Միասնական ընթերցանության համար նախատեսված բանաստեղծություններ:
Ճանապարհ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։
ԱՇՈՒՆ
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։
Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։
Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։
Հունձ
Ջեռավ ամառն ու ջեռավ,
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։
Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։
Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։
Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։
Պատրանք
Հոգիս թիթեռ
Մի վայր, մի վեր
Հույս ծովերով թևելով՝
Հոգիս մի բեռ
Անմայր, անսեր,
Լույս հովերով հևելով․․․։
Комментариев нет:
Отправить комментарий