понедельник, 30 ноября 2020 г.

Ջութակ և սրինգ


Ո՞վ հնարեց ջութակը…ո՞վ հնարեց սրինգը…
Թարմ գարուն էր, օրը պայծառ, կապուտակ, անգեսի մթին անտառի պուրակում ճախրում էին թռչունները, հովը գալիս, թել—թել տանում էր ծառերի թևերն ու քղանցքները, առուն քչփչում, և գեղեցիկ Լակըմեն սիրում էր երջանիկ Հայանթուն: Հայանթին եղեգնուտի մոտ թեք ընկել, աննպատակ եղեգ էր տաշում ու քաղցր միտք անելով նայում Լակըմեին, իսկ Լակըմեն ծաղիկ էր քաղում ու երգում. և այնքան երջանիկ էր նա, որ չէր իմանում, թե ինչ էր երգում: Խոսում էր հեքիաթական անտառը, բզզում հսկա փեթակի պես լի կյանքով ու երգով: Նայում էր Հայանթին իր սիրած աղջկան և աննպատակ տաշում, տաշում էր եղեգը, դեն ձգում, նորը վերցնում, էլի տաշում: Հետո` ինչպես եղավ` տաշած եղեգը դրավ բերնին ու սկսեց փչել: Եղեգը մեղմ սուլեց: Հանկարծ մի չարաճճի միտք ծագեց նրա գլխում… Ժպտաց քթի տակ ու եղեգը առնելով գնաց մտավ թփերի մեջ: Ու մինչ Լակըմեն միամիտ, իր համար երգում էր առվակի ափին` Հայանթին սկսեց սուլել եղեգը ու նմանեցնել նրա երգին: Սկզբում սուլոցը դժվար ու կոպիտ էր, բայց շուտով այնպես վարժվեց, որ պատրանքը հաջողվեց: Ու սկսեց բարձր ու համարձակ կրկնել Լակըմեի անգիտակից երգն ու խաղերը:
— Հայանթի՛, — հանկարծ սթափվելով ձայն տվեց աղջիկը, — այդ ո՞վ է ինձ տնազ գալիս:
— Չգիտեմ, —ասավ Հայանթին թփերից դուրս գալով` չարաճճի ժպիտը հազիվ զսպելով:
Բայց Լակըմեն տեսնելով նրա ձեռքի եղեգը` գլխի ընկավ:
— Սատանա՛, էլի մի բան հնարեցիր, լավ էիր տնազ գալիս, էլ չանես:
Բայց Հայանթին ձեռք չվերցրեց իր հանաքներից: Այնքան նվագեց, այնքան սրան—նրան տնազ եկավ, որ թե՛ գործիքը կատարելագործեց և թե՛ լավ նվագող դառավ: Նվագում էր ու ամենքին զվարճացնում:
Մի տխուր տղա էլ կար, Նալը, որի սիրում էր Լակըմեին: Տխո՜ւր, հուսահատ կնայեր սրան, կարծես մայր մտնող լուսնյակ լինի գունատ, պղնձագույն: Լակըմեն գիտեր նրա սերը, բայց, էհ, երջանիկ էր, չէր մտածում նրա մասին: Ասում էին` ցնդած է այդ տղան, որովհետև մենակ շրջում է անտառներում և հորթի աղիքներ կախում ծառի ճյուղերից, չորացնում, ոլորում: Ծիծաղելով ասում էին, որ նա էլ ինչ-որ նվագարան է շինում…
Եվ ահա մի անգամ անտառում Հայանթին ու Լակըմեն ջահել տղաների հետ նստել մի ծառի տակ հանգստանում էին: Երգում, զվարճանում էին տղաները գարնան սեզի վրա, և նրանց քրքիջը անտառի լռության մեջ կարկաչում էր գետակի պես: Այնտեղ էր և ծեր բանաստեղծ Խալդունը, որ եկել նստել պատանիների մեջ` զվարճացնում էր նրանց իր առակներով և ինքն էլ զվարճանում` լսելով նրանց անհոգ քրքիջը: Այնտեղ էր և Նալը, որ հեռուն, խոտերի վրա նստած նայում էր պատանիներին անժպիտ ու տխուր:
— Հայանթի՛, — ասավ բանաստեղծ Խալդունը, — մի բան նվագի` լսենք: Այ, Նալն էլ, ասում են նվագել գիտե. նա էլ որևէ բան կնվագի, կզվարճանանք: Դե, ձեզ տեսնեմ, ջահելներս:
— Այո՛, նվագեցե՛ք, նվագեցե՛ք, — ձայն տվին բոլոր տղաները և զվարթացան:
— Նվագեցե՛ք, — կատակեց չարաճճիներից մեկը, — և ո՛վ հաղթի, թող նա՛ լինի Լակըմեի սիրուն արժանի:
