնուհետև սովորեցինք ծիսական երգերը, իսկ ծեսի ավարտին իսկապես անձրև եկավ: Այնքան հաջող ընթացավ ծեսը, որ ամբողջ երեկո անձրևում էր: Ընկեր Լաերտի ոգևորությունը փոխանցվեց բոլորիս. ճամբարային երեկոներն անցան ազգային պարեր պարելով՝ հե՜յ-հե՜յ...
Գողթանիկի ջրվեժը գտնվում է Եղեգիս գետի վրա, գահավիժում է մոտ 6 մետր բարձրությունից, իսկ թափվող հատվածում առաջացել է մոտ 5 մետր խորությամբ ավազան: Լողի սիրահարների համար ամենահաճելի վայրն է, քարափ, թափվող ջրվեժ, մինչև ոսկորներդ թափանցող անասելի սառնություն: Բոլորս մի լավ թրջվեցինք ավազանում, իսկ ամենահամարձակները թռան քարափից:
Այնուհետև քայլեցինք Հորբատեղի գյուղում, զրուցեցինք գյուղացիների հետ, ովքեր պատմեցին գյուղի , Օրբելիների ամառանոցի, բնական գեյզերների մասին: Գյեզերները գյուղում տասնմեկից ավել են, սակայն բաց է միայն մեկը, տարիներ առաջ ուսումնասիրությունների և շահագործման նպատակով բացել են գեյզերները, սակայն երկաթի պարունակությունը հաշվի առնելով նպատակահարմար չեն գտել շարունակել, նորից բոլորը փակել են և բաց է միայն մեկը, որտեղ էլ եղանք: Գեյզերը ստորգետնյա աղբյուր է, որը դուրս է ժայթքում հասնելով մինչև մեկ մետրի, երբեմն ավել, ջրային այս խաղը ամենագրավիչն է բոլոր այցելուների համար:
Արատես...Ձորակներից բխող սառնորակ աղբյուրներով, թաքնված ջրվեժներով, բազմազան ձայներով ու երանգներով, բացահայտելու աշխարհ: Վայր, որտեղ դու միշտ տանն ես, վայր, որը ոչգեշնչման աղբյուր է:
Մեր եռօրյա ճամբարը միահամուռ , միասնական թիմի աշխատանքի արդյունք է, լավ հնարավորություն ճանաչելու մեր գործընկերներին, սովորողներին:
Այսպիսին է Արատեսը, դեռ մի ճամփորդությունը չավարտած պլանավորում ես հաջորդը:
Մեր թիմը՝
Комментариев нет:
Отправить комментарий