Բոլորը ծիծաղեցին: Ճպտաց լուսածիծաղ Լակըմեն և ուրախացավ, որ Հայանթին պիտի իր շնորհքը ցույց տա: Ժպտաց նաև Հայանթին, բայց հեգնորեն, ինքնավստահ և աչքի տակով նայեց Նալին, որը անշարժ նստել էր` ծիծաղելի գործիքը թևի տակին: Հայանթին համաձայնեց:
Եվ որ ցույց տա, թե ինքը ահ չունի, հայտնեց, որ առաջ ինքը կնվագի. "Նվագեմ, թող ձայները կտրեն", — մտածեց նա իր ուժը գիտակցելով:
Թեք ընկավ գեղեցիկ Լակըմեն փարթամ ծաղիկների վրա, պատանիների շրջանակի մեջ, կարծես ձյունափայլ լուսին լիներ` սև նոճիների միջից նայելիս:
Ամենքը ակամա նայեցին նրա լուսափթիթ դեմքին ու սկսեցին երազել:
Ժպտաց գեղեցիկ Հայանթին, ու այդ ժպիտի հետ ցոլաց նրա ձյունե ատամնաշարը:
Ժպտաց նաև գեղեցիկ Լակըմեն, և նրա վայրահակ սև թարթիչներից կախ ընկավ սիրուն, մանրիկ ժպիտը:
Ու Հայանթին սրինգը դնելով վարդիթերի շրթունքներին` սկսեց նվագել:
Դուրս թռավ նվագը ու գնաց, հովի պես շնկշնկաց ու սուրաց լռանիստ հովտի մեջ: Եվ սուլոցներն այնպես առատորեն շաղ տվեց, որ կարծես աղբրի մարգարտաշար ու կլկլան կաթիլներ լինեին քարեքար թափվելիս` անտառի հստակ լռության մեջ: Բյուրեղի պես մաքուր և արծաթի պես հնչուն էր այդ սուլոցը, առատ, զարմացնող, շոյիչ ու հարբեցնող:
Եվ ի՜նչ բազմազան խաղեր, ի՜նչ պատրանք… կարծես սոխակներ ու սարյակներ լինեին իրար ձայն տալիս, երջանիկ մայիսին; Եվ ինչ զվարճալի տնազ երկու երջանիկների, որ ծաղիկների մեջ կարծես թռվռալիս, խաղալիս լինեին և մի սիրած ու սիրված աղջիկ քրքջալիս լինի, երջանիկ մոռացության մեջ:
Ու այսպես ծլվլաց ու կլկլաց եղանակը, արա՜գ, ինչպես լճակի կայծկլտուք և մի վերջին ժխորով ունկնդիրներին շշմեցրեց ու նետի պես թռավ, կտրվեց:
— Ապրե՛ս, Հայանթի, ապրե՛ս, — ձայն տվին ամենքը հիացած:
— Ապրե՛ս, Հայանթի՛, — ասավ Լակըմեն` չկարողանալով ծածկել իր հիացումը և գուրգուրոտ աչքերով նայեց շառագունաց գեղեցիկ պատանուն:
— Ի՜նչ ճարպիկ ելևէջներ, չէի՜ր ասի, թե մարդ էր նվագողը, — խոսեց մինը հափշտակված:
— Հը՜մ, ճարտար նվագ էր, —ասավ բանաստեղծ Խալդունը:
— Ապրե՜ս, Հայանթի, ապրե՜ս, — կրկնեցին ամենքը միաբերան և ծաղիկներ քաղելով նետեցին նրա գիրկը:
Լուռ էր Նալը… անշա՜րժ` ինչպես գիշերվա լռանիստ ու մռայլ արձան: Ունքերը խոժոռ, զուսպ սաստը աչքերում, հիվանդ իր խորհրդավոր արվեստով` գետնին էր նայում, միշտ թևի տակ սեղմած տարօրինակ գործիքը:
Հերթը նրանն էր…
— Է՛հ, հիմի էլ թող Նալը նվագի, — կարգադրեց ծեր բանաստեղծը:
Ու մինչ Նալը կպատրաստվեր` մի շշուկ անցավ բոլորի մեջ, երբ նայեցին նրա ծիծաղելի, հողի գույն գործիքին:
— Շերեփ է, — փսփսաց մեկը ու քիչ մնաց փռթկար:
— Թիակ է, — ասավ մյուսը, — վերցնես, մարդու մեջքին թակես:
— Սպասեցե՛ք, գուցե մարդը ուզում է իր այն աղեղով բուրդ գզի, — ծիծաղեց երրորդը:
Ժպտաց մինչև անգամ Հայանթին, և չար էր այդ ժպիտը:
Միայն Լակըմեն չխոսեց: Երբ նայեց Նալի աչքերին, զգաց, որ այդ պատանու մեջ թաքնված է մի մռայլ ու աղետավոր հոգի: Եվ մի անորոշ ահ մտավ սիրտը:
Նայեց նրան և ծեր բանաստեղծը և գլուխը թեթևակի շարժեց:
Եվ նա, այդ խորհրդավոր Նալը, հանկարծ շուրջը նայեց ոգևորված, վճռական: Հանկարծ գունատվեց, կերպարանափոխվեց, և բոլորը սաստված շունչները պահեցին: Եվ նա գործիքը ծնկան, ինքը վրան կռացած ինչպես գետնահակ, լացող ուռենի` հանկարծ ջլուտ, նիհար ձեռքով քաշեց աղեղը լարերի վրայով ու սկսեց:
Տարօրինակ ձայն հանեց այդ գործիքը: Տխուր ու մաղձոտ մարդու ձայն: Ինչպես սիրտը լցված մարդ, որ հազիվ է զսպում հեկեկոցը` այնպես այդ խեղդված ձայնը ծանր ու տխուր սկսեց դողալ և հետզհետե լցվելով ուժեղացավ, ծավալվեց ու գանգատավոր շեշտով մի հարցմունք արեց, հետո զսպելով իր փղձուկը նորից սրտին ընկավ, մարեց:
Հետո — իբրև դրան պատասխան—մի ուրիշ ձայն, ավելի ուժեղ և հնչուն, սկսեց որբ ձայնով սրվել, արծարծել մի տխուր պատմություն, այնքան տխուր, որ կարծես տառապած մարդկության վեպը լիներ: Սկսեց այնպես հեծկլտալ, այնպես հոնգուր—հոնգուր լաց լինել, որ ծառերի բները լցրեց թախիծով, տրտմեցրեց ծաղիկները, սառեցրեց արևի լույսը, հորիզոնում ծավալվեց անապատների անհուն տրտմությամբ և աշխարհը դարձրեց տխո՜ւր—տխո՜ւր վշտերի հովիտ: Լուրջ էր այդ եղանակը, ինչպես մահը, և անկեղծ, ինչպես մարդուս մեջ թաքնված սիրտը: Սրտից էր, — ահա թե ինչու այնպես սաստեց ու հափշտակեց ամենքի սիրտը: Ճշմարիտ էր այդ երգը, և ամենքը տրտմած կախեցին գլուխներն ու այդպես գետնահակ մտածել սկսեցին այն մեծ տառապանքի վրա, որը գիտես, որ կա՛, ճշմարի՛տ է, ամենուրե՛ք, ամենքի՛ համար:
Ու այդպես գնա՜ց եղանակը, տաքացավ: Ու ոնց հուսահատ անապատի շուրթերից` ինչպես գերեզմանից` դուրս գար դալուկ լուսնյակը և անապատին նայեր իր մեռելի դեմքով, այնպես հանկարծ դուրս ելավ չորրորդ լարի տխուր ձայնը ու երգեց ծա՜նր, լիաձա՜յն ու տիրաբա՜ր: Ու երբ դրան խառնվեց նաև երրորդ լարը, լսվեցին այնպիսի ոռնոցներ, կարծես այդ անկենդան անապատում լցվել էին գոս տատասկներ, որ պառավ ձեռքերի պես օդում կարկամած գութ էին աղերսում: Բայց չկա՜ր գութ… Հանկարծ զայրացավ եղանակը, անցավ բարակ լարերի վրա ու սկսեց այնպես սողոսկել, հեծել, ինչպես խորշակը փչելիս լիներ, տարուբերելով այն տատասկները, որ խելացնոր շարժումներով կարծես կոծապար էին բռնել: Եվ երբեմն լսվում էին այնպիսի ճռոցներ ու լացեր, կարծես հուսահատ միայնությունը, նստած ավազների վրա, փետում էր իր գորշ մազերը:
Այնպես երգե՜ց, երգեց ու հետո մեղմելով հաշտվեց, հեռացավ ու տխո՜ւր թախիծով սրտին ընկնելով լռեց…կարծես նորից մտավ իր գերեզմանը:
Մի ծպտուն իսկ չլսվեց: Ունկնդիրները քարացած էին: Ամենքը ներշնչված այդ խոր նվագով` մռայլ հայացքները բարձրացրին դեպի Լակըմեն ու Հայանթին:
Ահա՜ թե որն է նվագը:
Ցած դրեց սրինգը պարտված Հայանթին ու նախանձախնդիր նայվածքը ահով ուղղեց Լակըմեին: Մռայլվել էր Լակըմեն: Բայց այդ մռայլը նման էր մի թեթև թուխպի, որ գալիս սքողում է գեղեցիկ մայիսյան օրը: Ճիշտ է, վախով էին լցված նրա որսորդ տեսած եղնիկի աչքերը, բայց նա բարձրացնելով այդ շողշողուն աչքերը` դեպի Հայանթին` ասավ կարծես նեղացած:
— Գնանք տուն, Հայանթի:
Տղայքը հարցական հայացքով նայեցին Լակըմեին ու չհասկացան նրա երկյուղը: Ու մինչ ամենքը շփոթված աչքերով նայում էին նրան, նա վեր կացավ ու Հայանթու հետ հեռացավ:
Երբ քիչ հեռու էին, փսփսաց.
— Ես քե՛զ եմ սիրում, Հայանթի, քե՛զ, նա այնպես տխո՜ւր է… նա ինձ վախեցնում է իր գործիքով: Նրա նվագը օձի պես մտավ սիրտս ու գալարվեց: նանք, նվագի՛ սրինգդ և նորից ուրախացրո՛ւ ինձ:
նաց նա, և մռայլ շիրմաքարի պես մնաց Նալը` հայացքը դեպի հեռացող անսիրտ ու գեղեցիկ Լակըմեն, դողդոջ ձեռքը գործիքին սեղմած:
Մնացին ունկնդիրները և ծեր բանաստեղծ Խալդունը:
— Ապրե՜ս, Նալ, — ասին նրանք, և այդ ասին մի ձայնով, որով մխիթարում են մեռելատերերին:
Տխրեց Նալը և գլուխը կախես: Հանկարծ բարձրացրեց իր գործիքը և ուզում էր քարին խփի կոտրի, բայց միայն դառնորեն օդում թափ տալով դրեց և գլուխը ափերի մեջ առած` լռեց:
Նայեց նրան ծեր բանաստեղծը` ժպտաց գորովալից աչքերով ու ծանր թափ տալով իր ալևոր գլուխն ասաց.
— Ինչո՞ւ ես ուզում կոտրել այն գործիքը, որ քեզ հետ է ծնվել և քեզ հետ պիտի մեռնի: Նա՜լ, դու այն մարդկանցից ես, որ մեծ տառապանքի համար են աշխարհ գալիս: Եվ քո նվագը երգն էր այն մեծ արվեստագետի, որի ներշնչողը մահն է եղել, և որը լացել է ստեղծելիս: Նա արդեն բաց է արել աշխարհիս բոլոր խնդությունների ու ցավերի դռները և նայել ներս: Է՜հ, Նա՛լ, քոնն է իսկական արվեստը, ու էլ ոչ մի գործիք չկա հնարելու: Ի՞նչ է սրինգը սրա մոտ — ականջի զվարճություն և ուրիշ ոչինչ:
նա՜, կյանքի մեջ թշվառ և արվեստի մեջ երջանիկ Նալ, գնա՜, կրիր ակնակուռ թագերի թագը, և թող աշխարհիս ստրուկներն ու արքաները գլուխ խոնարհեն քո արվեստի առջև:
Ու տանջվի՛ր… Այո, Լակըմեն սիրում է սրնգահարին, որը նրան տալիս է համեստներից համեստը, բայց մարդկանց համար թանկերից թանկը — այս կյանքը և նրա ուրախությունը: Նա քեզ չի սիրում և ինչո՞ւ սիրի… Դու կմաշես այդ թիթեռնիկի կյանքը քո անկշռելի տառապանքների մեջ` միշտ լսել տալով քո աշնան կոծերն ու մահվան ձայնը…
Եվ ի՞նչ, դու նրան չես էլ կարող սիրել, աղետավոր հոգի, որովհետեև քո արվեստը սիրողը ուրիշ բան չպիտի սիրի և արժի՞, և մի՞թե կարող է ուրիշ բան սիրել…
Հեղինակ՝ Դերենիկ Դեմիրճյան 

Комментариев нет:

Отправить комментарий